Զինվորները վերադառնում էին գիշերով, զենքով, առանց հրացանի. ծածկվում էին ցերեկով մարագներում, մոտակա սարն էին փախչում, երբ լսում էին, թե մարդ է գալու գյուղ ժողովի, նոր զորքի:
Աշուն էր, երբ լուր բերին, թե մոտակա շրջանում հայ, թուրք խառնվել են իրար, գյուղեր են կրակում, երկուստեք խմբերը դարձել են հրձիգներ վայրագ, արյունն են ոթում արանքում գյուղերի:
Գյուղում զենքը մահակից շատացավ: Գնդացիրներ կային, խոսում էին թնդանոթի մասին: Երեխաները զենքից էին խոսում, հատ ու կենտ կրակոցները սովորական էին դարձել:
Զենքի հետ կողոպուտն էլ շատացավ: Գյուղում ապահով չէր: Քնելուց առաջ տան դռների կապերը ավելի էին պնդացնում: Գողություն կար այգիներում, գյուղը հին հաշիվներ էր մաքրում և հրկիզում հարևանի արտը, տասը տարի սրտում պահած վրեժը հանում:
Համարյա ամեն իրիկուն դիրքապահներ էին շրջում գյուղի չորս կողմ: Նոր մարդիկ էին եկել` խմբապետ, վաշտապետ, որոնք լավ սենյակներում էին ապրում, յուղ ու հավ պահանջում, հեռանում գյուղից մի քանի օրով և թալանով վերադարռնում:
Գյուղը կծկվել էր, վախից կուչ եկել: Բայց և կերուխում կար հարուստ տներում, ուր հրամանատարը հարբած կրակում էր տասնոցից պատուհանից դուրս, օդի մեջ: Սոսկում էին ազդում գյուղի վրա գնդակները` թեժ արճիճ, որ վզզում էին ձմռան ցուրտ օդում: Կես քուն, կես արթուն գյուղի հսկումի մեջ էր, մինչև լուսաբաց ականջը ահազանգի պատրաստ:
Տավարն էր, որ տաք գոմերում փնչոցով որոճում էր առաջվա պես, ծծկեր մանուկներն էին, որոնք անգետ, անբան մուշ-մուշ քնում էին օրորոցի տաք պարուրների մեջ:
Պետին գյուղի գործերին չէր խառնվում: Ժողով չէր գնում. հարցնող չկար, մարդատեղ չէին դնում: Առաջվա պես գոմերում էր գիշերում, տավարի հետ կամ մարագի դարմանի մեջ:
Շնչագրում էին գյուղը, ցուցակներ կազմում, տասնյակների բաժանում: Եվ ամեն անգամ, երբ գյուղացիք հարցնում էին, թե էլ ով մանց ցուցակ մտցնելու, մեկը հանաքով պիտի ասեր.
– Բա Պետին:
Մյուսները պիտի ծիծաղեին, ջահելները սրախոսեին, թե Պետին լավ թնդանոթ կնետի կամ հրաման կտա, և մեկն ու մեկն էլ հանկարծ, խոսքի մեջ, պիտի ասեր.
– Հանաքը դեն, Պետին աչքիս շատ ա այլակերպ:
Պետին այլակերպ էր դարձել: Նա քաշվել էր, կծկվել, շատ քիչ էր խոսում, շատ քիչ էր երևում մարդամեջ: Ասես ծերացել էր. աչքերը փոս էին ընկել, ճակատի կնճիռները շատացել: Քայլելիս գլուխը կախ էր պահում, մի բան փնտրողի պես:
Եվ երբ խոսքը պետու վրա գար, առաջարկ էր լինում Պետուն մի չուխա տալ կամ կարպետ:
– Էն ի՜նչ ա հալը, գաղթականը նրանից լավ ա:
Բայց գյուղն իր ցավերն ուներ, Պետու մասին հոգալու ժամանակ չկար:
Ձմեռն անցավ, հալոցքի հետ Այու սարի կողերն էլ բացվեցին, Պետին էլ ժիրացավ:
Կանաչը հերվա չոր խոտի տակ ծլել էր արդեն, գետինը ձմռան ամբարած խոնավությունն էր գոլորշիացնում: Կաթում էին կտուրները, ցեխ էր փողոցներում, դուրեկան էր ջերմությունը գարնան արևի:
Պետին նախիրը հանդ տարավ: Այս անգամ մահակի հետ նա հրացան էլ ուներ:
Իր օրում հրացանից չէր կրակել, նա իսկի ձեռք էլ չէր տվել: Պետին շատ ուզեց հրացան չառնի, բայց ստիպեցին: Վաշտապետը հերսոտեց, ոտը գետնին խփեց, պետին էլ վախից տապ արավ, համաձայնեց: Գյուղը վախ ուներ, թե կարող էին տավարը սարից փախցնել:
Ծիծաղում էին, երբ մի քանի ջահել սովորեցնում էին Պետուն հրացան բանեցնել: Պետին վախվխելով ձեռք տվավ հրացանին, ձեռքը ետ քաշեց, կարծես կրակ էր, այրեց: Եվ հրացանը մահակի պես ձեռքն առած` ամեն օր նախիրը սարն էր տանում:
Իր մտքում նա ավելորդ էր համարում հրացան առնել: Սարում նրան բոլորն էլ գիտեին. քանի՜ ուրիշ հովիվ է եկել, միասին աղբյուրի մոտ հաց են կերել:
Պետին խոր համոզում ուներ, թե իր ճանաչը երբեք չի կրակի, տավարի չի մոտենա:
Շատ անգամ էլ, երբ հրացանի ծանրությունը նեղացնում էր նրան, գյուղից հեռանալուց հետո մի քարի տակ պահում էր հրացանը և գյուղ դառնալիս էլի հանում, ձեռքին բռնում:
Երեխաները ծիծաղում էին նրա վրա. —
– Պետի՛, քանի՞ մարդ ես սպանել:
– Պետի՛, բա զորքդ ու՞ր ա…
Երբեմն Պետուն թվում էր, թե վաշտապետը դիտմամբ է զենք տվել, որ ծաղր անեն, ծիծիաղեն: Այդ մտքից նեղանում էր, կոտրվում և քաշվում գոմի մի անկյուն, որ մարդ չտեսնի:
Լուսաբացին, երբ Պետին աղբյուրի մոտ երեսն էր լվանում, իսկ կովերը հավաքվում էին աղբյուրի մոտ, Պետուն ասացին, որ ինքը սարում դիրքեր փորի: Նախիրն այդ օր գյուղում պիտի մնար:
Պետին շփոթմունքից մոռացավ երեսը փափախով սրբել: Ջուրը ծլլում էր դեմքից: Մի պահ մտածեց, ուզեց հրաժարվի, բայց հիշեց, որ վաշտապետը ոտը էլի գետնով կտա:
Եվ մյուսների հետ ինքն էլ գնաց Այու սարի լանջին դիրքեր փորելու:
Գարնան ամպոտ օր էր: Անձրևը մաղում էր մեղմ, խոնավության մեջ կար գարնան ծաղիկների, կանաչ խոտի բուրմունք:
Պետին հացը մի քարի տակ դրեց և տասնապետի ցույց տված տեղը սկսեց փորել: Բավական հեռու մի ուրիշն էր փորում, նրա կողքին երրորդը, և այսպես գարնան ամպոտ մի օր, Այու սարի ծաղկոտ լանջի վրա երևացին խրամատի գոտիներ:
Փորում էր Պետին անվարժ շարժումներով, և քրտինքը սնդիկի հատիկների պես գլորվում էր նրա ծաղկատար ճակատից:
Ամպերը մեկ էլ ետ քաշվեցին, գարնան արևը երևաց ամպի տակից, և բուրմունքն ավելի շատացավ: Պետին թիկն տվեց մի քարի, նստեց հանգստանալու:
Հեռվում, այգիների մեջ թաղված քաղաքը դաշտի վրա օազիսի նման էր երևում:
Պետու ականջին հասավ կովի բառաչի ձայն, որ գյուղի կողմից էր գալիս: Նա նայեց, բառաչի ձայնը մեկ էլ լսվեց:
– Ջա՛ն, մարալ. սոված ես մնացել, – ասեց ինքն իրեն և մտքում դրեց տավարն առավոտ կանուխ Այու սարիկողմը քշելու, ուր խոտը համեղ էր ու առատ:
Թիկնել էր քարին, նայում էր դիմացի բլուրներին: Արևի շողերի տակ ինչ-որ վեհություն կար Պետու չարքաշ, պղնձագույն դեմքին, փոս ընկած աչքերում անհուն բարություն կար և միամիտ սեր դեպի խոտը, կովը, ծաղկած սարերը:
… Դիմացի բլուրի ետևից լսվեդ հատուկենտ կրակոցի ձայն, Պետին ձգվեց հասակով մի, լսողությունը լարեց:
Եվ հանկարծ ընկավ խրամատի մեջ, ընկավ երեսնիվար, թաց հողի վրա: Այդպես ընկնում է խոտը կիսաչոր, երբ գերանդին սլլալով կտրում է ներքևից: Պատահական գնդա՞կ էր, թե դարանակալի խելագար ցանկություն, որ շիկացած արճճի հետ թռավ հեռվից, շաղ տվավ Պետու գանգը կանաչ խոտերի վրա:
Երբ տասնապետը եկավ խրամատին նայելու, տեսավ Պետուն` ընկած երեսնիվայր: Նոր փորած հողը ծծել էր արյունը կարմիր:
Խրամատի մի անկյունում էլ թաղեցին նրան:
Գյուղը հոգս շատ ուներ, լաց չեղավ Պետու համար: Տավարն էր, որ առավոտյան բառաչում էր գոմում, սարի կանաչին կարոտ:
Իսկ գիշերվա անձրևը սրբեց, լվաց խոտերից կաթիլները Պետու արյան…
* * *
Այու սարի լանջին հիմա մի կտոր տեղ կա, ուր կանաչն ավելի փարթամ է, ավելի մուգ: Փարթամ կանաչի տակ փտում են ոսկորները Պետու:
ԾԻՐԱՆԻ ՏԱՓ
Թեկուզ անունը Ծիրանի տափ է, բայց և ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: Գետի ափին, քարաժայռերի ճեղքերում մացառներ կան, քրքրված ցախավելի պես դիք-դիք ցցված: Ծիրանի տափի առավելությունը քամիներից պաշտպանված լինելն է և ջրի մոտիկությունը: Սարում, երբ գարնան սկզբին բորան է լինում, անձրևախառն քամի, չոբանը ոչխարը դեպի ձորն է քշում և պատսպարան տալիս լերկ Ծիրանի տափի ժայռերի ետև: Այծերը մացառներ են կրծում: Ոչխարը` գլուխը իրար շեքի մեջ` որոճում է: Հոտի մեջ և ոչ մի ոչխար բորան օրերեին գլուխը վեր չի հանի.
Ծիրանի տափը հիշատակելու արժանի ոչինչ չէր ունենա, եթե նա երկու գյուղի` Միրի և Մրոցի միջև անվերջ շարունակվող կռիվների, խոսք ու զրույցի առարկա չդառնար, եթե նրա համար տարիների ընթացքում բազմաթիվ անգամ մահակներով կռիվ չտային երկու հարևան գյուղերը` Մրոցն ու Միրը:
Երկու գյուղն էլ գետի ձախ ափին են ընկած, Մրոցը վերև, իսկ Միրը` ներքև:
Մրոցն ու Միրը հավասար ծխեր ունեն, և առաջներում, երբ մահակներով կռիվ էին տալիս Ծիրանի տափի համար, այնպես էր պատահում, որ մի տարի Մրոցն էր հաղթում, հաջորդ տարին` Միրը կամ երկուսն էլ ջարդված վերադառնում էին, որովհետև Ծիրանի տափի համար համարյա հավասար թվով մահակներ էին զարկվում երկուստեք:
Մրոցն էլ էր այծ ու ոչխար պահում, Միրն էլ, վերին գյուղումն էլ կար եկեղեցի, ներքևի գյուղում էլ: Շատ անգամ միաժամանակ էին բացվում ուշունցի պարկերը: Վերևի գյուղում, պատի տակ նստոտած ալևորներից ոմանք հոնի կարմիր փայտերը մեկնում էին Միրի կողմը, հայհոյում.
– Միրն էլ շեն ա՞ , վառես խանձահոտ չի գա: Մեր աղբաջրումն են նրանք խմոր հունցում…
Գուցե հենց այդ ժամանակ Միրի ալևորներն էլ էին անիծում վերի գյուղերին և ջահելների սրտում պապենական ոխը թեժ պահում: Բայց նրանք առիթ չունեին ասելու, թե Մրոցը վառես` խանձահոտ չի գա, թե նրանք աղբաջրով են խմոր հունցում, որովհետև Միրում երեխան էլ գիտեր, թե գետը վերից է գալիս, անցնում է Մրոցի կողքով, սրբում գետի մոտ կիտած աղբակույտերն ու մոխրանոցները և լվանում գետի միջով անցնող կովերի, եզների, ձիերի սմբակներն ու կճղակները: Միրի հարս ու աղջիկ այդ ավելի լավ գիտեին, դրա համար էլ լուսաբացից վազում էին գետը` ջուր առնելու, մինչև ջրի պղտորվելը:
Միրի երեխաներն էլ գիտեին, որ գետը վերևից է գալիս, բայց հարկավոր էր մի քիչ հասակ առնեին և հասկանային, թե ինչու իրենց ալևորները վերի գյուղի հասցեին չէին ասում.
– Վառես, խանձահոտ չի գա…
Մրոցն էլ այծ ու ոչխար էր պահում, Միրն էլ, բայց Մրոցում այնպիսի մարդիկ կային, որոնք ամբողջ Միրի չափ ոչխար ունեին: Կարելի էր առավոտ կանուխ գետից ջուր վերցնելով խմել նույնպիսի մաքուր և սառը ջուր, ինչպիսի վերի գյուղն էր խմում, բայց Միրը վերի գյուղի չափ կով չէր պահում: Երբ Միրի լղար կովերը քարերի արանքում բուսած չոր խոտերն էին պոկում, Մրոցի կովերի լիք կուրծքը թաղվում էր կանաչ խոտերի մեջ, պտուկները քսվում էին ծաղիկների թերթերին, և ծաղկափոշի էր նստում վերի գյուղի կովերի կուրծքին:
Այդ մասին Միրի երեխաները պիտի իմանային, երբ չափահաս դառնային և հասկանային, որ կավե կճուճի մեջ պահած յուղի պաշարը կապ ունի սարի կանաչի հետ: Երբ այս հասկանում էին Ծիրանի տափի մասին գյուղում խոսք ու զրույց լինելուց հետո, նրանք խլշում էին ականջները, մահակի կոթն ավելի պինդ սեղմում և մյուսների հետ վազում Ծիրանի տափը, եթե հավարն ընկներ, որ Մրոցի չոբանները ոչխարն ու տավարը քշել են ձորի կողմը:
Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը` մացառների վրա տերև:
* * *
Ոչ ոք չէր հիշում` ոչ Մրոցում և ոչ էլ Միրում, թե երբ ծագեց առաջին թշնամությունը Ծիրանի տափի համար:
Եթե Մրոցին էին հարցնում, հազար ու մի պատմություն էին անում, թե իրենցն է Ծիրանի տափը, «ինջիների» ձեռքով քաշած պլան ունեն, թղթեր կան:
– Էս է, ես իմ ձեռքերով եմ էնտեղ կուրգանի քարերը սահմանի վրա շարել…
– Իմ միտս է, որ հորս ոչխարը գիշերն էլ էր Ծիրանի տափում մնում:
– Միրի սահմանը ծիրանի տափից էլ շատ դենն ա… Էն մեր հայրական հողն ա…
Իհարկե, Մրոցը միայն ադյ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին: Վրա էին տալիս, իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է: Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին. բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատ նրա ասածին: Չէ՞ որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն է՛լ ավելի լայնացնելու մասին:
Բայց վեճը շատ խոսելը և բարձր կանչելը չէր որոշում: Չինովնիկի գնալուց հետո Մրոցում շշուկով և շատ ծածուկ իրար մեջ հավաքում էին այն գումարը, որի մասին գիշերվա կերուխումի ժամանակ ակնարկել էր քաղաքից եկած «մեծավորը» և ավելացրել.
– Ձեր օգտի համար եմ ասում, դուք գիտեք, մանակ ինձ համար չեմ ուզում:
Չինովնիկը Միր էլ էր գնում: Ներքի գյուղն աշխատում էր ավելի ճոխ ընդունել նրան, սրա-նրա տնից հավաքում էին հարմար իրեր, մի տնից մաքուր բարձ, մյուսից` գյուղի միակ լավ կարպետը, տունը զարդարում, հարսերի վրա բարկանում, որ փոշի չանեն, ապա, սենյակը սարքելուց, խոնարհ գլուխ տալիս եկվորին, ներս տանում:
Ոմանք եկողների ձիերն էին տեղավորում, գարի տալիս և խոնարհաբար ռամկի խեղճությամբ ժպտում մեծավորի պահակի առաջ, նրան էլ լավություն անում, մտածելով, որ գուցե այդ էլ օգնի Ծիրանի տափի անվերջ վեճին:
Միրում էլ էին բարձր ձայնով կանչում, աղմկում, նրանք գիտեին, թե ինչ են ասել վերի գյուղում, հերքում էին «պլանի» պատմությունը, մեկը մոտենում էր, իր ճղած գլուխը ցույց տալիս, պատմում, թե ինչպես են Մրոցի գյուղացիք մահակով խփել, մյուսը` հարևաններին բոթելով երեխային էր առաջ հրում, բաց անում ոտքը և շան կծած վերքերը ցույց տալիս:
Երեխան զարմացած և վախով նայում էր չինովնիկի պսպղուն կոճակներին, հայրը նրա ոտից պինդ բռնած բարձրացնում էր երեխային , որ «մեծավորը» ավելի լավ տեսնի: Իսկ չինովնիկի աչքերը երեխայի ոտի սպիներից սահում էին գետնի գունավոր կարպետին և մտքում գին դնում կարպետին, կարպետը համեմատում Մրոցի խոստացած կաշառքի հետ:
Զարմանքն էլ չէր, եթե մյուս օրը, Մրոցի աչքից անտես պահելու համար, Միրից մի քանի հոգի, գիշերվա կարպետը թաղիքի մեջ փաթաթած տանում էին քաղաք, չինովնիկի տունը: Միրում էլ էին շշուկով ինքնատուրք նշանակում, կարպետի գինը տալիս տիրոջը, որ հարս ու աղջիկ ձմռան գիշերներին գունավոր թելերից մի նոր կարպետ գործեն և պատմեն հնօրյա չարքերից:
Եթե պատահեր, որ քաղաքից եկողը մյուս օրը համաձայնվեր անձամբ տեսնելու Ծիրանի տափը, համարյա ամբողջ Միրն էր գյուղից դուրս գալիս` որը ոտով, որը ձիով: Գյուղի աչքաբաց, ազդեցիկ մարդիկ, «մեծավորի» ձիու սանձը բռնած, դարձյալ Ծիրանի տափի մասին էին պատմում և նույն հոգով այդ պատմությունն անում` ազդեցիկ մարդիկ չինովնիկին, գյուղի գզիրը` նրա պահակին:
Անհնար էր, որ մեկը կոտրատած ռուսերենով Ծիրանի տափին հասնելիս «մեծավորին» չպատմեր մի հին խոսք, թե ինչպես մի հարուստ մի տգեղ կին է ունենում և մի սիրուն աղախին, ինչպես մի օր երկուսն էլ գնում են սարը` ոչխարը կթելու, խանի չոբանը կարծում է, թե սիրունն է խանի կինը, և երբ խանը գալիս է, չոբանը ցույց է տալիս տգեղ կնոջը և խանին զարմանքով հարց տալիս` խանն ապրած կենա, սրան էլ են զուռնով բերե՞լ…
Եվ այդ ասելիս պատմողը պիտի հարցներ, թե Մրոցի հողերի շարքերին Ծիրանի տափն է՞լ է հող, բայց «մեծավորը» քահ-քահ պիտի ծիծաղեր, և Միրի մի քանի միամիտ գյուղացի , որոնք անգիր կասեին այդ պատմությունը, չինովնիկի ծիծաղը հօգուտ Միրի կընդունեին:
Այսպես շատ տարիներ եկել են, գնացել , երկու գյուղից էլ շատ յուղ ու պանիր, գորգ ու կարպետ են տարել հազար ու մի չինովնիկ և տարածի համեմատ էլ հատկացրել Ծիրանի տափը` մերթ Միրին, մերթ Մրոցին, կռիվների աղբյուր ստեղծել, ամեն տարի մացառուտի կանաչ տերևները բացվելու հետ երկու գյուղումն էլ թեժացրել զայրույթը Ծիրանի տեփի համար…
Խորհրդային օրերն եկան:
Երբ որ գավառական քաղաքից թշնամու խուճապի մատնված զորքերը հեռացան, և բեզարած կարմիր բանակայինները պառկեցին Ազգային խորհրդի դիվանների վրա, բանակի շտաբը քաղաքի հետ գրաված համարեց և հեռու ձորերը, որոնցից մեկումն ընկած էին Մրոցն ու Միրը:
Հարկավոր էլ չէր զորք ուղարկել, ոչ էլ թնդանոթ: Տեղացի մի ագիտատոր անցավ ձորերով և պատմեց այն, ինչի մասին լսել էին ձորի գյուղերում:
Հենց որ լուր եկավ, թե գավառական քաղաքից փախել են նրանք, որոնցից ոմանք առաջվա չինովնիկի պես էին մտածում Ծիրանի տափի խնդիրը որոշելիս, երկու գյուղն էլ ականջները խլշեցին նոր օրերի լուրերին, աչքերի առաջ Ծիրանի տափը:
Եվ ձորերում քարոզող ագիտատորը հենց որ Միր գնաց և ընդարձակ կալում հավաքված ժողովրդին ճառ ասաց, ձեռքերն օդում ճոճելով, զայրացած մի քանի անգամ կրկնեց «արնախումներ, գիշատիչներ», Միրում շատերն այնպես հասկացան, թե այդ բառերը վերի գյուղին են ուղղված: Ճառից հետո եկվորին շրջապատեցին գյուղացիք, և առաջին հարցը Ծիրանի տափի մասին եղավ պատասխանը` թե «հողն աշխատավորին» – ավելի երկմիտ դարձրեց Միրի բնակիչներին: Ագիտատորի գնալուց հետո գյուղում ոմանք նրա պատասխանը հօգուտ Մրոցի էին մեկնաբանում:
Նույն ճառը կրկնվեց և Մրոցում: Այնտեղ էլ ժողովուրդը խլշած ականջներով լսեց նրան, և երբ ագիտատորը հողահավասարման անունը տվեց, բազմությունը շարժվեց. թե մարդիկ կային, որոնց մտքերը հեռու էին, ցնցվեցին, մոտեցան խոսողին: Շատ մարդ էր լսում նրան, և այդ րոպեին Մրոցում ոչ մի ուղեղ չկար, որի ծալքերում Ծիրանի տափի պատմությունը չդառնար շվաքի պես: Լսելուց հետո շատերը խոսեցին Ծիրանի տափի մասին:
Կեսգիշերին Մրոցում մի քանի մարդիկ խոսում էին կտուրի վրա, որի տակ քուրսու վրա քնել էր ագիտատորը:
– Հը՞, ի՞նչ անենք…
– Չի վերցնի, հերսոտ ա…
– Բա էդպես գնա՞, ախր լավ չի լինի…
Առավոտյան, երբ քաղաքից եկած ընկերը ձին նստեց ուրիշ գյուղ գնալու, նրան բարի ճանապարհ ասացին, մոտեցան ձեռք տվին:
Երբ մոտեցավ և նա, որ կեսգիշերին կտուրի վրա խոսելիս ասել էր, թե «լավ չի լինի, թե էդպես գնա» և ուզեց աջը մեկնի և բարևելիս ձիավորի բռան մեջ դնի այն,ինչ պինդ սեղմել էր ձեռքում, աջը մեկնելիս աչքը ընկավ ձիավորի աչքին, և կիսով չափ մեկնած ձեռքը երկյուղից ետ ընակվ փափախի վրա, բռի մեջ դրամ: Ձիավորին ճանապարհելիս նա փափախը հանեց: Նույն օրը կտուրի վրա խոսողները շատ հանդիմանեցին նրան, իսկ նա ուսերն էր վեր քաշում և ասում.
– Կարացի ոչ, աչքերը հերսոտ էր…
Մի գարուն էլ շուռ տվեց, և այդ գարնանը քաղաքից հողաչափ եկավ երկու գյուղի սահմանները որոշելու: Հողաչափը դեռ գյուղ չեկած՝ երկու գյուղումն էլ գիտեին նրա մասին այնքան տեղեկություն, կարծես այդ մարդը տարիներ էր ապրել նրանց հետ: Մինչև նրա գալը երկու գյուղումն էլ նրա մասին էին խոսում: