Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա - Թոթովենց Վահան 2 стр.


Ստամբուլի կինն էլ մորս կապոցը ընդունել էր արցունքներով։ Հորս մահվան մասին նա առաջին անգամ լսել էր մեծ եղբորիցս։

Երկու կանայք լաց էին լինում մի տղամարդու համար, այն տղամարդու, որ այդ երկու կնոջ հոգին էլ լցրել էր սարսուռով, ծծել էր երկուսի շուրթերից էլ սիրո արյունը։

Մեծ եղբայրս պատմեց, թե ինչպես էր գնացել այդ կնոջ մոտ՝ Ստամբուլում։ Կինն անմիջապես ճանաչել էր եղբորս, գրկել էր, համբուրել և լաց եղել։

– Բոյով֊բուսով կնիկ էր, բարակ, երկար մազերով, ընկույզի գույն աչքերով, հունական քթով, կոկորդի վրա սև խալ։

Մայրս հրճվանքով լսում էր եղբորս պատմությունը և լաց լինում։

– Մեսումը3 որբ մնաց, – ասում էր մայրս արցունքների միջից։

Մինչև այժմս էլ չեմ կարողանում ընդգրկել մորս սիրո խորությունը։ Երբ փորձում եմ նայել այդ խորությանը մեջ՝ գլխապտույտ եմ ունենում և սիրտս դողում է այդ խորությունից։

Մայրս կրթված կին չէր, նրա ուսումը Ավետարանից դենը չանցավ, բայց հզոր սիրո ազդեցության տակ նա հասել էր հոգու անսահման խաղաղության։

Կինը, եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում։

***

Ինչպես ասացի, մորս գերագույն մխիթարությունն էր ամեն երեկո կամ կիրակի ցերեկները ծալապատիկ նստել սենյակի մի անկյունը և Ավետարան կարդալ, առաջ՝ մեռած հորս հոգու, իսկ վերջերս էլ՝ պանդուխտ եղբայրներիս համար։

– Գևորգիս համար գլուխ մը Ավետարան կարդամ, – ասում էր նա և մի էջը բաց անում։ Բանալուց հետո, նախքան սկսեր կարդալը, նրա պայծառ և շագանակագույն աչքերը լցվում էին արցունքի կաթիլներով։

Մի գլուխ կարդալուց հետո՝

– Գլուխ մ՚ըլ Լևոնիս համար կարդամ։

Մենք բոլորս լցվում էինք խոր ու դողահար երկյուղածությամբ, անծանոթ մի սարսուռ պատում էր մեր հոգին, և մայրիկը դառնում էր մեր աչքին բոլորովին կերպարանախոխված մի կին։ Ընթերցումից հետո լռին աղոթք էր անում։

Ամեն անգամ, երբ Ավետարանի անցքերի և անձնավորությունների մասին հարցեր էին տալիս նրան, նա բացատրում էր յուրահատուկ հասկացություններով։

Մի օր ես պառկել էի սադիրի4 վրա և կիսաքուն վիճակում էի։ Մայրս կարով էր զբաղված, իսկ մեծ հարսն Ավետարան էր կարդում բարձրաձայն։ Հանկարծ հարսն իր ընթերցումն ընդհատեց և մայրիկիս դառնալով՝ ասաց

– Մայրի՛կ, քըզի բան մի տի հարցնեմ։ Աստվածաշնչի մեջ գրված է, որ օձը խաբեր է Եվան, օձի խոսքովը խնձոր կերեր է. վերջը ատ խնձորեն Ադամին ըլ կերցուցեր է,

Աստված երկուքին ըլ պատճեր է ու դրախտեն վռնդեր է, աս գլուխը հեչ չիմ հասկնար:

– Քա՜, հարս, – ընդմիջեց մայրս, – սո՛ւս, չոճուխը5 կլսե։

Մայրս ինձ էր ակնարկում։ Մինչև այդ ես կիսաքուն էի, կարող էի բոլորովին քնել, բայց մորս զգուշավորությունը լսելով՝ բոլորովին զարթնեցի։

Մայրս հաստատ լինելով, որ քնել եմ, սկսեց բացատրել օձի պատմությունը

– Հարսնո՛ւկ, օղո՛ւլ, երկու հատ զավակ ունիս, ամմա դահա շատ ջահել ես, բան չես գիտեր, – սկսեց մայրս։ – Ւնչո՞ւ համար է, որ կնիկներուն երես չեն տար, ժամուն մեջ չեն թողուր, որ կնիկները խորան ելլեն, կնիկ ըսվածը շատ մեղքեր ունի, աշխըրքիս շատ մեղքը կնիկներուն վզին է։ Ես քըզի ըսեմ ատ պատմությունը, դուն մարդու բան մի ըսեր։ Եվան չափան օինի հաներ6 է, Աստուծո խոշին չի եկեր, ինչու որ դահա Աստված պսակի հրաման չէր տվեր. Եվան չի համբերեր, գացեր մտեր է Ադամին ծոցը, Աստված ըլ բարկցեր է, անիծեր ու դրախտեն դուրս քշեր։ Օձը կնկան միջի կրակն է, քա՜, հեչ տեսե՞ր ես, որ էրիկ մարդը կնկա ձեռք դպցնի, մինչև կնիկը պոչը չխաղցնե։ Աչքը քոռնա Եվային, առանց պսակի չափան օինի հանեց և մեզ ըլ ձգեց այս կրակին մեջ, թող քիչ մ՚ըլ համբերեր, Աստված պսակի հրաման կուտար, էն ատենը թող մտնար էրկան ծոցը, զաթեն ուրիշ կնիկ ըլ չիկար, որ ձեռքեն առներ, մեկ մը ինք, մեկ ըլ Ադամն էին ամբողջ աշխրքի մեջ։

Հարսը միայն մի բացականչություն արավ

– Քա՜

– Եվան աննամուս կնիկ է եղեր, խոսքը միջերնիս, – վերջացրեց մայրս։

***

Մինչև հիմա էլ չեմ մոռանա այն սարսափը, որ ես պատճառեցի իմ բարի մորը։

Ամառ էր։ Տապից փախած՝ գնացել էի մեր տան մութ խզենը7 և պառկել էի հովանալու համար։ Չգիտեմ ինչքան էի քնել, երբ մեկն սկսեց իջնել ցած։ Ես աչքերս բաց արի և սկսեցի դիտել։ Հանկարծ ներքև իջնողը սարսափելի ճիչ արձակեց և փռվեց գետին։ Ես ցատկեցի անմիջապես, դրսից վրա հասան ընտանիքի մյուս անդամները։

Գետին փռվողը մայրս էր։ Գրկեցինք և տարանք ննջարանը։ Զանազան կաթիլներով հազիվ կարելի եղավ զարթեցնել։ Ամբողջովին դժգունել էր, նայում էր վախեցած աչքերով, մեկ՝ մեկին էր հառում, մեկ՝ մյուսին – պարզապես հորս էր որոնում։ Վրա հասավ մեծ եղբայրս (մեծ եղբայրս տասներեք տարով փոքր էր մորիցս), անմիջապես գրկեց մորս գլուխը և հարցրեց

– Ի՞նչ եղավ։

Մորս լեզուն բացվեց։

– Խզենը սատանա կար, – շշնջաց մայրս, – աչքերը բոցի պես կփայլեին։

Մեծ եղբայրս կարծես ցնցվեց։ Նա կարծեց, թե մայրիկին մի բան էր պատահել, խելքին մի արատ էր հասել, բայց ես անմիջապես գլխի ընկա, մոտեցա մայրիկիս, գլուխս գրի նրա անուշաբույր կրծքի վրա և լացով ասացի

– Խզենը պառկողը ես էի, սատանա չէր։

Մեծ եղբայրս ուզեց պատմել ինձ, բայց մայրս թույլ չտվեց։

Շրթունքների վրա, այնքան սարսափից հետո, ծաղկեց մի թեթև ժպիտ, գրկեց ինձ և ասաց.

– Սատանայի աչքեր ունիս։

Եվ գուրգուրանքով շոյեց նա իմ ոսկեգույն մազերը։

***

Գիշերը ես վեր կացա իմ անկողնից և գնացի մայրիկիս մոտ։

Տակավին իմ հոգին չէր հանգստացել նրան պատճառած սարսափից։ Մինչև առավոտ ես քնեցի նրա անկողնում՝ վզովը պինդ փաթաթված։

Առավոտյան երբ նայեցի մայրիկիս աչքերին և հոգով ընկղմվեցի նրանց պայծառության մեջ՝ նրա ժպիտն օրորեց իմ հոգին։

***

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։

Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։

Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։

Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մորս կաթը լինում էր հորդահոս։ Գնում էինք, խնդրում կաթ չունեցող մայրերից, որպեսզի իրենց լղար երեխաները տան մորս կերակրելու։

Ես պայծառորեն հիշում եմ, դեռ 3 – 4 տարեկան, որ նստում էի մորս գիրկը և սկսում էի ծծել կաթը։ Մայրս մի մատով սեղմում էր ստինքը, որպեսզի քթիս փոքրիկ ծակերն ազատվեն շնչելու։ Ծծում էի անհագ և փստփստացնելով, ամբողջ հագագս լցվում էր թանձր կաթով։ Հիշում եմ մորս ստինքները սպիտակ, մաքրամաքուր և բուրումնավետ, թուխ և ժիր պտուկներով։ Այդ ստինքների հաճույքը ըմբոշխնել էին մի քանի տղամարդ՝ ես և եղբայրներս։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։

Մա՜յր, հիշում եմ քո խարտյաշ աչքերի զայրույթը, երբ նոր բուսած սուր ատամներով ցավացնում էինք ստինքներիդ պտուկները։

Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպիսի հեշտանքով, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։

Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։

Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա՛ ինձնից ծծած կաթի մաքրությամբ, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։ Ողջ դալարն է սարսռում, իմ ջերմագին մոր սիրտն է շշնջում բոլոր պարտեզների բոլոր ծաղիկների բաժակներում։

Ըմպում եմ վարդի բույրը, թանձր՝ ինչպես մորս կաթը։

Իջնում է նորից գիշերը, խաղա՜ ղ, զովագին և աստղասարսուռ, անհո՜ւն մի գիշեր։

Մայրս գնաց արևի հետ։

Սպասում եմ առավոտին, սպասում եմ, որ մայրս ճչա նորից արևի հակինթյա սրինգով։

Գ

Այստեղ անմիջապես պետք է հիշեմ պապիս՝ մորս հորը։

Հակառակ մորս հեզահամբույր բնավորության՝ պապս խստաբարո մի մարդ էր։ Կռվում էր ամենքի հետ, քառասուն տարով քեն էր պահում, բոլորին ծույլ էր անվանում, բայց ինքը, ամբողջ կյանքում, բացարձակապես ոչ մի աշխատանք չէր կատարել, կերել էր իր հոր հարստությունը, մեծագույն մասը փաստաբաններին էր կերցրել իր մի խոսքը անելու համար, և երբ հոր հարստությունը մսխել, վերջացրել էր, որդիներն էին մեծացել և նրանց հաշվին էր ապրում։

Պապիրոսի թղթի վրա առավոտյան գրում էր, թե եթե բազար գնա՝ (եթե գնա) ինչ պիտի առնե։ Այդ ցուցակը երեք կամ չորս բանից էր բաղկացած լինում 2 օխա շաքար, 25 գրեմ զենջեֆիլ, մեկ շիշ քացախ և հաց բայց այդ համարում էր աշխատանք։

– Կըսին քի գործ չեմ ըներ, էսի գործ չէ՞ – հարց էր տալիս մեկնումեկին և ցույց տալիս պապիրոսի թղթի վրայի ցուցակը։

Ձին նստել և այգի գնալ գալն էլ աշխատանք էր համարում, որովհետև պահապանին մի քանի հայհոյանք տված կլիներ։

Եկեղեցի գնալը, աղոթք անելը և տերտերին հայհոյելն էլ աշխատանք էր և գերաշխատանք, եթե սկանդալը մեծ էր լինում։

Իր հարազատներից և ծանոթներից ոչ ոքին իսկական անունով չէր կանչում՝ «շունը, քյոփակը, սև կատուն, փոթոն, աղվեսի պոչը, սատանի քիթը, քելը, փիսը, թուլ բերանը, կախ կոկովը, փաթլախը, քոռը» – և այսպես անվերջ ածականներ։ Օրինակի համար, իմ մասին խոսելիս՝ ասում էր

– Մեր կապոտ շունը։

Եկեղեցում, երբ քահանան տեսներ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, ոչ մի աղոթք չէր կրճատում, որովհետև պապս, նույն հաջի Առաքել աղան, իր կանգնած տեղից բարձրաձայն շարունակում էր կրճատված աղոթքը։ Պատահեց մի անգամ, որ քահանան, գիտենալով հանդերձ, որ հաջի Առաքել աղան եկեղեցումն է, կրճատեց մի աղոթք, պապս շարունակեց, քահանան ականջ չկախեց, պապս ավելի բարձրաձայն և ավելի համառորեն շարունակեց, խանգարելով քահանայի մտադրությունը՝ այդ օրը մի քիչ ավելի շուտ վերջացնելու ժամերգությունը։ Բայց սրանով չվերջացավ, պապս սպասեց, որ քահանան դուրս գա եկեղեցուց։

– Էկեր պատարագիչ չըլլեիր, ոտիս տակը կառնեի քեզ, շո՛ւն շան որդի։

Ապա ժամկոչին նկատողություն էր անում, որ զանգը քիչ տվեց, լուսարարին հայհոյում էր, որ եկեղեցու մեջտեղի կանթեղը շուտ պրծավ, և այլն։

Տուն վերադարձին, տան բոլոր անդամների բերաններից հոտ էր քաշում, թե պատարագից առաջ բան կերե՞լ են։

Ամեն մեկին կանչում էր թե՝ – Հո՛ ըրե։

«Հո» էինք անում և ուտում ապտակը ո՞վ կարող էր բան չուտել մինչև պատարագի վերջը։

Մենք կաղամբը հում էլ ուտում էինք, որովհետև քաղցր էր լինում, ճիշտ մրգի նման բերում էին սեղան, ջարդված։

Մի անգամ ծառան շուկայից կաղամբի մի գլուխ էր բերել։ Մորեղբայրներից մեկը՝ Պարթևը, ճանկեց կաղամբը և ուզեց մի կտոր պոկել։ Պապս նրան սաստեց, որ «մինչև սեղան չի գա, չի պտի ուտես»։

Բացի սաստելուց, նրա թաթիկին մի հատ էլ խփեց, բայց երբ կաղամբը ջարդեցին և բերին սեղան, Պարթևը հրաժարվեց ուտելուց։ Պապս հրամայեց նրան ուտել, նա համառորեն հրաժարվեց։ Այս անգամ պապս բռնի մի կտոր կոխեց նրա բերանը և սկսեց խփել գլխին։

– Սատկես նե՝ տ՚ուտես։

Պարթևը ցավից սկսեց լաց լինել և ճչալ կաղամբի խոշոր կտորը բերանում։

– Հաջի՛ աղա, կուտե, հաջի՛ աղա, կուտե, – աղաչում էր տատս, բայց հաջի աղան խփում էր Պարթևին և գոռում

– Ուտելու խշրտոցը տի լսիմ:

Եվ Պարթևը հարվածներից ազատվելու համար սկսեց կես լաց լինել ու կես ուտել, և պապս հանգստացավ՝ լսելով կաղամբի՝ ատամների տակ տրորվելու յուրահատուկ խշրտոցը։

Պապիս բեղերն այնքան երկար էին, որ հասնում էին մինչև ականջներր։

Նա խորագույն հպարտությամբ դիտում էր այդ բեղերը հայելու մեջ ամեն անգամ ամեն մի պոչը երեք֊երեք անգամ շոյում էր և հեռանում հայելուց։

Սովորություն ուներ նա, որ երբ Ամերիկայից նամակ էր ստանում, անպայման ծրարը պետք է մկրատով կտրեր բանալու համար։ Տատս անհամբերությամբ, և երբեմն արցունքոտ աչքերով, սպասում էր իր պանդուխտ որդիներից մեկի նամակի ընթերցման, բայց պապս անասնական համառությամբ չէր բաց անում, մինչև մկրատը գտներ, իսկ եթե մկրատն օրերով չգտներ, օրերով չէր բաց անում։ Բանալուց հետո էլ՝ երկար բարակ ակնոցն էր մաքրում, սիգարեթը փաթաթում, մոխրաման բերում, դնում իր առաջը, մի օղի էր ճնկում, հազում էր, թքում և ապա սկսում էր կարդալ։ Սկսում էր կարդալ ոչ թե բարձրաձայն, այլ իր համար, ինչպես ինքն էր ասում, կարդում էր թիվ, որպեսզի «պարունակության վերահասու ըլլա» և հետո դարձնի ընտանիքի մյուս անդամների սեփականություն։

Երբ տատս կենում և սպասում էր, որ վերջապես վերջանան այդ դաժան գործողությունները, պապս ասում էր

– Գնա կերակուրդ եփե, վերջը եկո՛։

Տատս փափուկ, սպիտակ ձեռներով, փոքրիկ մի կին էր, խոշոր, սև աչքերով, միշտ ժպտուն, միշտ հեզահամբույր և չափազանց մաքրասեր։ Նրանից միշտ մենք առնում էինք մաքուր սպիտակեղենի զգլխիչ հոտը։ Խոսում էր մանտր֊մանտր, ախորժելի և խելոք։

Ամառը նա սիրում էր նստել պատշգամբը, որի առաջը փռվում էր աստիճանավոր պարտեզը, պարտեզի տակով անցնում էր անվերջ ջրվեժներով մեծ առուն։ Առուն գալիս էր բարձրից և խոր ձորերով գնում էր դեպի զմայլելի դաշտը։

Երբ ծառերի տերևները շարժվում էին, և Խուրայի սարից փչում էր զով քամին, տատս մանրիկ բերանով մրմնջում էր

– Օ՜խ, ակդ սիրեմ։

Այս երկու հակադրություններն ինչպե՞ս էին ապրել իրար հետ ողջ 41 տարի ահա այն դարավոր զազիր օրենքի գաղտնիքը, որ հրամայում է՝ «Կին, եղի՛ր հնազանդ քո ամուսնուն»։

Մի գիշեր պապս երազ էր տեսել, որ մառանի հատակին, մի արշին խորության, ապուպապերից թաղված է եղել մի կճուճ լիքը ոսկի։ Այդ երազից հետո զաթնեց և զարթեցրեց բոլորիս ու կարգադրեց, որ մառանի ճիշտ մեջտեղը փորենք։ Սկսեցինք փորել սարսափելի կարծր հատակը, և իսկապես մոտավորապես մի արշին խորությունից երևաց կճուճը։ Հենց որ պապս կճուճը տեսավ, ուրախությունից ուշաթափվեց։ Տասը հոգով հազիվ կարողացանք նրան բարձրացնել վերի հարկի ննջասենյակը։ Հիշում եմ, մի թևը ես էի բռնել, որպեսզի կախ չընկնի, և այդ թևն անգամ ծանր էր ինձ համար։ Առավոտյան ուշքի եկավ։ Ուշքի գալուն պեսճ կճուճն ուզեց։ Բերին։ Կճուճը բոլորովին դատարկ էր։ Երբ տեսավ, որ դատարկ է, նորից ուշաթափվեց, և այս անգամ տևեց երկար։ Հարկ եղավ բժիշկների միջամտությունը՝ ուշքի բերելու համար։

Պապս, իր ամբողջ կյանքում, չընդունեց ո՛չ մի սխալ։ Հավատում էր, որ ինքը երբեք ոչ մի սխալ չէր գործել։ Երբ տատս հիշեցնում էր նրան իր անվերջ դատավարությունները, փուճ համառությունը, պապս պատասխանում էր. – Էկեր նորեն աշխարք գամ, նորեն տի էնիմ։

Ոչ ոքից խորհուրդ չէր հարցնում, բայց ինքը պահանջում էր, որ ամեն մի ծանոթ գա և իրեն խորհուրդ հարցնի։ Պապս ի՞նչ հիմք ուներ այս բոլորի համար։ Խելո՞ք էր։ Ո՛չ։ Պարզապես հաջի Առաքել աղան էր։ Ուրիշ ոչինչ։ Իսկ այդ հաջի Առաքել աղան ի՞նչ բան էր։ Կատարյալ ոչինչ։ Իբրև նախկին հարուստի զավակ՝ ստացել էր այդ ամբարտավանությունը և տրադիցիայով շարունակում էր այդ ոսկեզօծ ամբարտավանությունը։

Եթե մեկնումեկը պատահաբար խորհուրդ տար նրան, թեկուզ մի հասարակ բանի համար, և եթե մինչև անգամ ինքն էլ ներքուստ համոզված լիներ, որ խորհուրդը ճիշտ է և օգտակար, չէր լսի։

Ինչպե՞ս, հաջի Առաքել աղան ուրիշին լսի՜…

Լավ հիշում եմ, մի օր պապս բարձրացել էր սանդուղքների վրա և ուզում էր մի մեծ մեխ խփել պատին։ Ինչ֊որ մի բան էին ուզում կախ տալ։

Տատս ցանկանում էր, որ մեխն ամուր խփվի,բայց որպեսզի ամուր խփել տա, ներքևից պապլիս խորհուրդ տվեց մեխը թույլ խփել։

Պապս, հակառակն անելու համար, ամբողջ ուժով խփեց մեխին, և մեխը գրեթե թաղվեց պատի մեջ, այսպիսով, տատս անել տվեց իր ցանկացածը և քթի տակ մանրիկ ժպտաց։

Եթե տատս ցանկանար գնալ մի որևէ ամառանոց, ձմեռվանից սկսում էր դեմ խոսել այդ ամառանոցին։

– Էդ ըլ տե՞ղ է, որ կերթան, տաք, մարդ կը խաշի։

Երբ ամառը գալիս էր, պապս տատիս տանում էր այն ամառանոցը, որի դեմ տատս ձմեռը խոսում էր։

Այսպիսով, կատարվում էր տատիս ցանկությունը։

Եվ տատս ոչ միայն այս բանում, այլև ամեն բանում կիրառում էր այդ մեթոդը և կոտրում պապիս պողպատյա կամքը։

Դ

Ես ունեի մի պառավ հորաքույր։

Նա ամեն տեղ էր՝ մեռելատանը, հարսանիքներում, կռվի ու բամբասանքի մեջ, շուկայում, տանիքի վրա, աղբյուրը, պարտեզում, հիվանդի գլխի վրա, տղացկան մոր ոտների տակ, ժառանգությունների բաժանման մեջ, նշանտուքի և խոսկապի մթին ցանցերում։

Назад Дальше