Հատակին հասա չհասա, Գոգոն ապտակ տվեց երեսիս և՝
– Չանգալը չի ձգած ինչո՞ւ ես վեր ելեր․․․
Ես գոհ մնացի այդ ապտակից։
Երեկոյան հայրս ինձ նստեցրեց իր ծնկանը և շոյելով ոսկեգույն մազերս՝ հարցրեց․
– Ինչո՞ւ էիր վեր ելեր։
Հորս փայփայանքից ոգևորված՝ անկեղծորեն ասացի նպատակս։ Հայրս կուշտ ծիծաղեց և բոլորի ներկայության հայտարարեց․
– Իմ բյություն հարստությունն իմ պստիկ յավրուինս է, իսկ աս տունը, իմ մահես վերջը, բոլորիդ կըսեմ, կուտաք այս յավրուիս։
Հորս մահից տարիներ հետո, երբ հարկ եղավ հորս հարստությունը բաժանել, իմ բացակայության, մայրս առաջարկել էր, որ այդ տունը, առանց որևէ վիճակ ձգելու և վեճի, ինձ տրվի՝ հարգելու համար հորս ասած ամեն մի խոսքը, թեկուզ այն ժամանակ կատակով ասած։
Այդ տունը ես ժառանգեցի, որի ոչ մի արձանագրության մեջ իմ անունս չկար։
***
Հորս մահից հետո Գոգոն ավելի անսահման, ավելի միստիկական սիրով կապվեց մեր տանը, բայց միաժամանակ փոխվեցին հարաբերությունները։ Մորս և Գոգոյի հարաբերությունները մնացին նույնը, բայց եղբայրներիս և Գոգոյի՝ հիմնովին փոխվեցին։ Բացի մեծ եղբորիցս, մյուս եղբայրներիս քթի տակն էլ սկսեցին սևին տալ և ավելի խորը զգացին, որ «ժառանգորդք են տանս այսորիկ»։ Նրանք սկսեցին ըմբոստության նշաններ ցույց տալ Գոգոյի բռնապետության դեմ, սկսեցին ծաղրել նրա դիրեկտորությունը, բայց Գոգոն երկար ժամանակ չլսելու և չտեսնելու էր տալիս, որովհետև մայրս ասում էր.
– Չոճուխն եր են, անկաճ մի կախեր։
Այնուամենայնիվ, Գոգոն երկար չհամբերեց հեգնանքներին և մի օր տղերանց մեկին հայտարարեց․
– Ծո, խնլո՛տ, քեզ էնֆիեի8 պես քիթս կքաշիմ։
Այս առիթ տվեց, որ հարաբերություններն ավելի սրվեն, մանավանդ նրա և Լևոնի միջև։
Մի օր էլ Լևոնն իր դասընկերներին հավաքել էր և բերել լցրել մեր դահլիճը՝ զվարճանալու համար։
Գոգոն պատվիրեց Լևոնին, որ 10 – 12 տղաներ, բոլորն էլ իրեն նման պատանի և չար, անհարմար է դահլիճում զվարճանալ, ավելի լավ է գնալ պարտեզ և զվարճանալ մարգագետնի վրա, խոստացավ նրանց բերել աթոռ և օշարակ։ Լևոնն ընդդիմացավ այս կարգադրության, որովհետև Գոգոն էր արել․
– Չե՛մ երթա։
Գոգոն պատրաստվեց կոտրել Լևոնի համառությունը, մանավանդ տեսնում էր, որ վերջերս խորտակվում էր իր հեղինակությունը մեր տան մեջ, որտեղ արդեն 40 տարի էր, ինչ իշխում էր, բայց մայրս մոտեցավ նրան և զսպեց․
– Անկաճ մի կախեր, թող երթան։
– Դուն ես մեջքս կոտրողը, խանըմ, – հառաչեց Գոգոն։
Տղաներն սկսեցին իրենց զվարճությունները դահլիճում, զվարճություններ, որոնք ուրիշ բան չէին, եթե ոչ անկրթություններ՝ ծխել, ծխախոտի քիթերը նետել հատակին, գորգերը տակնուվրա անել, բարձերն իրար նետել և վերջապես հայելին կոտրել։
Գոգոն երկար ժամանակ լսում էր աղմուկը, բայց զսպում էր իրեն, մայրս այդպես էր պատվիրել, բայց երբ զգաց, որ դահլիճը գլխիվայր էր դառնում, բարձրացավ դահլիճը և բոլորին մեկիկ֊մեկիկ դուրս վռնդեց։
Լևոնն ամոթահար և անկարող՝ սկսեց շրթունքներր կծոտել։ Հորս ողջության անպայման կտաներ այս ամոթահա–րությունը, բայց նրա մահից հետո՝ երբեք։
– Այս տանը տերերեն մեկը ես իմ, ծառան իրավունք չունի խառնվելու, – գոռաց Լևոնը, երբ ընկերներն արդեն տնից հեռացել էին։
– Մեկն էլ ե՛ս իմ, – պատասխանեց Գոգոն։
– Դուն չես։
– Ե՛ս իմ։
– Դուրս պիտի ելլաս տունեն, – գոռաց Լևոնը։
Այս առաջին «պետական հարվածն» էր ընդդեմ Գոգոյի իշխանության։
Գոգոն լռեց։ Լռեց ո՛չ թե նրա համար, որ չէր կարող պատասխանել, այլ լցվեց դառն վշտով․ 40 տարի հավատարմությամբ, գերագույն ազնվությամբ, բարձրագույն անկեղծությամբ ծառայել էր այդ տանը, հենց իրեն՝ Լևոնին, մեծացրել էր իր թևերի և ուսերի վրա և հանկարծ այս անլուր կոպտությունը։ Վիշտը կաթիլ առ կաթիլ լցվեց նրա աչքերում, դեմքի ամեն մի խորշոմում, ամեն մի կնճիռում, վիշտ, որ ծովանում է մարդու դեմքի վրա սրտի կոտրվելուց։
Լևոնը շարունակում էր գոռալ․
– Դուրս պիտի ելլա տունեն։
Մեծ եղբայրս՝ Հակոբը, միջամտեց, ուզեց լռեցնել Լևոնին, բայց Լևոնը զգացնել տվեց, որ «Հակոբ, Գևորգ և Լևոն ժառանգորդք են տանս այսորիկ»։
Մայրս այս անգամ միջամտեց, վերին աստիճանի գոհ լինելով, որ Գոգոն լռություն և պաղարյունություն պահպանեց։
Մայրս սկզբում մեղմ սկսեց, ուզեց առանց միջադեպի խաղաղացնել Լևոնին, բայց այդ մեղմությունից Լևոնը թև առավ և շարունակեց խիստ պահանջն ավելի կոպտությամբ։
– Տղա՛ս, Գոգոն այս տան մեջ 23 տարով ավելի է ապրեր, քան դուն, դուն երեկվան տղան ես այս առիքին տակ, եթե այս տան կարգադրությունները գործուդ չեն գար, կրնաս անմիջապես ինքդ հեռանալ այս տունեն։
Լևոնը լռեց։ Մենք բոլորս էլ դժգունեցինք։ Մայրիկը պարզապես իր որդուն տնից դուրս էր վռնդում։ Կատակ չէր։
Լևոնը լռությամբ դուրս եկավ դահլիճից, մայրիկը շարունակեց․
– Այս տան համար Գոգոն մեզմե ավելի է մտածեր, ավելի շատ է չարչարվեր, տան պատերուն ամեն մեկ քարը անոր ձեռքը կճանչնա, որո՞ւ բերնին է ինկեր այդ մարդը դուրս հանել, ամո՛թ։
Այս վերջին բառր մայրիկր կարծես բոլորիս էլ շպրտեց։ Բոլորս էլ գլուխներս կախեցինք։ Մեծ եղբայրս մոտեցքավ մայրիկին, ուզեց Լևոնի համար նրա վճիռը մեղմացնել։
– Ես զինքը դուրս չեմ վռնդեր, – ասաց մայրիկը, – բայց եթե ինքը կպահանջե անոր դուրս ելլալը, ինքը պիտի ելլա։
Այս խոսքերից հետո՝ Գոգոն, արցունքն աչքերին, մոտեցավ մայրիկին, համբուրեց նրա ձեռքը և ասաց․
– Խանըմ, Լևոնը թո՛ղ հոս մնա, ե՛ս կերթամ, քեզմե ըլ շատ ռազի իմ։
– Գոգո, – պատասխանեց մայրիկը կես կշտամբանքով, – տղայի հետ տղա մի ըլլար, ով ինչ կըսե, թող ըսե, դուն ինձի նայիր։
Գոգոն դուրս գնաց լռությամբ և մտնելով խոհանոց՝ սկսեց օջախի կրակը փչել։
Երեկոյան, ընթրիքին, Լևոնը չերևաց։
Մայրիկը մինչև անգամ չհետաքրքրվեց, թե Լևոնը տա՞նն է թե ոչ։ Ընթրեցինք շատ տխուր, ոչ ոք չէր խոսում, ամեն մեկս ջանացինք շուտ վերջացնել և վեր կենալ։ Ընթրիքից հետո Գոգոն մայրիկի համար բերեց մեծ, չինական գավաթով թրքական կոֆե, այն գավաթով, որով միայն հայրս էր խմում և նրա մահվանից հետո երբեք չէր գործածված։ Մայրս բռնեց գավաթը, արցունքի մեծ֊մեծ կաթիլները կախվեցին նրա շագանակագույն խոշոր աչքերից, հանկարծ տեսանք, որ Գոգոն էլ լաց էր լինում, մենք էլ միացանք այդ արցունքներին, լո՜ւռ, մորմոքի՜չ արցունքներին։ Երկար լռությունից հետո մայրս հայտարարեց․
– Այս տան մեջ ո՛չ մեկ փոփոխություն չպիտի ըլլի․․․
Մորս այդ հայտարարությունն այնքան վճռական էր, որ բոլորս էլ դողացինք։
Հաջորդ առավոտյան, Լևոնը հենց որ զարթնեց, գնաց պարտեզ։ Գոգոն պարտեզի ծաղիկներն էր ջրում։
Վճիտ, մաքուր, լվացված առավոտ էր։
Լևոնը կամաց֊կամաց, տատանվելով և վախենալով, բայց ներքին վճռականությամբ, մոտեցավ Գոգոյին և փաթաթվեց նրա վզով։ Գոգոն անմիջապես ցնցուղը դրեց խոտի վրա, գրկեց Լևոնին, համբուրեց երկար և խորունկ սիրով շշնջաց․
– Յավրու՜ս, իմ աղվորի՜կ յավրու՜ս…
Զ
Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։
Ջին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկթաձև սպիտակը ճակատի վրա։
Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։
Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։
Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։
Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
– Սիրեմ քըզի․․․
Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
– Ակոբը գնաց սիրականին քով։
Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։
Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբբուրում։
– Գիտես քի ամպի վրայեն կթռի, – ասում էին շատերը։
Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։
Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։
Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։
Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, ոմանք նշանված էին, ոմանք էլ արդեն վաղուց խայտառակված ապօրինի կենակցությունների համար, մի քանիսը բռնվեցին Մարիցայի տանը, բայց Հակոբը սիրում էր Մարանին և նրանով լցնում իր հոգու ամբողջ պարապը։
Նրա համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան, անկողին և եփել֊թափելու անհրաժեշտ պիտույքներ ու գնում արոտ։
Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։
Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան և անցկացնում ժամանակը։
– Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, – հարցնում էր Հակոբը։
Մարանը վրնջում էր։
– Շուտով տուն տ՚երթանք, – ասում էր Հակոբը։
Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։
– Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։
Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։
Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։
Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։
– Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, – հարցնում էր Հակոբը։
Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։ Հակոբը սկսում էր․
Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։
Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։
Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։
1
Տղաս, կապուտաչյա տղաս
2
քայլքի տեսակ
3
խեղճ, անօգնական, որբ
4
թախտ
5
երեխա
6
ամուսնությունից առաջ հղիանալ
7
ներքնահարկ
8
բուռնոթի, քթախոտ
9
Դուխու շիշը, մեջը մանուշակ, ես Մարանին սիրում եմ, սրտիս անկյունը։