Մասիսյանի մնացած աղջիկներից երեց քույրը կոչվում էր Գայանե, իսկ կրտսերը՝ Հռիփսիմե. առաջինը տասն տարեկան էր, վերջինը՝ յոթն: Այդ երկու քույրերի վրա բնությունը կարծես կամեցել էր գործ դնել իր բոլոր համառությունը, մեկին ստեղծելով որպես գեղեցկության օրինակ, իսկ մյուսին՝ նրա հակառակը: Բնավորության կողմից նույնպես նման չէին: Գայանեն, տգեղ, չափազանց մեղմիկ և բարեսիրտ էր: Հռիփսիմեն, գեղեցիկը, նույնքան հպարտ և չար էր: Տգեղի տգեղությունը լրացնում էր երկու ոտների ևս կաղությունը, որի պատճառով ման գալու ժամանակ սաստիկ օրորվում էր: Մարմնով արատավորները միշտ լեզվանի, հեգնող և երբեմն կծող են լինում: Գայանեն իր բարեսրտության հետ զուրկ չէր և այդ հատկություններից:
Երկու քույրերի մայրը կոչվում էր Մարիամ: Շատ անգամ բախտը, ճակատագիրը, նախախնամությունը, – վերջապես ինչ որ կուզեք անվանեցեք, – բայց կա մի բան, որ զարմանալի կատակներ է խաղում ամուսնական զուգավորության մեջ: Տեսնում ես, – գեղեցիկ կնոջը տալիս է տգեղ ամուսին, իսկ սիրուն տղամարդին` տգեղ կին: Տեսնում ես, խելացի կինը հիմար մարդ է ունենում, իսկ հիմար կինը՝ խելացի մարդ: Տեսնում ես, կարճահասակ տղամարդը բարձրահասակ կին է ունենում, իսկ բարձրահասակ տղամարդը՝ կարճահասակ կին: Կարծես, բախտը ամուսնության մեջ ներդաշնակություն չէ սիրում: Այսպես էլ պատահել էր անբախտ Մարիամի հետ: Որքան նրա ամուսին այրը ժանտ, դաժան և անտանելի էր, ինքն այնքան հեզ, բարի և համակրական էր: Գայանեն մոր սիրտն ուներ, իսկ Հռիփսիմեն փոքր ինչ նման էր հորը: Բայց Ստեփանը ոչ մեկին նման չէր:
Ահա այդ ընտանիքի մեջ ընկավ Կալոն, այն գյուղական ուրախ և անհոգ թռչնիկը, այդ ընտանիքի հետ կապվեցավ նրա ապագան, որ մեր վեպի գլխավոր նյութը պետք է լինի:
Մինչև Կալոյի հայտնվիլը, Մասիսյանի ընտանիքը երբեք ոչ մի ծառա կամ սպասավոր չէր ունեցել, մանավանդ այն խայտառակ անցքից հետո, որ նրա աղջիկներից մեկը փախավ գործակատարի հետ: Մասիսյանը միշտ հեռու էր պահում իր տունը օտար տզամարդերից: Ամեն ինչ, որ պետք էր տնտեսության համար, ինքն էր գնում բազարից. շատ անգամ կարելի էր տեսնել նրան, որ իր քթի աղլուխի մեջ միս, կանաչի, միրգ կամ մի ուրիշ բան դրած, տուն էր բերում: Եվ եթե պատահում էր խանութի աշակերտներից մեկի ձեռով ուղարկել, նա պետք է դռնից տար բերած բանը և ետ դառնար. ներս մտնելու իրավունք չուներ: Մասիսյանը խստությամբ էր պահպանում այն պայմանները, ինչ որ վերաբերում էր ընտանիքի անմատչելիությանը կամ կանանց սեռի հեռու պահելուն օտար տղամարդի հասարակությունից:
Բայց «խանա-բիչայները», այսինքն՝ տնային փոքրիկ տղա¬սպասավորները, ընդունված են մինչև անգամ պարսկական հարեմների մեջ: Մինչև 12-15 տարեկան հասակը այդ անմեղ արարածները ընդունվում են կանանոցների մեջ: Կալոյի տարիները բոլորովին համապատասխանում էին այդ վիճակին:
Առաջին օրը, – մեծ պասի ավագ ուրբաթ երեկոյան, – երբ նրան տուն բերեցին, ռամիկ գյուղացու օտարոտի կերպարանքը բարձրացրեց ընդհանուր ծիծաղ:
– Դա՞ է նոր բռնած ծառան, – հարցրեց տիկին Մարիամը հեգնական կերպով իր ամուսնից, ոտքից ցգլուխ չափելով Կալոյին, որ նույն ժամում զարմացած նայում էր իր շուրջը:
– Ի՞նչպես է, չե՞ս հավանում, – պատասխանեց նրա ամուսին այրը մի առանձին բավականությամբ. – տեսնո՞ւմ ես, օխտը մարդու բան կբանի, ղոչաղ տղա է. դու մեկ նրա ձեռք ու ոտքին մտիկ տուր, կասես նոր խամից դուրս բերած եզը լինի2:
Վերջին նկատողությունը դուր չեկավ Կալոյի ինքնասիրությանը և նա ասաց.
– Ես եզն չեմ…
Երկու ամուսինները սուր կերպով նայեցան նրա վրա և ոչինչ չպատասխանեցին: Կալոյին հրամայեցին տանել խոհանոցը և հաց տալ ուտելու:
– Լեզուն երկար է երևում… – նկատեց Մասիսյանը. – կոշտ-կոպիտ է մեծացել… ջեր վարպետի ապտակ չի կերել… Բայց լավ բանվոր է:
– Բանելը յոլա կգնա, – պատասխանեց տիկինը. – աստված տա, գող չլինի:
– Հիմա, իհարկե, չի լի՛նի, հալա նոր է ձվից դուրս թռել. կամաց-կամաց կսորվի, հետո կգողանա:
– Ես չեմ թողնի, որ սորվի, – ասաց տիկինը:
Մասիսյանը անհավան կերպով գլուխը շարժեց և ծիծաղելով ասաց.
– Դու չես թողնի, բայց նա էլի կսորվի. շատ բան կա, որ արգելում ենք, բայց մարդիկ սովորում են առանց վարժապետի: Ղազի ճտին որքան արգելես, որ գետը չմտնի, չես կարող, հենց որ ձվից դուրս եկավ, կվազե դեպի ջուրը: Ո՞վ սովորացրեց նրան լեղ տալը:
Այս խոսակցությունը անց էր կենում բակումը, ուր այր և կին նստած էին մի քառանկյունի թախտի վրա, որ դրած էր նոր տերևները բացած ուռենու տակ և ծածկած էր կապերտով: Նրանց որդին՝ Ստեփանը, ծնողներից փոքր ինչ հեռու, ածուի մոտ նստած, խոշորացույցով զննում էր մի փոքրիկ միջատ: Լսելով հոր վերջին խոսքերը, նա մեջ մտավ, ասելով.
– Ղազի ճուտը բնազդում ունի, և դրա համար վազում է դեպի ջուրը, բայց մարդը մի այնպիսի բնազդում չունի, որ դրդեր նրան դեպի գողություն. այդ ախտին սովորում է նա վատ օրինակից, անկրթությունից, և վերջապես կյանքի ուրիշ պայմաններից:
Հայրը, իհարկե, չհասկացավ որդու խոսքերը, և մի խոժոռ հայացք ձգելով նրա երեսին, ասաց.
– Դա քո խելքի բան չէ, սուս կա՛ց…
Է
Կալոյին թեև սկզբում դառն երևեցավ գյուղական ազատթյունից զրկվելը, թեև նրան շատ դժվար էր իր սիրելի ընկերներից բաժանվելը, թեև նա շուտով չէր կարող մոռանալ իր սիրելի գառները, – բայց այսուամենայնիվ, այդ կիսավայրենի «արջի քոթոթը», որպես առաջին տեսնելիս կոչեց նրան աղան, հետզհետե սովորեց քաղաքին և մանավանդ Մասիսյանի տանը: Նա հայտնվեցավ այս տանը, որպես հիշում է ընթերցողը, զատկի տոների օրերում: Շատ հասկանալի է, որ տոն օրերում տան շներն և կատուներն անգամ ուրախ և երջանիկ են լինում, որովհետև անմասն չեն մնում այն բարիքներից, որ վայելում է ուրախ գերդաստանը: Մասիսյանի ընտանիքը, որքան և չափավոր լիներ իր տնտեսաթյան մեջ, դարձյալ մի գյուղական աղքատ խրճիթի զավակի համար կներկայացներ ամեն բարիքներով լի առատություն:
Սկզբում նրա վրա նայում էին և խոսացնում էին միմիայն հետաքրքրության համար. կոպիտ գյուղացու ամեն մի շարժմունքը ծիծաղ էր պատճառում: Բայց հետո կամեցան փոքր-առ-փոքր կրթել և տաշել նրան: Այդ հոգածությունը հանձն առավ գլխավորապես տիկին Մարիամը:
Մի քանի օրից հետո Կալոյին դժվար էր ճանաչել, գոնյա արտաքին կերպարանքից: Ահագին մոթալ-փափախի տեղ կրում էր Ստեփանի գիմնազիստի հին կեպին. տրեխների տեղ հագել էր աղայի քրքրված քոշերը, որոնք իրանց մեծությամբ դժվարացնում էին նրան ազատ ման գալ: Իր ղադաքե արխալուղի վրա հագել էր նույնպես աղայի թերմաշ կաբան, որի փեշերը անցնում էին ոտների կրունկներից, և որովհետև իր հասակից ավելի երկար էր, այս պատճառով մեջքը պնդել էր սև փոկով և կաբայի ավելորդ մասը թողել էր գոտիից վերև, և այսպիսով այս պարսկական վերնազգեստը ստացել էր մի ահագին տոպրակի ձև, որի մեջ ձգած էր խեղճ տղան:
Մի խոսքով, նա ոտքից ցգլուխ փոխված էր: Նրա անունն անգամ փոխել էին. ռամկական կրճատված Կալո անվան տեղ այժմ կոչում էին Միքայել: Նա փոխված էր դրսից միայն, բայց սրտով մնացել էր դարձյալ նույն ուրախ և միամիտ Կալոն իր գյուղական կոշտության մեջ, որպես մի անտաշ քար, որ հմուտ արհեստագետի ձեռքի տակ կարող էր գեղեցիկ փայլ ստանալ:
Զատկի տոների հետ անցան և նրա ուրախ օրերը:
Ավետ ապորը թեև խոստացել էին խանութում պահել փոքրիկ Կալոյին, առևտուր սովորեցնել և «մարդ շինել», բայց այդ խոստմունքները անկատար մնացին հենց սկզբից: Նրան պահեցին տանը ծառայելու համար: Փոքրիկ ծառայությունների մեջ նա շատ անշնորհք էր. ամեն մի առարկա նրա ձեռքից թռչում էր, ընկնում էր, կոտրվում էր և ամեն բանի դիպչելիս ցած էր գցում: Օրինակ, մի բաժակ թեյ նա չէր կարող առանց վիթելու տեղ հասցնել, բայց եթե տայիր նրան մի փոքրիկ տակառ լիքը ջրով, կտաներ, և որտեղ ասես, կհասցներ: Նա մանր բաների համար գլուխ չուներ, կարծես ստեղծված էր խոշոր գործերի համար:
Միքայելի – մենք էլ այսպես պիտի կոչենք այսուհետև – այս տեսակ անընդունակությունները սակավ ցավեր չպատճառեցին նրան: Ամեն մի բան կոտրելիս, ամեն մի բան վիթելիս, խիստ հազիվ էր պատահում, որ մի ամբողջ օրով քաղցած չթողնեին: Սկսյալ աղայից, մինչև վերջին աղախինը, բոլորը նրան հանդիմանում էին, անդադար կրկնելով, – «արջի քոթոթ», – «էշ գյուղացի» և այլն: Եվ այսպես, օր չէր անցնում, որ նա մի լավ «շնաթակ» չուտեր: Բայց Մասիսյանի ընտանիքի մեջ նա ուներ մի պաշտպան միայն, դա էր տիկին Մարիամը, որ ներում էր նրան որպես մի անփորձ երեխայի և պատվիրում էր նրա անմեղ հանցանքները չհայտնել աղային, որ չծեծվի:
Միքայելը, որպես մեզ հայտնի է, լավ ձայն ուներ, քաղցր երգում էր, երբ դեռ գյուղումն էր, բայց այդ ուրախ թռչնիկը իսպառ լռեց, երբ մի չար բախտով ընկավ երկաթի վանդակի մեջ: Մի քանի անգամ այն աստիճան հուսահատվեցավ նա, որ փորձ փորձեց փախչել և կրկին գյուղ գնալ. – գնալ իր սիրելի ընկերների և տատի մոտ, այնտեղ ոչ ոք չէր ծեծում նրան: Բայց տիկին Մարիամը կես ճանապարհից ետ բերել տվեց, մխիթարեց և կրկին համոզեց մնալ:
Մասիսյանի ընտանիքի մնացյալ անդամներից Գայանեն նույնպես լավ էր Միքայելի հետ, թեև երբեմն ծաղրում էր, բայց պատահած ժամանակ իր ստացած մրգեղենից նրան բաժին էր հանում: Իսկ Հռիփսիմեին բոլորովի՜ն անտանելի էր նա. այդ գեղեցիկ և հպարտ արարածը մի առանձին ատելություն ուներ դեպի գյուղացի տղան, որին ստիպում էր երբեմն գանգատով դիմել տիկին Մարիամին: Ստեփանը, աղայի որդին, իր եղբոր պես սիրում էր նրան. նա գնեց Միքայելի համար մի ընթերցարան և պարապ ժամերում դաս էր տալիս, բայց մի օր այդ նկատեց աղան և գիրքը առնելով տղայի ձեռքից, մի կողմ ձգեց և դառնալով դեպի որդին, ասաց. «Ուզում ես դրան էլ փչացնես քեզ նման…»:
Միքայելի մեծ մխիթարությունը նրանումն էր, որ երբեմն բազարում տեսնում էր իրանց գյուղացիներից մի քանիսին, երբ քաղաքը բան էին բերում ծախելու: Մի անգամ մեյդանի միջով անցնում էր նա, հանկարծ տեսավ իր ընկերներից մեկին:
– Ա՛ Թո՜ւն, ա՛ Թո՜ւն, – կոչեց նա, իր վաղեմի ընկերի մոտ վազելով:
Ընկերը չճանաչեց: Միքայելը քարշ ընկավ նրա վզից և սկսեց համբուրել:
– Խաչը վկա, չճանաչեցի, – խոսեց գյուղացին: – Էդ ի՞նչ ես դառել, Կալո, դրուստ որ, «չամչի խաթունի» նման ես…
– Ի՞նչ անեմ, Թուն ջան, քաղաքումը էդպես են հագցնում, – պատասխանեց Միքայելը, – անունս էլ փոխեցին… էլ Կալո չեն կանչում… Դու էն ասա՛, Թունի ջան, մեր տունը գնո՞ւմ էիր, տատս ո՞նց է, ի՞նչ էին անում երեխեքը, Կիճին մեծացե՞լ է, Պապին հիմա ման գալիս կլինի…: (Վերջին անունները իր հորեղբոր փոքրիկ երեխաների անուններն էին):
Նա առանց պատասխան սպասելու խոսքը փոխեց:
– Դուն ի՞նչ էիր շինում, Թունի ջան, ամեն օր լեղանո՞ւմ էիր գետումը. ա՜խ, էստեղ չեն թողնում, որ մարդ ջրի երես տեսնի… Հիմա խոտը հնձո՛ւմ կլինեն, էնպես չէ՞, ո՞վ էր հավաքում մեր խուրձերը: Ես եկել եմ բազարիցը կանաչի տանելու, հացն էլ ինձ են առնել տալիս, ասում են, առուտուր սորվիր: (Նա կրկին խոսքը փոխեց): Մեր շլորենիքը հասե՞լ են: Մեր շունը տեսա՞ր: Ո՞վ էր արածացնում մեր գառները: Էստեղ լավ չէ, Թունի ջան, սիրտս տրաքում է, չեմ իմանում, թե ինչ անեմ… Տատիս ասա՛, թե Կալոյին տեսա: Ո՞ւմ հետ եկար: Ե՞րբ ես գնալու: Էստեղ շատ վատ է, Թունի ջան…
Միքայելը իր բազմաթիվ և անկապ հարցերով բոլորովին շվարեցրեց ընկերին, և նա չգիտեր, թե որ մեկին պետք է պատասխանել:
– Հորս հետ եմ եկել, – ասաց նա, – պանիր էինք բերել, ծախեցինք, էսօր պիտի գնանք:
– Ի՞նչ ես կերել, առ քեզ քաղաքի յուղով հաց տամ. առավոտյան խանումս (տիկինը) տվեց, չկերա, պահեցի, լավ էր որ քեզ նասիբ եղավ:
Այս ասելով, Միքայելը գրպանից հանեց մի կտոր նազուկ և տվեց ընկերին: Նա համեղ հացի մի ահագին կտորը ամբողջապես կոխելով բերանը, կիսախեղդ ձայնով ասաց.
– Ի՞նչ լավ հաց է, ամեն օր դրանի՞ց ես ուտում, Կալո:
– Ո՞վ կտար, որ ուտեի. էս էլ խանումը թաքուն տվեց, որ աղան չտեսնի, – ասաց Միքայելը վշտալի ձայնով: – Լավ կլիներ, որ ցամաք հացով կշտացնեին, էն էլ չեն տալիս:
Միքայելի աչքերը լցվեցան արտասուքով, բայց նա թաքցրուց իր սրտի ցավը: Նրա գյուղացի ընկերը հարցրուց.
– Ե՞րբ պիտի գաս գյուղը. գիտե՞ ս, Կալո ջան, մեր դութմաները հասել են, էնքան ուտում եմ, էնքան ուտում եմ, էնքան ուտում եմ, հերս ոչինչ չէ ասում: Քո բաժինը կպահեմ, ե՞րբ ես գալու:
– Չեն թողնում, Թունի ջան, – պատասխանեց Միքայելը տխուր ձայնով. – շատ եմ ուզում գալ, տատիս տեսնել, մեր տանը մնալ, բայց չեն թողնում. ասում են՝ «արջի քոթոթ, ձեր ծմակները չե՞ս մոռանում»… Դե ո՞նց մոռանամ, Թունի ջան, ախար էստեղ ի՞նչ կա… հենց տներ են ու տներ… մարդիկը, խո, գյուղացուն էշի տեղ են դնում… թե բերանդ բաց ես անում, խոսում ես, մի լավ ծեծում են…
Թունին հասակով մի քանի տարով մեծ էր Միքայելից. լսելով իր ընկերի խոսքերը, խղճաց նրա դրության վրա և մտածեց օգնել նրան:
– Եկ, ես քեզ կտանեմ գյուղը, – ասաց նա:
– Ի՞նչպես գամ, էնտեղ էլ ապերը (հորեղբայրը) գլխիս կտա, կասի՝ ինչո՞ւ եկար: Չէ, Թունի ջան, – խոսքը փոխեց նա, – լավն էն է, գնամ, ջուրը ընկնեմ, միանգամով պրծնեմ…
Թունին մխիթարեց նրան, սիրտ տվեց և խոստացավ, թե Ավետ ապորը կասե, որ նրան գյուղը տանե: Միքայելը ուրախացավ, մանկական բարեսրտությամբ ուզեց իր ընկերին մի բանով վարձատրել:
– Գիտե՞ս, Թունի ջան, – ասաց նա, – լավ միտս եկավ. ես ճաներս (վեգ) խորել էի մեր մարագի դռան տակին, այնտեղ, որ մի քոթուկ (կոճղ) է դրած, կգնաս, կհանես. հարյուր հատից ավել է, ինչքան կուզես, դու վեր առ, մնացածը բաժանիր մեր ընկերներին: Ես որ չեմ կարողանում խաղալ, դուք էլա խաղացեք:
– Թոմասին բաժին չեմ տա, – ասաց ուրախացած Թունին, – նա լավ տղա չէ, անցյալ օր ինձ հետ կռվեց:
– Նրան էլ տուր, մեր ընկերն է, բարիշեցեք, – խոսեց խրատական կերպով Միքայելը: – Ի՞նչ կա, ընկերը ընկերի հետ կկռվի ու էլի կբարիշի, անցյալ գիշեր ես էլ Պողոսի հետ կռվեցա՝ մահակով խփեցի, գլխիցը արյուն գնաց:
– Պողոսի հե՞տ, – հարցրեց Թունին զարմանալով, – Պողոսը էստեղ ի՞նչ էր շինում:
– Երազումս կռվեցա, Թունի ջան. հենց որ զարթեցի, էնքան լաց էլա, էնքան լաց էլա, որ նրա գլուխը պատռեցի: Դրուստն ասա, Թունի ջան, նրան խո մի բան չի՞ էլել:
– Ոչինչ չի էլել, երեկ չէ մեկել օրը ինձ հետ խոսում էր, հետո միասին գնացինք իրանց բաղը, ծիրան կերանք:
Երկու փոքրիկ գյուղացիների խոսակցությունը ընդհատեց Թունիի հայրը, որ հեռվից հայտնվելով, կանչեց նրան.
– Էն ո՞ւմ հետ ես խոսում, ե՛կ, գնում ենք:
– Թունի ջան, հիմա որ գնում ես, – ասաց Միքայելը նրա փեշից բռնելով, – տատիս, ապորը, ամենին շատ բարև տար, ասա՛, որ տեսա Կալոյին:
– Կասեմ, – պատասխանեց Թունին և հեռացավ:
Միքայելը երկար կանգնած նայում էր իր ընկերի ետևից, հանկարծ մտաբերեց, թե բավական ուշացել է, և սկսեց վազել դեպի աղայի տունը:
Ը
Անցավ երեք տարի:
Միքայելի վիճակի մեջ այս երեք տարվա ընթացքում բավական փոփոխություն էր եղել: Այժմ նա տան հասարակ սպասավորից դառել էր «դուքնի աշակերտ». դա մեծ առաջադիմություն է. բայց ո՞րպես հաջողվեցավ:
Զարմանալի նախապաշարմունքներ կան այն կարգի մարդիկների մեջ, որոնց պատկանում էր Մասիսյանը: Շատ անգամ մեկը մի նոր ձի է գնել3, մի նոր շուն կամ կատու է բերել տունը, պատահում է, որ նույն միջոցում նրա գործերը լավ են գնում, «շան, կատվի կամ ձիու ոտը խերով է», – ասում է նա և այն անասուններին չէ հեռացնում իր տնից: Այսպիսի անասունը դառնում է մի նվիրական արարած այն տան համար, այնտեղ ծերանում է, այնտեղ մինչև մահը ծառայում է, և մեռնելուց հետո նրա գլուխը թաղում են նույն տան գլխավոր մուտքի դռան շեմքի տակ: Նույնը նկատվում է մարդկանց վերաբերությամբ: Տեսնում ես, մեկը ամուսնանում է, պատահում է, որ կնոջ ոտը նույնպես «խերով» է լինում, տղամարդի գործերը լավ են գնում, և կինը սիրվում է: Շատ անգամ ընդհակառակն է պատահում: Կինը իր հետ դժբախտություն է բերում, նրա ոտը «շառոտ» է լինում, ամեն բան «նասացնում» է և նա ատելի է դառնում… Նույնը պատահում է նոր ծնված երեխաների հայտնվելով. ոմանք բախտավորություն, իսկ ոմանք դժբախտություն են բերում: Տան այն անդամը, որ իր հետ բախտավորություն է բերում, նրա համար ասում են՝ «տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կապած»… Դա էլ մի տեսակ «Ոսկի աքաղաղ» է, որ իր ազդեցությամբ բարիքներ է արտադրում:
Մի կողմ թողնելով այս տեսակ նախապաշարմունքների քննությունը, այսքանը միայն կասենք, որ այն օրից, երբ Միքայելը մտավ Մասիսյանի տունը, նրա գործերը սկսեցին անսպասելի կերպով լավանալ: Եվ սնահավատ Մասիսյանը չէր կարող չնկատել այդ և դրա համար սկսեց նա հետզհետե լավ աչքով նայել մանուկ գյուղացու վրա: Եվ այդ էր պատճառը, որ տարավ նրան իր առևտրական խանութը:
Միքայելի դրությունը այժմ մի աստիճան բարձրացել էր. նա տնային ստոր ծառայից դարձել էր «դուքնի աշակերտ»: Բայց նա այժմ այն չէր, ինչ որ երեք տարի առաջ, այժմ բավական տաշվել և կոփվել էր նա. այժմ նրա մոտ չէին երևում գյուղացու կոպտությունները: Նրա դեմքն անգամ փոխվել էր. գյուղական լիքը և կարմիր թշերը մաշվել էին, նուրբ և գեղեցիկ գծագրություն էին ստացել, և առաջվա զվարթ գույնը տեղի էր տվել խիստ ախորժ գունատության: Անփոփոխ մնացել էին միայն կրակոտ աչքերը:
Խանութի բոլոր հաճախորդները ճանաչում էին Միքայելին: Նա այն տեսակ տղերքից չէր, որ անհայտ մնար, որ նրա վրա ուշադրություն չդարձնեին: Ամեն մարդ ախորժում էր խոսեցնել նրան և լսել նրանից մի քանի խոսքեր: Միքայելը չափազանց կամակատար տղա էր. դեռ մեկը իր ծխախոտի գլանակը չշինած, նա արդեն լուցկին ձեռքում պատրաստ ուներ, որ պարոնին մի ծառայություն անե, և մեկը մի բան գնելիս, շուտով առնում էր, շնորհքով փաթաթում էր, շատ անգամ առանց նրանից խնդրելու, տանում, հասցնում էր գնողի տունը:
Բայց երբեմն ծագում էին փոքրիկ անհամաձայնություններ Միքայելի և աղայի՝ Մասիսյանի մեջ: Պատճառները առաջ էին գալիս վարպետի և աշակերտի հասկացողության անմիաբանությունից: Օրինակ, խանութը մտել է մի տիկին և կամենում է գնել մի քանի արշին չիթ կամ մի քանի ֆունտ թեյ: Մասիսյանը սկսում է տիկնոջ հետ մի ամբողջ պատմություն, թե նրա հանգուցյալ այրը իր լավ բարեկամն էր, թե ինքը նրա հիշատակը պատվելու համար պետք է զիջումներ անե և ապրանքի լավը տա, և այլն: Հետո նա դառնում է Միքայելին, ասում է.