Զահրումար - Րաֆֆի 3 стр.


Արդարև, եթե բոլոր աշխարհը քանդվելու լիներ, Ճանճուր Իվանիչին փույթ չէր, միայն նրա կոպեկին վնաս չլիներ: Եվ Սամիլ Պետրովիչը՝ նկատելով որ նա ամենևին համակրություն ցույց չտվավ յուր քաղաքական լուրերին, խոսքը փոխեց, ասելով.

– Էս էլ քեզ քաղկի թազա խաբար, լսի՞լ իս, Խաշուտողի տղեն, ասում ին, փոդրաթներում զարար է արի, ու էգուց տնիրը տորգով ծախում ին:

– Էդ լա՛վ խաբար է… – կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ դադարելով խաղալուց, և նույն րոպեում ուրախության նման մի բան փայլեցավ նրա մեռած դեմքի վրա:

– Քանի՞ է նրա խազնի պարտքը:

– Քառասուն հազար մանեթ:

– Էդ լա՛վ է… – կրկնեց Ճանճուր Իվանիչը խորին ոգևորությամբ:

– Ամա քառասուն հազար մանեթն էլ շատ փուղ է, է՜, – պատասխանեց բամբասողը գլուխը շարժելով:

– Հոգին դուրս գա, – նրա խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը, – նա շատ իր ասածի էր, ու վուտն էլ իր լհեբի գորա չէր ձգում…

Եվ նա մի քանի վայրկյան մտածության գնաց:

Մեզ հայտնի է, որ Ճանճուր Իվանիչի այդ լռությունը որևիցե ցավակցության զգացմունք չէր դեպի խղճալի Խաշուտողի տղան, որի որդիքը քանի օրից հետո պիտի զրկվեին հացից, այլ, ընդհակառակն, այդ մի խորին հոգեզմայլության վրդովմունք էր, որ պատճառեց նրա սրտում բամբասողի անակնկալ ավետիքը: Որովհետև ոչինչ լուր Ճանճուր Իվանիչին այնքան չէր ուրախացնում, որպես մի բոթաբեր լուր որևիցե դժբախտի, երբ նա անաջողության էր հանդիպում: Այդ նրա միակ բաղձալի ցանկությունն էր, երբ նրա համավիճակ կամ իրանից բարձրաստիճան անձինք, ենթարկվելով զանազան վնասների, խոնարհվեին, և ինքն գերիվերո դասվեր նրանց ավերման փլատակների վրա: Այդպիսի ցանկություններ ունեցողներն այնքան շատ են, որ Ճանճուր Իվանիչը ձևացնում է նրանց բավական բարեխիղճ ներկայացուցիչը…:

Գոհ լինելով յուր լսած լուրից, Ճանճուր Իվանիչը հրամայեց Քիտեսուն շուտով պունշ մատուցանել բամբասողին, և ապա հարցրեց.

– Էլ ի՞նչ կա:

Բամբասողը, նկատելով յուր հաղորդած լուրի ուրախալի ընդունելությունը և լսելով պունշի անունը, ավելի ոգևորվելով հաղորդեց յուր խոսակցին մի նոր ավետիք ևս.

– Էլ ի՞նչ գուզիս, Ճանճուր Իվանիչ, Խոխրոյի տղի դուքանն էլ էսօր փնչատեցին, օխտը հազար թումանով կուտր է ննգի:

– Շատ լավ էլ ին արի, նրա հերն անիծած, – պատասխանեց մի փոքր բարկանալով Ճանճուր Իվանիչը. – նա էլ իր չլումը չէր կենում: Դրա հորը ես տեհիլ իմ հինգ կոպեկով Շեյթան փողոցեմեն ալուրի մեշոկը ինչկլի Վերա կու տաներ. ամա տղեն, կոսիս, թավադ էր ըլի, վուտնիրը կոտրվիլ է՞ր, վուր կառեթ էր պահում, դրոշկով էր ման գալի… կնկա համա պըլյանտե քորոց ու ոսկե ցեպոչկա էր շինել տվի. ինքն էլ մե նալ շլինքին քաշ տալու համա հազարներով մանեթներ մսխեց…:

– Էնենց մարդու վիրչն էլ էհենց կուլի, – կրկնեց Սամիլ Պետրովիչը. – հորես Էշքեբթողի տղեն, մինք ամենքս տեհիլ ինք,հերը ծխում, մխում սիվցած մե փռնչի էր, հիմի տղեն դրոշկով է ման գալի, ու բաբորի վորոտնիկ ունե… հա՛, քու գլխի պատռվիլը գիտենա… էգուց քու վիրչն էլ կու տեհնինք, եփոր վուր քու բարաբանն էլ կոծին…:

Ճանճուր Իվանիչը, չկամենալով տեղիք տալ բամբասողին կարծել իրան մի չարախնդաց մարդ, փոխեց խոսքը, տալով յուր մտածությանը ավելի մարդասիրական կերպարանք:

– Էս ժուկումս, – ասաց նա, – դիփունանքն էլ էհենց ին դառի, Սամիլ Պետրովիչ, շան վուրդութինը սորվիլ ին, ով վուր քիսումը մե քանի շահի փուղ է տեհնում, գժվում է ու էնդումեն դենը գցում է դենը անխի – անխիլ, դես ու դեն մսխիլը, իժում եփոր տեհնում է, վուր օխտեմեն չէ կանացի գա, ուրիշ սատանութին է մոգոնում – ան կուտր է ննգնում, խալխի փուղիրն ուտում, ան թե չէ Մոսկովեմեն, դես ու դենեմեն հազարնիրով փուղ է տակն անում, իժում թումնին երկու աբասի փուղ տալի իր պարտքատերերուն: Աբա մե ասա՛ դուն էն խիղճ փոլղատերիրը մեղքը չի՞ն, ախար ինչի՞ իրանց չափով չին ժաժ գալի, վուր վիրչը խարաբ չըլին, իրանց նամուսը պահին ու վիրչը բիաբուռ չըլին:

– Մե խոսքով, շատ ղուրթ իք հրամայում, աղա, – կրկնեց Սամիլ Պետրովիչը, խորին համակրություն ցույց տալով. – դրուստ է, կուտր ննգողնիրեմեն շատիրը սատանութին ին բանեցնում. Լաբլաբու տղեն էհենց չարա՞վ, վուր հիմի ջուխտ տան տեր է դառի ու փողոցումը էն ղադա դուքնիր ունե. էդ վո՞ւրղանցեմեն է, դիփ խալխի փուղր չէ՞:

Այս միջոցին Քիտեսը մատուցարանի վրա բերավ երկու մեծ բաժակ պունշ, մինը ընդունեց Ճանճուր Իվանիչր, մյուսը՝ Սամիլ Պեաբովիչը: Մի փոքր տաքացնելով իրանց ուղեղը ոգելից ըմպելիքով, նրանք կցեցին իրենց բամբասանքի թելը:

– Գիտի՞ս ինչեմեն է ըլում էտունք, Սամիլ Պետրովիչ, – խոսեց Ճանճուր Իվանիչը գործագետ մարդու եղանակով, – դիփ էլ հիմիկվան դատաստանատներու միղն է: Էս միրոյի սուդն էլ վուր լուս ննգավ, խալխի տունը ջլիզդան քանդվեցավ: Մինք ուրախանում էինք, թե հին պոլիցերեմեն պրծանք, ամա էլի նրանց աղբաթը խեր ըլի: Ախար էդ ի՞նչ օրենք է, քու փուղը աչքիդ առաջ ուտում ին, չիս կանացի վուչինչ անի: Ուրեմն վուր փուղդ իս ուզում, էն սհաթն սուդի դուռն է շանց տալի. գնում իս, գանգատ իս անում, տարի ին քաշիլ տալի. դիփունանքն էլ զակոնը լավ ին սորվի… Է՛ս միրոյի սուդ, է՛ս օկրոժնի սուդ, է՛ս պալատ, է՛ս սենատ, էլ ո՞վ է իմանում ուրիշ ինչ զահրումար… Տարիներով հենց գնում իս, գալիս իս, փուղ է վուր գջլում ին… կինքդ մաշում ին, ինչկլի մե իսպոլնի լիստ իս ձեռդ գցում: Ուրախանում իս, թե փուղ սաղացրի: Հա՛, քո հորն օղորմի, լավ սաղացրիր… էնդումեն դենը ասում ին՝ դե՛, դու տեղը շանց տո՛ւ, մինք առնինք: Տո անաստուծնիր, ես վո՞ւրղանցեմեն շանց տամ էդ շանորդի պարտականը, գանա էն ղագա տուտուց է՞ր, վուր էս քանի տարումը, հուղրումը մե իմքին թողիլ է՞ր: Նա իր էլած չելածն առաջուց թաքցրիլ է, մուլքը կնկա վրա հաստատիլ տվի, դուքանը ուրիշի անումով է գրիլ տվի, իրան նրա փռքաշիկ է շինի. հիմի ի՞նչ է մնացի, վուր ես շանց տամ: Գնում իս տունը վիր գրում. երկու կոտրած սկամի, մե հին ստոլ ու մե քանի ային – օյին բանիր իս գտնում: Էստունք էլ տանում իս Թամամշովի քարվանսարի առաջ տորգ իս անում, պրիսթավի փուղն չէ դուրս բերում: Թե պարտականն էլ ծիր է, ան թե մե քանի լակոտնիր ունե, բիրթումն էլ չիս կանա բռնիլ տա: Ու թեկուզ բռնիլ էլ տվիր, ի՞նչ խեր. ջիբեմեդ կորմովոյ պիտի տաս, նա էնդի ուտե ու պառկի, դու կի տնքա: Զակոնում յառսուն հազար մանեթի համա, ասում ին, իրիք տարի պիտի բիրթում նստի. էս էլ օրենք է՞, ախար էս ով չի անի:

Ճանճուր Իվանիչի այդ երկար քաղաքական նկատողությունը ընդհատեց Սամիլ Պետրովիչը, ասելով.

– Յառսուն հազար կոպեկ տան ինձ, կորմովոյ էլ հիդը, ես շանորդի ըլիմ, թե իրիք տարի բիրթումը չնստիմ. էս ո՞վ չի անի էստոլ վրա էլ լավ աշխատանք վո՞ւրդի կանա մարդ գտնի:

Ճանճուր Իվանիչը, յուր մտածողությունը յուր ժամանակի օրենսդրության վերանորոգության վրա իսպառ վերջացած չհամարելով, ավելացրեց.

– Էս խոմ էհենց է, Սամիլ Պետրովիչ, դրուստ է ձիր ասածը, մագրամ էս անիծած դավիծախառնող ադվոկատնիրը չի՞ս ասում, միր տունը ջլիզ քանդեցին, մարդու կաշի ին քերթում, սատկած էշ ին պտռում, վուր նալնիրն հանին:

Ճանճուր Իվանիչի խոսքն ընդհատեց փոքրիկ Ելենան, որ ներս վազեց ուրախությամբ, ասելով.

– Մամա, մամա, Սոֆոն գալիս է, – և կրկին շուտով դուրս թռավ աղջիկը, առանց հոր պատասխանին սպասելու:

Եվ արդարև, լսելի եղավ մոտեցող կառքի գռռոցը, որ կանգնեցավ նրանց դռան առջև, և մի քանի վայրկյանից հետս ներս մտավ տիկին Բարբարեն օրիորդ Սոֆիի հետ, Ճանճուր Իվանիչի սենյակը:

Ճանճուր Իվանիչի զավակները, եկվոր հյուրերը, կանայք և աղջիկները, բոլորը հավաքվեցան այնտեղ:

Օրիորդը՝ դպրոցական սերտած քաղաքավարական ձևերով մոտեցավ յուր հորը և համբուրեց նրա աջը, հայրն էլ համբուրեց դստեր ճակատը: Այնուհետև խիստ շնորհալի կերպով նա գլուխ տվավ Սամիլ Պետրովիչին, բարևեց բոլոր հյուրերին և ուրախությամբ գրկեց յուր քույրերին և եղբորը:

Ճանճուր Իվանիչը հարցրեց տիկին Բարբարեից վրաց լեզվով, թե ինչո՞ւ ուշացան նրանք: Կինը պատասխանեց նույն լեզվով.

– Սոֆիի տեսչուհին մեզ ուշացրեց. նա կարդում էր Սոֆիին յուր վերջին խրատները, թե դուրս գալով ուսումնարանից, նա ի՛նչպես պիտի վարե իրան հասարակական կյանքում:

– Այո՛, դրանք անշուշտ հարկավոր են, – կրկնեց Ճանճուր Իվանիչը, – բայց ասա՞ց, որ հորն ու մորը հնազանդ լինի:

Եվ հայրը խորհրդավոր կերպով նայեց դստեր երեսին:

– Այո՛ , ասաց. նա շատ բաներ ասաց, – պատասխանեց տիկին Բարբարեն:

Մի փոքր խոսելուց հետո տիկին Բարբարեն, օրիորդ Սոֆին, իրենց հյուրերի հետ, գնացին մյուս սենյակը, ուր պատրաստված էր թեյ և զանազան մրգեղեններ ու քաղցրավենիք՝ փոքրիկ խնջույքի համար: Եվ Ճանճուր Իվանիչը յուր հյուրի հետ դարձյալ մնացին մենակ:

– Ա՜յ, լավ խիլք իս արի, աղա, աղջիկդ ուսումի իս տվի, – ասաց Սամիլ Պետրովիչը նրանց հեռանալուց հետո Ճանճուր Իվանիչին: – Աստված պահե, շատ շնուրքով աղջիկ ունիս, դրուստ վուր, հեստի ժամանակ է էկի, վուր առանց ուսումի աղջիկը մե սիվ փուղ էլ չարժեք

– Թե ինձ կու հարցնիս, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը մի փոքր տհաճությամբ, – աղջկերանց համա ուսումը մե հարկավուր բան չէ՛, էնդուր վուր, ինչ ղադա կարդալ գրել սորվին, էն ղադա էլ սատանութինը ավելանում է: Աբա ի՞նչ անինք, անիծվի՜ էս ժամանակը, մոդեն էհենց է դառի. ինչկլի աղջիկը ռսնակ չէ խոսում, ինչկլի տանցավատ չէ իմանում, լավ օքմին թամահ չէ ննգնում:

– Էլի էդ լավ է, Ճանճուր Իվանիչ, էնդուր վուր ինչկլի հիմի տղեն աղջկա փուղին էր թամահ ննգնում ու հիմի փուղի տիղը ուսումը կու բռնե էլի՜:

– Ամա գիտի՜ս էս զահրումար ուսումը քանի է նստում… եփոր միտս իմ բերում Սոփոյի վրա մսխածս, ջանս դող է ննգնում… Ես էլ առաջ քիզպես փիքր էի անում, թե ուսումը աղջկա բաժինքի թանխեն կու պակսեցնե, ու էդ ումիկով Սոփոյին վարժատուն տվի, ամա հիմի տեհնում իմ, վուր «կոճիս թոխան նստեցավ…»:

Ճանճուր Իվանիչը յուր խոսակցության մեջ միշտ սովորություն ուներ գործ ածել այդ այլազգի բառը՝ զահրումար, որ նշանակում է օձի թույն: Այդ բառում նա ավելի ճյտությամբ կարողանում էր արտահայտել յուր սրտի տհաճությունը: Աշխարհի մեջ ամենայն առարկա, որ դուրս էր քաշում նրա քսակից մի քանի կոպեկ, զահրումարի նշանակություն ուներ նրա համար. միակ սուրբ բանը բոլոր ստեղծագործության մեջ, որ հեռու էր այդ թույնից՝ էր արծաթը:

Թաթուխովի գլխավոր արհեստը, որով պարապում էր նա յուր քաղաքի մեջ, բացի լրտեսությունը և բամբասանքը, էր մոցիքուլություն, այլ խոսքով՝ աղջիկների առևտուրի դալալություն: Նա այդ արհեստով բավական գումարներ էր կարողանում ձեռք ձգել. իսկ այդ բոլորը նա վատնելով կլուբում խաղաթղթի վրա, մնում էր միշտ աղքատ և խեղճ: Նա նկատելով Ճանճուր Իվանիչի վիշտը յուր դստեր մասին, մխիթարեց նրան, ասելով.

– Դուն, ա՛ղա, Սոֆոյիդ համա իսկի փիքր մի՛ քաշի, նրա համա մե լավ փեսա ճարիլը իմ վզին. շատ վուխտ է նրա դեիփ մե քանի լավ օքմնիր ասիլ ին ինձ:

Ճանճուր Իվանիչը, այդ հին վաճառականը, այն կարգի մարդկանցից չէր, որ ցույց տար գնողին կամ դալալին (միջնորդին), թե ինքը յուր վաճառքի մասին շիվար է մնացած, նա վաղուց էր սովորել միշտ մեծ արժանավորություն տալ յուր ապրանքին: Այդ պատճառով բավական անփույթ կերպով պատասխանեց նա, թեև միևնույն րոպեին նրա սիրտը զգաց ինքնաբավական ուրախություն, երբ լսեց մոցիքուլի խոսքերը՝ «մե քանի լավ օքմնիր ասիլ ին ինձ…»:

– Է՛հ, հալա ի՞նչ վուխտն է Սոփոյի համա փեսա մտածել. բերնեն ջեր կաթը գնում է:

– Էդ մի՛ ասի, աղա, աղջիկը պահելու ապրանք չէ՛. աղջիկդ չուստ մարդի տու, վուր իժում չի փոշմնիս:

Ամբողջ ժամեր նրանք միասին այդպես խոսում էին, երբեմն բամբասանք, երբեմն չարախոսություն, երբեմն զվարճախոսություն, մինչև ընթրիքը ուտելուց հետո Թաթոլխովը հեռացավ Հացի-Գելենց տանից:

Ե

Առավոտյան Ճանճուր Իվանիչը վաղուց մի բաժակ կծովի թեյ խմելով՝ գնացել էր բազար. Գրիգոլը ութ ժամի կեսին գնացել էր գիմնազիոն. տիկին Բարբարեն պարապում էր տնտեսությամբ:

Այղ առաջին առավոտն էր, երբ օրիորդ Սոֆին, ազատվելով դպրոցի վաղորդյան զանգակի հրավիրական ձայնից, կամենում էր յուր ծնողական տան ծածկի տակ վայելել անուշ և հանգիստ քուն: Բայց նրա քույրերի կռվռոցը, որոնք մի ժամ առաջ զարթել էին, դռան ճռռոցը, սպասավորների ոտնաձայնը խռովեցին խեղճ օրիորդի հանգստությունը, և նա ստիպվեցավ վեր կենալ անկողնուց:

Նա շուտով լվացվեցավ, սանրվեցավ և հագնվեցավ և գնաց մոր սենյակը, ուր բոլոր գերդաստանը բոլորել էին թեյի սեղանի շուրջը:

Ջմայլեցավ տիկին Բարբարեն, երբ ցերեկով ոտքից գլուխ չափեց յուր դստեր գեղեցիկ հասակը և նրա հիանալի դեմքը:

Արդարև, օրիորդ Սոֆին այն գեղեցկուհիներից էր, որ ստեղծել կարող է միմիայն Կովկասի հրաշալի բնությունը: Նրա բարձր, ուղիղ և նրբակազմ հասակը, շնորհալի և սիգաճեմ ընթացքը նմանություն էին բերում մի անտառային հավերժահարսի, որի հպարտ և մեծաշուք կերպարանքը՝ Արքիմեդեսի քերիչը միայն կարող էր ձևակերպել սպիտակ մարմարիոնի վրա: Նրա դեմքն ուներ արևելյան գծագրության բոլոր կանոնավորությունը: Սևորակ նշաձև աչքերը, երկայն թերթերունքներով և նուրբ աղեղնաձև հոնքերով պատած, վառվում Էին ինչպես աստղերը պարզ և ջինջ երկնակամարի վրա: Նրա թավ, վարսագեղ, սև սաթի նման գիսակը հիանալի վայելչությամբ հարմարվում էր դեմքի հստակ գույնին և քնքուշ կազմությանը, որի վրա արտափայլում էին գեղեցկության հազարավոր հրապուրանքներ: Նրա ձայնը զանգակի հնչյուն ուներ, և խոսելու միջոցին նուրբ շրթունքները նմանում էին ճղած վարդի կոկոնին, ուսկից ալեռանդ թերթիկները կախարդողապես ժպտում էին մարդու երեսին: նրա քաղցրիկ ծիծաղը տալիս էր նրա դեմքին ավելի ախորժելի արտահայտություն, երբ երկու փոքրիկ փոսիկներ էին կազմվում. լիքը և վարդագեղ թշերի վրա: Բնական սև խալը, նրա շրթունքի վրա, ասես թե կենտրոնացնում էր յուր մեջ մի գրավիչ մոգական զորություն, որով առաջին նայվածքից կարող էր ներգործել սիրախնդիր երիտասարդին յուր հրապուրիչ ազդեցությամբ…: Նա շնչում էր մանկական գարունքի բոլոր քնքշությամբ…:

– Որպե՞ս անցկացրիր գիշերը, – հարցրեց նրանից մայրը վրացերեն լեզվով, ախորժանոք նայելով դստեր երեսին:

– Բավական հանգիստ, – պատասխանեց օրիորդը անուշ կերպով, – հայրական տան քունը քաղցր է, մայրի՛կ, միայն ես ներկայացնում էի ինձ, թե դարձյալ դպրոցումն եմ, երազումս երևում էին ինձ դասատները, ռուսաց լեզվի վարժապետը հարցնում էր ինձանից դասս, և ես դժվարանում էի պատասխանել. իմ ընկերուհիքը ծիծաղում էին ինձ վրա, ես ամաչելով կարմրում էի, բայց Լիզայի ձայնը զարթեցրեց ինձ, և ես նկատեցի, որ մորս տանն եմ. շատ ուրախացա, մայրիկ, որ իմ վարժապետից նուլ ստանալիս հիշեցի, որ երազ էր:

– Այդպիսի երևակայություններ, իմ սիրեկան, ընդերկար չեն հեռանում դպրոցի աշակերտներից, երբ նրանք մտնում են հասարակական կյանքը, – պատասխանեց օրիորդի մայրը: – Գրիգոլն էլ, նկատում եմ, շատ գիշերներ խռոված է լինում վարժարանի երազներով:

– Բայց քաղցր երազներ են դրանք, մայրիկ, – խոսեց օրիորդը խորհրդավոր ձայնով: – Նրանք հիշեցնում են դպրոցական անհոգ, մտավորական կյանքը…:

– Ինձ էլ տվեք պանսիոն, մայրի՛կ, – նրանց խոսքը կտրեց փոքրիկ Ելենան անմեղ ժպիտով, – որ ես էլ տեսնեմ այդպիսի երազներ:

– Հա՛, աղջիկս, – պատասխանեց մայրը, հարդարելով նրա գլխի մետաքսանման մազերը, որ նույն րոպեին թափված էին փոքրիկ կուսի սպիտակ երեսի վրա: – Սոֆին կսովորեցնե քեզ ու Լիզային, և հետո կգնաք պանսիոն:

– Հա՞, կսովորեցնե՞ս ինձ, Սոֆի ջան, – դարձավ փոքրիկ աղջիկը դեպի յուր քույրը, յուր կապուտակ աչիկները հարցական կերպով բանալով նրա վրա:

– Կսովորեցնեմ, իմ սիրեկան, երբ դու խելացի ու աշխատասեր կլինես, – պատասխանեց օրիորդը ժպտալով:

– Ես շատ խելացի եմ, էնպես չէ՞ , մայրիկ, – կրկնեց փոքրիկ աղջիկը՝ դառնալով դեպի տիկին Բարբարեն. – ես ոչ մի ժամանակ չեմ աղտոտում իմ հագուստները:

Լիզան, որ այդ խոսակցության միջոցին ընկղմված էր յուր սովորական մելամաղձական լռության մեջ, կտրեց փոքրիկ քրոջ խոսքը երգիծաբանորեն՝ ասելով.

– Հա՛, դու շատ խելացի ես, սնապարծ, հպարտ. օր չի անց կենա, որ դու մի բան չկոտրես, և հայրս չծեծե քեզ:

Փոքրիկ Ելենան վշտանալով քրոջ կծու նկատողությունից ասաց` նրան.

– Հա՛, դու շատ ուղորդ ես ասում… երեկ ես ի՞նչ էի կոտրել, որ մամեն թակեց ինձ. բայց այն, որ դու կոտրել ես, ասե՞մ…

– Դե, լուռ, Ելենա՛, դու երբեք թույլ չես տալ քեզ լրտեսություն անել, – սաստեց նրան օրիորդ Սոֆին:

– Ես ոչինչ չեմ ասում, բայց Լիզան միշտ ջգրացնում է ինձ, – ասաց նա և լռեց:

Տիկին Բարբարեն, որ յուր դուստրների բոլոր վիճաբանության միջոցին ծիծաղելով նայում էր նրանց վրա, գրկեց երկուսին ևս՝ ասելով.

– Դուք երկուսդ էլ խելացի եք, իմ աղջիկներ. Սոֆին ձեզ երկուսիդ էլ կպատրաստե, և հետո կտամ ձեզ պանսիոն: Սոֆիի նման լավ ռուսերեն և փրանցուզերեն կսորվիք:

Թեյըմպությունը և նախաճաշիկը վերջացավ:

Լսելի եղավ դռան մուրճի զարկը:

Ծառան իմացում տվավ, թե մի օրիորդ եկել է օրիորդ Սոֆիին տեսության:

Օրիորդ Սոֆին շուտով գնաց յուր սենյակը և հրամայեց հյուրուհուն հրավիրել այնտեղ:

Տիկին Բարբարեն դիմեց խոհանոց՝ պատվերներ տալու Թինային, որ կատարում էր և՛ աղախնի, և՛ խոհարարուհու պաշտոն: Ելենան առավ յուր խրծիկը և դուրս եկավ բակը՝ խաղալու կեցողի փոքրիկ աղջկա` Օլինկայի հետ: Բայց Լիզան, դեռ պահելով փոքրիկ քրոջ ոխը յուր սրտում, սկսավ վեր քաղել թեյի պարագաները:

Օրիորդ Սոֆիի սենյակում, որ և՛ նրա ննջարանն էր, և՛ հյուրանոցը, և՛ կաբինետը, հայտնվեցավ հյուրուհին, մի հասուն օրիորդ, միջակ հասակով, ուրախ դեմքով և բավական վայելուչ կերպով հագնված առանձին թեթև զգեստներով:

Նրա երևույթը լիակատար հաճություն պատճառեց օրիորդ Սոֆիին, տեսնելով յուր հին ընկերուհուն, որ երկու տարի առաջ ավարտել էր նույն պանսիոնը, ուր ուսանում էր ինքը, և նրանք ուրախությամբ գրկախառնվեցան:

Назад Дальше