– Յագորը վու՞րն է, Մակարիան վու՞րն է, էդ ինչի՞ց իս խոսում: Դուն վուր հիմիկվանից էդպես քիսիդ բերանը ղայիմ հուփ իս տալի, բաս լավ աղջիկ կանաս մարդու տա…:
– Ով վուր ուզե իմ փեսա դառնա, թող գա ջեր վուտնիրս լպստե, իժում իմ աղջիկը տանե: Մե քանի հարուր թուման փուղ տուր փեսին ու թքե էրեսին, նա ամեն բանի րազի կուլի, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը հպարտությամբ, վաղուց հասկացած լինելով փողի ամենակարող զորությունը:
Բայց տիկին Բարբարեն ոչինչ չասաց նրան և խռոված դուրս եկավ ամուսնու սենյակից:
Է
Գալով յուր դստեր մոտ, տիկին Բարբարեն ոչինչ չասաց նրան յուր ամուսնու սենյակում անցածի մասին. միայն օրիորդը յուր մոր դեմքի տխուր արտահայտությունից և նրա վրդովմունքից գուշակեց, թե նրա դեսպանախոսությունը յուր ուզածների մասին` անհաջող ընդունելության է հանդիպել: Բայց տեսնելով, որ մայրը ոչին չի հայտնում իրան, ինքը ևս չուզեց բան հարցնել:
Թե՛ տիկին Բարբարեն և թե օրիորդ Սոֆին այն գիշեր խիստ անհանգիստ անցկացրին:
Առավոտյան Քիտեսը հայտնեց յուր տիկնոջը, թե աղան գիշերը հեռագիր է ստացել և այսօր պատրաստվում է գնալ Կավկա, կապալի գործի համար, և իրան հրամայել է, որ ճանապարհագիր հանեմ, և սայլակ վարձեմ:
Այս հանկարծակի լուրն իսկույն փարատեց տխրության սև թախիծը, որ գիշերվանից սկսած կուտակվել էր տիկնոջ դեմքի վրա, և նրա գեղեցիկ աչքերը վառվեցան ուրախությամբ: «Թո՛ղ նա գնա, ես գիտեմ, թե ինչ կանեմ»… – ասաց նա յուր մտքում:
Միայն Ճանճուր Իվանիչը, առանց ոչինչ հայտնելու յուր ընտանիքին Կավկա գնալու մասին, վաղ առավոտյան տանից դուրս եկավ և գնաց փողոց:
Այնտեղ նա ամբողջ օրը հազիվ կարողացավ կարգադրել յուր գործերը: Երեկոյան հարկավոր պատվերները տալով յուր գործակատարներին, նա վերադարձավ տուն, ուր ճանապարհորդական սայլակն սպասում էր դռանը: Նա ուղղակի մտավ յուր սենյակը և իսկույն հրամայեց Քիտեսին՝ տեղավորել սայլակի վրա յուր ուղևորության հարկավոր պիտույքները, իսկ ինքն սկսավ քրքրել յուր թղթերը :
– Նա այս գիշե՛ր է կամենում գնալ, – հարցրեց Քիտեսից տիկին Բարբարեն:
– Հրամմել եք, աղջիկ պարոն, – պատասխանեց իմերելը:
Տիկին Բարբարեն թեև մի կողմից ուրախ էր յուր ամուսնու հեռանալու համար, բայց մյուս կողմից նրա սրտին տիրեց խիստ ցավեցուցիչ տհաճություն, երբ տեսավ, որ յուր ամուսինն օտար երկիր է դիմում՝ առանց յուր կնոջն ու ընտանիքին հայտնելու յուր գնալու պատճառի և նպատակի մասին:
Նա ասաց Գրիգոլին, որ գնա տեսնե, թե յուր հայրը ո՞ւր է գնում և ինչի՛ համար:
Պատանի գիմնազիստը մտավ հոր սենյակը:
– Դեպի ո՞ւր եք պատրաստվում գնալու, հայրիկ, – հարցրեց նա:
– Ջհանդամը, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը խորին վրդովմունքով:
Յուր հոր այդ կոշտ պատասխանից Գրիգոլի լեզուն կապվեց, և նա, սիրտը կոտրած, մի քանի րոպե հոր վրա նայելուց հետո դուրս գնաց նրա սենյակից:
Նա ասաց յուր մորը, թե ի՛նչպես պատասխանեց իրան հայրը:
Ճանճուր Իվանիչի մի այդպիսի վրդովմունքը և ջհանդամ բառը պատճառ տվին տիկին Բարբարեին մտածել, թե յուր ամուսնու Կավկայի կապալի գործերը պիտի անհաջողության հանդիպած լինին, և որ նրա մի այդպիսի հանկարծակի ճանապարհորդությունը ոչինչ բարիք չե գուշակում:
Նույն րոպեին Քիտեսը իմացում տվավ, թե աղան պատրաստվում է գնալու:
Տիկին Բարբարեն, օրիորդ Սոֆին և նրանց մյուս զավակները դուրս գնացին նրան ճանապարհ գցելու:
Նա արդեն նստած էր սայլակի մեջ: – Մուղայիթ կացեք, բճերքն ու քոծը բան չգողանան, ու դուք էլ հիռու կացեք անխելք մսխելեմեն, – ասաց նա` յուր վայրենի հայացքը ձգելով ընտանիքի վրա, որ ավելի սարսափելի էր գիշերային մթության մեջ:
– Քշե՛, – հրամայեց նա սայլապանին:
Ձիաները առաջ խաղացին, սայլակի զանգակներր հնչեցին, անիվներն սկսան գլորվել փողոցի ողորկ քարահատակի վրա:
Տիկին Բարբարեն և յուր զավակները, երկար կանգնած դռանը՝ նայում էին նրա հետևից, մինչև զանգակների ձայնը լռեց, և սայլակն անհետացավ գիշերային խավարի մեջ:
Նրանք խորին տխրությամբ դարձան տուն:
– Նա մինչև անգամ մնաք բարով էլ չասաց մեզ, մայրիկ, – ասաց օրիորդ Սոֆին՝ ողորմելի կերպով նայելով մոր երեսին:
Մայրը ոչինչ չպատասխանեց, միայն աղջիկը տեսավ, որ նրա աչքերից գլորվում էին արտասուքի խոշոր կաթիլներ:
– Ահա՛ ի՛նչ է նշանակում հին մարդիկ, – կրկնեց օրիորդ Սոֆին, – նրանց մեջ չկա ո՛չ ծնողական սրտի քնքուշ զգացմունք և ո՛չ մարդավայել քաղաքավարություն…
Օրիորդը մի քանի խոսքերով մխիթարելով յուր մորը՝ գնաց յուր սենյակը:
Այդ գիշեր բոլոր Հացի-Գելենք անցկացրին ցավեցուցիչ տրտմությամբ: Հոր խստասրտությունն առավելապես զգալի եղավ օրիորդ Սոֆիին:
«Այս էլ աշխարհը… արդյոք ի՞նչ վայելչություն կա սրանում»… – ասաց նա հոգվոց հանելով և յուր գեղեցիկ գլուխը թաղեց բարձի մեջ:
Բայց քունը երկար ժամանակ մոտ չեկավ նրա աչքերին:
Ճանճուր Իվանիչի բացակայությունը թեև մի կողմից անախորժ տպավորություն թողեց յուր ընտանիքի վրա, այնուամենայնիվ մյուս կողմից նա պատճառեց տիկին Բարբարեին բավական մեծ հաճություն, որ ազատվեցավ յուր ամուսնու վշտացուցիչ ծանրությունից, և օրիորդ Սոֆիին, որին այնքան ատելի էր հոր ներկայությունը:
Հենց Ճանճուր Իվանիչին ճանապարհ դրած գիշերվա առավոտը տիկին Բարբարեն պատրաստվեցավ օրիորդ Սոֆիի հետ միասին փողոց գնալ՝ նրա խնդրած իրեղենները գնելու: Թեև նա հարկավոր գումարը չուներ պատրաստի, բայց ամբողջ քաղաքի խանութներում ճանաչում էին հարուստ Ճանճուր Իվանիչի կնոջը, և այդ պատճառով նա ամեն տեղ մեծակշիռ վարկ ուներ:
Առավոտյան տասը ժամին նրանք կառք նստեցին և, իրանց հետ առնելով Քիտեսին, դիմեցին դեպի Գոլովինսկի պրոսպեկտ:
Նրանք նախ և առաջ մտան մի ֆրանսիացու մոդնի մագազին. այդտեղ Փարիզի նորեկ մոդայի ձևերով, որ ընդունված էր քաղաքում, պատվեր տվին օրիորդի համար ոտքից գլուխ կարել մի քանի ձեռք հագուստ՝ պարահանդեսի համար առանձին, թատրոնի համար առանձին, հասարակ օրվա, զբոսանքի համար առանձին և տանը հագնելու համար առանձին, բոլորն այլևայլ տարազներով և գներով: Կար անող ֆրանսուհին չափերը վերցրեց, նրանք գրավ տվին և դուրս եկան:
Այնտեղից անցան մի այլ խանութ, ուր գնեցին կոշիկներ, գույնզգույն ձեռնոցներ, զանազան տեսակ գուլպաներ, հովանի, հովհար և այլ այդպիսի կանանց հարկավոր իրեղեններ:
Հետո մտան մի այլ խանութ, ուր վաճառում էին եվրոպական կարասիք. այդտեղ գնեցին աթոռներ, բազկաթոռներ, սոֆա, զանազան տեսակ սեղաններ և այլ տնային կահ-կարասիք:
Այնտեղից էլ անցան մի այլ խանութ, ուր վաճառում էին գրության պիտույքներ և գրասեղանի զարդե., այդտեղ գնեցին թանաքաման յուր պարագաներով, գեղեցիկ աշտանակներ, գրասեղանի ժամացույց, բրոնզից կամ կավճյա փոքրիկ կիսարձաններ, զանազան պատկերներ, մեծ հայելիք և սենյակի այլ զարդեր, ինչ որ օրիորդի գեղասեր ճաշակին դուր եկավ:
Ճանապարհին նրանք մտան մի այլ խանութ, ուր օրիորդը գնեց զանազան նկարներով գրելու թղթեր, զանազան տեսակ նույնպես նախշուն ծրարներ, որոնցով միայն սիրահարական նամակներ են գրում օրիորդները սիրուն տղաներին:
Բայց դաշնամուրի գնելը նրանք թողին մյուս օրվան, որովհետև կեսօրից երկու ժամ արդեն անցել էր:
Նրանք դարձան տուն, մի քանի թեթև բան առնելով իրանց հետ կառքի մեջ, մնացածը թողնելով, որ Քիտեսը տուն բերե:
Օրիորդ Սոֆին գտնվում էր յուր հոգու զվարճալի դրության մեջ:
Գալով տուն, նա գրկեց յուր մորը և շնորհակալություն հայտնեց:
– Այսուհետև, մայրիկ, ես այլևս չեմ տխրիլ, – ասաց նա: – Միայն մեր գնած իրեղեններր մեր այժմյան կացարանին ինքդ կվկայես, խիստ անհարմար են:
– Այդ մասին դու անհո՛գ կաց, սիրելիս, – պատասխանեց մայրը: – Ես այդ ևս կկարգադրեմ:
Եվ նույն րոպեին տիկին Բարբարեն իրանց տան վերի հարկի կեցողներին մի տոմսակ գրեց, որ նրանք մինչև առաջիկա շաբաթ օրը բոլոր սենյակները դատարկեն, հակառակ դեպքում նրանց դուրս կանեն ոստիկանության միջոցով:
Որովհետև կեցողները պայմանյալ ժամանակով չէին վարձած իրանց կացարանը, այդ պատճառով ընդունեցին տանտիկնոջ պատվերը:
Քիտեսը յուր հետ բերեց բեռնավորված մշակների մի ամբողջ կարավան, և Ճանճուր Իվանիչի տան ներքին սենյակները լցվեցան բազմաթիվ խայտաճամուկ իրեղեններով:
Լիզան յուր սովորական մելամաղձական լռությամբ, իսկ Ելենան յուր բնական մշտազվարճ դեմքով նայում էին նրանց համար խիստ զարմանալի իրեղենների վրա: Օրիորդ Սոֆին ինքն էր տեղավորում նրանց: Տիկին Բարբարեն կանգնած նայում էր յուր դստեր գործունեությանը:
Բայց փոքրիկ Ելենան դիմեց նրան այսպիսի հարցով.
– Մայրի՛կ, այդ բոլորը ո՞ւմն են:
– Սոֆիինը, – պատասխանեց տիկին Բարբարեն ծիծաղելով:
– Հապա ի՞նձ, – հարցրեց վշտանալով աղջիկը:
– Դու ի՞նչ ես ուզում:
– Մի հատ նոր խրծիկ, – պատասխանեց Ելենան յուր սիրուն գլուխը շարժելով:
– Չէ՞որ դու արդեն խրծիկ ունիս:
– Չէ՛, մայրիկ, նա լավը չէ, – կրկնեց դժգոհելով փոքրիկ աղջիկը: – Նրա աչքերը կապույտ են, մազերը դեղին, ես չեմ սիրում: Ինձ համար առեք մի այնպիսի խրծիկ, որ Սոֆիի նման սև աչքեր և սև մազեր ունենա:
– Չէ՞ որ քո աչքերն էլ կապույտ են և քո մազերը դեղնագույն, – կրկնեց մայրը:
– Իմ աչքերը կապույտ են, իրավ է, բայց մեր Թինան ասում է, թե հետո կսևանան, Սոֆիի աչքերի նման կդառնան:
Տիկին Բարբարեն ծիծաղեց փոքրիկ դստեր պարզ մտքի վրա,
– Բայց չե՞ս ուզի, որ Լիզի աչքերի պես լինին, – հարցրեց մայրը:
– Չէ, չեմ ուզում. ես Լիզի աչքերից վախենում եմ:
Իսկ Լիզան մի կողմնակի հայացք ձգեց քրոջ երեսին, և արդարև նրա աչքերը նույն րոպեին սարսափելի էին:
Մայրը սաստեց յուր երեխին, որ այդպես չխոսի քրոջ վրա և խոստացավ նրա համար գնել մի խրծիկ՝ սև աչքերով և սև մազերով:
Ելենան դուրս վազեց հայտնելու յուր մոր խոստմունքը իրանց դրացու աղջկան փոքրիկ Օլինկային:
Ը
Օրը կյուրակե էր:
Հացի-Գելենց տների վերին հարկում, ընդարձակ, բավական ճաշակով զարդարված դահլիճի մեջ օրիորդ Սոֆին հոտավետ յուղերով օծված՝ կանգնել էր մեծ հայելու առջև. ֆրանսուհի կար անող կինը հագցնում էր և ուղղում նոր զգեստները:
Նրա մայրը և քույրերը ուրախությամբ նայում էին վրա:
Երբ օրիորդը բոլորովին հագնվեցավ, երկու անգամ անցուդարձ արավ դահլիճի մեջ, հրճվելով նայեց յուր վրա հայելու մեջ, և ապա հարցրեց ֆրանսուհուց՝ նրա մայրենի լեզվով.
– Ի՞նչպես է:
– Խիստ հարմար է, օրիորդ, – պատասխանեց կար անողը:
– Խիստ հարմար է, – նույնպես կրկնեց տիկին Բարբարեն:
Օրիորդն այդ լսելով ավելի ուրախացավ, ժպտաց և դարձյալ կանգ առավ հայելու առջև, և մի փոքր ևս յուր հագուստով հրճվելուց հետո, նա մոտեցավ յուր մորը և նրա ձեռքը համբուրեց ու շնորհակալություն հայտնեց:
Մայրը նույնպես գրկեց յուր դստերը, շնորհավորեց նրա հագուստը, «բարով մաշես» ասաց և մաղթեց նրա համար բախտավորություն:
Կար անող կինը հեռացավ:
Ժամը տասն էր:
Օրիորդ Սոֆին խնդրեց մորից՝ կառքով գնալ մի փոքր զբոսնելու:
Նա ցանկանում էր յուր նոր հագուստով այն օրը երևալ քաղաք հասարակությանը:
Քառորդ ժամից հետո փառավոր կառքը կանգնած էր դռանը:
Նրանք նստեցին: Կառքը սահեցավ:
Երկու անգամ նրանք պտույտ արին Գոլովինսկի պրոսպեկտով, հետո դիմեցին դեպի Մուշտայիդ:
– Այդ ի՞նչ ապրանք է, – հարցրեց յուր ընկերից ռուսերեն մի հայ երիտասարդ, բուլվարի վրայից ցույց տալով օրիորդ Սոֆիին,
– Ապրանքը արդեն հիանալի է… բոլորովին նոր և թարմ… բայց ափսոս որ վաճառողը հրեա է… – պատասխանեց մյուս երիտասարդը նույն լեզվով, մատներով իր նորաբույս ընչացքի հետ խաղալով:
– Ո՞վ է այդ:
– Հացի-Գելենց Ճանճուր Իվանիչը:
– Ափսո՜ս, – կրկնեց առաջինը: – Խանութն անմատչելի է:
– Այդ ոչինչ, – պատասխանեց երկրորդը: – Այդ աղջիկն ինքը՛ ճանապարհ կտա հաճախորդներին:
– Այո՛, – ասաց առաջինը՝ համոզվելով ընկերի խոսքերից. – դա ևս կընտելանա մեր աշխարհի պիտույքներին, թեև այժմ անհամբույր է նա իբրև վայրենի եղջերու:
Նրանք զբոսանքից դարձան տուն երկու ժամին: Ճանճուր Իվանիչի գնալուց հետո Հացի-Գելենց տանը զարմանալի փոփոխություններ եղան, որոնք խիստ ազդու ներգործություն ունեցան օրիորդ Սոֆիի ներկա և ապագա կյանքի վրա: Նրանց կացարանն ընդունեց կատարյալ գեղաճաշակ կերպարանք: Ճաշի և ընթրիքի սեղանը օրըստօրե ճոխանում էր եվրոպական խոհարարի նուրբ և համադամ խորտիկներով: Ծառաների թվին ավելացավ և մի մանկահասակ սպասավոր, կարճ ֆրակով, սպիտակ ձեռնոցներով և ճռճռան կոշիկներով, յուղած և կոկած գլխի մազերով և բավական ախորժելի դեմքով: Աղախինների թվին ավելացավ և մի մանուկ ռուսուհի օրիորդ, կլորիկ, սպիտակ, շիկահեր, մշտազվարճ դեմքով, Մաշա անունով: Ախոռատան բակում միշտ պատրաստ էր փառավոր տնային կառքը, զույգ կապուտիկ ձիաներով և մանկահասակ կառավարով, հաստլիկ ու կարմիր թշերով, սև մազերով և սև աչեքերով, մի բարձրահասակ տղամարդ, Կազանի թաթարներից:
Զբոսանքները թե՛ կառքով և թեոտքով ամեն օրվա սովորություններ եղան: Գիշերվա խնջույքները, որ նրանք տալիս էին նրբաճաշակ քաղցրավենիքներով և հազվագյուտ մրգեղեններով, հըռչակ ստացան բոլոր քաղաքում: Թատրոնում մի հատուկ լոժա օրիորդ Սոֆիի անվան նվիրական պատիվը ստացավ: Կար անող ֆրանսուհին և վարսահարդար եվրոպացի տիկիններր սկսան շուտ – շուտ երևալ այնտեղ: Միով բանիվ, Հացի-Գելենց ընտանեկան և տնտեսական կյանքի պարզ աղքատիկ բնավորությունն ընդունեց նրբության և շռայլության բոլոր կործանիչ ձևերը:
Բայց դրանցից և ոչ մեկը չէր բավականացնում օրիորդ Սոֆիի գաղտնի բաղձանքներին: Նրա սիրտը դրանցով դարձյալ գոհ չէր: Նա երբեք ուրախ չէր լինում: Նա, ասես թե, որոնում էր մի այլ բան: Բայց ի՞նչ բան: Նա ինքը որոշակի կերպով չէր կարողանում բացատրել իրան: Միայն հարաժամ թախծալի էր՝ անցկացնելով անքուն գիշերներ:
Նրա օրերը անցնում էին խիստ դատարկությամբ: Առավոտները շատ անգամ մինչև տասը կամ տասներկու ժամը նա չէր դուրս գալիս յուր ննջարանից: Երբ որ դուրս էր գալիս, նրա դեմքը լինում էր խիստ գունատ և դալկացած. նա տաղտկալի էր, և կարծես թե ծուլանում էր շարժվելուց:
Նա լվացվում է, սրբվում և դիմում է դեպի յուր հայելին, ամբողջ ժամերով չի հեռանում նրանից, սանրվում է, օծվում է և հագնվում:
Հետո մտնում է նա դահլիճ, մոտենում է դաշնամուրին, մի քանի րոպե նրա քնքուշ մատները խաղում են ստեղունքների վրա, նա երգում է, ոգևորվում է… բայց հանկարծ, որպես թե նրա սրտի վրա սառը ջուր ածեին, նրա միտքն է ընկնում մի բան, և նա դադարում է երգելուց… և խորասուզվում է խորին մելամաղձական լռության մեջ:
Այնուհետև նա մտնում է յուր առանձնասենյակը, կանգնում է մի պատկերի առաջ, որ դրած էր նրա գրասեղանի վրա, և երկար հիացմամբ նայում է վրան: Նրա մտքից անցնում են հազարավոր մտածմունքներ… նա ժպտում է… նա համբուրում է պատկերը… և ապա թաքցնում յուր խորհրդավոր պահարանի մեջ:
Նա նստում է գրասեղանի հանդեպ, առնում է մի գիրք և կամենում է զբաղվել ընթերցանությամբ: Մի քանի րոպե նրա գեղեցիկ աչքերը վազում են տպած տողերի վրայից: Հանկարծ փողոցից լսվում է մի կառքի ձայն: Նա ձգում է գիրքը և վազում լուսամուտի հանդեպ: Նայում է՝ եթե անցնողը մի ծերունի աստիճանավոր է կամ մի վաճառական յուր յուղոտ ֆուրաշկով և սև կաբայով, ձեռքով մեջքին կնքում է նրա ետևից և երեսի վրա մի քանի արհամարհական ծամածռություններ գործելով, տհաճությամբ վերադառնում է յուր տեղը: Իսկ եթե անց կենողր մանկահասակ երիտասարդ է, փառավոր հագնված և վայելուչ կերպով թեք ընկած կառքի մեջ, յուր վարդագույն շրթունքներով բռնած բարակ պապիրոսը, – նա կանգնում է, նա երկար ու երկար նայում է նրա վրա, մինչև կառքը հեռանալով բոլորովին անհետանում է:
Նա այլևս չէ հեռանում նվիրական լուսամուտից: Նա տեսավ, որ մոր հետ անցնում է մի մանուկ օրիորդ, գեղեցիկ հագնված, երերուն քայլերով, նրա հագուստի՝ ոչխարի դմակի նման ուռուցավոր ձևը հիանալի պճրանք էր տալիս նրա ընթացքին: Օրիորդ Սոֆիին դյուր էր գալիս մի այդպիսի արհեստական ձևը: Նա վազում է դահլիճը, մոտենում է հայելուն, փորձում է ինքը ևս մի այնպիսի ձև տալ յուր իրանին: Նա կորանում է… Մի քանի անգամ անցուդարձ է անում հայելու առջև: Ուրախանում է… ժպտում է նա… «Այսպես լավ է», ասում է նա յուր մտքում, և կարծես թե ինքը յուր վրա սիրահարվում է…:
Նա դարձյալ դիմում է դեպի նվիրական լուսամուտը: Անցնում է մի այլ օրիորդ, որի հագուստի գույնը և ծալվածույքը յուրի նման չեն, նրանք բոլորովին այլ ձև ունին: Հավանում է այդ՝ օրիորդ Սոֆին և հետաքրքրվում է գիտենալ, թե այդ ո՞ր մագազինում է կարված: Եվ միևնույն րոպեին ափսոսում է նա, թե ինչու ինքը ևս այնպես չէ կարել տվել:
Կամ թե տեսնում է նա մի օրիորդ, որի շագանակագույն գիսակը խիստ թանձր է կամ նրա աչքերը բաց երկնագույն են և կամ դեմքը խիստ գունատ է. դրանք նույնպես գրավում են նրան, և նա տխրում է, թե ինչո՞ւ յուր թշերը վարդի գույն ունին, կամ յուր աչքերը սևորակ են, և գլխի գիսակը սև սաթի նման, բայց ոչ այնքան թանձր, որպես այն օրիորդինը, չմտածելով, որ նրա գիսակի մեջ մի բաթման կեղծծամ է դրած:
Եվ այդպես՝ մեր փոփոխամիտ հերոսուհին ոչինչ բանով գոհ չէ: Նա չունի կիրթ ճաշակ դեպի գեղեցիկը, դեպի պատշաճավորը և դեպի վայելուչը: Ամեն մի նոր երևույթ, ամեն մի նոր առարկա ծնեցնում էր նրա սրտի մեջ նորանոր ցանկություններ:
Արդարև, մի այնպիսի սևաթորմիկ գերդաստանի զավակը, մեծացած հասարակ ընտանեկան շրջանի մեջ, որպիսին Հացի-Գելենք էին, երբեք չէր կարող ունենալ կրթված ճաշակ: Իսկ դպրոցի փակված վանդակում նա չէր կարող ծանոթանալ արտաքին աշխարհի հետ: Այգ պատճառով նրա սրտում չկար ոչինչ հիմնավոր բան, այլ ցնորական և երազամոլ երևակայություններ միայն: