Երբ Ռուստամը յուր կրիմյան հրացանը ուսին, խորին կեսգիշերային պահուն, մնջիկ – միայնակ հսկում է իրանց ոչխարների փարախի և վրանների չորս կողմը, իրանց ոչխարները քուրդերի և խորամանկ գայլերի բերանից ազատ պահելու համար – երբ նա հանկարծ լսում է հեռավոր սարից մի սոված արջի, մի ահագին քավթառի կամ մի կատաղի վագրի սոսկալի մռնչյունը, նրա հոգին վառվում է ուրախությամբ. նա արիաբար դիմում է դեպ չարագուշակ ձայնը, իսկ երբ դարանամտած մի քարի ետևը նա հաջողում է զարկել և գետին գլորել վիթխարի գազանը, այլևս նրա հրճվանքին սահման չկա: Նա ցնծությամբ կրում է յուր շալակին ահագին որսը, բերում, դնում է իրանց վրանի առջև: Առավոտյան, նրա հասակակից պատանիները ամաչելով նայում են նրա երեսին, բայց մանուկ աղջիկները – գովաբանում են նրա քաջագործությունը, և նրանց կուսական սրտի մեջ ծնվում են սիրո զգացմունքը:
Աներկյուղ քաջասրտության հետ նրա բնավորությունը ուներ հեզ, մաքուր, ազնիվ և քնքուշ կողմեր ևս: Ո՞րտեղ էր մեծացել նա, որ այդպես չլիներ – նա բնության հարազատ որդին էր, վաճառանոցներում և առևտրական խանութներում չէր դեղնել նրա դեմքը արծաթասիրության նախանձից և հոգեմաշ հուսահատությունից: Նրա հպարտ, կրակով լի սևորակ աչքերը չէի՛ն մեռել, չէի՛ն նվազել – ամեն ժամ նայելով ապրանք գնողի ճանապարհը: Նրա անխարդախ և անկեղծ սիրտը չէր թունավորված շահասիրության ախտով, և նա երբեք որպես վաճառողների որդիքը – յուր լեզվին թույլ չէր տվել անուղիղ բան խոսել, որպեսզի պեսպես կեղծավորությամբ, հազար և մեկ երդումով, բյուրավոր սուտ վկայություններ բերելով՝ աշխատեր մի ծանր գնով վաճառել մի աժանագին ապրանք, և այնպիսով ավելի հմտանալ խաբեբայության կեղտոտ արվեստին:
Ռուստամը ոչ մի վատ համարում չուներ մարդկանց վրա: Նա չէր ճանաչել նրանց չարությունները. նա բոլորին համարում էր յուր հայրը, մայրը, քույրը և եղբայրը: Նա այնպես էր հասկացել, թե ամեն սիրտ այնպես մաքուր և պարզ էր, որպես այն հստակ աղբյուրները: Նա ա՛յնպես էր հասկացել, թե ամեն ոք ա՛յնպես ազնիվ, ա՛յնպես սուրբ է, որպես այն անուշահոտ նախշուն վարդերը: Նա ա ՛յնպես էր հասկացել, թե մարդիկ ա՛յնպես բարի և ա՛յնպես առաքինի էին` որպես այն անմեղ և անարատ գառները:
Սիրո ախտը, որ բոլոր կրքերից առաջ վառվեց նրա մանուկ հոգու մեջ – ավելի զգալի էր նրան: Աշղների «մեջլիսներում», երբ նա լսում էր Քյարամի և Ասլուի, Աշըղ-Ղարիբի ու Շահսանամի, Թըհարի և Զոհրայի սիրավեպերը, նրա արյունը բորբոքվում էր, նա ասպետական նախանձախնդրությամբ պատկերացնում էր յուր մեջ յուր սիրուհին՝ մի սիրուհի, որին ուխտել էր նա յուր կյանքի ամենապատվական ժամերը: Բայց երկրի սովորությունները, ազգային խորթ և օտարոտի բարք ու վարքը, երբեք չէին թույլ տալիս նրան գոնե մի անգամ տեսնել յուր սիրուհու երեսը և նրա բերանից մի քանի բառ լսել:
Տասնևհինգ տարեկան էր Ռուստամը, երբ մի օր, Աղվանա սարերում, ուր իջևանել էին Ծաղկավանի բոլոր խաշնարած գերդաստանները, առավոտյան հովին, արևածագից առաջ, նստած սարի վրա, մի աղբյուրի մոտ, նա յուր քաղցր հրեշտակային ձայնով երգում էր յուր սերը, հանկարծ տեսավ նա մի նազելի աղջիկ, կուժը ուսին, եկավ աղբյուրից ջուր տանելու: Նա մտածեց ինքն իրան՝ «իրա՛վ, դա՛ է լինելու իմ սիրո կույսը, որ սուրբ Կարապետը բաշխել է ինձ»:
Արդարև՛ նա՛ էր, չքնաղագեղ Սալբին, որ լսելով Ռուստամի առավոտյան երգը, ջուրը պատճառ բռնելով` եկել էր տեսնելու այն սիրուն տղամարդի երեսը, որ ա՛յնքան այրվում և խորովվում էր յուր սիրով: Ռուստամը, բռնելով նրա ձեռքից, հայտնեց յուր սերը, հարցրուց թե նա ևս կամենո՞ւմ էր սիրել իրան. աղջիկը կարմրելով` հնչեց այն սուրբ բառը – «այո՛», և մեկ զույգ համբույր կնքեց նրանց ուխտը…:
Այնուհետև ժամադիր եղան նրանք այն նվիրական աղբյուրի մոտ` երբեմնապես միմյանց տեսնելու:
Մենք կդնենք այստեղ սիրո առաջին երգը, որ Ռուստամը երգեց Աղվանա սարերի մեջ:
Է
ԱՆՀԱՎԱՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈԻՀԻՆ
Կյուրակեմուտ իրիկո՛ւն էր: Մահտեսի Ավետիսը յուր մոր հետ գնացել էին ժամ, բայց նրա կինը՝ տիկին Սկուհին, յուր քրոջ – օրիորդ Սալլաթինի հետ մնացել էին տանը, որովհետև, այդ երկրի սովորության համեմատ, պառավները և ծերունիները պետք է ամեն օր շարունակ ժամ գնան, բայց երիտասարդ կանայք, նորահարսերը, և մատաղ օրիորդները եկեղեցու երես են տեսնում ամբողջ տարվա ընթացքում՝ միայն երկու անգամ, այսինքն Մեծ և Փոքր Զատիկներին, որ «սրբություն» առնեն և հաղորդվին Քրիստոսի հետ:
Բայց տիկին Սկուհին տանը մնալով՝ բոլորովին հանգիստ չէր – նա անդադար աշխատում էր այս և այն առտնին գործերով, զգուշանալով` չլինի թե նրա սկեսուրը ժամից դառնալուց հետո, տան մեջ մի չնչին անկարգություն գտնելով`սկսեր նրան նախատինք տալ:
– Աղջի՛, Նազլո՛ւ, – վերջապես ձայն տվեց տիկին Սկուհին յուր աղախնին, – գնա՛ փարախի գավիթը – հավերը թառը քշիր, ծառաներին պատվիրիր փարախի երդիկները փակեն: Ո՛ւհ, ո՜րքան ցուրտ է այսօր: Չմոռանաս դառնալու ժամանակ Պողոսին վախեցնել, որովհետև նա անդադար լացում է…:
Նազլուն դուրս գնաց, բայց փոքրիկ Պողոսը ավելի՛ և ավելի՛ էր լաց լինում, ո՛վ գիտե ինչ բանի համար:
Մի քանի րոպեից հետո, դռան հետևից լսելի եղան զարհուրելի կըռմըռալու ձայներ:
– Ը՛շ-շ-շ… Ը՛շ-շ-շ…ձայն տվեց տիկին Սկուհին արջամարոզը…արջամարոզը… սո՛ւս…սո՛ւս…
Բայց նազլուի զարհուրելի կըռմըռոցը դարձյալ լսելի եղավ:
– Վա՛յ… ամա՛ն… արջամարո՛զը… եկա՛վ, եկավ: Պո՛ղոս եկավ, որ քեզ ուտի, – կրկնեց մայրը:
Բայց հանկարծ նազլուն ներս մտավ: Վա՛յ, հարսիկ, ես մեռա… սիրտս տրաքեց… լեղիս պատռվեց… ամա՛ն, ես մեռա:
– Ա՛ղջի, նա՛զլու, սև հագնես, ի՞նչ է, ի՞նչ պատահեց քեզ, – հարցրուց տիկին Սկուհին` զարմացած ձևանալով:
– Ամա՛ն աստված… – առաջ տարավ Նազլուն կցկտուր ձայնով, – ո՛ւհ, երբ միտքս բերում եմ, մարմինս սարսռում է, ախոռատան բակում, տեսա մի զարհուրելի հրեշ, պոչը երկայն, ինքը մազոտ, աչքերում կրակ էր վառվում, գլխի վրա երկու եղջյուր ուներ…: Նա յուր ճանկերի մեջ բռնած՝ ուտում էր մեր մշակ Խաչոյի տղան – փոքրիկ Սահակը… ա ՛խ ինչպես ցավագին լա՛ց էր լինում խեղճ Սահակը…
– Է՛հ, հողը քո գլխին, Նա՛զլու, – ասաց տիկին Սկուհին, – իրավ դու տեսել ես մարդագայլը, բայց նրան ասեիր, թե իմ փոքրիկ Պողոսը այլևս լաց չի լինում:
– Հա՛, ես այդպե՛ս էլ ասացի, բայց մարդագայլը ասաց, եթե Պողոսը էլի այնպես լաց կլինի՝ ես կգամ նրան էլ կուտեմ:
Խեղճ Պողոսը զարհուրելով այս խոսքերից մի քանի րոպե լուռ կացավ, մինչև քունը նրան բոլորովին հանգստացրեց: Նրա մայրը ուրախ էր, որ կարողացավ խաբել յուր երեխային19:
Նույն ժամուն Ռուստամը տավարների փարախում, ծառաների մոտ էր. այնտեղ վերահասու էր լինում իրանց անասուններին և նրանց հետ միասին մաքրում էր կովերի, եզների և գոմեշների աղբը, խոտ և դարման էր տալիս և ուրախանում էր, տեսնելով թե նրանցից ո՛րն է շատ գիրացել: Վերջացնելով յուր գործը, աշխուժավոր պատանին եկավ յուր չորս տարեկան մանուկ քուռակի մոտ, և պտույտ գալով նրա շուրջը` հիանում էր նրա գեղեցկության վրա: Նա առեց քորոցը (ղաշովը) և սկսեց քորել յուր քուռակը, հեզիկ շրթունքների միջից եղանակելով մի երգ: Ձմեռվա սկզբից, ինքը, պատանին, յուր ձեռքով հոգս է տանում յուր ձին դարմանելու, որ նա ավելի գիրանա, զորանա և մեծանա:
– Խաչո, – ասաց նա յուր մտերիմ ծառային, – տեսնո՞ւմ ես, քուռակը աշունքից սկսած ո՜րքան մեծացել է. հավատա, գարունքին Ծաղկավանի փարախներից ո՛չ մի ձի դրա նման չի դուրս գալու:
– Անտարակույս, այդպես է, – նրա խոսքին հաստատություն տալով պատասխանեց Խաչոն. – քո ձիու հատը ո՛չ միայն մեր գյուղում, այլ մեր ամբողջ մահալումը չկա: Ճանճակերենց Հարությունի տղան էլ պարծենում է, թե ձի ունի.անցյալ օր նրանց փարախը մտա, տեսա, ի՞նչ ձի, մեր կարմիր կովի հորթը – քեզ օրինակ:
– Դու գիտե՞ս սա՛ ի՞նչ ցեղից է… ա՜խ դրա «սոին» ղուրբան… սա՝ արաբների քյահլանների ամենաազնիվ արյունիցն է. Մահմուդ-բեկը յուր եղբորը չէր բաշխի մի այդպիսի քուռակ, բայց նա իմ բարեկամն է, ինձանից անց չկեցավ:
– Բայց մի բան եմ լսել, Ռուստամ, – նրա խոսքը կտրեց Խաչոն:
– Ի՞նչ խոսք, ի՞նչ բան, – հարցրուց շտապով Ռուստամը:
– Վախենում եմ. ասեմ, սիրտդ կոտրվի:
– Չէ, ասա՜, իմ սիրտը կոտրվող սիրտ չէ:
– Ասում են, մելիքը` խանի մոտ սատանայություն է արել քո ձիու մասին, և խանը ասել է՝ «կառնեմ Ռուստամի ձեռքից, հայն ի՞նչ է, որ լավ ձի նստի, հային՝ էշն ու յուր խղճությունն է՜լ է բավական…»:
– Ա՛յ տղա, ո՜րքան միամիտ ես դու, – խոսեց պատանին արհամարհանոք. – ես քեզ այդքան երկչոտ չէի կարծում, Խաչո՜, ասենք թե ես մի լավ ձի չունեմ, մի սիրուն կնիկ ունեմ. խանը պիտի իմ ձեռքից առնե՞, մի՜թե կարո ՞ղ է մի այդպիսի բան:
– Հա՜, Ռուստամ, քանի որ մենք այդպես գերի կմնանք այդ անօրենների ձեռքում, որ ոչ աստված ունին, ո՜չ խղճմտանք՝ մեր տունը, մեր տեղը, մեր գույքը, մեր ապրանքը` ինչ խոսքս երկարացնեմ, նույնիսկ մեր կինն և որդիքը – մերը չեն… ինչ որ ուզեն կանեն, ինչ որ կամենան` կկատարեն…: Տեսա՞ր անցյալ օր, ո՜րպես անիրավությամբ խլեցին տարան Միհրապի թոռը, այն աննման աղջիկը: Նրա ծնողները բացի լալուց` ոչինչ չկարողացան անել: Նրա ա՜յնքան բազմաթիվ դրացիները, բոլորը երկյուղից փախան, իրանց տներում թաքնվեցան և դռները փակեցին: Խղճալի Նարկիզը, որպես մի անմեղ գառն` մնաց գայլերի ճանկերի մեջ…
Այդ խոսքերը վառեցին դյուրագրգիռ պատանու սիրտը. ցավակցության զգացողությունից՝ մի քանի կաթիլ արտասուք երևաց նրա տխրած երեսի վրա: Նա շրջեց երեսը և արագությամբ սրբելով արտասուքը` ասաց. —
– Այդ իրա՜վ է, Խաչո, մի այսպիսի երկրի մեջ հայի աստղը խավար է… բայց հավատացնում եմ քեզ, քանի որ իմ գլուխը կենում է այս ուսերի վրա, չկարծեմ մի մարդ կարողանա իմ տնից բռնությամբ մի բան տանել:
Խելացի Խաչոն ոչինչ պատասխան չտվեց: Նա գիտեր, որ մի տարապայման տենչ՝ աներևույթ կերպով եփ էր գալիս այդ մանուկ սրտի մեջ. բայց անհնարին տխրությամբ կրկնեց յուր պապերի ասածը. «Մի ձեռքը ծափ չէ զարկում»:
Ռուստամը կրկին մոտեցավ ձիուն, ձեռքը քսեց նրա պարանոցին, հարդարեց նրա նորաբույս բաշը և կամենում էր դուրս գալ փարախից, երբ նրան կանգնեցրին մի քանի հոգի:
– Աղա՜, – ասացին նրանք, – այս օրվա փոթորիկը մեզ հնար չտվեց փարախից դուրս գալ և մեզ համար ուտելու հաց մուրալ. ի սերն աստուծո, պատվիրեցեք, որ այս գիշեր կերակրեն խեղճերիս:
─Մի՞թե դուք գնում եք դռներից հա ՞ց մուրալու, և դրանով ամո՞թ բերում մեզ վրա, միթե իմ հայրը և ես չե՞նք պատվիրել, որ ամեն օր ձեզ օրական պատշաճավոր կերակուր տան, – հարցրուց տհաճությամբ Ռուստամը:
– Ճիշտ է, ա՜ղա, – պատասխանեցին նրանք միաձայն, – բայց մենք շնորհակալ ենք և նրա համար, որ դուք տվել եք մեզ տաք օթևան ձմեռելու: Այդ բավական է. դրանից ավել պետք չէ ծանրություն տալ:
– Ո ՜չ, ո՜չ, ես կվշտանամ, եթե ձեզնից մինը բախե ուրիշի դուռը. քանի այստեղ եք, դուք աստուծո հյուրն եք, մեր պարտականությունն է հոգս տանել ձեր ապրուստի համար. – հացը մերը չէ՜ , աստուծո տվածն է:
Այնուհետև Ռուստամը առանց ուշանալու դուրս գնաց փարախից, մտավ յուր մոր մոտ, և բարկանում էր նրա վրա, թե ինչո ՜ւ օրինավոր կերպով հոգս չէր տանում անբախտներին` որ ապավինած էին իրանց ողորմության: Դրանք մի հայ գերդաստանի ընտանիքն էին, որոնց գյուղը բոլորովին կողոպտել էին քուրդերը, և բնակիչները ապրուստի համար ո՜չ մի հնարք չունենալով` ցիրուցան էին եղել զանազան կողմեր, և բտրի քրիստոնյաները ընդունելով նրանց իրանց տները՝ պահպանում էին: Մահտեսի Ավետիսը տեղ տվեց յուր փարախում` այդ անբախտ ընտանիքներից երկուսին:
Դռան մուրճը զարկեց
– Է՜յ, Նա՜զլու, – ձայն տվեց տիկին Սկուհին, – ժամավորքը եկան, գնա՜, դուռը բա՜ց արա:
Թեթևաշարժ աղախինը վազեց, դուռը բաց արավ, ներս մտան Հուրի Խան-Դայան և նրա որդի մահտեսի Ավետիսը:
Հուրի Խան-Դայան, կռացած յուր գավազանի վրա, դողդողալով, տրտքալով առաջ էր գնում, հասնելով տան շեմքի վրա, «ի մուտս իմոյս սենեկիս գծագրեա՜ քո արյամբդ» ասելով ներս մտավ:
Այդ մոլեռանդ պառավը, որի ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը ունեին մի-մի խորհրդական գաղտնիք, խրճիթը ներս մտնելուց հետո սկսեց կատարել յուր սովորական ծեսերը: Նա ջերմ հավատով, երկրպագություն տալով, երեսն խաչակնքելով՝ մոտեցավ խրճիթի արևելյան անկյանը, ուր պատուհանի մեջ դրած էին մի քանի սրբությունք և մի սրբի պատկեր:
Այստեղ, այս ուխտյալ պատուհանի հանդեպ, երկար կանգնած աղոթում էր նա, ստեպ-ստեպ ծունր դնելով, երեսին խաչ հանելով և «տեր ողորմյայի» հատիկները ամեն մեկ անգամ տեր ողորմյա՜ ասելու ժամանակ՝ դարձնելով: Վերջապես, «զի քո է արքայություն և զորություն» ասելով, ուսերի վրա նստած բարի և չար ոգիներին դեպի աջ և դեպի ձախ կողմերը գլուխ տալուց հետո, և խրճիթի չորս անկյուններում նստած պահապան ոգիներին նույնպես երկրպագություն տալուց հետո, – մի առանձին ջերմեռանդությամբ «ողորմյա աստված» ասելով՝ գնաց նստեց քուրսու մոտ:
Խրճիթը, ուր հավաքվել էր նույն ժամանակ տեր-Առաքելենց փոքրիկ գերդաստանը – խորին մելամաղձական լռության մեջ էր: Տիկին Սկուհին , քուրսուց հեռու, մի անկյունում առանձնացած, օրորում էր յուր փոքրիկ Պողոսը: Նա չէր համարձակվում գնալ թոնրի մոտ, ուր այն ժամանակ նստած էր յուր սկեսուրը: Նազլու աղախինը՝ ձեռքը ծնոտին դրած նստել էր տիկին Սկուհու մոտ: Պատանի Ռուստամը, ձեռքերը սրտին դրած՝ կանգնել էր հոր սպասին, հնազանդությամբ սպասելով – երբ նա կհրամայեր վառել ծխափողը և կամ մի այլ ծառայություն: Հուրի Խան-Դայան մեջքը տված քնաշորերի ծալքին, ոտքերը մեկնել էր քուռսու տակ, որ դրված է թոնրի վրա: Մահտեսի Ավետիսը միայն նստած էր մոր մոտ լուռ և անխոս:
Հուրի Խան-Դայայի դեմքը ձևացնում էր մի տխուր և տրտում պատկեր, որի կծու արտահայտությունը բարկության սաստիկ բորբոքումն էր բացահայտում, որ նույն րոպեին խռովում էր նրա սիրտը: Մոխրագույն կատուն, նրա սիրելի կենդանին, կռմռալով` քծնում էր յուր պառավ տիկնոջ չորս կողմը, բայց և այնպես չկարողացավ յուր քնքուշ հաճոյամոլությամբ ամոքել նրա ճակատի կնճիռը: Երկար լռությունից հետո, հանկարծ, որպես մի սև թուխպ, որ ծածկում էր երկնքի ավելի մեծ տարածությունը` որոտաց, թնդաց և խորշոմած աչքերից կայծակներ արձակելով, պոռաց նա յուր ժանգոտ ձայնով դեպի տիկին Սկուհին.
– Տո՜, փուչացած, այս տան սուրբը-սրբությունքը դու իսպառ խափանեցիր, քեզնով մեր քրիստոնեությունը կորա՜վ: Չէ՞որ այսօր կյուրակեմուտ իրիկուն է, քանիցս պատվիրել եմ այսպիսի գիշերներին խնկածխությունը անպակաս լինի այս տան մեջ, և սուրբ պատուհանի առջև, բացի ամենօրյա կանթեղից նա՜և վառվեն յոթն մեղրամոմի պատրույգներ: Դրանցով մեր տան բարի ոգիները կուրախանան, իսկ չարերը կտրտմեն: Խաչապաշտի տուն է, այդպես պետք է կատարել տիրոջ օրենքները: Է՛լ ի՞նչ խորհուրդ ունի հայ-քրիստոնեությունը, ի՞նչ է այն բարի հրեշտակների վարձը, որ միշտ պահպանում են մեզ, – այն մի բուռն սուրբ խունկը, որի անուշահոտությամբ զվարճանում են նրանք: Ինչո՞ւ Չարին ուրախացնենք, որ Բարին տրտմե և մեր ձախ թևի վրա սատանան նստած գրե մեր մեղքերը յուր դավթարի (տետրակ) մեջ: Է՛հ, «սևին սապոն ինչ անե, խևին խրատը»: Այդ առաջին անգամը չէ… ես մինչև այսօր քեզանից մի խելացի բան չեմ տեսել:
Խղճալի Սկուհին, թեպետ մի հասունացած կին էր և երկու երեք զավակների մայր, միտ դնելով լռություն պահելու և ծերերի խոսքը պատվելու կանոններին, ո՜չ միայն օրինավոր կերպով յուր իրավունքը կարող չէր պաշտպանել նրա առջև, այլև թույլատրելի չէր նրան յուր կեսրոջ մոտ համարձակ խոսել: Այսքանը միայն կարողացավ ամոթխածությամբ յուր երեսքողի տակից Նազլուի լեզվով ասել նրան.
– «Թող ներե բարի սկեսուրը, հավատացնում եմ բոլոր սրբերի անունով, որ այդ գործի մեջ մի մազաչափ մեղք չունիմ: Որովհետև մեր տան խունկը վերջացել էր, ուղարկեցի պառավ Մարթայից փոխ առնելու, նրանք էլ հազիվ թե այս գիշերվա համար ունեին, և մոռացա շուկայից բերել տալու»:
– Հոգեշահ և աստվածահաճո գործերը կմոռանաս, գիտե՜մ, – կրկնեց պառավը գլուխը շարժելով, – բայց ուտելու համար չամիչ, կամ խուրմա լիներ, երբեք չէիր մոռանա շուկայից բերել տալու:
Տիկին Սկուհին չկամենալով սկեսուրի աչքի առջև կանգնելով ավելի բորբոքել նրա բարկությունը և առիթ տալ նոր դժգոհությանց, դուրս եկավ խրճիթից, գնաց հոգալու անբախտ ընտանիքների ընթրիքի մասին, որի համար պատվիրել էր իրան Ռուստամը:
Մահտեսի Ավետիսը, գիտնալով յուր մոր տրտնջոտ և քրրթմնջոտ բնավորությունը, ոչինչ չխոսեց, գլուխը քարշ ձգած տնից դուրս եկավ, գնաց անասունների փարախը չորքոտանիներին վերահասություն անելու համար:
Հուրի Խանի-Դայան միայնակ մնաց խրճիթում, նստած քուռսու մոտ: Այնտեղ մնաց Նազլու աղախինը, որ լուռ կանգնած էր մի անկյունում մռայլ աղջամուղջի մեջ: Հուրի Խան-Դայային խիստ զգալի եղավ յուր որդու և հարսի այդպիսի վարվեցողությունը: Նա, առժամանակյա լռությունից և ծանր մտածմունքից հետո, գլուխը խոնարհեցնելով, ձեռքը ծնոտին դրած, սկսեց ինքն իրան խոսել, մտաբերելով յուր հանգուցյալ ամուսինը` քահանա տեր Մինասը, և յուր օրհնյալ տունը, որ նրա օրով մի նոր Երուսաղեմ էր: «Քո հոգին թող միշտ լուսի մեջ լինի, բարի քահանա…», ասաց նա ինքն իրան. «քանի դու կենդանի էիր, այս տունը ուներ հայ-քրիստոնեության համ ու հոտ, բայց երբ որ տերը մեզ զրկեց քեզանից և դու մեզնից հեռացար դեպ երկնքի լուսեղեն պալատները, բոլորը քեզ հետ տարար: Եվ մեր աստղը խավարեցավ, և մեր բախտը կուրացավ, մեր տան սրբությունները պղծվեցան, անօրենությունը համարձակ ոտք կոխեց մեր շեմքի վրա: Ըստ այսմ ամենայնի աստծո ողորմությունը անչափ է… լավ է, որ քարը քարի վրա մնում է դեռ, որ երկինքն փուլ գալով մեզ տակով չէ անում, և անդունդը պատռվելով մեզ կուլ չի տալիս: Փա՛ռք քեզ, տեր, փառք քեզ, քո բարությունը անչափ է… Ա՛խ, լուսահոգի քահանա… – նորից կենդանանում է նրա ուղեղի մեջ հանգուցյալի հիշատակը, – դու միայն էիր իբրև տան պահապան ոգի. ո՞ր գիշերը առանց «եկեսցե» ասելու, առանց Սաղմոսը և Նարեկը ծայրե ի ծայր կարդալու, առանց յոթանասուն ծունր իջնելու, քունը տիրում էր քո աչքերին: Քո սուրբ աղոթքների շնորհիվ, մեր խրճիթի չորս կողմը կանգնում էին ամրոցի նման բարձր աշտարակներ և շրջապարիսպ. քանի՛ցս անգամ գիշերին այդ տեսնելով գողերը չէին համարձակվում մեր տունը մտնելու: Քո ժամանակ մեր տան սրբությունները խավարի մեջ լույս կտային և պահպանող ոգիները խունկերի անուշահոտ բուրմունքից ուրախանում էին: Բայց երբ դու մեռար, բոլորը քեզ հետ վերջացավ, և մենք մնացինք անմխիթար տխրությամբ` իբրև գերի մի մոլորյալ գերդաստանի մեջ: