Կայծեր Մաս 2 - Րաֆֆի 11 стр.


Ասլանը, փոքր ինչ դժվարություն ցույց տալով, կարդաց հետևյալ մակադրությունը:

«Ի վայելումն Դաւթի Աղթամարայ սրբազնասուրբ կաթողիկոսի»: «Ի Հնդիկս»: – Ուրեմն Հնդկաստանի գործ է, երևում է, հայերը վեռ տասներկուերորդ դարում Հնդկաստանում գաղթականություն են ունեցել:

– Այդ չգիտեմ, – պատասխանեց սրբազանը:

– Ասացեք խնդրեմ, այս տեսակ «տիրուհիներ» մինչև այսօր գո՞րծ են ածվում ձեր վանքներում:

– Այո՛, գործ են ածվում, մանավանդ այն վանքերում, ուր բոլորովին փակված կյանք են վարում:

– Հիանալի գեղարվեստ կա դրա մեջ, – ասաց Ասլանը իսկապես հրճվելով, – այդ «տիրուհին» կարող է Եվրոպայի ամենանշանավոր մուզեումներից մեկի զարդը լինել, բայց ես ինձ մոտ կպահեմ, իբրև, թանկագին հիշատակ: Ուրեմն թույլ տվեցեք, սրբազան հայր, իմ կողմից ևս ձեզ մոտ մի փոքրիկ հիշատակ թողնել:

Ասլանը նայեց իմ երեսին, ես մոտեցա և քթախոտի փղոսկրյա տուփը, որ պահված էր գեղեցիկ պատյանի մեջ, դրեցի նրա առջև: Նա վեր առեց և տվեց սրբազանին, որ շնորհակալությամբ ընդունելով, ասաց:

– Որքան անգամ այդ տուփը ձեռքս առնելու լինեմ, ձեր անունը օրհնությամբ կհիշվի իմ բերանում, պարոն բժշկապետ:

Ասլանը այլևս երկար չնստեց, երբ քարտուղարը պատրաստած թուղթը ներս բերեց: Սրբազանը կնիքը դրեց և ստորագրեց թուղթը, հետո իր ձեռքով տվեց Ասլանին: Նա շնորհակալությամբ ընդունեց թուղթը և, «տիրուհին» առնելով, վեր կացավ: Երբ սրբազանի աջը սեղմելով կամենում էր հեռանալ, նա կանգնեցրեց, ասելով.

– Կիրակի գիշեր ինձ մոտ հյուրեր կլինեն, որոնց թվում կլինի փաշան և մեր քաղաքի մի քանի նշանավոր անձինք: Խնդրեմ, դուք ևս հարգեք մեր սեղանը:

– Մեծ ուրախությամբ, – ասաց Ասլանը, և մենք դուրս եկանք:

Բակի դռան մոտ տեսանք քարտուղարին, որ դարան մտած կատվի պես սպասում էր մեզ:

– Դրան պետք է մի բան տալ, – ասեցի Ասլանին:

– Գիտեմ, – ասաց նա և, կանչելով քարտուղարին, դրեց նրա ափի մեջ մի հատ ոսկի:

Քարտուղարը, ի նշան իր շնորհակալության, բռնեց Ասլանի ձիու ասպանդակը, որ նա հեծնե: Ասլանը մերժեց այդ ցած ծառայությունը, որ վայել չէր նրա աստիճանին:

Ճանապարհին ես ասեցի Ասլանին.

Բավական քաղաքավարի մարդ երևաց ինձ սրբազանը:

– Եվ հիմար մարդ չէ:

Ը

ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԴՈՒՌԸ

Առաջնորդարանից դուրս գալուց հետո մենք այլևս չվերադարձանք Այգեստան, որովհետև Ասլանը կամենում էր Ավանց գյուղը գնալ, ծովային աղերի պատրաստությունը տեսնելու համար: Նա ինձ ասաց, որ ճանապարհը գիտե և առաջնորդի ամենևին կարոտություն չկա:

Մինչև կես օր դեռ բավական ժամանակ կար: Մենք դուրս եկանք Իսքալե-Կափուսի կոչված քաղաքադռնից, որ տանում է դեպի նավահանգիստը: Այդ պատճառով ևս նա կոչվում է Իսքալե-Կափուսի, որ նշանակում է նավահանգստի դուռ: Այստեղից մինչև Ավանց գյուղը, որի մոտ գտնվում է և նավահանգիստը, կես ժամու ճանապարհ է, բայց մենք զանազան հետազոտությունների պատճառով բավական ուշ հասանք: Ճանապարհը ձգվում էր մշակված դաշտերի, ագարակների, այգիների և կանաչազարդ մարգագետինների միջով: Դա բանուկ ճանապարհներից մեկն էր, որ քաղաքից տանում էր դեպի նավահանգիստը: Խիստ հաճախ պատահում էինք խումբերով ուղևորների, որոնք զարմացած կերպով նայում էին եվրոպացու վրա և, գլուխ տալով, անցնում էին: Ճանապարհի եզերքին շատ անգամ տեսնում էինք մենավոր մարդիկ, որ, անշարժ նստած գետնի վրա, անխորհուրդ կերպով նայում էին անցուդարձ անողների վրա: Նրանց մոտ ուրիշ ոչինչ չկար, բացի անբաժան չիբուխից, որ դրած էր նրանց կշտին: Այդ անգործ, ծույլ, աննպատակ մարդիկը ժամերով այդպես անշարժ կնստեն և կնայեն, ինչի՞ համար, իրանք ևս չգիտեն: Եվրոպացու երևույթը խռովում էր և նրանց հանգստությունը. նրանք ևս ոտքի էին կանգնում, խոնարհությամբ գլուխ էին տալիս, և երբ մենք անցնում էինք, դարձյալ նստում էին ու նայում:

Մեզ պատահեց քուրդի քարավան: Դա հիշեցնում էր հովիվ ժողովրդի այն խորին, նախնական դրությունը, երբ բոլոր չորքոտանիներից ընտանիացրել էր նա կովին ու եզին միայն: Քարավանի ամբողջ գրաստները եզներ էին: Քուրդը նրանց վրա բարձել էր այն մթերքները, որ գնել էր քաղաքից. նրանց վրա նստացրել էր և իր կնոջը, մի երեխա գրկումը, մեկն էլ ետևում, մոր մեջքին կպած: Քարավանը դիմում էր դեպի նավահանգիստը: Առանց սանձի, առանց համետի, հլու և հնազանդ անասունները, դանդաղկոտ քայլերով, տանում էին իրանց ծանրությունները: Մտրակի կարոտ չէին նրանք, նրանց կառավարում էր տիրոջ ձայնը: Ճանապարհի ամբողջ լայնությունը, երկար տարածության վրա, լցված էր այդ խառնիճաղանջ բազմությամբ: Քայց երբ մենք մոտեցանք, քարավանը իսկույն երկու մասն բաժանվեցավ, մեզ ճանապարհ տվին, մենք մեջտեղից անցանք: Եվրոպացուն հանդիպելը գռեհիկ քուրդի մեջ անգամ մեծարանք էր ազդում:

Իսքալե-Կափուսից անցնելով, շուտով մենք հասանք այն նշանավոր տեղը, ուր ճանապարհի մի կողմում մենք տեսանք ահագին մեծահատոր քարեր, որ կարծես հսկաների ձեռքով շարված լինեին միմյանց վրա: Քարերի ծերպերից վազում էին պարզ, սառն աղբյուրներ, և մամուռը իր կանաչ թավիշով պատել էր հին արհեստագործության հրեշավոր կերպարանքը:

Վանեցի հայերի ավանդությունը հիշյալ քարերի մասին հրաշքներ է պատմում. դրանց վերաբերում է այն ժամանակներին, երբ մարդիկ այժմյան նման փոքրիկներ չէին, այլ հսկաներ էին: Նրանք պատերազմում էին դևերի և վիշապների հետ, և ահագին քարաժայռը, թեթև գնդակի նման, նետում էին դեպի թշնամին: Հիշյալ քարերի կառուցումը և նրանց շինվածքը տղամարդի գործ չէ, ասում է վանեցին, այլ այն ժամանակի տկար կնոջ ձեռքի գործն է: Մայրը տվել է այն ահագին քարերը աղջկան, և աղջիկը, մոր ձեռքից առնելով, շարել է միմյանց վրա:

Երբ այդ ավանդության մասին հարցրի Ասլանից, նա պատասխանեց.

– Երևում է, որ ամենահին ժամանակներում մի կին թագավոր Վանի մեջ և կամ նրա շրջակայքում մեծ գործեր է կատարել: Այդ միմյանց վրա շարած քարերը, որ տեսանք, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ փշրանքները այն հսկայական ամբարտակի կամ պատնեշի, որ մի ժամանակ կառուցվել է ծովի աճելու առաջն առնելու համար, որ չմոտենան քաղաքին: Խորենացին այս ամբարտակի կառուցումը վերաբերում է Շամիրամին, որ գործ է դրել նրա շինության վրա 12 հազար բանվորներ և 6 հազար արհեստավորներ: Բայց Խորենացու նկարագրություններից երևում է, որ նա Վանը կամ ամենևին չէ տեսել, կամ մի ժամանակ տեսել է, բայց իր պատմությունը գրելու միջոցին շատ բան մոռացել է: Եթե Խորենացին հետևած լիներ ժողովրդի մեջ պահպանված ավանդություններին, նա ամենևին այդ բոլոր մեծագործությունները Շամիրամին չէր վերաբերի, այլ մի թագուհու, որ տեղային ժողովրդից էր: Այսօր ժողովուրդը մոռացել է այդ թագուհու անունը, բայց նրա գործը դեռ հիշում է: Նա ասում է. այդ քարերը մի աղջիկ է շարել միմյանց վրա: Բայց Խորենացու ժամանակ, եթե նա դիմած լիներ ժողովրդին, նրան կասեին, թե ով էր այդ աղջիկը:

Ծովը մեր առջևն էր: Միջօրեի պայծառ արեգակի լուսավորության ներքո սքանչելի տեսարան էր ներկայացնում նա: Նրա բարձր նկարչական եզերքը, պատած թուփերով և կանաչազարդ խոտերով, կամաց-կամաց ցած էին իջնում, միախառնվում էին ջրերի պարզ-կապուտակության հետ և, կազմելով մի հրաշալի պատկեր, կարծես ձգտում էին մրցել երկնքի ֆերուզայի գույն հստակության հետ: Սիփանը, ծովը շրջապատող լեռներից ամենաբարձրը, երևում էր իր վեհափառ գագաթով: «Վարդապետիկների» (կյո՜ւ-կյո՜ւների) ուրախ երամը, սուր վեղարները գլխներին, աղմկում էին օդի խաղաղությունը իրանց զիլ ձայներով: Ջրերի խորքերից, կիսալուսնաձև թևիկներով, թռչում էին նրանք դեպի ափերը: Այդ ուրախ, մշտազվարճ թռչունները կարծես այն աբեղաների ոգիները լինեին, որոնք, ձանձրացած իրանց մռայլ խուցերի տխրությունից, թողել էին Կտուց անապատի կղզին և սլանում էին դեպի աշխարհ, դեպի կյանքը, դեպի մարդկություն…

Իսքալե-Կափուսիից մենք անցանք Ավանց գյուղը: Այդ գյուղը գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, ծովի ափի մոտ, և նրա նավահանգիստն է: Այստեղից քաղաքը ջրային հաղորդակցություն ունի Մուշի, Բաղեշի և այլ ծովեզրյա գավառների հետ: Ավանց գյուղը երկու մղոնով միայն հեռու է քաղաքից: Նա ամբողջապես հայաբնակ է և ունի մոտ 300 տուն հայ բնակիչներ, որոնց գլխավոր պարապմունքն է նավարկություն և ծովի ջրերից «բորակ» կոչված աղը գոյացնելը: Յոթանասուն ընտանիքից ավելի տներ ունեին իրենց սեփական նավակները ջրերի վրա: Ավանցիք պարապում էին և երկրագործությամբ. այդ գյուղի այգիները ամենագեղեցիկներն են Վանի շրջակայքում:

Մտնելով գյուղը, հենց առաջին փողոցում հանդիպեցինք վարպետ Փանոսին, որ մի խումբ գյուղացիներով շրջապատված, ինչ-որ խոսում էր նրանց հետ: Նա երևի այնտեղ սպասում էր մեզ:

– Ի՞նչ եք շինում այստեղ, – հարցրեց Ասլանը:

– Եկել եմ «նիսիաներ» հավաքելու, – պատասխանեց նա: – Չգիտեմ ի՞նչ պետք է անել այդ գյուղացիների հետ, բերում են իրանց գործվածքները, ներկել են տալիս, իսկ փողը չեն վճարում: Լավ է, որ պատահեցիք, պարոն բժշկապետ, – խոսքը փոխեց նա, – դուք երևի եկել եք այստեղի աղերը հետազոտելու, ուրեմն այսօր այստեղ կմնաք, և եթե գնալու ցանկություն ևս ունենաք, մենք ձեզ չենք թողնի, կպահենք այստեղ: Գյուղում մի քանի վտանգավոր հիվանդներ կան, պետք է նրանց օգնություն հասցնել: Առայժմ ձեզ հարկավոր է մի տեղ` հանգստանալու համար:

Երևում էր, որ վարպետ Փանոսը այդ գյուղում մեծ ծանոթություններ ուներ. ամեն կողմից նրան խնդրում էին, որ մեզ իրանց մոտ տանեն, բայց նա տարավ մեզ մի տուն, ուր, նրա ասելով, հիվանդներից մեկը հենց այնտեղ էր:

Այդ տունը իր ընդարձակ բակով և ծառախիտ պարտեզով ամառվա համար ամենա հարմար իջևանը կարելի էր համարել: Նա բոլորովին մոտ էր ծովեզրին և առատությամբ ընդունում էր ծովային հովասուն օդը: Քառակուսի բակը շրջապատված էր մեկ ու կես կանգունաչափ քարյա պարսպով, որը այնքան ցած էր, որ վրայից շատ հեշտությամբ կարելի էր թռչել: Երևում էր, որ տան տերը երկյուղ չուներ գողերի գիշերային արշավանքից: Բակի մի կողմում, չորս սյուների վրա կանգնած էր չորս կողմիցն էլ բաց մի ծածկոց, որին կոչում էին «չարդախ»: Նրա տակին ածած էին զանազան մեծությամբ հին ու նոր տախտակներ, դեռ չսղոցած գերանների կտորներ և հյուսնի զանազան ատաղձներ: Այդ բոլորը տեսնելով, առաջին անգամից, այդ տունը հյուսնի արհեստանոցի տպավորություն էր գործում: Չարդախից մի դուռ բացվում էր դեպի փոքրիկ խրճիթը. այնտեղից ուրագի ձայն էր լսվում: Այնտեղ գործում էր ալևոր արհեստավորը, բայց նա տան տերը չէր, նա մի օտարական էր, որին ժամանակավոր բնակարան էին տվել աշխատելու:

Տան տերը չէր երևում. չէր երևում և ոչ ոք տանեցիներից, միայն մի քանի սագեր, որ դեռ նոր էին վերադարձել ծովեզրից, որոնում էին մի հովանավոր տեղ` արևի կիզող ճառագայթներից պատսպարվելու համար: Նրանցից մեկը դիմեց դեպի ուռիների տարածած ստվերը և կչկչալով, համեցեք անելով, իր ընկերներին ու ընկերուհիներին հրավիրեց այնտեղ: Ամբողջ երամը հանգստացավ սառն ստվերի ներքո, ուր արևի կրակից և ոչ մի նշույլ չէր թափանցում: Մենք դեռ բակում ման էինք գալիս, սպասում էինք տան տիրոջը:

Վերջապես հայտնվեցավ նա: Դա մի հաստաբազուկ, թիկնավետ, բարձրահասակ տղամարդ էր, արևակեզ դեմքով, որի սուր, թափանցող հայացքը կարծես նետի նման մեխվում էր մարդու սրտի մեջ: Գլխին դրած ուներ կապույտ և կարմիր թելերով նախշած արախչին, հագել էր միայն հաստ, սպիտակ կտավից շապիկ, որի նույնպես կապույտ և կարմիր թելերով ասեղնագործած օձիքից երևում էր թավամազ, հզոր կուրծքը: Օրվա ջերմությունը ստիպել էր նրան փոքր-ինչ զովություն տալ իր թոքերին: Մեջքը պնդած էր մետաքսյա գոտիով, որից քարշ էր ընկած մի մեծ դանակ: Կապտագույն շալվարը, վերևից բավական լայն, իսկ հետզհետե սաստիկ նեղանալով, իջնում էր մինչև նրա ծնկները: Սրունքները մնացել էին բոլորովին մերկ. մերկ էին և ոտները: Հոլանի բազուկները ծալած էին մինչև արմունկները, երևում էր, որ ծովեզրից էր գալիս և այնտեղ ջրերի հետ գործ էր ունեցել: Եվ իրավ, այդ ամենատաղանդավոր արձանագործի քերիչին արժանի տղամարդը պարապմունքով նավավար էր, և նավահանգստում կապած էր նրա սիրուն նավակը:

Վարպետ Փանոսի հետ նա նախածանոթ էր երևում. մոտեցավ նրան և ինչ-որ խոսեց, բայց իմ և Ասլանի վրա առանձին ուշադրություն չդարձրեց: Եվրոպացին նրան չէր զարմացնում, կարելի էր կարծել, որ նա եվրոպացիք շատ էր տեսել:

Վարպետի հետ իր խոսքը վերջացնելուց հետո նա անփույթ կերպով մոտեցավ մեզ և, առանց բարևելու, ասաց.

– Այստեղ ինչո՞ւ եք կանգնած:

Նրա անքաղաքավարությունը, որ կոպտության էր հասնում, սաստիկ վիրավորեց ինձ: Ասլանը ոչինչ չպատասխանեց: Պատասխանեց վարպետ Փանոսը իր սովորական ծիծաղով:

– Օրհնա՜ծ, ո՞ւր գնանք, ամբողջ ժամ սպասում էինք այստեղ, ոչ տան տեր էր երևում և ոչ տան տիրուհի, որ մեզ մի տեղ ցույց տար:

– Այդ մարդիկը, ասենք թե, օտարներ են, դու խո իմ տան բոլոր ծակուծուկը գիտես, ինչո՞ւ չէիր տեղ ցույց տալիս: – Նա դարձավ դեպի մեզ, ասելով, – եկեք:

Նա տարավ մեզ մի երեսը բաց սրահ (էյվան), որ նայում էր դեպի պարտեզը: Սրահի բաց կողմը բաժանված էր պարտեզից փայտյա վանդակապատով, իսկ նրա միջից բացվում էր մի դուռ դեպի մյուս սենյակները: Սրահը տան ամառնային կեցության համար էր:

– Աղջի, Ծովինար, ո՞ւր ես, – ձայն տվեց նա:

Սենյակի դուռը բացվեցավ, և ներսից հայտնվեցավ մի գեղեցիկ աղջիկ, տասնչորս տարեկան, որի արախչինը ամբողջապես ծածկված էր արծաթյա և ոսկյա դրամներով և թասի ձև էր ստացել: Արախչինի տակից սփռված էին նրա թիկունքի վրա, առանց հյուսերի, արձակ ծամերը և կիսով չափ սքողում էին նրա թուխ դեմքը: Աղջիկը ավելի քաղաքավարի գտնվեցավ, քան թե հայրը. երբ որ տեսավ մեզ, հեռվից գլուխ տվեց և լուռ կանգնեց, սպասելով հոր հրամանին:

– Բեր այստեղ մի շոր քցիր, որ այդ մարդիկը նստեն, – ասաց հայրը:

Աղջիկը շուտով ջուր բերեց, ճարպիկ մատներով սրսկեց սրահի կավով ծեփած հատակի վրա, հետո տարածեց եղեգներից հյուսած ընդարձակ հասիրը, իսկ նրա վրա` մի քանի նախշուն կապերտներ: Մենք կանգնած սպասում էինք, մինչև նա իր գործը վերջացնի:

– Մի մինդար էլ բեր այդ պարոնի համար, – նա ցույց տվեց Ասլանի վրա, – այդ պարոնը ֆրանկ է, նրա տեղը պետք է փափուկ լինի, իսկ մենք չոր գետնի վրա էլ սովոր ենք նստել:

Աղջիկը ներս վազեց, բերեց մինդարը, տարածեց իր պատշաճավոր տեղում: Ասլանը նստեց, իսկ ես ոտքի վրա կանգնած մնացի:

– Դու ինչո՞ւ այդպես ցցված մնացիր, կարծես փայտ է կուլ տվել, նստել չէ կարող, – ասաց մեր հյուրընկալը և, տեսնելով, որ ես փոքր-ինչ ծանր շարժվեցա, բռնեց իմ ոտից և իր ձեռքի երկաթի ծանրությամբ համարյա թե ինձ թխեց կապերտի վրա:

Ես չգիտեի ինչպես ընդունել այդ վայրենի փաղաքշանքը: Ես սաստիկ բարկացա, մանավանդ երբ տեսա, որ սիրուն աղջիկը ձեռքով աչքերը բռնեց և ծիծաղելով փախավ մյուս սենյակը: Ես իմ մտքում արդեն սկսել էի տրտնջալ վարպետ Փանոսի վրա: Ինչո՞ւ այստեղ բերեց մեզ, մի՞թե ամբողջ գյուղում մի օրինավոր տուն չկար: Բայց Ասլանի դեմքի վրա դժգոհության նշաններ չէին երևում:

– Աղջի՛, – դարձյալ ձայն տվեց նա, – մի բան պատրաստեցեք դրանք ուտեն, ճանապարհից են գալիս, քաղցած կլինեն:

Նրա ձայնը ավելի որոտում էր, քան թե խոսում էր:

– Ճանապարհից եկած հյուրերի նախ ձիերին են կերակրում, – նկատեց վարպետ Փանոսը:

– Այդ որ իմանում ես, դե՛ վեր կաց, ահա՛ այնտեղ խոտ է դրած, տար ածիր ձիերի առջևը, – պատասխանեց նա խոտի դեզը ցույց տալով: – Տեսնում ես, որ ծառաները տանը չեն:

Վարպետ Փանոսը գնաց ձիերին ճարակ տալու: Նա դարձավ դեպի Ասլանը.

– Զարմանալի մարդիկ են այդ քաղաքացի կոչվածները, սովորել են միշտ գյուղացուն բանեցնել, իսկ իրանք հանգիստ նստել:

Մեր հյուրընկալին կոչում էին Բերզեն-Օղլի, որ նշանակում է հույնի որդի է: Նա ազգով հայ էր և նույն գյուղացի, բայց երկար ժամանակ Հունաստանում ապրելով, և Բալկանյան թերակղզու վրա թափառելով, այդպիսի անուն էր ստացել: Տեսնելով նրան, ես մտաբերում էի «Գժին», բայց բարեսիրտ, սրտաբաց և ուղղախոս քահանայի և կոպիտ նավավարի մեջ այն զանազանությունը միայն կար, որ վերջինս սաստիկ մաղձոտ և դառնացած էր երևում ինձ: Գուցե աստանդական կյանքը, անհաջողությունները և ինձ անհայտ հանգամանքներ` նրա բնավորությանը տվել էին այդպիսի կոշտ, կոպիտ և մթին հատկություններ: Մի՞թե ծովի, դեղածիծաղ ալիքների, լուսընկա գիշերների հետ միշտ գործ ունեցող մարդը, մի՞թե ծովային զեփյուռի քաղցր մեղեդին միշտ լսող մարդը կարող էր այդպես մաղձոտ լինել…

– Դուք եղա՞ք Մոնտենեգրոյում, – հարցրեց Ասլանը:

– Եղա և՛ Մոնտենեգրոյում, և՛ Սերբիայում, և՛ Բոլգարիայում…ամեն տեղ եղա… – պատասխանեց նա տխուր կերպով:

Ասլանը ժպտաց:

– Ինչո՞ւ եք զարմանում, վանեցին ո՞ւր չէ գնում. աշխարհի բոլոր անկյուններում կարելի է տեսնել նրան: Մեկը Հնդկաստանում տեսել էր մի կաղ վանեցի և ծիծաղելով ասել էր. «Եթե վանեցու կաղը մինչև Հնդկաստան է հասել, ոտներ ունեցողը Չինաստանից էլ կանցնի»: – Այդպես է մեր վիճակը:

Վաղ առավոտյան դուրս գալով Այգեստանից, մենք մի թեթև նախաճաշիկ էինք արել: Ասլանը թեև ուտելու ցանկություն չուներ, բայց ես մի առանձին ախորժակով էի նայում սեղանի վրա, որ մանկահասակ աղջիկը սկսել էր պատրաստել: Դա, որպես երևում էր, մեր հյուրընկալի դուստրն էր. բայց ո՞ւր էր նրա մայրը: Այդ կողմի շինական կանայք սովորություն չունեին` քաղաքացոց նման ծածկվել տղամարդերից, այլ երեվում էին և մինչև անգամ խոսում էին օտարների հետ: Գյուղացոց մեջ մնացել էր այդ պարզությունը: Բայց ինչո՞ւ չէր երևում մեր տանտիկինը: Այդ մասին հյուրերից ոչ ոք չհարցրեց և ոչ ինքը, տան տերը, մի բան ասաց: Սեղանը գյուղական պարզ սեղանից ավելի համադամ և ճոխ էր, տարակույս չկար, որ վարպետ Փանոսը այդ մասին նախապես առանձին հոգ էր տարել:

Назад Дальше