Կայծեր Մաս 2 - Րաֆֆի 4 стр.


Միևնույն տարում, երբ Փանոսը թողեց դպրոցը, նրա վարժապետի հետ պատահեց մի դժբախտություն: Նա սովորություն ուներ ամառը աշակերտներին տանել ծովեզրը լողանալու: Այդ միջոցին աշակերտներից մեկը խեղդվեցավ: Նրա ծնողները թեև բոլորովին ներողամտությամբ վերաբերվեցան դեպի անզգույշ վարժապետը, բայց կորուստը այնքան ծանր էր վարդապետի զգայուն սրտի համար, որ նա ոչնչով չէր կարողանում մխիթարել իրան: Իր ցավերը մոռացության տալու համար նա մտածեց ընտրել մի նոր և ամենադժվարին պարապմունք, որի մեջ կյանքը ենթակա լիներ անընդհատ վտանգների, և որը ավելի բախտավորություն կպատճառեր նրան, եթե կվերջանար մահվամբ: Այդ նպատակով նա ցրեց իր աշակերտներին և անհայտացավ: Նրա մասին շատ բաներ էին պատմում. ասում էին, որ քուրդ վայրենիների մեջ հայոց տառեր և քրիստոնեություն է տարածում, հրաշքներ է գործում, լուսավորչական եկեղեցի է հիմնում և բավական հետևողներ ունի: Բայց թե ո՞րտեղ էր այդ նոր առաքյալը և ո՞ր երկրում, ոչ ոք չգիտեր, միայն խոսվում էր, թե դեռ կենդանի է:

Գ

ԱՍԼԱՆԸ ՈՐՊԵՍ ԸԺԻՇԿ

Եվրոպական բժշկի հայտնվելը շուտով տարածվեցավ ամբողջ քաղաքում և մինչև նահանգապետ-փաշայի ականջը հասավ: Փաշան ցանկացել էր տեսնել բժշկին: Բացի նրանից, ամեն նշանավոր և աննշան անձինքներից հրավիրվում էր նա, իսկ շատերը նրա մոտ էին գալիս: Ասլանը հանգստություն չուներ. ես նրան խիստ հազիվ անգամ էի տեսնում. պատահում էր, որ ամբողջ օրով տուն չէր վերադառնում: Վերադառնում էր գիշերը միայն, այն ժամանակ ևս, վարպետ Փանոսի հետ առանձնացած, երկար ու երկար խոսում էին: Այդ խորհրդակցությունները խլում էին նրանից գիշերային հանգստի մեծ մասը: Երբեմն նկատում էի` նրա մոտ գալիս էին անծանոթ անձինք, տարօրինակ հագուստներով, ինչ-որ լեզուներով խոսում էին և ստվերի նման անհետանում: Ասլանը ինձ մոտ ոչինչ չէր խոսում, նրա այդ ծածկամտությունը վրդովեցնում էր ինձ. երևի նա դեռևս իմ վրա հավատ չուներ:

Վարպետ Փանոսի տունը շատ նպաստավոր էր Ասլանի համար ամեն տեսակ անձանց հետ տեսնվելու. այնտեղ ով ասեք` չէր մտնում. նրա գործարանի առիթով, ամեն օր, շրջակայքից բազմաթիվ մարդիկ էին գալիս ու գնում: Իսկ նրա բժշկությունը ամեն կասկած փարատում էր. բժիշկը ամեն տեսակ անձինք իր մոտ ընդունելու իրավունք ունի: Նրա մոտ գալիս էին հիվանդներ, կամ ձևացած որպես հիվանդներ, խոսում էին իրանց հիվանդությունների մասին: Ա՜խ, ո՛րքան բազմատեսակ էին այդ հիվանդությունները, բարոյական հիվանդություն… մտավորական հիվանդություն… հոգեկան հիվանդություն… երկրի անկարգությունից առաջացած տնտեսական հիվանդություն… բողո՜ք և բողո՜ք ամեն կողմից: Ամեն ոք դեղ ու դարման էր պահանջում: Բայց կարո՞ղ էր Ասլանը և այդ հիվանդությունների բժիշկը լինել: Նրա բժշկարանի մեջ կա՞ր արդյոք մի որևիցե դարման երկրի հասարակական փտությունը և անդամալուծությունը բուժելու համար: Այդ հարցերը վճռելու համար ես այն ժամանակ ոչ բավական գիտություն ունեի և ոչ բավական զարգացում: Բայց իբրև իսկական բժիշկ, Ասլանը, իրավ որ, անգնահատելի էր:

Ասլանի դրությունը ես համեմատում էի մի շրջական կլայեկագործի հետ, որ, սովորաբար, մեծ զատիկը մոտենալու ժամանակ, թափառում է գյուղից գյուղ, ժանգոտած, փախրոտած պղնձեղենները մաքրելու և կլայեկով պատելու համար: Գյուղացիները իրանց բոլոր պղնձե ամանները թափում են նրա մոտ, որովհետև գիտեն, որ մի ամբողջ տարի նրա երեսը այլևս տեսնելու չեն: Այսպես թափում էին բժշկի մոտ քաղաքացիները իրանց հիվանդներին, մտածելով, որ նա երկար չպիտի մնա իրանց մոտ, և շտապում էին նրա ներկայությունից օգուտ քաղել: Ասլանը, որպես գործից անվաստակելի մարդ, չէր խնայամ ամենին իր օգնությունը:

Կոկորդիս ցավը բոլորովին անցել էր, մի քանի օրից հետո ինձ այնքան առողջ էի զգում, որ կարող էի տնից դուրս գալ: Բայց դրսում և մանավանդ քաղաքում երևնալու համար պատշաճավոր հագուստ չունեի: Իմ հագուստը դեռ նույնն էր, ինչ որ Մարոն, սուրբ աստվածածնի ուխտագնացության ժամանակ, մի կերպով կարկատեց ինձ համար: Բայց ո՛րքան մեծ եղավ իմ ուրախությանը, երբ իմացա, որ Ասլանը վաղօրոք հոգացել էր այդ մասին, գնելով շուկայից ինձ համար ամենապատվական հագուստներ: Ես իսկույն հագնվեցա, երբ Ասլանը հայտնեց, թե դիտավորություն ունի ինձ իր հետ տանելու: Թեթև նախաճաշիկից հետո Ասլանը վեր առեց իր հետ զանազան տեսակ բժշկական դեղեր ու գործիքներ, մի մասն էլ ինձ տվեց, և մենք դուրս եկանք տնից: Նա ասաց, որ մի քանի հիվանդների այցելություն պիտի գործե: Քաղաքում դեղատուն չլինելու համար, նա ումն որ բժշկում էր, դեղերն էլ ինքն էր տալիս, աղքատներին` ձրի, իսկ հարուստներից փող էր ստանում:

– Դու գիտե՞ս քո դերը, Ֆարհատ, – ասաց նա, երբ դուրս եկանք փողոցը:

– Ի՞նչ դեր, – հարցրի ես, բոլորովին մոռացած լինելով այն պատվերները, որ, Վան քաղաքը մտնելուց առաջ, ճանապարհին տվել էր ինձ:

– Դու եվրոպացի բժշկի ճանապարհորդության առաջնորդն ես: Հասկացա՞ր:

– Հասկացա, – մեքենայաբար պատասխանեցի ես:

Ի՞նչ առաջնորդ կարող էի լինել ես, երբ ոչ երկրի հետ ծանոթ էի և ոչ լեզուներ գիտեի: Ես, իսկապես, նրա խուլ ստվերն էի, որ անգիտակցաբար գնում էի նրա ետևից:

Ասլանը սիրում էր ոտքով ման գալ, որքան և հեռու լիներ ճանապարհը: Նա հագած ուներ մինչև ծնկները երկայն կոշիկներ, գլխին դրել էր մոխրագույն, լայնեզր, փափուկ գլխարկ, իսկ աչքերը զինված էին մուգ-ծխագույն ակնոցներով, որոնք բոլորովին անտեսանելի էին կացուցանում նրա թափանցիկ, խորախորհուրդ աչքերը, որոնք ակնոցների ամենևին պետք չունեին: Թևքի տակ կրում էր իր դեղորայքի պայուսակը, ձեռքին բռնած ուներ մի հաստ փայտ, որ ավելի մահակ էր, քան թե գավազան:

Արևը դեռ նոր էր բարձրացել: Ամառնային առավոտը մի առանձին զովություն էր ստացել Այգեստանի լայն փողոցների մեջ, որոնք աջ և ձախ կողմից զարդարված էին ահագին ուռենիների և բարդենիների շարքերով: Այդ դարևոր ծառերով հովանավորված էին փոքրիկ առվակները, որոնք հոսում էին փողոցների երկու կողմերից ևս և ջուր էին մատակարարում թե այգիներին և թե բնակիչների տները շրջապատող պարտեզներին: Նայելով այդ ծառազարդ բնակարաններին, անծանոթ մարդու գլխում իսկույն ծագում է այդ միտքը, թե ո՛րքան ուրախ և խաղաղ ապրում է այստեղ քաղաքացին:

– Հայը ապրել գիտե, – ասում էր Ասլանը, – ստրկության լծի տակ անգամ նա պահպանում է մի տեսակ բարեկեցություն, և դրա մեջն է նրա կենդանականությունը, որ դարերի ընթացքում թեև տրորվում է ճնշման ներքո, բայց դարձյալ չէ մեռնում:

Առաջին անգամն էր, որ ես դուրս էի գալիս փողոցը, այդ պատճառով երեխայի նման ամեն մի հանդիպած առարկան հետաքրքրում էր ինձ: Ես նայում էի, թե ինչպես նորահարսները, երեսները ծածկած, կամ հասած աղջիկները, բաց երեսներով, վաղ-առավոտյան ավելում էին, մաքրում էին իրանց տան առջևը: Նրանք ճարպիկ մատներով նախ գետինը ցողում էին առվակից անցնող ջրով, որ փոշի չբարձրացնեն: Ես տեսնում էի, թե ինչպես հայ վաճառականները, ավանակների վրա հեծած, մի առանձին հոգածությամբ շտապում էին դեպի քաղաքը, իրանց խանութները բաց անելու: Ես տեսնում էի, թե ինչպես նրանք աջ ու ձախ կողմերից ողջույններ էին ընդունում և, միևնույն ժամանակ, ավանակի վրա նստած, շարունակում էին իրանց չավարտած առավոտյան աղոթքը, որպեսզի բարեհաջող առևտուր ունենան:

– Այստեղ մի հիվանդի պետք է նայել, – ասաց Ասլանը, և մենք մտանք մի տուն:

Տունը, որպես երևում էր, ժամանակով գեղեցիկ շինվածք էր ունեցել, բայց երկար տարիներ մնալով անխնամ և առանց նորոգության, համարյա ավերակ էր դարձել: Մի սենյակ միայն մնացել էր ամբողջ, ուր մենք ներս մտանք: Ես առաջին անգամ տեսնում էի աղքատությունը իր վերին աստիճանի սոսկալի պատկերի մեջ: Խոնավ, առանց սփռոցի գետնի վրա պառկած էր մի մանկահասակ կին. հնոտի, քրքրված վերմակը հազիվ ծածկում էր նրան. բարձի փոխարեն դրած էր գլխի տակին հիվանդի նույնպես քրքրված հագուստը: Նրա մոտ, ձեռքերը հուսահատական կերպով փակած ծնկների վրա, նստած էր պառավ սկեսուրը: Մի կիսամերկ երեխա սողում էր հիվանդի անկողնի մոտ և խուլ մրմնջում էր:

Պառավը, տեսնելով մեզ, կանգնեց և լռությամբ գլուխ տվեց: Բժիշկը մոտեցավ հիվանդին:

– Այժմ լավ է, – ասաց նա, – վտանգը անցած պետք է համարել: Դեղերի այլևս պետք չկա. հարկավոր է միայն այստեղ մաքուր պահել, թարմ օդ և լույս ներս թող տալ, և ամենագլխավորը` հիվանդին պետք է լավ սնունդ:

– Սնո՜ւնդ… – կրկնեց պառավը, հոգվոց հանելով, – ո՞րտեղից գտնել: Կար ժամանակ, որ այս տունը լի էր աստծո ամեն բարիքներով. հարյուրավոր աղքատներ ապրում էին մեր հացով, իսկ ա՜յժմ… ձեր բարի աչքով տեսնում եք… ի՞նչ է մնացել… բոլորը ոչնչացավ… բոլորը կորավ…

Արտասուքը խեղդեց նրան և չկարողացավ շարունակել:

Ասլանը դրեց պառավի ափի մեջ մի քանի ոսկի և կամենում էր դուրս գալ: Բայց նա չընդունեց, ասելով.

– Դուք մի քանի անգամ այցելություն գործեցիք իմ հիվանդին, այդքանը բավական է: Ես ձեզ վճարել չեմ կարող, բայց աղոթել ձեզ համար կարող եմ:

Երևում էր, որ պառավը աղքատության մեջ ևս պահպանել էր տոհմային հպարտությունը: Բայց Ասլանը դարձյալ աշխատում էր համոզել, որ ընդունե ոսկիները:

– Ի՞չու պետք է անեմ, – պատասխանեց պառավը փոքր-ինչ հուզված ձայնով: – Դուք, պատվելի պարոն, կարծում եք, որ ես կարո՞ղ եմ այդ ոսկիները մեկին ցույց տալ, կարո՞ղ եմ դրանցով մի բան գնել:

– Ինչո՞ւ չեք կարող, – հարցրեց Ասլանը զարմանալով:

– Չեմ կարող… – կրկնեց պառավը տխուր ձայնով: – Երբ որ պարտատերերը իմ ձեռքում փող տեսնեն, իսկույն կմտածեն, որ ես պանդուխտներից փող եմ ստացել, և բոլորը կխլեն իմ ձեռքից: Այդ բավական չէ, նրանք գանգատ կանեն, կնեղացնեն ինձ, կասեն շատ ես ստացել, բեր մնացածն էլ տուր:

Ասլանը, կարծես թե, հետաքրքրվեցավ պառավի տխուր խոսքերով, որոնեց մի տեղ նստելու համար, երբ ոչինչ չգտավ, նստեց մի կողմում ընկած կոտրած սնդուկի վրա:

– Քանի՞ պանդուխտներ ունես օտարության մեջ, – հարցրեց պառավից:

– Հինգ որդի: Երկուսը Ստամբոլում չգիտեմ ի՞նչ են անում, իսկ մնացածների մասին ձայն չկա, թե որտեղ են: Ծերունի հայրը գնաց որոնելու կորած որդիներին, ինքն էլ կորավ…

Պառավի կարոտ աչքերը կրկին լցվեցան արտասուքով: Ես խիստ ցավակցությամբ էի լսում նրա խոսքերը և միևնույն ժամանակ հիշում էի և իմ կորած հորը… հիշում էի և իմ վշտալի մորը… հիշում էի որբ մնացած քույրերիս… հիշում էի և մեր ավերակ խրճիթը… որտեղից արտաքսեց մեր վաշխառու պարտատերը… «Ի՞նչ է այդ… – մտածում էի ես, – մի՞թե միշտ այդպես պետք է մնա հայի վիճակը… մի՞թե նա միշտ պանդխտության մեջ պիտի տրորվի, մաշվի, մեռնի, արժանի չլինելով հայրենի հողին… մի՞թե մի ճակատագրական անեծք հալածում է նրան հայրենի երկրից»… Պառավը, իր արտասուքը սրբելով, շարունակեց.

– Այդ տունը լիքն էր երեխաներով… լիքն էր մայրերով ու հայրերով… հիմա տեսնում եք, մնացել է մի հիվանդ միայն և այս փոքրիկը, նա ցույց տվեց կիսամերկ տղային, որ այժմ խլրտվում էր մոր բարձի մոտ: – Ամենքը ոչնչացան… ամենքը կորան… նրա համար, որ աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից…

Երեխան այժմ հեռացավ մոր անկողնից, սողալով մոտեցավ Ասլանին, բռնեց կոշիկներից, կանգնեց և իր փոքրիկ ձեռիկներով սկսեց խաղալ նրա ժամացույցի շղթայի հետ: Ես միշտ երևակայում էի Ասլանի մեջ քարե սիրտ, բայց նա չկարողացավ դիմանալ, երբ երեխան իր սև փայլուն աչիկներով նայելով նրա երեսին, ժպտաց և թոթովեց մի քանի խոսքեր: Դժբախտության զավակը խոսում էր… խոսում էր ավելի ազդու, քան ամեն բողոք… և, կարծես, իր անհասանելի թոթովանքով ասում լիներ. «Ինչո՞վ եմ ես մեղավոր, որ ինձ աշխարհ բերեցին… մի՞թե միայն տանջվելու համար»…

Ասլանը համբուրեց երեխային, վերկացավ և, ձգելով հիվանդի բարձի մոտ ոսկիները, իսկույն դուրս եկավ թախծալի բնակարանից:

– «Աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից»… – ճանապարհին կրկնեց նա պառավի իմաստալի խոսքերը: – Դա մի անհերքելի ճշմարտություն է: Որտեղ տիրում է թշվառությունը, այնտեղ ավելի մեծ թվով զոհեր է տանում մահացությունը: Ոչ մի ժողովրդի մեջ չէ կարելի հուսալ կանոնավոր աճելություն, երբ որ նրա տնտեսական դրությունը օրինավոր պայմանների մեջ չէ դրված: Այդտեղից հասկանալի է, թե ինչո՞ւ մեր ժողովուրդը օրըստօրե սպառվում է: Այդ սպառմանը ավելի զարկ է տալիս գաղթականությունը: Տղամարդը, իր կյանքի ամենաթարմ տարիները պանդխտության մեջ մաշելով, զրկվում է գերդաստանի հայր դառնալուց, որդիք և սերունդ առաջ բերելուց: Իսկ ինչ զավակներ էլ որ թողել է տանը, աղքատության մեջ մեռնում են: Ահա, մեր աչքով տեսանք մի հոյակապ ընտանիք, որ հանգչելու մոտ է: Բայց քանի հազար այսպիսի ընտանիքներ կան այդ քաղաքում: Այդ գեղեցիկ, ծառազարդ տներում, – նա ձեռքը մեկնեց դեպի Այգեստանի տները, – բնակվում են երկու ծայրահեղություններ. ճոխություն, շռայլություն և վերին աստիճանի աղքատություն: Շռայլում են հարստահարիչ մեծատունները, իսկ հեծում են պարտքերի տակ ճնշված թշվառները…

Այդպես խոսելով գնում էինք մենք, երբ ճանապարհին հանդիպեց մեզ վարպետ Փանոսը:

– Այն հիվանդը կապրի՞, – հարցրեց նա, մոտենալով Ասլանին:

– Կապրի, եթե ուտելու մի բան ունենա, – պատասխանեց Ասլանը վրդովված ձայնով:

– Այդ մասին ես հոգացել եմ… – ասաց վարպետը հազիվ լսելի ձայնով:

Նրա խոսքը ընդհատեց մի կարճահասակ մարդ, համարյա ցնցոտիներով հագնված, ողորմելի և երկչոտ կերպարանքով, որ այդ միջոցին անցավ մեր մոտով: Վարպետը հարգանքով ողջունեց նրան և, երբ բավական հեռացավ նա, ասաց մեզ.

– Դա մեր թաղի ամենահարուստ մարդն է:

– Դա՞, այդ մուրացկա՞նը, – հարցրեց Ասլանը զարմանալով:

– Այո՛, այդ մուրացկանի նման մարդը:

– Ապա ինչո՞ւ է այնպես հագնված, կարծես բոլորովին աղքատ լինի:

Վարպետը մի առանձին տխրությամբ պատասխանեց.

–Այստեղ աղքատը խո աղքատ է, իսկ հարուստն էլ ստիպված է աղքատ ձևանալ, որովհետև նրա հարստությանը միշտ սպասում է մի վտանգ: Տեսար մի օր թուրքերը մի «շառ ու շուռ» հնարեցին և ինչ որ ունի, ձեռքիցը խլեցին:

– Ի՞նչպես կարելի է այդ, – հարցրի ես ոչ սակավ զարմանալով:

– Ինչո՞ւ չէ կարելի, երբ իրավունքն էլ թշնամու ձեռքումն է, դատաստանն էլ: Հենց այդ ընտանիքը, որի թշվառությունը մի քանի րոպե առաջ տեսաք, թող ձեզ օրինակ լինի: Դա մեր քաղաքի ամենահարուստ և ամենապատվական ընտանիքներից մեկն էր: Մի առավոտ տանեցիք վեր են կենում և սարսափելով տեսնում են իրանց բակումը ընկած մի թուրքի դիակ: Խեղճերին զրպարտեցին սպանության մեջ և այնքան ժամանակ բանտերում մաշեցին, մինչև ամեն հյութ ծծեցին նրանցից, և այն ժամանակ միայն բաց թողին, երբ տեսան, որ Ադամից ավելի մերկ են և Եվայից ավելի բոբիկ:

– Բայց միշտ այդպիսի զրպարտություններ չէ կարելի հնարել, – պատասխանեցի ես:

– Եթե այդպիսին չէ կարելի, դրա նմանները միշտ կարելի է: Մեկին կզրպարտեն, ասելով, թե մահմեդականի հավատն է հայհոյել, մյուսին թե`մահմեդականի կնոջը ծուռն աչքով է նայել, երրորդին` թե իր տնում զենք և վառոդ է պահել, չորրորդին` թե քաղաքադռնից ձիով է ներս մտել և այլն:

Վարպետի վերջին խոսքը դարձրեց իմ ուշադրությունը այն երևույթի վրա, որ նկատեցի առավոտյան. բոլոր հայերը էշով էին գնում բազար, ձի հեծնելը նրանց արգելված էր: Այս սովորությունը կար և Պարսկաստանում. ազնիվ անասունը` ձին, մահմեդականի համար էր, իսկ ստոր անասունը` ավանակը, քրիստոնյայի համար:

Մենք մտանք մի խուլ փողոց: Վարպետը շարունակեց.

– Այսպիսի և դրա նման վտանգները պատահում են, որպես ասացի, հարուստներին, և այդ է պատճառը, որ հարուստները աշխատում են իրանց կայքը թաքցնել և, որքան կարելի է, աղքատ ձևանալ: Բայց այդ չէ օգնում նրանց: Այդ դեպքերում մահմեդականները ավելի վարպետ են, քան թե մեր հարուստները: բավական է, որ մեկի համար լսում են, թե նա փող ունի, թեև նա իր փողը ամեն կերպով թաքցնում է, բայց դուրս են բերում: Ինչպես աղվեսն էլ իր որջը մտած ժամանակ չէ երևում, բայց երբ որսորդները նրա ծակի առաջ մուխ են դնում, խեղճ անասունը ինքն իրան դուրս է գալիս: Փաշայի դուռը շրջապատել են մի ամբողջ խումբորսորդներ, որոնք այսպիսի որոգայթներ են լարում: Դրանք այնպիսի ճարպիկներն են, որ սատանան պետք է նրանցից դաս առնե:

Իմ նոր հագուստից հետո ես այժմ սկսել էի խոսակցության մեջ խառնվիլ: Ես ինձ «մարդու տեղ էի դնում»…

– Ուրեմն ոչ ոքի կայքը այստեղ ապահովված չէ՞, – հարցրի ես վարպետից:

– Ոչ միայն կայքը, այլև նրա կյանքը, պատիվը և ամեն էնչ: Եվ այդ է պատճառը, որ հայերը այստեղ նույն միջոցներին են դիմում, ինչ որ անում էին մի ժամանակ Տաճկաստանի զանազան քաղաքների հայերը ենիչարիների դարերում: Ամեն մի ընտանիք ընտրել էր մի ենիչարի, որի պաշտպանության տակն էր մտած, որը պահպանում էր իրան ապավինած ընտանիքը մյուս ենիչարիների գազանությունիզ, ասելով. «դրան մի դիպեք, դա իմ գավուրն է»… Բայց այդ պաշտպանությունը շատ թանկ էր նստում ողորմելի ընտանիքին. նա դառնում էր իր պաշտպանի գերին, ստրուկը, նրա բոլոր հաճույքների կամակատարը: Նրա կայքը, մինչև անգամ ընտանիքի պատիվը զոհվում էր իր պաշտպանի անբարոյական կրքերին… Դա մի այնպիսի հովանավորություն էր, որպես մի գայլ պաշտպանում է իր որսը մյուս գազանների հափշտակությունից, որպեսզի ինքը միայնակ վայելե: Այժմ այստեղ միևնույն բարբարոսություններն են կատարվում: Շատ ընտանիքներ ստիպված են մտնել այս և այն նշանակություն ունեցող թուրքի կամ քրդի հովանավորության ներքո, որոնք նույն անգթությամբ են վարվում իրանց պաշտպանյալի հետ, որպես հին ժամանակների ենիչարին:

Назад Дальше