Ասլանը ժպտաց թուրք հնագետի միամտության վրա: Նրա ցույց տված հորը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն հին, ստորերկրյա անցքերից մեկը, որ մի ժամանակ ծառայել է կամ որպես փախուստի ճանապարհ, կամ հաղորդակցություն է ունեցել ուրիշ ամրությունների հետ, որոնք շատ հեռու չեն բերդից: Այս տեսակ հորեր շատ էին երևում: Կարծես քարափի մթին խորքերում մի հսկայական մրջնանոց լիներ իր բազմաթիվ խորշերով և իր բազմաթիվ խոռոչներով, ուր մարդիկ երբեմն գործել են: Բայց իմ ուշադրությունը գրավեցին երեսանից ավելի մեծ և փոքր այրեր ու ընդարձակ քարանձավներ, որոնք նույնպես փորված էին քարափի մեջ, որոնց մի քանիսի մեջ մենք կարողացանք ներս մտնել: Նրանց վրա երևում էր ժամանակի արհեստն ու ճարտարությունը, և շատերը նրանցից զարդարած էին սեպաձև արձանագրություններով:
– Ավանդությունը, – ասաց Ասլանը, – այս բերդը և այս այրերը Շամիրամին են ընծայում, որպես թե նինվեացի թագուհու գանձատունը, մթերանոցները, պահեստի տեղերը և բաղանիքները լինեին: Իսկ այդ բոլորը ավելի հին է, քան թե Շամիրամը, թեև մեր ծերունի Խորենացին հնագիտական միամտությամբ նույնպես նրան է ընծայում:
– Ի՞նչ է ասում Խորենացին, – հարցրի ես խորին հետաքրքրությամբ:
Կարծես Ասլանը Խորենացու գիրքը այնպես սերտած լիներ, որպես ես Սաղմոսը. նա անգիր կարդաց պատմությունից այն տեղը, որ այդ բերդին էր վերաբերում, հետո աշխարհաբար թարգմանեց ինձ.
– «Իսկ անձավի արևահայաց կողմը, այնպիսի նյութի կարծրության մեջ, ուր մեկը այժմ և ոչ մի գիծ երկաթով փորել կարող է (Շամիրամը), պես-պես տաճարներ, օթևանների սենյակներ, գանձերի տներ և երկար այրեր հրաշակերտեց, հայտնի չէ ի՛նչ բաների պատրաստության համար: Բայց քարի ամբողջ երեսի վրա, որպես գրիչով մոմը հարթելով, շատ գրեր արձանագրեց, որոնց վրա նայելն միայն զարմանք է բերում»:
Ո՛րքան ուղիղ էր Խորենացու կարծիքը, ես այդ դատել չէի կարող, միայն տեսնում էի, որ նրա ասածները բոլորը կային: Բայց Ասլանը ասում էր, թե այս ամենը այն ամենահին ժամանակներից են մնացել, երբ մարդիկ տուներ չէին շինում, երբ նրանք այրերի մեջ էին բնակվում: Այդ իմ խելքին նստում էր, որովհետև տեսնում էի, այրերից շատերը այնքան ահագին մեծություն ունեին, որ կարող էին ամբողջ ընտանիքների բնակությանը հարմարվել:
Բերդի շրջակայքը ման գալուց հետո, մենք մտանք բուն բերդի մեջ: Այդ անմատչելի ամրոցը, որպես ասեցի, նստած է ժայռոտ քարափի գլխին, որը ուղղաձիգ բարձրությամբ քաշված է դեպի երկինք, և այնտեղից ահռելի կերպով հսկում է ամբողջ քաղաքի վրա: Դեպի ամեն կողմ, ուր և հայացք ես ձգում, դարձյալ երևում են արձանագրություններ, որոնք լուռ և անբարբառ նայում են մարդու երեսին, կարծես ասել են ուզում. «Մենք միշտ կմնանք անվերծանելի և երբեք չի պիտի երևան հանենք հնության գաղտնիքը»…
Ասլանը պտտելով բերդի մեջ, որպես նկատում էի ես, արձանագրությունների և այլ հնությունների վրա միայն հարևանցի նայելով էր անցնում, ավելի ցույց տալու համար, թե նրանցով հետաքրքրվում է: Իսկ մեր երիտասարդ առաջնորդը ոգևորված էր առասպելական պատմություններով, ամենևին չէր նկատում, թե իր պատմությունները որքան նշանակություն ունեին նրա համար: Նա անընդհատ խոսում էր: Բայց իմ նկատողությունից չէր կարող վրիպել այն խորին ուշադրությունը, որով Ասլանը քննում էր ամրոցի մթերանոցը, պահեստի տեղերը, որ լցված էին վառոդով և զանազան զենքերով, զինվորների օթևանները, և այն վաղեմի, ժանգոտած թնդանոթները, որոնք, իրանց բերանները դարձրած դեպի քաղաքը, պահպանում էին նրան մշտական երկյուղի ներքո: Այդ թնդանոթներով մի ժամանակ ենիչարիները ռմբակոծում էին քաղաքը:
Ես նկատում էի, Ասլանը մի առանձին ուշադրությամբ հետազոտում էր այն ծակերը, այն գաղտնի անցքերը, որոնք քարափի վերևից իջնում էին դեպի նրա խորքերը և ստորերկրյա ճանապարհներով կորչում էին, սատանան գիտե, թե դեպի ո՛ր կողմը: Նա արծվի հայացքով զննում էր նրանց ուղղությունը, տարածությունը, և որպեսզի կասկածանքի առիթ չտա մեր առաջնորդին, ժպտելով հարցրեց նրանից.
– Ի՞նչպես եք կարծում, պարոն քարտուղար, այդ անցքը նույնպես չէ՞ տանում դեպի մի բյուրեղյա ապարանք, ուր հյուրիներն և փերիները պառկած են մարջանի ծառերի ներքո և սքանչանում են «հազարան բլբուլի» հազար ու մեկ եղանակներով:
– Դուք ծաղրում եք ինձ, պարոն բժշկապետ, – պատասխանեց երիտասարդը նույնպես ժպտելով, – բայց ես կասեմ ձեզ, որ այդ անցքը դեպի բյուրեղյա ապարանքը չէ տանում, որովհետև դեպի ծովը չէ գնում: Մարջանի ծառերը ծովի հատակի վրա են բուսնում և բյուրեղյա ապարանքն էլ ջրերի խորքումն է լինում: Իսկ այդ անցքը, քարափը կտրելով, իջնում է դեպի ցած, հետո գետնի տակով գնում է դեպի այն ձորը, որի մի մասը երևում է բլուրների հետևից: Նա ձեռքը մեկնեց դեպի այն կողմը:
– Ներեցեք, խնդրեմ, իմ նկատողությունը դուք, իհարկե, կատակի տեղ կընդունեք: Իսկ ձեր այժմյան պատմածը դարձյալ շատ հետաքրքիր է: Ես շատ բերդեր եմ տեսել, բայց մի այսպիսի անցք առաջին անգամն եմ տեսնում իմ կյանքում, երևի դրա ծայրը, այսինքն այն տեղը, որ դուրս է գալիս ձորի մեջ, անպատճառ ծածկված կլինի:
– Անտարակույս, մանավանդ մի դեպքից հետո, որ պատահեց մի տարի առաջ. պահապան զինվորներից մեկը սովորություն էր ունեցել վառոդ գողանալ և այդ անցքով դուրս տանել, վաճառել հայ խանութպաններին: Զինվորին և խանութպաններին սաստիկ պատժեցին, և անցքի մուտքը այն ժամանակից գոցվեցավ:
– Ո՜րքան զարգացած է եղել հին ժամանակներում արհեստը այդ երկրում, – ասաց Ասլանը, արտահայտելով իր խորին հիացմունքը: – Այդ անցքերը հազարավոր տարիներ գոյություն ունեն, բայց այնքան ճարտարությամբ շինված են, որ մինչև այսօր չեն խանգարվել, պահպանում են իրանց նշանակությունը:
– Դուք ավելի կզարմանաք, պարոն բժշկապետ, երբ կտեսնեք Թոփրակ-Կալեի և Չարխի-Ֆալակի գաղտնի անցքերը, – պատասխանեց առաջնորդը մի առանձին պարծենկոտությամբ, երբ լսեց Ասլանի գովասանքները (կարծես այդ հրաշալիքները նրա պապերն էին ստեղծագործել): – Երբ այստեղ կվերջացնենք, ես կտանեմ ձեզ դեպի հիշյալ հնությունները, որոնք բավական հեռավորության վրա են գտնվում այստեղից: Դուք կտեսնեք այնտեղ ավելի զարմանալի ստորերկրյա անցքեր, որոնք այնքան երկար են տարածվում գետնի տակով, որ շատերը հաղորդակցություն ունեն հենց այդ բերդի հետ:
Ասլանը շնորհակալություն հայտնեց առաջնորդին և, հանելով ծոցից իր ոսկյա ժամացույցը, առաջարկեց նրան՝ ասելով.
– Դուք այնքան բարի եք, որ ես կցանկանայի թողնել ձեզ մոտ այդ փոքրիկ հիշատակը:
Երիտասարդը հրաժարվեցավ կամ ձևացրեց թե հրաժարվում է, պատասխանելով.
– Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, ես երբեք չէի կամենա զրկել մի ճանապարհորդի իր ժամացույցից, որը նրան շատ հարկավոր կլինի:
– Այդ իրավ է, բայց համաձայնվեցեք, որ ճանապարհորդի ոսկյա ժամացույցը շատ հրապուրիչ բան է գողերի համար, ես կցանկանայի ազատվել դրանից: Ընդունեցե՛ք, խնդրեմ, ես ունեմ և մի արծաթյա ժամացույց, այն էլ բավական կլինի ինձ համար:
Առաջնորդը շնորհակալությամբ ընդունեց: Նրան անսովոր չէր` իր մատուցած ծառայությունների համար այս տեսակ «փեշքեշներ» ընդունել: Եթե չտայինք, նա մինչև անգամ պահանջելու անամոթություն կունենար: Մանավանդ փաշայի պատվի համար, որ մեզ հետ դրել էր իր ամենամոտ մարդիկներից մեկին, պետք էր նրան որևէ ընծա տալ: Բայց այդ տեսակ ընծաները տալիս են այն ժամանակ, երբ ծառայությունները վերջացրած են լինում: Չգիտեմ` ինչո՞ւ շտապեց Ասլանը: Երևի նրա համար, որ թուրք պաշտոնատարը չմտածեր, թե իր ընծան աննշան բան կլինի, այլ սկզբից ստանալով, ավելի եռանդով կկատարեր իր հանձն առած ծառայությունը: Երիտասարդը հենց նույն րոպեում սկսեց տեղավորել իր բաճկոնի վրա ստացած ընծան. շղթան երբեմն դեպի կուրծքի աջ կողմն էր տանում, երբեմն դեպի ձախ կողմն էր տանում և մեծ մտածության մեջ էր, թե ո՞ր կողմում ավելի գեղեցիկ կերևա: Նա դիմեց իմ խորհրդին, ես հայտնեցի իմ կարծիքը:
Ասլանը այդ միջոցին բարձրացել էր աշտարակներից մեկի գագաթի վրա և այն ահեղ բարձրությունից երկար լուռ և տխուր կերպով նայում էր դեպի իր շրջակայքը: Նրա դեմքը նույն րոպեում գունաթափ էր, աչքերի մեջ վառվում էր խորին տենդային կրակ, շրթունքները դողդողում էին, երևի սիրտը սոսկալի խռովության մեջ էր: Ես բոլորովին ապշած կերպով նայում էի նրա վրա…
Մենք ցած իջանք բերդից միևնույն քարե սանդուղքներով, որոնց մասին Ասլանը ասում էր, թե մի ժամանակ Գագիկ Արծրունին է տաշել տվել, բայց այժմ համարյա թե իսպառ մաշված էին: Բերդի ստորոտում, մեր ձիաները բռնած, սպասում էին մեր երկու ղավազները: Մենք հեծանք, սկսեցինք դիմել դեպի Թոփրակ-Կալե և մյուս հնությունները:
Դուրս գալով քաղաքից, երբ փոքր-ինչ հեռացանք, մեր շրջակայքում բացվեցան հիանալի տեսարաններ. մի կողմում երևում էր կանաչազարդ Այգեստանը, երևում էին և Վարագա կանաչազարդ լեռները, որոնց կուրծքի վրա, խորին ջերմեռանդությամբ գրկված, բազմել էր Վարագա գեղեցիկ վանքը: Մյուս կողմում, մանիշակագույն հայելիի նման, փայլում էր Վանա ծովակը: Այդ ձվաձև հայելին դրված էր հիանալի շրջանակի մեջ, որը բոլորում էր նրա գեղագրական եզերքը, մեղմ, ալիքավոր բարձրություններով, դրանք էին` Արտոս, Արնոս, Սիփան, Նեբրովթ և Գրգուռ լեռները, որոնց գոտիները չորեք կողմից սեղմել էին իրանց մեջ ջրի այդ մեծ ավազանը:
Կարծես այդ աշխարհում հեթանոսական և քրիստոնեական ժամանակների հիշատակարանները դեռ մինչև այսօր մրցություն էին անում միմյանց հետ: Մի կողմում, բևեռագրերով զարդարված փառավոր շինվածքներ ցույց էին տալիս ամենահին անցյալի վրա, մյուս կողմում, սփռված էինք տեսնում բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ: Այդ վանքերը դեռ շեն էին և լի բազմաթիվ կրոնավորներով: Իսկ նրանց կողքին, մենք գնում էինք տեսնելու մի հին, մոռացված մեհյանի տխուր ավերակները…
Վերջապես, հասանք Թոփրակ-Կալե: Այդ ավերակ բերդը ուրիշ անուններ ևս ունի. նա կոչվում է Ակռփու-քար և Զըմփ-զըմփ-մաղարա: Բայց այդ երեք անուներից և ոչ մեկը նրա նախնական անունը չէ. դրանք ստացվել են վերջին ժամանակներում: Ի՞նչպես էր կոչվում նա առաջ. ոչ ոք չգիտե, պատմությունը լռում է այդ մասին: Այդ բերդը մի ամբողջ քաղաք է եղել, որ այժմ ծածկվել է ահագին հողակույտերի ներքո: Հենց այդ է պատճառը, որ նրան թուրքերի բառերով կոչում են Թոփրակ-Կալե (հողաբերդ): Գուցե այդ անհայտացած քաղաքը այն կախարդված «Պղնձե քաղաքը» լիներ, որ մինչև այսօր վանեցոց ավանդությունների մեջ պահպանել է իր դժբախտ, առասպելական պատմությունը: Չար վհուկի դյութելով, ամբողջ քաղաքը իր պարիսպներով, տներով և բնակիչներով անշարժ պղինձ է դառնում: Ասլանը ասում էր ինձ, այդ ավանդությունը ճիշտ է միայն այն կողմից, որ եթե այդ հողակույտերի մեջ փորվածքներ անելու լինեն, մետաղյա բոլոր առարկաները կգտնեն պղնձից շինված, որովհետև այդ ավերակները պատկանում են պղնձե դարաշրջանին: Եվ իրավ, որպես պատմեց մեզ մեր առաջնորդը, այնտեղ գտել էին զանազան պղնձե զարդեր, պղնձե զենքեր, պղնձե տնային կարասիք և մինչև անգամ պղնձե մարդիկ:
Հնությունների ավերակները և մարդիկների գերեզմանները իմ վրա միշտ միևնույն տպավորությունն են գործել: Երկուսի մեջ ևս տեսնվում է դադարած կյանքը, երկուսն էլ հիշեցնում են անցյալը, որ մի ժամանակ ապրել են, գործել են և, ժամանակի հետ քսվելով, մաշվել ու մեռել են, թողնելով միայն կենդանի հիշատակներ: Մարդ, նայելով իր նախահարց գերեզմանների վրա, մի առանձին հպարտություն է զգում, երբ մտաբերում է, որ նրանք իրանց ժամանակի ամենալավ մարդիկն են եղել: Գերեզմանի մեջ անգամ նրանց փոշիները պահպանում են վաղեմի վեհությունը: Ավերակների փոշիների մեջ ևս ապրում է անցյալ մեծությունը, որ միևնույն հպարտությունը և միևնույն քաջալերությունն է ազդում ապագա սերունդի մեջ: Ավերակների փոշիներից է կազմված այն շաղախը, որ միացնում է ներկա սերունդի սրտերը նախահարց հետ:
Թոփրակ-Կալեի լեռան մեջ նույնպես գտնվում են շատ այրեր, քարանձավներ, ստորերկրյա անցքեր, որպիսիները տեսանք Շամիրամի բերդի մեջ: Դրանցից և ոչ մեկը բնական չէ, բոլորն էլ փորված են ամենաամուր ժայռերի մեջ, և նրանց այժմյան գեղեցկությունը բավական ապացույց է, թե որքան զարգացած է եղել այդ աշխարհում արհեստը: Այրերից միայն մեկի մեջ մտանք մենք, որ կոչվում է Զըմփ-զըմփ-մարաղա, այսինքն զըմփզըմփալով ձայն հանող այր: Ամենաթեթև ձայնը այդ քարանձավի մեջ զըմփզըմփալով արձագանք է տալիս: Ժայռի մեջ բացվում է մի մեծ մուտք, որը հարյուրավոր քարյա սանդուղքներով իջնում է դեպի լեռան խորքը: Քարի մեջ փորված երկու լուսամուտներ վերևից խիստ աղոտ լույս են ձգում այդ ստորերկրյա վիրապի մեջ: Քարյա սանդուղքի վերջին աստիճանի մի կողմում բացվում է մի ընդարձակ, քառակուսի այր, դա է, որ կոչվում է Զըմփ-զըմփ-մաղարա: Այդ այրի միջից մի առանձին անցք տանում է դեպի երկրի խորքերը. բայց ո՞ւր է գնում, ո՞րտեղ է վերջանում, աստված գիտե: Մեր առաջնորդը դարձյալ խոսում էր ստորերկրյա ապարանքների մասին. ժողովրդի ավանդությունը նույնն էր խոսում: Այդ բոլորը տեսնելով, ես պատրաստ էի հավատալ, որ այստեղ եղել է մի ստորերկրյա աշխարհ, և այդ անցքերը տանում են դեպի այն աշխարհը: Ասլանը այդ մասին ինձ ոչինչ չասաց. նա բոլորովին ուրիշ նպատակներով էր քննում այդ անցքերը: Նա ցանկանում էր ստուգել, թե ո՛րքան ուղիղ է այն կարծիքը, թե այդ ստորերկրյա անցքերը հաղորդակցություն ունեն քաղաքի մեջ գտնվող Շամիրամի բերդի հետ: Այդ էր պատճառը, որ մեզանից ոչ մեկը չհամարձակվեցավ Զըմփ-զըմփ-մաղարայից անցնել և առաջ գնալ, իսկ նա, վառելով իր հետ վերառած մոմապատը, շատ առաջ գնաց և վերադարձավ համարյա մեկ ժամից հետո:
– Նա կկորչի, – ասում էր ինձ մեր առաջնորդը նրա բացակայության ժամանակ:
– Ինչո՞ւ, – հարցրի ես:
– Այնտեղ ջիններ (դևեր) են բնակվում. այնտեղ գնացող ադամորդին այլևս չէ վերադառնում:
Դուրս գալով այրից, մենք սկսեցինք դիմել դեպի լեռան գագաթը: Այնտեղ մեր առաջնորդը կամենում էր ցույց տալ մեզ Չարխի-Ֆալակի մուտքը: Դա նույնպիսի մի անցք էր, որպիսիները տեսել էինք մենք, և ուղիղ լեռան գագաթից իջնում էր դեպի նրա խորքերը: Վանեցի հայերի ավանդությունը այդ անցքի մասին շատ հրաշալիքներ է պատմում, որոնցից մեկը պատմեց մեզ մեր առաջնորդը: Ահա նրա խոսքերը. անցքը իջնում է մինչև Գայլ գետի ափերը, որը հոսում է լեռան ստորերկրայքում: Գետի սքանչելի եզերքը զարդարած են արմավենի ծառերով: Այնտեղ Բախտը արագ ձեռքով պտտեցնում է աշխարհի անիվը՝ Չարխի-Ֆալակը: Անիվի յուրաքանչյուր թևքի վրա Բախտը փորագրել է մի-մի գրություն: Այդ գրությունների յուրաքանչյուրը բովանդակում է իր մեջ մի գաղտնիք: Օրինակ, մեկը ցույց է տալիս, թև ինչպես պետք է գտնել թաքուցած գանձերը. մյուսը սովորեցնում է, թե ինչպես պետք է պատրաստել էլեքսիրը, որի միավորությամբ ամեն մետաղ ոսկի է դառնում. երրորդը ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում գոհարների լեռները, չորրորդը ուսուցանում է, թե ո՛րպես բժշկության մեջ պետք է գտնել անմահության կաթիլը, հինգերորդը տալիս է իշխանություն, թագավորություն, փառք, մի խոսքով, անիվի յուրաքանչյուր թևքի վրա արձանագրված է մի-մի թիլիսման մարդկային բախտավորության համար, որոնց դեռ մարդու հանճարը չէ հասել: Անիվը առանց կանգ առնելու անդադար պտտվում է: Նա կանգ է առնում տարվա մեջ մի անգամ միայն, այն ևս մեկ րոպեով: Այդ լինում է Համբարձման գիշերը, երբ երկինք ու գետինք գրկախառնվում են և համբուրվում են միմյանց հետ: Մարդիկ սպասում են հենց այդ րոպեին: Երբ հաջողվում է նրանց հասնել մինչև Չարխի-Ֆալակը, նրանք պետք է ձեռքում պատրաստ ունենան մոմից շինած թերթեր, որ անիվը կանգնելու րոպեում իսկույն կպցնեն նրա թևքի վրա: Խորհրդավոր թիլիսմաններից մեկը դրոշմվում է մոմի վրա, և մարդը ստանում է այն շնորհներից մեկը, որ Բախտը վիճակում է նրան: Բայց այդ շնորհներին խիստ հազիվ անգամ հասնում են մարդիկ, որովհետև նույն րոպեում, երբ անիվը կանգ է առնում, նրանց տիրում է խորին թմրություն, նրանք քնում են, և անողոք անիվը դարձյալ շարունակում է իր արագ պտույտը…
Մեզ մնում էր մի հնություն ևս տեսնել և մեր այնօրվա արշավանքը դրանով պետք էր վերջացած համարել, այդ էր` Մըհերի դուռը: Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, ուր մենք տեսանք Չարխի-Ֆալակը, ժայռի արևմտյան կողմում, քարի ճակատը քառակուսի ձևով տաշված է: Քառակուսին իր ահագին շրջանակի ձևովը՝ դռան ճիշտ նմանություն ունի: Այդ դռան մակերևույթը, որ բավական խորն է ընկած, ամբողջապես ծածկված է բևեռագիրներով: Ժողովուրդը դրան կոչում է Մըհերի դուռ: Այստեղ է Վանա ամենաընդարձակ արձանագրությունը: Այդ քարեղեն դռան ետևում, ժողովրդի ավանդությամբ, իր ձիու հետ բանտարկված է Մըհեր անունով մի անձնավորության: Այնտեղ ժայռի սրտումը, մի քարայրի մեջ, արգելված է այդ սարսափելի հսկան: Մի օր նա կխորտակե իր շղթաները և, իր ձիու վրա նստած, դուրս կսլանա քարայրից, վրեժխնդիր կլինի իր թշնամիներին, և կմաքրե հայոց աշխարհը չարությունից…
Այսպիսի մի առասպել միայն հայ մարդու երևակայության ծնունդը կարող էր լինել: Նրա դարևոր աննախանձելի վիճակը ստեղծել է նրա համար մի այսպիսի հույս և ակնկալություն: Միհրը կամ ժողովրդի բարբառով Մըհերը, հայոց արեգակն է: Այդ ամենահին աստվածը բանտարկված է, և հայոց աշխարհում տիրում է խավարն ու չարությունը: Մի օր նա դուրս կգա իր արգելանից և կրկին լույս ու արդարություն կսփռե հայոց աշխարհում: Ժողովուրդը լեգենդական լեզվով ասում է այդ, ասում է և հավատում է իր ասածին, և` սպասում է…