Իմ խոսքը, դու էլ կհասկանաս, Դավիթ, ավելի ազնիվ և բարեխիղճ ծառայողների մասին է, որոնք թեև իրանց հայրենիքին մի օգուտ չեն հասցրել, բայց ուղղակի վնաս էլ չեն տվել: Իսկ ո՜րքան շատ է այն դավաճանների թիվը, որոնք մի արյունոտ գործիք դառնալով օտարների ձեռքում, սկսել են իրանց հայրենիքը ավերակ դարձնել, սկսել են իրանց հարազատ եղբայրներին կոտորել: Թե առաջիններին և թե վերջիններին ես շատ չեմ զանազանում միմյանցից: Զանազանությունը այսքան է միայն, որ մեկը վնասում է ուղղակի կերոպվ, գիտակցաբար, իսկ մյուսը վնասում է կողմնակի կերպով, անգիտակցաբար: Մեկը, իբրև ծախված դավաճան, Վասակի նման արյունով և կրակով լեցնում է Հայաստանը, իսկ մյուսը, իբրև բարեխիղճ Վարդան, պարսից զորքերի գլուխն անցած, Քուշանների հետ է պատերազմում և իր հաղթություններով ուժ և զորություն է տալիս Հայաստանի թշնամուն: Ի՞նչ ես կարծում, Դավիթ, դա նույնքան վնասակար չէ՞, որպես առաջինը: Ես գոնե վնասակար եմ համարում: Ես կարծում եմ, եթե Վարդանը վերջը իր սուրը չդարձներ պարսիկների դեմ, նույնքան վնասակար կլիներ, որքան Վասակը: Ծառայել հայրենիքի թշնամուն, իր ազգի կործանողին, բարձրացնել նրա փառքը և զորությունը, – այդ նշանակում է ի վնաս իր ազգի գործել: Մեծ տարբերություն չկա այդ երկու մտքերի մեջ` գող լինել կամ գողի բարեկամ: Օտարի ծառայությունը մի այսպիսի բան է, որովհետև բոլոր օտարները մեր թշնամիներն են: Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք: Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու: Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար. ուրիշ ոչ ոք մեղավոր չէ…
Ես գիտեմ քո մեծահոգությունը, Դավիթ, դու այն տեսակ մարդիկներից ես, որոնց համար հայրենիք և ազգություն չկա, որոնց հայրենիքը լայնածավալ աշխարհն է, իսկ ազգությունը` ընդհանուր մարդկությունը: Դու պատրաստ ես օգնել ամեն տեղ, ուր խեղճություն և բռնություն կգտնես: Բայց «շապիկը ավելի մոտ է մարմնին»… «Պետք չէ Իսրայելի որդիների հացը ձգել հեթանոսների շներին…»: Հիշո՞ւմ ես այդ ավետարանական խոսքը: Մեր զավակներին քաղցած թողնելով, օտարների որդիների հացի մասին հոգալը մի մեծ առաքինություն չի համարվի մեզ համար: Մենք այնքան սակավ միջոցներ ունենք, մեր ուժերը այնքան անբավական են մեզ համար, որ պետք է խնայենք նրանց, իսկ մենք աննպատակ կերպով սպառում ենք…
Ես ոչինչ նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հրոչակին, որ հայը ստանում է օտարների ծառայության մեջ: Ես այդ համարում եմ մինչև անգամ մի տեսակ հանցանք դեպի մայրենի երկիրը, ես այդ համարում եմ մի տեսակ ապերախտություն դեպի այն ազգը, որի արյունն է կրում մարդ: Այդ խոսքերը թող չվիրավորեն քեզ, Դավիթ, ես խոսում եմ ընկերի և բարեկամի հետ: Ինչո՞վ ես դու կատարում քո պարտքը դեպի հայրենիքը: Ախար այն մարմինը, այն արյունը, այն սիրտը, այն հոգին – բոլորը, ինչ որ ունես դու, պատականում են քո հայրենիքին, բոլորը այստեղից ես ստացել: Ինչո՞ւ չես հետ տալիս նրան այն, որ ստացել ես: Մի՞թե դու այն վատ պարտազանցներից մեկը չես լինի, եթե կուրանաս քո վճարը: Այս, կլինես, և մեզանից ամեն մեկը նույն վատությունը արած կլինի, եթե այդպես կվարվի…»:
Հետո նա Դավիթ բեկի ուշադրությունը դարձնում էր Սյունյաց աշխարհից նրան ուղարկցված հանրագրի վրա, հորդորում էր ժողովրդի ներկայացուցիչների ձայնը հարգել, հորդորում էր թողնել վրաց ծառայությունը և փութով աճապարել դեպի հայրենիքը: Նկարագրում էր Հայաստանի խառնաշփոթ քաղաքական դրությունը, բացատրում էր պարսից պետության ջլատումը և նրա օրըստօրե քայքայումը, որից պետք էր օգուտ քաղել, նպատակահարմար ժամանակը չկորցնել և ժողովուրդը ազատել այդ ազգի բարբարոսությունից: Հետո մի փոքր գգվելով իր ընկերի անձնասիրությունը, նա ավելացնում էր.
«Մեր ազնվական դասը փչացած է, Դավիթ, նրանց վրա մեծ հույս դնել չի կարելի: Դարերի ընթացքում, պարսից ազդեցության ներքո, ազնիվ արյունը նրանց երակներում խարդախվեցավ: Այժմ ժողովրդին պետք է փրկե ժողովրդի մարդը, նրա միջից դուրս եկած, նրա հարազատ որդին: Ո՞վ կարող է լինել այդ մարդը, բացի քեզանից, Դաթիթ, բացի մի անձից, որ իր վրա փորձել է ժողովրդի բոլոր տանջնաքը, բոլոր ցավերը: Քո կոչումը մեծ է այդ գործի մեջ: Հանգամանքներն ստեղծեցին քեզ ժողովրդի փրկիչը լինել: – Եվ այդ պիտի կատարես դու…»:
– Կկատարե՜մ… – ասաց նա խորին ցավակցությամբ և նամակը ցած դրեց:
Բ
Այնուհետև Դավիթ բեկը հրամայեց կանչել իր մոտ նամակաբերին:
– Ինչպե՞ս է քո անունը, – հարցրեց, երբ հայտնվեցավ նա:
– Աղասի, ձեր ծառան, – պատասխանեց նամակաբերը, մի առանձին անձնավստահությամբ կանգնելով Բեկի առջև: – Իմ հայրը մելիք Վարթանեսի մոտ տնտես էր, իմ մայրը այնտեղ լվացարար էր. ես նրանց ընտանիքի մեջ եմ ծնվել և նրանց հացով եմ մեծացել: Նրանց տան կործանման ժամանակ իմ հայրը սպանվեցավ. անիրավ պարսիկները նրան խենջարներով ծակծկեցին, ստիպում էին, որ ցույց տա մելիքի բոլոր հարստությունը: Բայց հայրս լուռ մնաց և ավելի լավ համարեց մեռնել, քան իր տիրոջ կայքերի մատնիչը լինել: Նրանից հետո մայրս շատ չապրեց, կսկիծը նրան շուտով գերեզման տարավ, երբ ես Ստեփաննոսի հետ գերի ընկա Ֆաթալի խանի ձեռքում: Երբ Թորոս իշխանը մեզ ազատեց, այնուհետև ես չբաժանվեցա Ստեփաննոսից: Որպես իմ հայրը ծառայել էր նրա հորը, ես էլ սկսեցի ծառայել որդուն:
– Այդ բոլորը լավ, – նրա խոսքը ընդհատեց Բեկը. – դու այն ասա՜, հիմա ի՞նչ է շինում քո տերը:
– Ի՞նչ կարող է շինել թևքերը կարված արծիվը. նրա հոր երկրներին այժմ տիրում է ուրացող մելիք Ֆրանգյուլը. ինքը իշխանը գլուխ դնելու տեղ չունի. մնում է նրան Քորօղլուի նման թափառել մի տեղից մյուս տեղ, պատժել, վրեժխնդիր լինել ուր որ անիրավություն, անարդարություն կտեսնվի:
– Մարդիկ ունի՞ իր ձեռքի տակ:
– Մի փոքրիկ խումբ միայն, բայց այդ խումբը արժե հազար մարդու. բոլորը մեր երկրի քաջերից ընտրյալներն են, բոլորը մի հոգու պես կապված են իրանց սիրելի պետի հետ:
– Դո՞ւ էլ իշխանի խմբից ես:
– Այո՜:
Դավիթ բեկին մեծ բավականություն էր պատճառում խոսակցությունը իր հայրենակցի հետ. այդ մասամբ լցուցանում էր տարիներով տարագիր երիտասարդի սրտի կարոտությունը: Նա հրամայեց Աղասուն նստել իր մոտ: Աղասին տեղավորվեցավ խարույկի մոտ, օթոցի վրա: Նրան շատ զարմացնում էր Բեկի անշուք կացությունը: Նա սպասում էր գտնել վրաց թագավորի հռչակավոր զորապետին փառավոր պալատի մեջ, շրջապատված աշխարհի բոլոր շքեղություններով: Իսկ այժմ ի՞նչ էր տեսնում, – մի գետնափոր խրճիթ, որի նմանը Սյունյաց երկրի ամեն մի գյուղացին ուներ: Որքաա՞ն աղքատություն է տիրում այդ երկրում, մտածում էր Աղասին. երբ երկրի նշանավոր պետական մարդը այդպես է ապրում, ապա ի՞նչ կլինի խեղճ ժողովրդի դրությունը:
Աղասու մտածությունները ընդհատեց Բեկը, հարցնելով, թե մելիք Ֆրանգյուլը և Դավիթ ուրացողը ի՞նչ տեսակ հարաբերությունների մեջ են:
– Որպես երկու շներ, – պատասխանեց Աղասին, – միմյանց խեղդում են, և ամեն մեկը աշխատում է մյուսի ձեռքից ոսկորը խլել:
– Խանը որի՞ն ավելի է համակրում:
– Խանը իր օգտին է նայում, որը ավելի շատ կաշառք է տալիս, նրա խոսքն է լսում:
Դավիթ բեկի տան մեջ բնակվում էր մի վրացի ընտանիք նրա սեփական գյուղի ճորտերից: Այդ գյուղը Բեկը ընծա էր ստացել վրաց թագավորից, այն փառավոր հաղթությունից հետո, որ նա կատարեց լեզգիների դեմ: Բեկի ամբողջ տնտեսությունը այդ ընտանիքի ձեռքումն էր. հարսները և աղջիկները ծառայում էին որպես աղախիններ, իսկ տղամարդիկը` որպես սպասավորներ: Նրանք ընտանեբար, առանց քաշվելու, անդադար ներս էին մտնում և դուրս էին գալիս, իրանք էլ չհասկանալով, թե ինչ բանով են զբաղված: Բեկը հրամայեց ընթրիք պատրաստեն:
Մի քանի կնիկներ մոտեցան խարույկին, հատակի կենտրոնում թավալված գերանների ծայրերը մոտեցրին միմյանց, կրակը բոցավառվեցավ, տարածելով իր շուրջը խիստ ախորժ լուսավորություն: Խարույկի վրա, առաստաղից քարշ էին ընկած մի քանի շղթաներ, ջահեր կախ տալու շղթաների նման: Նրանց ծայրերը վերջանում էին կեռ կարթերով և հասնում էին մինչև խարույկը: Նրանցից կրակի վրա քարշ էին տալիս մեծ և փոքրիկ կաթսաներ, երբ պետք էր մի բան եփել: Կնիկները քարշ տվեցին կաթսաները և սկսեցին ընթրկքի պատրաստություն տեսնել: