Դավիթ Բեկ - Րաֆֆի 6 стр.


Խանի ամբողջ դիվանը հրապարակի վրա սպասում էր նրան: Մի տեղ գետնի խոտերի վրա նստած էր ֆարրաշբաշին (ֆարբաշների կամ ժանդարմների գլխավորը), աչքերը արյունով և անգթությամբ լցված մի մարդ: Նրա շուրջը խմբող կանգնած էին անողորմ ֆարրաշները, ձեռները իրանց դաշույնի վրա դրած: Գանգատավորները, հավաքված այնտեղ, աղաղակում էին, խնդրում էին ֆարրաշբաշուն, որ իրանց դատը հայտնե խանին: Շատերը մոտենում էին, չոքում էին նրա առջև և ականջին փսփսալով, կաշառք էին խոստանում: Մի տեղ նստած էր խանի գլխավոր մունշի-բաշին, այսինքն` միրզաների կամ գրագիրների մեծավորը: Նա մի մաշված, ցամաք մարդ էր, և հաճախ աֆիոն ընդունելուց դեմքը դեղնել, դալկացել, մեռելի գույն էր ստացել: Նրա հաստ գոտիի մեջ, առջևից խրած թղթերի փաթոթները բովանդակում էին իրանց մեջ խանի ամբողջ արխիվը, որ նա իր գոտիումն էր ման ածում: Այնտեղ էին տուրքերի, հարկերի հաշիվները. այնտեղ էին պաշտոնական թղթերի օրինակները. այնտեղ էին դատերի, վճիռների արձանագրությունները, – բոլորը թղթերի կտորտանքի վրա գրած, և խառն, անկարգ կերպով, խողովակի ձևով, միմյանց վրա փաթաթած: Նուն գոտիի մեջ խրած էր նրա երկայն, նախշուն թանաքամանը իր բազմաթիվ եղեգնյա գրիչներով: Նույն գոտիից քարշ էր ընկած բազմաթիվ կնիքների մի փունջ, հագիկ կոչված քարի վրա փորված, և արծաթի կոթերով բռնված: Մունշի-բաշիի շուրջը հավաքված էին իր ստորադրյալ միրզաները (գրագիրները). նրանք էլ ունեին իրանց գոտիի մեջ թղթերի փաթոթներ և թանաքամաններ: Այստեղ նույնպես բազմությունը զանազան խնդիրքներով դիմում էր մունշի-բաշիին` խանի գլխավոր քարտուղարին, այս և այն թղթերն էր պահանջում: Այստեղ նույնպես շատերը մոտենում էին, չոքում էին նրա առջև և ականջին բաներ էին փսփսում…

– Այս մարդու թուղթը պատրաստ չէ՞, – դառնում էր նա գրագրներից մեկին:

– Պատրաստ է:

– Ինչու՞ չեք տալիս:

– Դեռ րուսումը չեմ ստացել:

Րուսումը այն ընծան էր, որ պիտի տար թղթի ստացողը գրագրին: Հետո սկսվում էր երկար սակարկություն այդ ընծայի քանակության մասին: Կաշառակերությունը կատարվում էր հրապարակավ, որովհետև դա ընդունված մի սովորություն էր:

Բազմության մեջ մի դղրդոց ընկավ և դեպի ամեն կողմ տարածվեցավ խուլ շշունջ` «խանը գալիս է»: Բոլորը ոտքի վրա կանգնեցան:

Կանանոցի կողմից հայտնվեցավ խանը: Նրա առջևից ընկած էին մի խումբ շաթրներ, իսկ ետևից գալիս էին մի խումբ ֆարրաշներ: Ինքը միայնակ, մեջտեղում, վառվում էր ոսկու, արծաթի և գոհառների մեջ:

Մինչև դիվանխանեն հասնիլը բավական տարածություն կար: Մի քանի տեղ կանգնեցրին նրան:

– Խան, քո ոտներին մատաղ լինենք, – խնդիր ունենք… – ձայն տվեցին մի քանի հոգի, որ ճանապարհի եզրում չոքած անդադար համբուրում էին գետինը:

Դրանք գյուղացիներ էին, որ կռիվ էին ունեցել ուրիշ գյուղացիների հետ, մի քանիսը վիրավորված էին, և վերքերի արյունը տեսնվում էր նրանց հագուստի և երեսների վրա:

– Ֆարրաշբաշի, – հրամայեց խանը իր ժանդարմների գլխավորին, – մարդիկ կուղարկես, բռնել կտաս այն չարագործներին, և քանի հոգի որ լինեն, յուրաքանչյուրից քսան թուման ջարիմա (տուգանք) առնել կտաս, լավ պատժելուց հետո:

Գանգատավորները գետինը համբուրելով, սկսեցին գոհություն հայտնել և օրհնել խանի կյանքը: Խանը անցավ:

– Ձեր ոտներին մատաղ լինեմ, – ասաց ֆարրաշբաշին հազիվ լսելի ձայնով. – մյուս գյուղացիների մեջ նույնպես վիրավորներ կան և երկու հոգի սպանված են…

– Այդ միևնույն է, – պատասխանեց խանը, – որովհետև դրանք առաջ գանգատվեցան, պետք է դրանց դատը վճռել. հետո կլսեք, թե մյուսները ինչ են ասում…

Պարսկական դատաստանի կետից շատ ճիշտ էր խանի վճիռը: Երկու գյուղի մարդիկ միմյանց հետ կռվել էին. մի կողմը շտապեց, գանգատվեցավ և բավականություն ստացավ: Երբ կհայտնվեր մյուս կողմը, նրան էլ «կլսեին», այն ժամանակ առաջինների պատիժը գուցե ավելի սաստիկ լիներ. և այսպիսով երկու կողմն էլ «ջարիմա» վճարած կլինեին, և այդ ավելի օգտավետ էր խանի գանձարանին:

– Խան, քո ոտներին մատաղ, խնդիր ունենք… – ձայն տվեցին մի քանի հոգի, որոնք նույնպես ճանապարհի եզրի վրա չոքած համբուրում էին գետինը:

Դրանք նույնպես գյուղացիներ էին, որոնց ոչխարները գողացել էին, բայց գողը հայտնի չէր. ոչխարների տերերը «կասկած» էին հայտնում գող Քերիմի վրա, ասում էին նրա գործն է: Խանը հրամայեց Քերիմին կալանավորել, ոչխարները առնել, իրանց տերերին հանձնել, և հիսուն թուման էլ «ջարիմա» առնել Քերիմից հօգուտ գանձարանի: Արդյոք Քերիմը հանցավոր էր այդ գողության մեջ, թե ոչ, – քննություն չեղավ: Քննությունը միշտ մնում էր վճռից հետո: Այսինքն, երբ Քերիմից ոչխարները կառնեին գյուղացիներին կհանձնեին, և հիսուն թուման էլ «ջարիմա» կառնեին հօգուտ գանձարանի, – այնուհետև երբ կհայտնվեր, որ Քերիմը մեղավոր չէ, այն ժամանակ կրկին ոչխարները գյուղացիներից կառնեին և կտային Քերիմին, և հիսուն թուման էլ նրանցից «ջարիմա» կառնեին, որովհետև սուտ ասեցին: Այսպիսով երկու կողմից էլ գանձարանը կշահվեր, բացի դրանից, ոչխարները անդադար մեկից առնելով և մյուսին տալով, ամեն անգամ «դահեք» (տասանորդ) կվերառնեին նույնպես հօգուտ գանձարանի:

Այսպես, խանը մինչև իր դիվանխանեն կամ դատարանը հասնելը, ճանապարհին, ոտքի վրա, մի քանի գանգատներ լսեց, մի քանի վճիռներ տվեց, բոլորը մի խոսքով, բոլորին րոպեական ուշադրություն դարձնելեն հետո: Դրսում, բաց օդի մեջ, ավելի հեշտ էր դատախազներին իրանց բողոքները նրա ականջին հասցնել. բայց երբ նա մտնում էր իր դիվանխանեն, այն ժամանակ բոլորովին անմատչելի էր դառնում: Գանգատավորը պետք էր ֆարրաշբաշուն դիմեր, մունշի-բաշուն դիմեր, և ով է իմանում, հարյուրավոր շունուգայլի պետք է դիմեր, մինչև նրան թույլ կտային մերձենալ խանին և իր գանգատը հայտնել: Բայց մինչև այդ թույլտվությունը ստանալը, նա ստիպված էր ամենին «փեշքեշներ» տալ…

Խանը արդեն մոտեցել էր դիվանխանեին: Ամբոխը ամեն կողմից հետ էր քաշվում և մինչև գետին գլուխ էր տալիս: Ֆարրաշները իրանց ձեռքի վարոցներով գանակոծում էին հանդիպողին, ով որ փոքր-ինչ ուշ էր շարժվում և ճանապարհ չէր բաց անում: Բրո՛… բրո՛… (հեռացի՜ր, հեռացի՜ր) գոչում էին շաթրները: Երկյուղը և սարսափը, տենգային ցնցումների նման, անցնում էին ամբողջ ամբոխի մեջ: Մի մեռելայն լռություն տիրել էր այդ ահագին բազմության վրա, միայն լսելի էին լինում ֆարրաշների ու շաթրների զգուշացուցիչ ձայները: Հանկարծ հեռվից մի աղաղակ բարձրացավ և ամբոխի ուշադրությունը դարձավ դեպի այն կողմը:

– Այրվեցա՛ն… այրվեցա՛ն… հայերը այրվեցա՛ն… – լսելի եղան խուլ ձայներ:

Կարծես, մի ահագին հրդեհ բոցավառվում էր խանի դիվանխանից փոքր-ինչ հեռու: Թանձր ծուխը, խառն հրեղեն ալիքների հետ, բարձրանում էին դեպի երկինքը: – Այդ ի՞նչ է այրվում, – հարցրեց խանը, կանգնելով դիվանխանեի առջև:

– Հայեր են… – պատասխանեց Ֆարրաշբաշին, այնպիսի մի սովորական եղանակով, կարծես թե այրվող նյութը փայտ, խոտ կամ հարդ լիներ:

Ֆարրաշները հրամայեցին ամբոխին ետ քաշվել, որ խանը տեսնե այդ տարօրինակ տեսարանը:

Բոցերի և թանձր ծխի միջից երևում էին մի քանի մարդիկ. մայրը գրկել էր իր երեխան, ծերունի հայրը ընկած էր որդու բազուկների վրա. մի քանիսը, անշարժ կանգնած, ձեռքները դեպի երկինք բարձրացրած, գոչում էին` «գթությու՛ն… գթությու՛ն»… մի քանիսը ընկած էին գետնի վրա, ձայն չէին հանում… Տեսարանը սոսկալի էր: Այրվում էին կենդանի մարդիկ: Այրվում էին ամբողջ մարմնով, յուղի մեջ թաթախված պատրույգների նման: Ոչ ոք չէր մոտենում այդ տարօրինակ հրդեհը շիջուցանելու համար: Նա պիղծ էր, նա կարող է ուղղափառ մահմեդականին պղծել: Բոցերը փոքր առ փոքր լափում էին նրանց և կանգնածները գլորվում էին ցած: Մի մարմին ընկնում էր ուրիշ մարմնի վրա և ձևացնում էր դիակների մի կույտ – մի մարդկային խարույկ, որ ավելի հեշտ կարող էր վառվել: Բոցերի միջից դեռ լսելի էին լինում խուլ հառաչանքներ, շարժվում էին ձեռքեր, որ բարձրանում էին դեպի սառնասիրտ երկինքը… Մեղմ քամին տարածում էր ճենճերային խանձահոտությունը դեպի ամեն կողմ: Դա մի կատարյալ մարդազոհ էր, որ նվիրվում է աստվածներից ամենաանգութին:

Այրվում էին կանայք, երեխաներ, այրվում էին ալևորներ և առույգ տղամարդիկ: Այդ սարսափելի ողջակեզը կարող էր ամեն մարդու վրա սոսկալի տպավորություն գործել, բայց խանի մեջ նա բարձրացրեց ծիծաղ և մի տեսակ գազանային զվարճություն: Նա առանց ժպտելու չէր կարողանում նայել այդ սիրտ կտրատող տեսարանի վրա, որպես Ներոնը նայում էր Հռոմի հրդեհին: Նա զարմանում էր այդ թշվառների սատանայական հնարագիտության վրա, թե ինչ խորամանկ միջոց էին ընտրել դարձնելու իրենց վրա խանի բարձր ուշադրությունը: Նրանք գանգատավորներ էին: Մի քանի ամբողջ ամիսներ դեգերվում էին խանի չադրների մերձակայքում, բայց ոչ ոք թույլ չէր տալիս նրանց մոտենալ և իրանց գանգատը հայտնել խանին: Հուսահատությունը ստիպեց դիմել այսպիսի սոսկալի ձեռնարկության: Նրանք օծեցին իրանց մարմինը և հագուստը նավթով, նրանք անցկացրին իրանց պարանոցը նույնպես նավթի մեջ թաթախված հասիրներ, և կրակ տվեցին… Այդ բոլորը խիստ ծաղրաշարժ էր թվում խանին:

Մարմինները դեռ ծխում էին: Թանձր մուխը պատել, պաշարել էր նրանց: Երբեմն միայն բարակ լեզուների նման հայտնվում էին բոցերի գունատ շառավիղներ, դողդողում էին, պտույտվում էին և իսկույն մարում էին ծխի թանձրության մեջ: Դրանք թշվառ զոհերի վերջին բողոքը, վերջին մրմունջն էին արտահայտում…

Հասարակության ուշադրությունը այդ միջոցին դարձրած էր դեպի մի մանկահասակ պատանի, որ չկարողանալով դիմանալ կրակի զարհուրանքին, դուրս էր պրծել իր մոր գրկից և ընկած էր խարույկից հեռու: Հանկարծ մի մարդ շուտ վրա հասավ, ջրով թրջած իր վերարկուն շտապով ծածկեց նրա վրա, և այսպիսով հանգցրեց նավթի բոցերով բռնկված նրա հագուստից կրակը: Հետ քաշելով վերարկուն, նա սկսեց խնամքով մերկացնել մանուկին, որովհետև կիսավառ հագուստը դարձյալ այրում էր նրա մարմինը: Մազերը և մինչև անգամ աչքերի թերթերունքը բոլորովին խանձված էին: Պատանին ուշաթափության մեջ էր գտնվում, բայց կյանքի նշույլները իսպառ անհետացած չէին: Երեսի կաշին այրված էր, իսկ մարմնի վրա երևում էին մի քանի մրկած տեղեր:

– Ի՞նչ պիտի անես այդ լակոտին, Ահմեդ, – հարցնում էին նրա շրջապատողները:

– Ես նրան կառողջացնեմ և ինձ որդի կշինեմ, – պատասխանեց ծերունի ներքինապետը ծանրությամբ:

– Գավուրի՞ն, – գոչեցին ամեն կողմից զզվանքով:

– Ես նրան մահմեդական կդարձնեմ:

Թեև ծերունի Ահմեդը հավատքով ծածուկ քրիստոնյա էր, բայց այդ խոսքը ասաց նա իր շրջապատողների մոլեռանդությունը չգրգռելու համար: Լսելով թշվառ գյուղացիների արկածքը, նա շտապեց, եթե կարելի կլիներ, բոլորին օգնություն հասցնել. բայց մինչև իր գալը ամեն ինչ վերջացած էր… Նա կարողացավ ազատել այդ մանուկը միայն:

Բայց նրանից առաջ, երբ բոցերը ճարակում էին իրանց բոլոր դժոխային արհավիրքով, երբ զոհերը մրմնջում էին, երբ թանձր ծխի միջից լսելի էր լինում «գթությու՛ն… գթությու՛ն»… հառաչանքը, – նրանց մոտից անցան հայոց ժողովրդի երկու ներկայացուցիչները` մելիք Ֆրանգյուլը և մելիք Դավիթը: Երկուսն էլ իսկույն հասկացան եղելությունը և այդ թշվառների հուսահատ անձնասպանության դրդիչ պատճառները: Մելիք Դավիթի դեմքի վրա անցավ տխրության մի ամպ, նա ամբողջ մարմնով սոսկաց, սիրտը սկսեց դողդողալ և ոտքերը սկսեցին կարկամիլ: Այդ խղճի և ցավակցության զգացմունքը չէր, որ այսպես շանթահարեց նրան. դա եղեռնագործի, դա չարագործի այն սոսկումն էր, որի գազանային խռովությունը անցնելուց հետո, հանկարծ տեսնում է իր աչքի առջև անմեղ զոհերը… և նոր է հասկանում հանցանքի մեծությունը: Իրանց անձը այրողները տաթևացիներ էին, մելիք Դավիթի կառավարությանը հանձնված հարստահարյալներ էին: «Ուրացողը» այն աստիճան կողոպտել էր նրանց, այն աստիճան ծանրաբեռնել էր զանազան տուրքերով, որ վերջին ժամանակներում անկարող էին վճարել: Չարագործը նախ սկսեց ծախել տալ նրանց տնային կարասիքը, անասունները, իսկ երբ դրանք էլ սպառվեցան, սկսեց այնուհետև վաճառել նրանց զավակները մահմեդականներին: Մի այսպիսի բարբարոսության անկարող էր համբերել աղքատ և ապրուստի ամեն միջոցներից զրկված գյուղացին: Նա սովորած էր ինչքի և կայքի հարստահարության, բայց իր սիրելի զավակների մահմեդական դառնալուն չէր կարող համբերել: Նա ավելի բարվոք կհամարեր, որ նրանք մեռնեին, ոչնչանային, քան թե կրոնափոխ լինեին: Մելիք Դավիթի անգթությունները կատարյալ գազանության էին հասնում: Նա տանջում էր հայերին ավելի, քան մի թյուրք, մի պարսիկ, կամ մի այլ մահմեդական: Անճարացած ժողովուրդը կամենում էր դիմել խանին, հայտնել իր ցավերը և արդարություն պահանջել:

Ժողովուրդը հույս ուներ, որ բռնակալ խանի մեջ կգտնե ավելի գութ, ավելի մարդասիրություն, քան թե մի հայ դավաճանի մեջ, որ փառքի և պաշտոնի համար վաճառել էր մինչև անգամ իր կրոնքը: Բայց խորամանկ մելիքը այնպես փակել էր բոլոր մուտքերը նրանց առջև, որ ոչինչ հնար չէին գտնում իրանց բողոքը հասցնելու խանի ականջին: Սկսյալ ֆարրաշբաշիից մինչև վերջին ծառայողը կաշառված էին մելիքից, որ այդ գյուղացիներին թույլ չտան խանին մոտենալ: Մի երկրում, ուր ամեն դատ կատարվում էր բերանացի, կամայական կերպով, ուր դատավորը մատչելի չէր ամենին, ուր ամեն գործ քննվում էր լոկ խոսքերով միայն, – այսպիսի հանգամանքներում դրանիկների բարեխոսությունը կամ նրանց չարախոսությունը, իհարկե, մեծ նշանակություն կարող էր ունենալ գանգատավորների վերաբերությամբ: Դրանիկները կարող էին դեպի ամեն կողմ ծռել դատավորի կամքը, որը միևնույն ժամանակ ժողովրդի տերն էր: Դրանիկները կարող էին գործը այնպես սարքել, որ իշխանը ամենևին տեղեկություն չստանար, թե ինչ է կատարվում ժողովրդի մեջ: Չափազանց անկարգությունները կառավարության մեջ միշտ ծնեցնում են ծայրահեղ միջոցներ նրանց բառնալու համար, այն է` ոչնչացնել անիրավ իշխանությունը արդարությունը վերականգնելու համար: Բայց դրա համար ժողովրդի մեջ բավական կյանք և բարոյական ուժ է հարկավոր: Այդ ժամանակներում (և մինչև այսօր Պարսկաստանի մեջ), ժողովուրդը այն աստիճան մեռած էր, որ սովորական իրերի կարգն էր անցել այն զրույցը, թե «հասիր կգցեմ բողազս, կգնամ խանի դռանը ինձը կայրեմ…»: Դա հարստահարված գյուղացու վերջին հուսահատական խոսքն էր, երբ կամենում էր, որ իր ցավերի վրա ուշադրություն դարձնեին: Լուկրեցիան խենջարը ցցելով իր կուրծքի մեջ, անձնասպան եղավ և իր մահվամբ բողոքեց անբարոյական Հռոմի դեմ: Իսկ հայ գյուղացին մահմեդական իշխանի դռանը իրան այրելով, բողոքում էր տիրող բռնության դեմ:

– Այդ բանից վատ հոտ է գալիս… – ասաց մելիք Ֆրանգույլը, դառնալով մելիք Դավիթին, երբ նրանց աչքին ընկավ սոսկալի տեսարանը:

Մելիք Դավիթը ոչինչ չպատասխանեց: Նա մտածում էր այն բանի վրա, թե ի՞նչ տպավորություն կունենա այդ անցքը խանի վրա: Նա պատրաստում էր պատասխան նրա համար: Իր մտքում հարյուրավոր պատճառներ էր հնարում, հարյուրավոր փաստեր էր ստեղծում իրան արդարացնելու համար, երբ խանը բացատրություն կպահանջեր նրանից սարսափելի անցքի մասին: Իսկ մելիք Ֆրանգյուլին տանջում էր մի այլ միտք: Նա երկյուղ ուներ, որ գյուղացիների ինքնասպանությունը գուցե կշարժեր խանի մարդասիրական զգացմունքը և դրանով կդժվարանար իրանց դիտավորությունը` հայ գերիների վաճառումը կամ իսպառ խափանելու կամ հետաձգելու մասին: Այդ նպատակով նրանք դիմում էին խանին, որ արգելեն հայ գերիների վաճառումը, և Թորոս իշխանին ձեռնաթափ հետ դարձնեն, որը այսօր գալու էր գերիներին գնելու: Իսկ այդ անիծված գյուղացիները վատ ժամանակ ընտրեցին իրանց այրելու: Այսօր պետք էր խանի անգթությունը իր գանազանային բորբոքման մեջ պահել: Իսկ այդ անիծված գյուղացիները փոքր-ինչ մեղմացրին նրա բարբարոսությունը: Ո՞ւմ սիրտը չի ցավի, տեսնելով երեխաներին և կնիկներին կրակի բոցերի մեջ… Այսպես էր մտածում մելիք Ֆրանգյուլը, երբ նրանք հասան խանի վրանի մոտ:

Խանը դեռը կանգնած էր իր վրանի առջև և նայում էր, թե որպես մի քանի հրեաներ երկաթե կարթերով, շան գեշերի նման, քարշ էին տալիս կիսախորով դիակները, տանում էին հեռու, ձգում էին մի փոսի մեջ և ծածկում էին հողով: Մահմեդականները չէին մոտենում նրանց, պիղծ էին համարում, այս պատճառով պիղծ ծառայությունը հանձնել էին նույնպես պիղծ հրեաներին, որոնք գործով եկել էին խանի բանակը:

Տեսնելով երկու մելիքներին, որոնք հանդիսավոր կերպով իր մոտ էին գալիս, խանը մի առանձին հեգնական ժպիտով դարձավ նրանց, ասելով.

– Տեսա՞ք, ինչ արեցին այդ հիմար հայերը…

Երկու մելիքները մինչև գետին խոնարհվելով, գլուխ տվեցին: Խանի ժպիտը քաջալերեց նրանց, և մելիք Դավիթը, օգուտ քաղելով նրա ուրախ տրամադրությունից, պատասխանեց.

– Հային ո՞վ է տվել խելք, եթե հայերը խելք ունենային, էլ ինչու՞ էին հայ լինում…

«Ուրացողի» շողոքորթությունը բավական դուր եկավ խանին, որը ձեռքը դնելով նրա ուսի վրա, ասաց.

– Այդ իրավ է, Բաղր բեկ (պարսիկները այսպես էին կոչում նրան), – եթե հայերը խելք ունենային, կհետևեին քո օրինակին, կընդունեին մեր սուրբ կրոնքը, և համ այս աշխարհում, համ այն աշխարհում վայելչություն կունենային: – Այսպես չէ՞ մելիք Ֆրանգյուլ. – հարցրեց նա վերջինից:

Մելիք Ֆրանգյուլը դարձյալ գլուխ տվեց, ասելով.

– Այո՜, խան, այդպես է, քո ոտքին մատաղ:

Խանը մտավ վրանի այն մասը, որ հատկացրած էր դիվանի համար: Նա նստավ իր համար առանձին պատրաստած թանկագին օթոցի վրա և հրավիրեց երկու մելիքներին նույնպես նստել: Նրանք տեղավորվեցան խանից ցած: Խանի դրանիկներից նրա մոտ նստեց միայն մունշի-բաշին, իսկ մյուսները ոտքի վրա կանգնած մնացին վրանի առջև: Այդ միջոցին անցավ այնտեղից ծերունի Ահմեդը, և հեռվից լուռ աչքով ակնարկելով խանի մանկահասակ սպասավորներից մեկին, կանչեց իր մոտ:

Назад Дальше