Եվ իրավ, հայ մարդու գերությունը և ստրկությունը իսկույն նկատվում է այդ երկրում, երբ մարդ փոքր-ինչ խորին կերպով ծանոթանում է ժողովրդի կենցաղավարության հետ: Երկրի արտաքին կերպարանքը խաբուսիկ է, կարող է մինչև անգամ սխալանքի մեջ ձգել անփորձ հետազոտողին: Երբ ջերմ, ամառային օրերում մարդ հեռվից նայում է Սալմաստա պայծառ արեգակի ճառագայթներով լուսավորված հովտին, տեսնում է դաշտերը, մշակված աշխատասեր ձեռքով, խոստանում են առատ հունձք. – տեսնում է` ցորյանը, գարին, բրինձը, բամբակը և ընդեղենների ամեն տեսակները, իրանց բեղմնավորությամբ ներկայացնում են խիստ գոհացուցիչ առատություն. տեսնում է` մրգաբեր այգիները լիացած են պտուղների ամենաազնիվ տեսակներով. – տեսնում է` խոտավետ արոտամարգերի վրա արածում են տավարների նախիրներ և ոչխարների հոտեր, – մի խոսքով, նա տեսնում է, որ բնությունը անխնա առատությամբ թափել է այստեղ իր հարստությունները: Նա սկսում է մտածել. «ո՜րքան բախտավոր ապրում են այստեղ մարդիկ»… Իսկ այդ ճոխությունները, բնության այդ պարգևները չեն պատկանում այն բյուրավոր աշխատող ձեռքերին, որոնք դաշտերի վրա, արևի կրակոտ բոցերի մեջ քրտինք են թափում:
Ահա գյուղերում, այստեղ և այնտեղ բարձրանում են ամրոցներ, որոնք իրանց հպարտ աշտարակներով և ատամնավոր պարիսպներով իշխում են շրջակայքի վրա, նրանց մեջ բնակվում են «աղաները» իրանց ախտերով և մոլություններով, – ահա նրանց է պատկանում երկրի բոլոր բեղմնավորությունը, նրանք են շռայլում մշակ մարդու աշխատավոր ձեռքի վաստակը:
Երեխայությանս ժամանակ, երբ ես որևիցէ անկարգություն էի անում, տատս և մայրս ամեն մեկը իր առանձին եղանակն ուներ ինձ սաստելու, որ վախենամ և հանգիստ կենամ: Տատս ասում էր. «Սու՜ս, սու՜ս, մարդագելը եկավ, քեզ կտամ կուտի»: – Մայրս ասում էր «Ձենդ կտրի՛, թե չէ, ֆերրաշին կկանչեմ»… Թե առաջին և թե վերջին սպառնալիքը իմ վրա միօրինակ ազդեցություն էին գործում. ես ֆերրաշից նույնքան էի վախենում, որքան գայլից: Բայց երբ փոքր-ինչ մեծացա, մարդագայլից այլևս չէի վախենում, որովհետև հասկանում էի, թե մարդը գայլ չի դառնա, բայց ֆերրաշի երկյուղը երբեք դուրս չեկավ իմ սրտից… Ինձ թվում է, որ այս րոպեիս էլ լսում եմ նրա մտրակի ձայնը ինձ թվում է, թե իմ ականջին զարկում են գյուղացու ցավալի հառաչանքները, և ես տեսնում եմ նրան թուլացած, ուշաթափ եղած հարկապահանջի անգութ գանահարությունից…
Քեռուս տունը, ուր տեղափոխվեցանք մենք, մեզ հասած դժբախտությունից հետո, գտնվում էր Քոհնա – Շահարում: Քոհնա – Շահար նշանակում է հին քաղաք. այսպես կոչում էին նրան Սալմաստա նոր քաղաքից որոշելու համար, որի անունը Դիլիման էր: Հին քաղաքը կորցրել էր իր անունը: Շատ հավանական է, որ դա լիներ մեր Զարեհավանը կամ Զարեվանդը, որի անունով մի ժամանակ կոչվում էր ամբողջ գավառը:
Այս քաղաքում բնակվում էին չորս ազգություններ` հայ, թուրք, ասորի և հրեա. յուրաքանչյուր ազգություն զետեղված էր առանձին թաղերում: Հայերը ունեին երկու եկեղեցի, իսկ ասորիները` մեկ: Հին քաղաքը արժանի էր իր կոչմանը, այստեղ, կարծես, մի քանի քաղաքներ շինված էին մինը մյուսի վրա: Նոր շենք կառուցանելու համար նյութեր պետք չէին. քանդում էին գետինը և հողի տակից դուրս էին բերում ահագին քանակությամբ աղյուս, կոփածո քարեր, և շատ անգամ բացվում էր մի ընդարձակ, ստորերկրյա բնակարան: Ո՜րքան փորձանքներ, ո՜րքան հեղափոխություններ պետք է կրած լիներ այդ քաղաքը. ո՜րքան ազգեր այնտեղ բնակվել և անհետացել էին. իսկ հայը, նրա նախկին բնակիչը, դեռ մնում էր: Արաբներից մնացել էր մի լայնատարած գերեզմանատուն միայն, գեղեցիկ զարդարած տապանաքարերով:
Քաղաքի բոլորովին սպառված մի անկյունումն էր գտնվում քեռուս տունը, մեծ հեղեղատի ափի մոտ: Այդ հեղեղատը գարնան անձրևների ժամանակ հորդանում էր, և քանդելով ավերակները, բերում էր իր հետ զանազան հնություններ: Ես շատ ուրախ էի լինում, երբ հեղեղը փոքրանում էր, որովհետև մեր դրացի երեխաների հետ գնում էինք գետի ափերի մոտ և ավազների միջից գտնում էինք հին դրամներ, կանանց զարդեր, և վաճառելով հրեա ոսկերիչներին, փող էինք ստանում:
Հայերի տները թեև փոքրիկներ էին, բայց հովանավորված պարտեզներով և ծառերով, գեղեցիկ տեսք ունեին: Բնակարանը, ասում են, խիստ խորին կապ ունի մարդու կյանքի ու բնավորության հետ: Այս մտքով, հայերի տների ձևը և նրանց ներքին ու արտաքին դիրքը, ոչ միայն մեծ նշանակություն ունեին բնակիչների ճաշակի մասին, այլ առավելապես արտահայտում էին նրանց վիճակը և հասարակական դրությունը: Տները շատ սերտ և անմիջական կերպով կցած էին մինը մյուսի հետ, այնպես, որ տանիքերի վրայով կարելի էր հայոց թաղի մի ծայրից մինչև մյուսը գնալ: Բոլոր տները ունեին գաղտնի հաղորդակցություն: Այդ հաղորդակցությունը պահպանվում էր զանազան ծակերի միջոցով, որ բացված էին մի տանից մյուսի մեջ: Ծակերը բացված էին աննկատելի տեղերում: Նրանցից շատերը այնքան նեղ էին, որ մի ձեռք միայն կարելի էր անցկացնել, և ծառայում էին ավելի բանավոր հաղորդակցության համար: Երբ պատահում էր մի անսովոր դեպք, մի քանի րոպեի մեջ թաղի մյուս ծայրում արդեն գիտեին: Ամեն մի լուր, ամեն մի խոսք, ծակերի միջոցով, կայծակի արագությամբ տարածվում էր ամբողջ թաղի մեջ, առանց մի մարդ իր տանից դուրս գալու: Ծակերից շատերն այնքան մեծ էին, որ կարելի էր, մանավանդ վտանգի ժամանակ, մի տան կայքը թաքցնել կամ տեղափոխել մյուսի մեջ, և կամ հարևանի մոտ ապաստան գտնել: Թաքստի համար յուրաքանչյուր տան մեջ կային ստորերկրյա մառաններ, որոնց գաղտնի մուտքը միայն տան տիրոջն էր հայտնի:
Ասեցի, հայոց թաղի բոլորովին սպառված ծայրումն էր քեռուս տունը, ուր մենք պատսպարան գտանք մեզ հասած դժբախտությունից հետո, այսինքն այն օրից հետո, երբ հորս պարտատերերը մեզ արտաքսեցին հայրենական տնակից: Ամենօրյա երկյուղը, գողերի և ավազակների հարձակումների հաճախ կրկնությունը ստիպել էին կանգնել տան շրջապարիսպը, որքան կարելի է, բարձր և հաստ պատերով, որոնք անձրևից և խոնավությունից ստացել էին մուգ-կանաչ գույն: Ժամանակի ավերող ձեռքը կիսով չափ մաշել էր շրջապարիսպի վերին մասը, բայց նա տակավին այնքան բարձրություն ուներ, որ կարող էր ընդդիմադրել ամենահանդուգն հարձակման: Պատերի քայքայված ճեղքերից բուսել էին մացառներ փշոտ ոստերով և մանրիկ տերևներով, որոնց միջից կանաչ մողեսները շատ անգամ դուրս էին նայում իրանց նենգավոր աչիկներով: Բայց ես մողեսներից չէի վախենում, երբեմն ձեռքով բռնում էի նրանց. ես վախենում էի միայն օձերից, թեև նրանք այնքան ընտելացած էին մեզ հետ, որ երբեք չէին կծում: Քեռուս տան մեջ այդ օձերի մասին պահված էին խիստ հետաքրքիր ավանդություններ. պատմում էին, թե նրանք թագավոր և թագուհի ունեն, թե երկուսի գլուխներն էլ գարդարած են ոսկի պսակներով, որոնք կրում են իրանց վրա աշխարհի ամենաթանկագին գոհարները: Ասում էին, թե իմ մեծ քեռին շատ անգամ տեսել էր նրանց, բայց չէր կամեցել խլել նրանց պսակները, որովհետև այդ օձերի հետ մի դյութական կապով կապված էր նրա տան բախտավորությունը:
Գլխավոր դուռը ներս էր տանում դեպի բավական ընդարձակ բակը, որ հովանավորված էր դարևոր թթենիներով և կեռասենիներով: Բակի մեկ ճակատում արևելյան ճաշակով շինված էին մի քանի մեծ և փոքրիկ սենյակներ, հնացած, քայքայված, և միայն իրանց ծերության մեջ պահպանած հնության պատկառանքը: Այս տունը շինված էր այն ժամանակ, երբ քեռուս պապը քաղաքի նշանավոր և հարուստ բնակիչներից մեկն էր. հարյուրավոր տարիներից հետո նա տակավին պահպանել էր վաղեմի վայելչությունը: Ծառերի հետ փաթաթած խաղողի որթերը համարյա թե գրկում էին իրանց ծոցի մեջ այդ կիսանահապետական բնակարանը, որի նմանը անտառներում կամ լեռների խուլ ձորերի մեջ միայն կարելի է տեսնել: Փողոցից հոսող վտակից բաժանված էր մի առվակ, որ անցնում էր բակի միջով և ոռոգում էր ոչ միայն պարտեզը, այլ պահպանում էր մի մշտական զովություն, որ ազատում էր բնակիչներին ամառային տոթերից:
Առհասարակ այդ հնացած և մաշված տունը իր ընդարձակությամբ դարձյալ մեծ հարմարություն ուներ քեռուս հոյակապ ընտանիքի համար, որ կազմված էր բազմաթիվ անդամներից: Մեծ քեռիս, այսինքն մորս հայրը, դեռ կենդանի էր. նրան բոլորը դա-դա (հայր) էին կոչում: Նա հինգ որդի ուներ, բոլորը ամուսնացած, բոլորը բազմաթիվ չափահաս և անչափահաս զավակների տեր էին: Մայրս իր եղբայրների միակ քույրն էր: Առհասարակ մի հատիկ քույրը միշտ սիրելի է լինում իր եղբայրներին, բայց մորս վերաբերությամբ ընդհակառակն էր պատահել: Մայրս այն հազվագյուտ բնավորություններից էր, որին անկարելի էր չսիրել: Բայց ի՞նչ էր պատճառը, որ նրա և իր ազգատոհմի մեջ տիրում էր մի տեսակ խուլ սառնասրտություն, մի տեսակ ծածուկ անհամակրություն, որը իսկույն աչքի էր զարկում: Այստեղ մի գաղտնիք կար, որ ինձ համար այն ժամանակ անհասկանալի էր, թեև ես չէի կարող չնկատել, որ քեռիներս խիստ անտարբերությամբ ընդունեցին իրանց քրոջ ամուսնու մահվան ցավալի բոթը, և կարծես ուրախ լինեին, որ աստծու արդար դատաստանը վերջապես պատժեց նրան: Այդ էր պատճառը, որ մեզ պատահած դժբախտությունից հետո մայրս խիստ դժվարությամբ հանձն առեց իր եղբայրների մոտ բնակվիլ, և եթե անճարությունն ու աղքատությունը չստիպեր նրան, գուցե այդ ծանր զիջողությունը չէր անի:
Քեռուս տան այն մասը, ուր տեղավորեցին մեզ, բոլորովին զուրկ էր ծառերից: Այստեղ գտնվում էր ախոռատունը, որի բակի մեջ կար փոքրիկ խրճիթ բաղկացած մի սենյակից և նախասենյակից, որ շինված էր ծառաների համար: Եվ որովհետև այժմ քեռիս ծառաներ չուներ, խրճիթը մնացել էր բոլորովին անբնակ. այնտեղ պահում էին տան կոտրատված և անպիտանացած կարասիքը: Այդ մթերքներին փոխարինեցինք մենք, որ մեր վիճակով շատ չէինք տարբերվում նրանցից: Այնուամենայնիվ, մենք գոհ մնացինք մեր բախտից, մաքրեցինք խրճիթը իր հին ապականությունից, շինեցինք և սարքեցինք նրան, թեև քայքայված առաստաղը և խարխուլ պատերը բոլորովին անզոր էին անձրևի հոսանքի առաջը առնելու, կամ պահպանելու մեզ վատ եղանակից:
Գ
ՀԻՆ ՄԵՂՔԸ
Աշունը մոտենում էր իր վախճանին:
Այդ առաջին աշունն էր, որին հանդիպում էինք մենք, քեռուս տունը տեղափոխվելուց հետո: Դաշտերը ստանում էին տխուր և գունաթափ կերպարանք. կանաչ մարգագետինները, օրըստօրե դեղնելով, մեռելային դեմք էին կրում: Անխղճաբար փչում էր սառը քամին և թափում էր մերկ ծառերի մնացած տերևները: Երկնքի խոժոռ և մոխրագույն դեմքի վրա գլորվում էին մթին ամպերի ահագին բեկորներ և արգելում էին արևի թույլ ճառագայթները: Խիստ տխուր եղանակով լսելի էր լինում կռունկների խուլ կռնչյունը, որոնք բարձր եթերքի միջով, եռանկյունի շարքերով, դիմում էին դեպի օտար աշխարհ: Ծիծեռնակներ ամենևին չէին երևում. նրանք վաղուց էին գաղթել: Միայն մրջյունները խիստ եռանդով կրում էին դեպի իրանց ամբարները ընդեղենների զանազան տեսակներ: Ամեն արարած պատրաստվում է ընդունել ձմեռը – իր անախորժ հյուրը:
Այս օրերը սակավ հոգսեր չպատճառեցին մորս: Ձմեռը, աղքատների թշնամին, մեզ պատժելու համար էր գալիս:
Մայրս իր հոր տունը տեղափոխվելուց մի քանի օրից հետո հրաժարվեցավ կերակուրներ ընդունել նրանց սեղանից և ապրում էր իր անկախ աշխատանքով: Նա շուտով հաշտվեցավ իր նոր վիճակի հետ, չկամենալով ծանրություն պատճառել իր եղբայրներին, որոնց շատ հաճելի չէր իրանց գերդաստանի վրա ընդունած նոր բեռը: Մայրս աղքատություն շատ էր կրած, բայց երբեք իր տան չքավորությունը օտարներին հայտնած չէր, թե ինչպես է ապրում, կամ ինչ միջոցներով է պահում իր երեխաներին: Նա բավական հպարտ կին էր: Նա ամեն հույս դրած էր իր աշխատող ձեռքերի և աստծո վրա: Բայց աստված շատ անգամ թույլ է տալիս, որ դժբախտությունը մինչև վերջին ծայր տանջե մարդուն: Այդ անում է նա, որպես ասում են, արարածների համբերությունը փորձելու համար: Մորս համբերությունը երկաթի ամրություն ուներ: Բայց երկաթն էլ փշրվում է, երկաթն էլ խորտակվում է…
Ես երբեք չեմ կարող մոռանալ մորս արտասվալի աչքերը, երբ առաջին անգամ, ինձ և երկու քույրերիս իր հետ առնելով, գնացինք դաշտը, հնձած արտերից թափված հասկերը հավաքելու: Դա մուրացկանության առաջին քայլն է, որին ենթարկվում է պատվավոր աղքատը: Մենք մի ժամանակ արտեր ունեինք, հունձք ունեինք, և մեր հունձը հավաքելուց հետո խուրձերից ընկած հասկերը թողնում էինք աստուծու աղքատներին և երկնքի թռչուններին: Բոլո՜րը կորցրինք, և այժմ ստիպված էինք ուրիշի արտերից հասկաքաղ1 անել… Արտերի կարճ խուզած տափարակի վրա, մխաթների նման վեր ցցված ձողերի սուր ծայրերը ծակծկում էին իմ և քույրերիս բոլորովին մերկ ոտները: Բայց մենք ցավ չէինք զգում: Մենք շատ ուրախ էինք և խիստ եռանդով կպանք գործին: Մարիամը և Մագթաղը իրանց մանրիկ ձեռներով հավաքում էին ընկած հասկերը և ինձ վրա ծիծաղում էին, որովհետև ես ծույլ էի: Նրանք փունջեր էին կապում հասկերից, և երկու քույրեր մրցություն էին անում, թե որը շատ կհավաքե: Խե՜ղճ երեխաներ, կարծես զգում էին, թե ձմեռը քաղցած կմնան, եթե այժմ պաշար չպատրաստեն: Մայրս նայում էր նրանց վրա և լաց էր լինում…
Երեկոյան ժամուն մեզանից ամեն մեկը իր հավաքածը կապեց շալակին, դարձանք տուն: Մարիամը և Մագթաղը իրանց բեռներով մի առանձին հպարտությամբ հանդիպեցին քեռուս երեխաներին, որպես անխոնջ մշակներ, որ դառնում էին դաշտից:
Այսպես ամեն օր, վաղ – առավոտյան գնում էինք դաշտ հասկաքաղ անելու և երեկոյան վերադառնում էինք: Մեր խրճթի դռան առջև կազմվեցավ մի փոքրիկ դեզ հավաքած հասկերից: Այնուհետև սկսեցինք մեր կալը կալսել: Բայց նա այնքան մեծ չէր, որ հարկավոր լիներ կալսել ջարջառով: Մայրս սկսեց իր ձեռքով մանրել հասկերը մի հաստ փայտով, որը այնքան ծանր էր, որ ես դժվարությամբ կարողանում էի բարձրացնել: Երբ հարդը քամուն տվեցինք, մաքուր ցորենը հավաքեցինք թաղարների մեջ: Ձմեռվա մեր հացի պաշարը արդեն պատրաստ էր:
Դեռ մնում էր ամենահարկավորը – վառելիքը: Մեր խարխուլ բնակարանի համար պետք էր բավական տաքություն, մանավանդ որ ձմեռը այս կողմերում խիստ սաստիկ է լինում: Մայրս այնքան զբաղված էր, որ ամենևին ժամանակ չուներ հոգ տանելու վառելիքի մասին. այդ պատճառով, այդ հոգսը մնաց իմ և քույրերիս վրա: Մայրս իր ձեռքով հյուսեց երեք փոքրիկ կթոցներ, մեկը ինձ համար, երկուսը Մարիամի և Մագթաղի համար: Տեսնելու էր, թե ո՛րպիսի ուրախությամբ մենք այդ կթոցները առնում էինք մեր ուսերի վրա և ամեն օր գնում էինք դաշտը. այնտեղ հավաքում էինք քակորներ, ծառերից թափված տերևներ, փուշ և մացառներ, և բերում էինք ձմեռը մեր խրճիթը տաքացնելու համար: Ա՜խ, ո՛րքան լավ բան է եղել աշխատությունը: Ես այնուհետև միշտ հարգանքով էի նայում այն քակորների կույտի վրա, որ ինքս էի հավաքել, և բարկանում էի, թե ինչո՞ւ խնայողությամբ չէին գործ ածում, թեև մորս խնայողությունը հասնում էր ժլատության:
Ձմեռվա մեր ապրուստը բավական ապահովված կլիներ, եթե մի մեծ դժվարություն դեռ մնացած չլիներ: Մայրս պետք է վճարեր հարկերի վերջին վեցամսյակը: Թեև մենք այժմ ոչ տուն ունեինք և ոչ տեղ, ոչ հող ունեինք և ոչ ցանք, բայց հարկը դարձյալ պահանջում էին: Պահանջում էին գլխավորապես հորս գլխահարկը: Մայրս ցույց էր տալիս այն նամակը, որ ստացել էր հորս մահվան մասին, և ասում էր, որ մեռելի համար հարկ չեն վճարում: Բայց նրան չէին լսում, պատասխանում էին, թե դուք խորամանկությամբ հնարել եք այդ նամակը, որ հարկ չտաք, թե նա դեռ կենդանի է: Մայրս աղաչում էր, որ փոքր-ինչ ժամանակ տան, մինչև կարողանա փող վաստակել և նրանց պահանջը լրացնել: Թեև ընդունվեցավ խնդիրքը, բայց շատ թանկ նստեց այն մի ամիս ժամանակը, որ շնորհեցին մեզ, որովհետև առանց կաշառքի չէր կարելի գրավել հարկապահանջների բարեսրտությունը: Այնուհետև մայրս գիշեր ու ցերեկ հանգստություն չուներ. ասեղը, ջահրեն և թեշին անդադար գործում էին:
Բայց Ի՞նչ կարող էր լինել մորս աշխատանքը, մանավանդ մի այնպիսի երկրում, ուր տիրում էր ընդհանուր աղքատություն, ուր ամեն մարդ ինքն էր կատարում իր տան գործերը: Նա ընդունում էր երբեմն ապսպրանքներ հրեա մանրավաճառներից, որոնք մի շապիկ կամ մի արխալուղ կարելու համար վճարում էին խիստ չնչին վարձատրություն: Այդ նրա ցերեկվա պարապմունքն էր: Իսկ գիշերների մեծ մասը անց էր կացնում նա իր ջահերով, կամ բամբակից թել էր պատրաստում և մանածը վաճառում էր ջուլհակներին և կամ թեշիով բուրդ էր մանում շալ գործողների համար: Ճրագալույսի ծախսը դուրս գալուց հետո մնում էր այնքան վաստակ, որ հազիվ բավական էր լինում շաբաթը մի անգամ, այսինքն տոն օրերում, միս գնելու և տաք կերակուր ուտելու: Մնացած օրերը ապրում էինք համարյա ցամաք հացով:
Մեզ շնորհված մի ամիս ժամանակը անցավ ստվերի պես: Մայրս չկարողացավ մի ամսում պատրաստել պահանջված գումարը: Հարկահանները ծախեցին մեր կայքից ամեն բան, որ կարող էր փոքր ի շատե գին բերել, և նրանց թվում վաճառվեցավ ցորենի մթերքը, որ հավաքված էր իմ, Մարիամի և Մագթաղի ձեռքով: Երևակայեցեք մեր արտասուքը և մեր դրությունը այնուհետև: Աղքատությունը հասցրեց իր վերջին հարվածը, և շատ զգալի էր…
Այդ բոլորը կատարվեցավ իմ մեծ քեռու և իմ մոր հինգ եղբայրների աչքի առջև: Բայց նրանք այնքան աղքատ չէին, որ չկարողանային օգնել մեզ, որ չկարողանային ազատել մեզ մեր անտանելի թշվառությունից:
Ես հետո, շատ հետո, հասկացա այն սառնասրտության պատճառը, որ տիրում էր իմ մոր և նրա ազգատոհմի մեջ և որը արդեն ատելության կերպարանք էր ստացել: Մայրս, որպես վերևում հիշեցի, իր եղբայրների միակ քույրն էր, նա իր աղջիկ ժամանակը շատ սիրված էր թե եղբայրներից և թե հորից: Ամեն կողմից խնդրում էին մորս ձեռքը, ոչ այն պատճառով միայն, որ նա շատ գեղեցիկ էր, այլ ամեն երիտասարդ մի առանձին բախտավորություն էր համարում լինել փեսա այն ընտանիքի, որ ամբողջ գավառի մեջ վայելում էր մեծ հարգանք: Փեսաների թիվը այնքան շատ էր, որ չգիտեին, թե որին պետք էր ընտրել, կամ որին պետք էր մերժել: Վերջապես ընտրեցին Մահլամ գյուղի մելիքի որդուն, իհարկե, առանց հարցնելու իմ մոր կամքը և առանց ստանալու նրա հաճությունը: Երբ կատարվում էր հարսանիքի հանդեսը, հենց այն գիշերը, երբ նորահարսին և փեսային պետք է եկեղեցի տանեին, հանկարծ գտան նորահարսին անհայտացած հոր տնից: Խայտառակությունը չափ և սահման չուներ: Չար լեզուները սկսեցին զանազան կերպով բացատրել նրա պատճառը. ոմանք ասում էին` թուրքերը գողացել են նորահարսին, ոմանք ասում էին իրան սպանել է, ոմանք ասում էին` որ նա ծածուկ սիրում էր մի ուրիշին և նրա հետ փախել է: Այդ կարծիքներից արդյոք ո՞րն էր ուղիղ, – այն ժամանակ դժվար էր ստուգել, իսկ ինչ որ ճշմարիտ էր, այն էր, որ իմ մայրը կորավ և կորավ: