Մոտենալով մինարեթին, Կարոն շվացրեց: Մինարեթի միջից պատասխանեցին նույն զիլ և ձգական ձայնով: Ես խորին անվստահությամբ ոտք կոխեցի նրա շեմքի վրա, երբ Կարոն հրավիրեց ներս մտնել:
Մինարեթի ներսը լուսավորված էր փայտակույտ խարույկով, որ վառվում էր հատակի մեջտեղում, տարածելով իր կարմիր-ծիրանի լույսը խուլ գմբեթների մեջ: Կրակի մոտ երկու հոգի միս էին խորովում, որ շարած էր հրացանի սումբաների վրա, նրանցից ոչ այնքան հեռու դրած էր հաց և գինի: Երեք հոգի ևս մի կողմ քաշված, պառկած էին մերկ գետնի վրա: Տեսնելով Կարոյին, նրանք մոտեցան, և հեռանալով դեպի մինարեթի մթին կողմը, սկսեցին անլսելի ձայնով խոսել: Այդ տևեց ավելի քան տասն րոպե: Ես մնացի աննկատելի. ոչ ոք ինձ վրա ուշադրություն չէր դարձնում: Այդ բավական վիրավորեց իմ անձնասիրությունը: Ես ոչինչ չհասկացա նրանց խոսակցությունից, միայն ինձ երևաց, որ Կարոյի հաղորդածը շատ ուրախալի պետք է չլիներ իր ընկերներին, որովհետև իսկույն նկատեցի նրանց դեմքի վրա մի խորհրդավոր տխրություն: Ես կարծում էի, թե խոսակցությունը իմ մասին էր:
Երբ վերջացրին, նրանցից գլորիկ հասակով, արագաշարժ մեկը դարձավ դեպի ինձ և շիլ-վառվռուն աչքերը ուղղելով իմ երեսին, ասաց.
– Օ-հո՜ … դու ո՞րտեղից դուրս ընկար:
Ինձ խիստ անախորժ երևաց այդ կոպիտ հարցմունքը, և ես վրդովմունքից այնքան շփոթվեցա, որ ոչինչ չգտա պատասխանելու: Կարոն, կարծես, այժմ մտաբերեց ինձ և իմ փոխարեն պատասխանեց.
– Չե՞ս ճանաչում, Սագո-: Հետ դառնալով դեպի մյուսնե կողմերը, ասաց.
– Ա՜ խ, ես մոռացա ներկայացնել տեսե՛ք, ի՜նչ լավ հյուր եմ բերել ձեզ համար:
Նա ցույց տվեց իմ վրա և նրա խոսքերից երևաց, որ գաղտնի խոսակցությունը իմ մասին չէր:
– Ես չեմ ասի թե ով է, – շարունակեց Կարոն: – Տեսնեմ կճանաչե՞ք:
– Ես նրան ձվի միջում կճանաչեի, – խոսեց դարձյալ շիլ աչքերով պատանին, մոտենալով ինձ, – Ֆարհատը չէ՞: Քո տունը չքանդվի, Ֆարհատ, ի՜նչքան փոխվել ես դու, ի՜նչ լավ տղա ես դարձել:
Այս լսելով, մյուս ընկերը, որ հետաքրքրությամբ նայում էր իմ վրա, գրկեց ինձ և ուրախանալով ասաց.
– Ա՜խ, Ֆարհատն է, ի՜նչպես չճանաչեցի ես:
Կարսն ինձ ճանապարհին հայտնել էր, թե ես կտեսնեմ իմ երկու ընկերներին` Ասլանին և Սագոյին. այդ պատճառով, դժվար չէր ճանաչել, որ ինձ այնքան սիրով գրկող պատանին Ասլանն էր, իսկ մյուս շիլ աչքերովը – Սագոն: Երկուսն էլ իմ հին աշակերտակիցներն էին, որոնք փախան մեր դպրոցից ճիշտ այն ժամանակ, երբ Կարոն անհայտացավ: Բայց մի բան, որ դժվարացրեց սկզբից ճանաչել նրանց, այն էր, որ թե Կարոն և թե մյուս ընկերներս, բոլորն էլ հագուստները փոխած էին. նրանք չէին հագնված այն ձևով, որպես առհասարակ հագնվում են Պարսկաստանի հայերը, այլ կրում էին մի տեսակ զգեստ, որ հատուկ է Մշու կամ Բաղեշի կողմերի լեռնաբնակ հայերին, որր շատ չէ զանազանվում քուրդ էշիրաթների հագուստից:
Սագոյի իսկական անունի Սարգիս էր, բացի դրանից, մեր դպրոցում նրան կոչում էին «սատանայի եղունգ». այդ անունը ստացել էր նա իր չափազանց խորամանկության, ճարպկությունների և անհանգիստ բնավորության պատճառով:
Ինձ երևաց, թե այժմ նա ավելի փոքրացել էր և համարյա գունդի ձև էր ստացել, թեև առաջ նույնպես բավական կարճահասակ տղա էր: Նրա դեմքը բոլորովին կատվի կերպարանք էր կրում. անփոփոխ էին մնացել միայն շիլ աչքերը, այն վաղեմի դիվական աչքերը, որ միշտ արտահայտում էին եռանդ և մի առանձին կենդանություն:
Ասլանը շատ չէր փոխվել. նույն խաղաղ դեմքը իր բոլոր քնքշությամբ, նույն երկնագույն հեզ աչքերը, հովանավորված խիտ թերթերունքներով, նույն անմեղ ժպիտը, – բոլորը նույնն էր: Միայն նրա շեկ մազերը այժմ ավելի մուգ գույն էին ստացել և երեսի ճերմակ կաշին կորցրել էր իր վաղեմի սպիտակությունը: Մարմնի կազմվածքը մնացել էր նույնպես նուրբ, որպես առաջ, միայն այժմ փոքր-ինչ կոլոլվել էր նա և հասակը ավելի գեղեցիկ և վայելուչ ձև էր ստացել:
Ասլանը միակ աշակերտն էր, որին ես շատ էի սիրում. նա միշտ բարի էր դեպի ինձ, և քիչ չէր պատահում, որ ամբողջ ժամերով պարապվում էր ինձ հետ. նա մեր դպրոցի ընդունակ և հառաջադեմ աշակերտներից մեկն էր: Ի՞նչ պատճառով նա թողեց մեր դպրոցը, – ես հիմա էլ չգիտեմ, միայն նա թողեց մեծ ափսոսանքով, կարծես մի բան կապած լիներ նրա սիրտը այն «դժոխքի» հետ…
Մեր դպրոցում ես, Կարոն, Ասլանը և Սագոն այնպես սերտ կերպով կապված էինք միմյանց հետ, որ համարյա կազմում էինք մի անբաժան չորրորդություն: Բայց երբ նրանք միասին անհայտացան մեր քաղաքից, ամենևին չհայտնեցին ինձ իրանց նպատակը, երևի նրա համար, որ ինձ անհարմար գտան իրանց ընկերությանը, որովհետև ես նրանցից հասակով շատ փոքր էի և բոլորովին անփորձ: Այնուհետև նրանց մասին ամենևին ստույգ տեղեկություններ չկային, միայն երբեմն խոսվում էին զանազան օտարոտի տեղեկություններ, լսվում էին զանազան սարսափելի համբավներ, որոնց ես երբեք չէի հավատում: Իսկ այժմ ի՞նչ բախտ էր, որ մեզ կրկին հանդիպեցրեց միմյանց տասն և երկու տարվա անջատումից հետո…
Երկու մյուս անծանոթները, որոնք խարույկի մոտ խորոված էին պատրաստում, ամենևին չշարժվեցան իրանց տեղից, միայն երբեմն կասկածավոր աչքերով նայում էին ինձ վրա: Եվ Կարոն չասեց, թե նրանք ովքեր են:
– Երևի, ուղիղ դպրոցի՞ց այստեղ, – հարցրեց Ասլանը ժպտալով:
Մինչև իմ պատասխանը, Սագոն մեջ մտավ.
– Չե՞ս տեսնում, Ասլան, չե՞ս տեսնում, որ բոլորովին քացախել է այբուբենի մեջ: – Խե՜ղճ տղա, հենց որ նայում ես երեսին, այնտեղ կարդում ես այբ-ժե, ճե-ռա, խա՜… խա՜… խա՜… Այսպես չէ՞, Ֆարհատ: Ա՜խ, ինչպես ազատվեցա ես… տասն և երկու տարի է, ինչ-որ մեր թոնրում այրեցին այն անիծած գիրքը… թո՞ղ սատանային փայ լինի… խա՜… խա՜… խա՜…
Սագոյի կծու և դառն կատակները ամենևին չվիրավորեցին ինձ, միայն հիշեցրին մեր աննախանձելի դպրոցական կյանքը, երբ այբ-ժե-ճե-ռան մեր հոգին հանում էր, այնքան արտասուքի և տանջանքի պատճառ էր դառնում մեզ…
Այդ միջոցին լսելի եղավ Կարոյի ձայնը.
– Տղե՛րք, ով քաղցած է, թող մոտ գա:
Շատախոս Սագոն վազեց դեպի ընթրիքի սեղանը. ես և Ասլանը մնացինք մենակ:
– Ի՞նչպես է «նա»… – հարցրեց Ասլանը դողդոջուն ձայնով:
Իսկույն հասկացա, որ Սոնայի մասին էր հարցնում:
– Այնպես, որպես էր առաջ. ժպտում է, կարմրում է հետը, խոսելիս… փախչում է, երբ ուզում ես գրկել… լաց է լինում, երբ իր հայրը սիրած աշակերտին ծեծում է… Ամենը էլի այնպես է, որպես տեսել ես: Գլխավոր փոփոխությունը, որ եղել է քո ժամանակից հետո, այն է, որ հիմա ավելի գեղեցկացել է և ավելի հասունացել է…
Ասլանը ոչինչ չպատասխանեց, բայց ես նկատեցի, որ նրա մթին դեմքը ավելի մռայլվեցավ:
– Գնանք մի բան ուտենք, դու երևի քաղցած ես, – ասաց նա րոպեական խռովությունից հետո:
Խարույկից ոչ այնքան հեռու պատրաստված էր ընթրիքի սեղանը. ի՜նչ սեղան. մերկ գետնի վրա տարածել էին սփռոցի փոխարեն մի փալասի կտոր և նրա վրա դրած էր հաց, պանիր, սոխ և ավելի ոչինչ: Տղերքը բոլորել էին այդ նահապետական սեղանի շուրջը, ամեն մեկը իր վերարկուն օթոցի փոխարեն իր տակը ձգած ունենալով: Խորովածը հրացանի սումբաներից, – որ շամփուրի տեղ էին գործածում, – տաք-տաք քաշում էին լավաշների վրա և այնպես արյունաթաթախ ուտում էին: Մի կողմում թավալված էր մի ահագին եղջերու, որից հոշոտում էին խորովածացու միսը: Նրա մոտ պառկած էր գինով լիքը տկճորը: Գավաթի տեղ գործ էին ածում մի մեծ դդումի կտրած կեսը, որի ներսույքը դուրս էին տված: Նույն գավաթից ամենքը խմում էին հերթով:
– Ինձ մոտ, Ֆարհատ, – ասաց Կարոն:
Ես նստեցի նրա մոտ: Այն օրվա բոլոր անցքերը, սկսյալ հայր Թոդիկի բանտից մինչև խորհրդավոր մինարեթը, իրանց ուրախ և տխուր տպավորություններով մինչ այն աստիճան գրգռել էին իմ ջղերը, որ ես ամենևին ախորժակ չունեի մի բան ուտելու, թեև ամբողջ օրը քաղցած էի մնացել: Տասն և երկու բոլորակ տարիներից հետո, սիրելի ընկերներիս հետ կրկին հանդիպելը թեև շատ ուրախալի է ինձ, – բայց այն օրից երբ նրանք անհայտացան, այնքան անհավատալի զրույցներ լսած էի նրանց մասին, որ բոլորովին չէի կարողանում ցրվել հին նախապաշարմունքը: Այդ մանկահասակ, ծպտյալ, կերպարանափոխ եղած փախստականները երևում էին ինձ կասկածավոր մարդիկ, մանավանդ երբ նկատում էի, որ նրանք ևս ոչ բոլորովին հավատարմությամբ վերաբերվում էին դեպ ինձ: Ես տեսնում էի նրանց մեջ մի առանձին ծածկամտություն, խիստ զգուշավոր խորհրդապահություն, որպես թե մի բանից քաշվում էին կամ վախենում էին: Ինչո՞ւ չէին կարող անկեղծ լինել ինձ հետ: Ի՞նչն էր ստիպում նրանց, որ վերադառնալով հեռավոր երկրներից, փոխանակ իրանց բարեկամների և ազգականների մոտ գնալու, նրանք ընտրել էին այդ անմարդաբնակ ավերակները: Չէ՞ որ քաղաքը շատ հեռու չէր այնտեղից, այն քաղաքը, ուր նրանք ծնվել էին, ուր մի քանիսի ծնողները դեռ կենդանի էին: Ինչո՞ւ չուրախացնել կարոտալի ծնողներին, մանավանդ զատկական մեծ տոնի ժամանակ, երբ հայրը, մայրը, գրկելով նրանց, «Քրիստոս հարեավ ի մեռելոցե» – ի փոխարեն պիտի ասեին. – «Մեր որդին կորած էր, գտնը-վեցավ. մեր որդին մեռած էր, կենդանացավ»…
Իմ մտատանջությունը, իմ նույն ժամուն տխրամած դեմքը չէր կարող աննշմարելի մնալ ընկերներիցս, մանավանդ Սագոյի արծվի տեսությունից, որ դարձավ դեպ ինձ այս խոսքերով.
– Կե՛ր, սիրտդ բաց արա՛, ի՞նչ ես ռեխդ թթվացրել ձմեռվա երկնքի պես: Չլինի՞ թե մտածում ես, հիմա մայրս սպասում կլինի ինձ, հիմա նա ասում կլինի. – «ա՜խ, ի՞նչ եղավ, չեկավ որդիս, փլավը սառեց, ա՜խ չեկավ, որ ուտե»… Իմ խեղճ մայրն էլ այս խոսքերը լսելով մեռավ, բայց սիրելի որդու երեսը չտեսավ… խա՜… խա՜… խա՜… – Դու էլ, Ֆարհատ, մյուս անգամ մորդ եփած փլավը չե՜ս ուտի…
Նա սկսեց դարձյալ ծիծաղել: Զատկական փլավը աղքատ ընտանիքի աղքատ զավակի համար մի այնպիսի բարիք էր, որ նա երբեք մոռանալ չէր կարող: Արևելյան կերակուրների այդ թագուհին, որ հարուստները վայելում են համարյա ամեն գիշեր, աղքատի տանը մուտք է գործում տարեն մի անգամ միայն, այն է զատկական տոնի օրը: Բայց իմ ցավը փլավը չէր, ես գիտեի, որ մեր տանը այն գիշեր փլավ չէր լինի և ոչ որևիցե զատիկվա կերակուր, որով մայրս և քույրերս կարողանային իրանց քառասուն օրվա պասը բաց անել: Ինձ միայն դուր չեկավ Սագոյի վայրենի զգացմունքը դեպի մայրական գութը. ես երեսս շուռ տվի նրանից և դարձա դեպի Կարոն, որ գինով լիքը ահագին գավաթը մեկնեց ինձ, ասելով.
– Խմի՛ր:
– Այսքանը չեմ կարող խմել, – պատասխանեցի ես հրաժարվելով:
– Խմի՛ր, կսովորես… – ասաց նա ժպտելով:
Ես դարձյալ հրաժարվեցա:
– Ես էլ առաջ գինու հոտը առնելիս հարբում էի. – մեջ մտավ Սագոն, – բայց հիմա՞…
– Հիմա ուրիշները քո հոտը առնելիս հարբում են… – վրա բերեց երկու անծանոթ երիտասարդներից մեկը, որ բոլոր ժամանակ լուռ էր:
Ես ընդունեցի Կարոյի ձեռքից գինու գավաթը և դատարկեցի մինչև կեսը. այդ առաջինն էր մինչև այնօր, որ միանգամից այնքան խմեցի:
Խոսակցությունը գնալով ավելի կենդանանում էր. գինու գավաթը արագությամբ պտտվում էր. լուռ էր միայն Ասլանը, թեև նա ևս ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլը ցամաքեցնում էր:
Ինձ բոլորովին անծանոթ մնացին երկու երիտասարդները, որոնց մեկին կոչում էին Մուրադ, իսկ մյուսին Ջալլադ: Ովքե՞ր էին նրանք կամ ո՞րտեղացի, – ես չկարողացա գիտենալ. միայն ինձ երևում էր, որ Զեյթունի կողմերից պետք է լինեին, և նրանց թե հագուստի ձևերը և թե բարբառը հաստատում էին իմ կարծիքը: Չգիտեմ, թե ինչո՞ւ ես այնպես հակակրությամբ էի վերաբերվում դեպի այդ երկու վիթխարի տղամարդիկը, որոնց թե խոսակցությունը, թե վարմունքը և թե դեմքերը արտահայտում էին կատաղի վայրենություն:
Ընթրիքը վերջացավ, երբ տկճորից գինին սպառվեցավ: Խարույկի վրա ավելացրին փայտ և կրկին մինարեթի մթին կամարները սկսեցին փայլել ծիրանի լուսով:
Այդ միջոցին նրանք սկսեցին խոսել ինձ բոլորովին անհասկանալի մի լեզվով: Խոսակցությունը, որ սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկանալով, հասավ տաք վիճաբանության: Ասլանը նույնպես սառն և հանդարտ կերպով վիճում էր, որպես ընթրիքի ժամանակ խմում էր: Սագոն չէր դադարում անընդհատ շատա-խոսելուց. նրա կատվի դեմքը բարկությունից բոլորովին լրջացել և ճակնդեղի գույն էր ստացել: Կարոն հանդարտ էր, որպես միշտ. բայց նրա ճակատի երակները հաստացել և դեմքը ավելի խոշոր գծագրություն էր ստացել, ոչ այնքան շատ խմելուց, որքան ներքին վրդովմունքից: Երկու երիտասարդները, կարծես, չէին խոսում, այլ արձակում էին մի տեսակ վայրենի հնչյուններ, որ ավելի նման էին գազանների մռնչյունին: Ես սարսափում էի և միշտ սպասում էի, թե ահա վեր կկենան և միմյանց կկոտորեն:
Ես ոչինչ հասկանալ չկարողացա, թե ի՞նչ առարկայի վրա էր վիճաբանությունը, միայն նկատեցի, որ Կարոյի հեղինակությունը հաղթեց բոլորին: Այժմ խոսակցությունը սկսեց մեղմանալ և կրկին բոլորը հանգստացան: Ճշմարիտ ասած, այդ աղմկալի տեսարանը, այդ տաք, կրակոտ վիճմունքները ոչինչ բավականություն չպատճառեցին իմ մեջ, և ես երկար նրանց լսել չկարողացա: Մի տեսակ տխուր ձանձրույթ տիրեց իմ սրտին, անսովոր խմելուց գլուխս սկսեց պտույտվիլ, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով…
Թ
ԿԱՐՈՅԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Այստեղ ես ստիպված եմ մի փոքր կանգ առնել, թողնել ընկերներիս խորհրդավոր մինարեթի մեջ և դառնալ դեպի Կարոն: Այդ անձնավորությունը, որ գլխավոր դերերից մեկը պիտի խաղա իմ պատմության մեջ, արժանի է առանձին ուշադրության:
Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար: Նա մեր քաղաքի բնիկներից չէր, ո՞րտեղացի էր, – ոչ ոք չգիտեր, միայն ասում էին, մի անգամ հայտնվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իրա թոռը: Զումրուդը-այսպես էր կնոջ անունը – հմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին:
Կարոյի հետ ես ծանոթացա մեր դպրոցում. այնտեղ բոլորը, բացի վարժապետից, սիրում էին նրան, թեև նա խիստ չար և անհանգիստ երեխա էր: Չգիտեմ, ո՞րպիսի զգացմունք կապեց իմ սիրտը այդ վայրենի վագրի ձագի հետ, որից ամեն օր մի փորձանք պակաս չէր լինում: Եվ ճշմարիտ, միշտ մի վերք կարելի էր տեսնել նրա մարմնի վրա. կամ ձեռքը վիրավորված էր լինում, կամ գլուխը կոտրած, կամ երեսը ճանկռած, վերջապես միշտ անդամներից մեկը փաթաթված էր լինում:
Թեև նա խիստ բարի սիրտ ուներ, բայց անկարելի էր բոլորովին մտերիմ լինել նրա հետ: Կարոն այն գազաններից էր, որին դժվար էր ընտելացնել: Այդ պատճառով, աշակերտների ակնածությունը դեպի նա ծագում էր ավելի երկյուղից, որ ունենում են տկարները դեպի իրանցից հզորները: Եվ արդարև, Կարոն համարվում էր մեր դպրոցի մեջ խիստ սրտոտ, համարձակ և աներկյուղ աշակերտ:
Նա խիստ վատ էր սովորում, թեև ընդունակ և բնական ձիրքերով հարուստ տղա էր: Նրա անհամբեր, անհնազանդ բնավորությունը շատ անգամ առիթ էր տալիս զեղծումներ գործել դպրոցի խիստ կարգապահությունների դեմ. շատ անգամ ևս նա պատճառ էր դառնում աղմկալի խռովությունների: Գրգռելով աշակերտներին, հարուցանում էր նա ընդհանուր ապստամբություն վարժապետի դեմ: Այսպիսի դեպքերում նրան շատ օգնում էին Ասլանը և Սագոն. առաջինը իր խելքով և խոհեմությամբ, իսկ երկրորդը` իր խորամանկությամբ, որ սատանայի պես մտնում էր աշակերտների դամարը և նրանց շուռ էր տալիս, որպես և ցանկանում էր:
Ես մինչև այսօր չեմ կարող երևակայել Կարոյի բնավորության զորությունը, թե ի՞նչպես նրան հաջողվում էր ազդել այն ապուշ, վարժապետի ճնշումներից հոգով և սրտով սպանված, աշակերտների վրա, որոնց երեսից երկյուղը երբեք պակաս չէր լինում, որոնց վախկոտ աչքերի մեջ միշտ կարելի էր նշմարել կույր հնազանդություն և ստրկություն: Բայց մարդկային ուժը իր մեջ աստվածային զորություն ունի, որ ստիպում է տկարներին խոնարհվել իր առջև, որ իր անձը պաշտելի է կացուցանում: Կարոն ուներ այդ հատկությունները:
Կարծես երեխաների հասակում կատարվում է նույնը, ինչ որ կատարվել էր ընդհանուր մարդկության տղայական հասակում: Ազգերի դյուցազունները, որոնց պաշտել է ամբոխը, որոնց անմահների կարգումն է դասել, եղել են նույն ազգի քաջ և հզոր տղմարդիկը, որոնք պատերազմում էին վիշապների և ամեհի գազանների հետ: Կարոն թեև այսպիսի քաջագործություններ չէր կատարում, բայց նա անում էր այն, որ մեր, երեխաներիս աչքերում ավելի մեծ նշանակություն ուներ:
Պատահում էին այսպիսի դեպքեր և այդ դեպքերը կրկնվում էին խիստ հաճախ: Ամեն երեկո, երբ աշակերտները դպրոցից վերադառնում էին իրանց տները, մահմեդականների փողոցներից անց կենալու ժամանակ, հավաքվում էին թուրքերի, պարսիկների երեխաները և ծեծում էին հայ երեխաներին: Ես մինչև այսօր չեմ մոռացել մի երգ, որ հնարել էին նրանք և մեզ տեսնելու ժամանակ երգում էին: Նրա բովանդակությունը մոտավորապես այս էր. «Հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերն էլ միասին կուրանան»… Մենք ուրախ էինք լինում, երբ մեր վիրավորանքը վերջանում էր այդ նախատական խոսքերով: Բայց նրանք ծեծում էին մեզ: Աշակերտները գանգատվում էին իրանց ծնողներին, բայց ի՞նչ կարող էին անել ծնողները: Մեծերը ծեծվում էին մեծերից, իսկ փոքրերը` փոքրերից…
Մի անգամ Կարոն ասաց մեզ.
– Գիտե՞ք ինչ կա, տղերք, այդ թուրքի լակոտները մեզ միշտ կծեծեն, քանի որ մենք նրանց առջևից կփախչենք: Պետք է մենք էլ ցույց տանք նրանց մեր ձեռքի զորությունը:
Աշակերտներից շատերը հակառակեցին, թե դա անկարելի բան է, թե ի՞նչպես կարելի է թուրքի, պարսկի երեխայի վրա ձեռք բարձրացնել:
– Ես չեմ ասում, որ մենք հարձակվենք նրանց վրա, բայց երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, պետք է պաշտպանվենք: