– Այդ շենքերի տերերին թուրքերը կոտորեցին հինգ ու տասնութ թվերին՝ հափշտակելով նրանց գործարանները, ֆաբրիկաները, խանութներն ու գրասենյակները, – լրացրեց Հուրունցը փշրված ձայնով, – իսկ ովքեր ողջ մնացին՝ Բագիրովի ու Լավրենտի Բերիայի ձեռքով գնդակահարվեցին, մի մասին էլ քշեցին Սիբիր. գնացին կորան: Նրանցից և ոչ մեկը չվերադարձավ:
Լուռ քայլեցինք դեպի մետրո:
– Գրող Սուրեն Կասպարովի մոտ եմ գնում, – ասաց Հուրունցը: – Տղաները սպասում են, Ալիևի ու Կևորկովի հակահայ գործունեության մասին մի նամակ է՝ Քաղբյուրոյին ուղղված, պիտի միասին նորից կարդանք, առավոտյան շուտ հենց Սուրենի մոտից էլ կմեկնեմ օդանավակայան: Երեկ մի երկու հոգով մինչև ուշ երեկո դրանով էինք զբաղված, շատ խելացի դիտողություններ եղան, հարկավոր կլինի որոշ շտկումներ կատարել, ոչինչ, կանեմ, ասացին, որ Ճարտարի նախագահ Սուրեն Ադամյանն այստեղ, Բաքվում է, այսօր գալու է Կասպարովի մոտ, շատ լավ կլիներ, որ նա էլ ծանոթանար այդ նամակին: Լսիր, – հանկարծակի ու զարմացած ասաց նա: – Քանի տարի առաջ եմ տեսել, մի մազ անգամ չի փոխվել: Ահա ձեզ մի նոր Սամվել Գրիգորյան:
Մենք ակամա նայեցինք նրա հայացքի ուղղությամբ: Դիմացից մի ծերունի էր գալիս՝ բարձրահասակ, մեջքից մի թեթև կոր, սակայն առույգ քայլվածքով:
– Իսկ ո՞վ է դա, չեմ ճանաչում, – աչքերը կկոցած հարցրեց Սաղումյանը:
– Քիչ առաջ պատմում էի՝ հային հայի ձեռքով վերացնելու մասին: Սա հայտնի չեկիստ Ասծատուրովն է: Դավիթ Ավետովիչ Ասծատուրով: Լսած կա՞ք:
– Այն, որ Թևանին…
– Այո, այո, հենց նա է, որ կա: Թևանին, շնորհիվ որի Ղարաբաղի հայությունն ամբողջովին չբնաջնջվեց թուրք արյունարբու զավթիչների ու մուսավաթականների կողմից, սա է կործանել: Մեր թշնամին մեր մեջ է, Հարություն, ամենավտանգավոր թշնամին մեր մեջ է: Ծառը չէր տապալվի, եթե կացնի կոթն իրենից չլիներ… Իմացած եղիր, ազգերն ամենից շատ իրենց տականքների երեսից են տառապում:
Մինչ այդ ծերունին հասավ մեզ, ուզում էր անցնել, Հուրունցը կանգնեցրեց:
– Բարև ձեզ:
– Բարև…
Մարդը շփոթված կանգ առավ, անվստահությամբ ու փոխնիփոխ նայեց մեզ:
– Չեմ ճանաչում, – ավելացրեց նա մի տեսակ մեղավոր տոնով, – տեղը չեմ բերում:
– «Կոմունիստ» հայերեն թերթում ենք աշխատում, – չգիտես ինչ նպատակով՝ հնարեց Հուրունցը, – ինչպե՞ս եք:
– Ոչինչ, շնորհակալ եմ, անցյալ տարի իմ ծննդյան յոթանասունհինգ ամյակին շքանշան ստացա, իսկ այս տարի հրաձգության հանրապետական մրցումներում գրավեցի առաջին տեղը:
Սաղումյանը զարմանք արտահայտող դեմքով նայեց նրան:
– Յոթանասունհինգ տարեկանի նման չեք բոլորովին, – ասաց նա: – Դուք ինձնից շատ ջահել եք երևում:
– Սպորտով եմ զբաղվում, – փութով բացատրեց ծերունին: – Ժամը վեցից հետո հաց չեմ ուտում, ամեն օր սառը ցնցուղի տակ լողանում եմ, մարզանք եմ անում, իսկ իրիկունները նստած՝ հուշեր եմ գրում:
– Ինչի՞ մասին ես գրում, – խոսեցրեց Հուրունցը:
– Իմ գործունեության, – անվարան ասաց ծերունին, – քիչ բա՞ն կա գրելու: Օրինակ, մասնակցել եմ թաթարների տեղահանմանը՝ Ղրիմից Միջին Ասիա, Ուզբեկստան: Նրանցից անմիջապես հետո հույներին, բուլղարներին ու հայերին աքսորեցին: Հայերը համեմատաբար քիչ էին՝ ինը հազար վեց հարյուր քսանմեկ մարդ: Գաղտնի պայմանագիր է եղել կնքված, որ Ղրիմը դատարկեն՝ այնտեղ հրեաներին բնակեցնելու համար, բայց հետո Ստալինը միտքը փոխել է: Չեչենների ու ինգուշների տեղահանմանը՝ 1944 թվականի փետրվարի քսաներեքի տոն օրը, նույնպես մասնակցել եմ: Մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեմ, չեք իմանա… Լեռնային Հայբախ գյուղում ձյունամրրիկի պատճառով հնարավոր չէր բնակչությանը մեքենաներով փոխադրել մինչև երկաթուղային կայարան, ներքին գործերի ժողկոմի տեղակալ Բոգդան Կաբուլովի կարգադրությամբ, գյուղի ողջ բնակչությունը՝ յոթ հարյուր երեսուն մարդ՝ կին, տղամարդ, երեխա-բան, լցրեցինք կոլտնտեսության ձիաբուծական ֆերման, տախտակներով դուռ ու պատուհան ամուր մեխեցինք, հրացանները պատրաստ բռնած չորս կողմից շրջապատեցինք՝ իրարից մեկուկես մետր հեռավորության վրա, որ փախչող չլինի, վառեցինք ֆերման: Մինչև կայարան տանելու հնար չկար: Երկու ժամ էր տրված ընդամենը, միակ ելքը դա էր… Զանազան մարդկանց հետ եմ հանդիպել, նրանց մասին եմ գրում: Մեկը կար՝ մեր կարգերի թշնամի, իմ հրացանազարկից փորը պատռվել էր, սիրած աղջիկ ուներ, սա պատռված փորը մրթասեղով կարում էր, իսկ ինքը մեյխանա ասելով մեզ վրա կրակում էր: Կամ մի ուրիշ դեպք. մեկին Պարսկաստանում բռնել, բերել էինք ներքին բանտ: Սա խնդրեց, որ թույլատրենք վերջին անգամ իրենց տունը տեսնի: Հարուստ նավթարդյունաբերողի որդի էր: Տարանք, մեքենայից երկար նայում էր, գլուխն օրորելով արտասվում, հետո ոնց պատահեց՝ սիրտը պայթեց, տեղնուտեղը մեռավ:
– Թևանի մասին չե՞ս գրում, – հարցրեց Հուրունցը՝ աշխատելով պահպանել ձայնի բարեկամական հնչողությունը:
– Թևան Ստեփանյանի՞, – ոգևորվեց նա: – Գրում եմ, բա ոնց… Նա դաշնակցական բանակի սպա էր, մինչ այդ ցարական բանակի կազմում կռվում էր թուրքական ճակատում, բայց հետո հակահեղափոխական գործունեություն սկսեց: Զանգեզուրում Գարեգին Նժդեհ կար, լսած կլինեք, Վլադիմիր քաղաքի տաժանակիր աշխատանքի կենտրոնական բանտում մեռավ, այդ Նժդեհի ծավալած ռազմական ապստամբության տարբերակն էր իրագործում Ղարաբաղում՝ ձգտելով Լեռնային Ղարաբաղի միավորումը Զանգեզուրի ու Հայաստանի հետ: Զորք կազմած՝ սկսեց կռվել տասնմեկերորդ կարմիր բանակի դեմ, գրավեց Դիզակի և Վարանդայի բոլոր գյուղերը, հասավ մինչև Ասկերան… Մի խոսքով, – շունչ առավ ծերունին, – մեր չեկան նրան երկու անգամ ձերբակալեց, բայց Թևանը երկու անգամ էլ կարողացավ փախուստի դիմել: Չեկայի նախագահ Բագիրովն ու Բերիան, որն այն ժամանակ Բագիրովի տեղակալն էր, անձամբ գնացին Տումի, Թևանի ծննդավայրը, բայց անօգուտ: Հետագայում, քսանինը-երեսուն թվերին, Բագիրովը նորից գնաց Ղարաբաղ՝ փոքրիկ մի խմբով, երկու օր թաքնված մնացին, սակայն Թևանին բռնել այդպես էլ չկարողացան: Նրանք չկարողացան, իսկ ինձ հաջողվեց բռնել: Բայց շատ տարիներ հետո, իհարկե: Տասնմեկ տարի հետո:
Ծերունին դադար տվեց, ակներևաբար, սպասելով իր խոսքերի թողած ազդեցությանը, հետո ասաց.
– Թևանն իր անունն ու տեղը շուտ-շուտ փոխում էր՝ մեկ Պարսկաստանի հյուսիսում էր լինում, մեկ՝ հարավում, մեկ Բաղդադի հայաբնակ գյուղերում: Քառասունմեկ թվականի աշնանը, նոյեմբերի սկզբին, նա Մազանդարայի Սարի քաղաքում էր աշխատում. տեխնիկ-շինարար էր: Պարսկաստանում ստեղծված իրադրության պատճառով շինարարությունը դադարեցվել էր, և նա ուզում էր մեկնել Շիրազ՝ անգլիացիների մոտ, այնտեղից Ամերիկա մեկնելու մտադրությամբ: Մենք նրա համար ծուղակ սարքեցինք, – խնդմնդաց ծերունին, – նրա մոտ ուղարկեցինք մեր հայ գործակալներից մեկին, որը, իբր, նույնպես ուզում է գնալ Շիրազ, բայց վարորդը, որին նա գտել էր, մենակ մի մարդու համար չէր ուզում գնալ, իբր թե նրան ասել էր՝ մեկ-երկու հոգու էլ գտիր, այդ դեպքում կտանեմ: Թևանն ուրախությամբ հայտնում է, որ ինքը համաձայն է վճարել նրան ուզած գինը, միայն թե տանի: Մեր գործակալի հետ պայմանավորվում ենք՝ նրան սպասել Թեհրանից մոտ տասը-տասներկու կիլոմետրի վրա: Մեր մեքենայի շարժիչի ծածկոցը բարձրացրած կանգնել ենք, իբր, մեքենան փչացել է: Մեկ էլ տեսանք՝ հեռվից նրանց մեքենան երևաց: Տխուր տեսքով կանգնած ենք, և երբ նրանց մեքենան մոտեցել, դանդաղ անցնում էր մեր կողքով (նախօրոք պայմանավորվել էինք), բարձրաձայն, որպեսզի Թևանը լսի, Ղարաբաղի բարբառով ասացի. «Արա պա սհենց պեն կինի՝ մնացենք էս չոլումը»: Թևանը լսեց իմ խոսքերը, շտապ կանգնեցնել տվեց մեքենան և ուրախ տեսքով մոտեցավ մեզ՝ ասելով. «Պա ես մեռա՞ծ ըմ, որ տյուք չոլումը մնաք»: Չէր հասցրել թեքվել շարժիչի վրա, հետևի կողմից ամուր բռնեցի նրան, մյուս երկուսն էլ, ապրեն, իսկույն հասան՝ ձեռքերն ու ոտքերը կապեցինք: «Վահ, էս հի՞նչ նամարդ մարթ տյուս եկեք», – ասաց նա, բայց դե նրան լսողն ով էր, կոխեցինք մեշոկի մեջ, ամուր կապկպեցինք և այդպես էլ հասցրինք Թեհրան, որտեղից, Ալիևի կարգադրությամբ, ինքնաթիռով ուղարկեցինք Բաքու… Ոչ թե այսօրվա Ալիևի, այլ նրա աներոջ՝ Ազիզ Ալիևի կարգադրությամբ: Նա մեր միսիայի ղեկավարն էր Իրանում:
Ծերունին լռեց, շունչը տեղը բերեց, ասաց.
– Թևանը մանր ձեռնագրով գրած մի հաստ տետրակ ուներ՝ «Մոռացված հերոսը» վերնագրով: Հարցաքննության ժամանակ ոչինչ չէր խոստովանել, հենց այդ օրագիրն էլ ներկայացվեց նրան որպես մեղադրանք: Մի անգամ, – կրկին խնդմնդաց ծերունին, – հարցաքննության ժամանակ, որը տևել էր շուրջ երեսունհինգ ժամ՝ փոփոխվող քննիչներով, քննիչ Իշխանովը հանկարծ ննջում է: Բացում է աչքերը՝ Թևան չկա: Աղմուկ, իրարանցում, տագնապ քաղաքում՝ չկա: Առավոտյան հավաքարարուհին տեսնում է սանդուղքների տակ մի մարդ քնած: Թևանն է: Փորձել է փախչել, տեսել է հսկիչը դռան մոտ կանգնած, թաքնվել, սպասել է ու քնով անցել: Բագիրովն իր կաբինետում գնդակահարեց նրան, իսկ ընտանիքն աքսորվեց Ղազախստանի հյուսիսային կողմերը:
– Բագիրովը, որի բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց մոտ հարյուր քսան հազար մարդ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիներ ու թալիշներ, նմանապես Բերիան և դու ինչո՞ւ չէիք բռնում Խոսրով բեկ Սուլթանովին, որի հրամանով ու մասնակցությամբ սրի քաշվեց Խնածախ, Դաշուշեն, Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած հայկական Ղարաղշլաղ, Փարաջանց, Հարար, Մինքենդ, Սպիտակաշեն ու Պետրոսաշեն գյուղերի բնակչությունը, – անշտապ, կարծես ինքն իրեն հանգստացնելով ասաց Հուրունցը: – Հադրութի արևմտյան մասում գտնվող այդ Հարարը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղով Ղարաբաղը կապում էր Հայաստանին ու մինչև տասնութ թիվը հազար յոթանասունութ բնակիչ ուներ: Մուսավաթականներն ավերեցին այն, իսկ այնուհետև Միր-Ջաֆար Բագիրովի հրահանգով հայկական Հարարն իր ողջ մնացած ութսունհինգ հայ բնակչությամբ միացվեց այսօրվա Ֆիզուլիի շրջանին: Ի՞նչ իրավունքով արվեց դա: Ինչո՞ւ չբռնեցիք աչքի մեկը քոռ Սուլթանովին, երբ թուրք ասկյարներն ու հինգ հազարանոց քուրդ զինված հեծելազոր խուժանը նրա գլխավորությամբ կոտորեց Շուշիից երկու կիլոմետրի վրա գտնվող Ղայբալիշեն հայկական մեծ գյուղի ու Ստեփանակերտին կպած Փահլուլ ու Կրկժան գյուղերի ողջ բնակչությանը՝ սպանելով վեց հարյուր անպաշտպան կանանց ու երեխաների, որոնց միակ հույսն ու պաշտպանը Թևանի խումբն էր: Քո այդ հայատյաց Բագիրովը չէ՞ր, որ հետագայում ինչպես այդ, այնպես էլ մյուս հայկական գյուղերը բնակեցնել տվեց հատուկ ծրագրով Հայաստանից տեղահանված հինգ հազար քոչվոր թուրքերով: Նմանապես նույն քուրդ Սուլթանովը չէ՞ր, որ վառեց Շուշին, սրի քաշելով նրա բազմահազար բնակչությունն ու գլխատել տալով հայոց թեմի առաջնորդ տեր Վահանին, որի գլուխը վայրենի ամբոխը ցից հանած պտտեցնում էր քաղաքի փողոցներում: Թևանը շատ տեղին խոսք է ասել, – չոր ու կոպտորեն վրա բերեց Հուրունցը՝ արգահատանքով նայելով ծերունուն: – Իրոք, շատ նամարդ մարդ եք եղել: Վատ մարդ:
Ծերունին, հանկարծակիի եկած, ետ ընկրկեց, հոնքերը զարմացած բարձրացան, մաքուր ածիլած թորշոմած դեմքը լարվեց: Նա կարճ մի պահ տարակուսանքով զննեց մեզ և, արագ շրջվելով, հեռացավ իր ոչ ծերունական կայտառ քայլվածքով:
– Դե, լավ, ես գնացի, – ուշացումով ասաց Հուրունցը, մի տեսակ հոգնած հայացքով ուղեկցելով հեռացող ծերունուն: – Մի ամբողջ գյուղ՝ ծեր, մանուկ, հարազատներով միասին, վառել են: Էսէսականների, ֆաշիստների ու դրանց արածների միջև որևէ տարբերություն տեսնո՞ւմ եք: Ասենք՝ տարբերություն կա. նրանք հակառակորդի, թշնամու հետ էին դաժանորեն վարվում, սրանք՝ սեփական ժողովրդի, ու այն էլ ավելի գազանաբար: – Դառնալով ինձ, ասաց, – Իմ խելքի տղամարդն ամուսնանում է անխելքությունից, բաժանվում է համբերության պակասից, կրկին ամուսնանում է՝ կարճ հիշողության պատճառով: Դու էդպես չանես… – Նա ժպտաց բարեսրտորեն ու պատվիրեց, – մյուս անգամ որ եկա՝ ամուսնացած լինես, չնայած, իհարկե, ամուսնությունը երբեմն նաև դառնություններ է բերում, բայց երկար ամուրի մնալու մեջ նույնպես ոչ մի լավ բան չկա: Տղամարդը կյանքում երկու ճանապարհ ունի՝ մնա ամուրի ու իրեն զգա դժբախտ կամ պսակվի ու այլևս ապրել չուզենա… Սոկրատեսն ի՞նչ է ասել՝ ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի. լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, թե վատը եղավ՝ կդառնաս փիլիսոփա, – ծիծաղեց նա, գրկեց իմ ուսերը: – Լավ խոսք է ասել, իսկ քեզ, – հրաժեշտի համար սեղմելով Սաղումյանի ձեռքը՝ ասաց Հուրունցը, – առողջություն եմ ցանկանում: Դիմանանք, տեսնենք ինչ է դառնում վերջը: – Հուրունցը մի քայլ արեց, ետ շրջվեց: – Մենք դեռ կհանդիպենք, – բազմանշանակ ժպտաց նա:
Որևէ մեկից բաժանվելիս՝ մենք երբեք չենք մտածում այն մասին, որ էլ չենք տեսնելու նրան: Ավաղ, մենք այդպես էլ այլևս չտեսանք նրան:
Հեռվից նայում էինք, Հուրունցը մտավ մետրոյի նախասրահ, շրջվեց, մենք ձեռքով հրաժեշտ տվեցինք միմյանց:
– Ինչքան գիտեմ նրան՝ միշտ այդպիսին է եղել, – Հուրունցի մասին ասաց Սաղումյանը, ափով մտախոհ շփելով մորուքը, – ծնողներին երեսունյոթին աքսորել են, ինքը պատերազմի թոհուբոհով է անցել, հասել մինչև Բեռլին, բայց նույնն է մնացել միշտ՝ ուղղամիտ, սկզբունքային, համարձակ ու անհաշտվողական: Նույնքան ժամանակ էլ Սամվելին գիտեմ՝ ստորաքարշ ու խեղճացած՝ եթե իրեն պետք է, եթե տասը կոպեկի շահ ունի, անողորմ ու դաժան՝ խեղճերի գլխին: Երկու տարբեր բևեռներ ու տես, թե ինչպես է դասավորված նրանց կյանքը, մեկը՝ ճոխության, պատվի ու հարգանքի մեջ, մյուսը՝ տասը տարի նույն մաշված վերարկուն ուսերից կախ:
* * * * *
Մինչ ուշ գիշեր պատրաստեցի հեռուստահաղորդման սցենարը՝ նվիրված Բեգում-Սարով գյուղի հուշարձանի բացմանը, առավոտյան տարա Արինային՝ մեքենագրելու:
Արինայի՝ դեպի ընդհանուր բաժին տանող դուռը կիսաբաց էր, լսվում էր՝ քթի տակ երգ էր դնդնում.«Միայն դու եկ, հետս խոսիր, բարևե, էդ ինձ համար կյանք է և թե արև է»:
– Առավոտ-առավոտ սոխակ է կտրել, չի թողնում աշխատենք, – անչար ասաց Լորաննան, ժպտաց: – Երեկ նախկինը կոմպլիմենտ է արել, երևի գլուխը կորցրել է:
– Երգի դակը ավելի ախորժալիա ախշադվում, – հարեց Թելման Կարաբաղլի-Չալյան-Սալվադոր Դալին: – Ճիրին ասալ են թա, հինչի՞ էս վշվշում, ասալա՝ հինգերս քարն ա: Էդ Կևորկ Ատաճանյան զիբիլը էնքան սրա-նրա գնանոցը հեդը խոսեց՝ թելեպոնը փչացրավ, չի ախշադում, – ասես արդարանալով ավելացրեց նա, – եգա էսդեղիցը զանկ դամ:
Մեր խոսակցության վրա Արինան բացեց իր սենյակի դուռը, լայն ժպտալով նայեց ինձ:
– Արինա, այդ ո՞վ է, որի խոսքն ու բարևը քեզ համար կյանք ու արև է:
– Արև է… Ո՞վ պիտի լինի՝ դու ես, – շեշտակի նայելով ծիծաղեց նա: – Մտնում ես ու չես բարևում:
– Բարև:
– Ողջույն, – կոտրատվելով պատասխանեց նա: – Ոչ մի տեղ չե՞ս գնալու՝ Սիլվան գալու է այսօր:
– Ո՞ր ժամին, գնանք առաջին հարկ՝ դիմավորելու:
Արինան շուրթերը ծռմռեց՝ պատասխան էր որոնում:
– Առանց մեր ընտանիքին կպչելու չե՞ս կարող:
– Կարող եմ, – ժպտացի ես, հաղորդման տեքստը տալով նրան: – Երկու օրինակից, մի օրինակը կտաս ռեժիսորին:
Թելմանը գնաց իր աշխատասենյակը, մնացինք երեքով:
– Արինա, այս ինչե՞ր եմ լսում. նախկինը վերջերս քեզ ինչ-որ կոմպլիմենտներ է շռայլում, դա ինչպե՞ս հասկանալ:
Արինան մի կատաղի հայացք նետեց Լորաննայի վրա, բայց հարմար գտավ իմ ներկայությամբ ոչինչ չասել:
– Ախր, ասա, ի՞նչ գործ ունես էդ երեխայի հետ, – շինծու սրտացավությամբ՝ հեռակա կարգով նախկինին կշտամբեց Լորաննան՝ դիտավորյալ բորբոքելով խոսակցությունը:
– Դե լավ՝ ի՞նչ է ասել:
– Ինչ է ասել… Ասաց՝ էդ ի¯նչ սիրուն սև աչքեր ունես, – ի վերջո գոհունակ ժպիտով խոստովանեց Արինան:
– Ում ասաց՝ քե՞զ:
– Ինձ, – ժպտերես պարծանքով գլխով արեց նա:
– Անճաշակ մարդ է, մի հավատա, – ասացի ես: – Նա արդեն այնպիսի մի վտանգավոր տարիքի է հասել, երբ բոլոր կանայք գեղեցկուհի են թվում: Մի հավատա:
– Մի հավատա… – շուրթերը ծամածռելով տնազեց Արինան՝ ակնդետ նայելով ինձ:
– Հուրունցը շատ լավ արեց, որ երեկ շշպռեց նրան, – ասաց Լորաննան: – Ոնց էր կատաղել: Եփած խեցգետինի պես կարմրել էր:
– Թող իմանա, – աչքով անելով Լորաննային՝ ասացի ես, – թե ինչ է նշանակում անմեղ տեղը մարդուն վիրավորել՝ «Էդ ինչ սիրուն սև աչքեր ունես»:
– Իսկ ի՞նչ է, Արինայի աչքերը սիրո՞ւն չեն, – իբր պաշտպանում էր՝ խորամանկորեն ժպտալով ասաց Լորաննան: – Մի նայիր՝ կուզես դեմուղիղ, կուզես՝ կիսադեմից, ոնց որ Սողոմոնի երգ-երգոցից իջած՝ սև եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղեմի աղջկունք. ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների շուշանն եմ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նորան, ասացեք, թե սիրով հիվանդ եմ ես… Լեո,նայիր, մի՞թե սիրուն չեն այդ աչքերը:
– Եթե մոտ ութսուն տարեկան կնամեծար մարդը գտնում է, որ սիրուն են, – ժպտալով ասացի ես, – ուրեմն պիտի հաշվենք, թե սիրուն են:
Արինան շրխկոցով փակեց դուռը, իսկ Լորաննան մեղավոր ժպիտով աղերսաձայն ասաց.
– Լեո, խեղճ ես՝ Արինայի ձեռքին, ինձ սպանելու է: Ինչո՞ւ մատնեցիր:
Ես գիտեի Արինայի պոռթկումները, որոնք անցնում էին նույնքան արագ, ինչպես սկսվում էին:
– Մի վախենա, – ասացի, – երկու րոպեից հետո մոռանալու է:
Եվ, իրոք, չանցած մեկ րոպե, նա դուրս եկավ իր սենյակից, ձեռքին մեքենագիր մի թուղթ:
– Լսեք, էդ մարդը լրիվ ցնդել է: Եվ ո՞նց է ձեռքերը դողացնելով վերջում հավաքում թղթերը: Ասում եմ՝ Սամվել Աթանեսովիչ, նեղություն մի քաշեք ամեն օր գալ, ձեռագիրը թողեք, ես կմեքենագրեմ՝ կգաք, կտանեք, չէ, ասում է, չեմ կարող, մտքերս այստեղ կգողանան: Թաղեմ ես քո մտքերը, – սրտանց վրա բերեց Արինան: – Նայեք, մի երկու պարբերություն մեքենագրել, պահել եմ: «Քառասուներկու թվականի աշունն էր, – սկսեց կարդալ Արինան, – սեպտեմբեր, թե հոկտեմբեր ամիսը: Կինս՝ Անյան, առավոտյան ասաց, որ տերևով տոլմա է եփելու, որը ես շատ եմ սիրում: («Հուշերի մեծ մասը ուտելու կամ խմելու մասին է», – մեկնաբանեց Արինան): Ռադիոկոմիտեում էի աշխատում, աշխատանքից տուն եկա ու դեռ մուտքում զգացի եփած տոլմայի հոտը: Բարձրացա երկրորդ հարկ, կոմունալ բնակարանում էինք ապրում, նախկին Կասպիյսկայա, այժմ՝ Շմիդտի փողոցի վրա, և ի¯նչ տեսնեմ՝ զինվորական շինելով, անթացուպը թևի տակ, ձեռքի մեկը կտրած մի ջահել մարդ, երևի բանակից փախած դեզերտիր, կերոսինկայի առաջ կանգնած արագ-արագ մեր տոլման ուտում է: Վազեցի մեր սենյակը, դռան ետևում մի երկար փայտ էի պահում, վերցրի այդ փայտն ու եկա՝ տալիս եմ, ոնց եմ տալիս՝ մեջքին, գլխին, ուր պատահի, գլուխը երկու տեղից ճղվեց, արյուն է, որ հոսում է, ուզում է պաշտպանվել՝ չի կարողանում: Ո՞նց պաշտպանվի՝ ձեռքի մեկը կտրած, ոտքը կաղ՝ անթացուպը թևատակին: Աղմուկ-աղաղակ. հարևանները դուրս են թափվել և, անիրավները, փոխանակ շնորհակալ լինելու, որ գող եմ բռնել, ինձ վրա էին խոսում, անպատվում: Զանգեցի, միլիցիան եկավ տարավ: Հետո ի՞նչ եղավ այդ գողի հետ, այդպես էլ չիմացանք»: