–Քիչ առաջ կարմիր շոր հագած եկավ-անցավ® Ոնց որ սարերի ջեյրան՝ եկավ ու անցավ® էն երգը գիտե՞ս, որ ասում է՝ նորից գարուն եկավ, գարուն աննման, կարմիր էիր հագել, վարդի պես վառման, ջեյրանի պես սարերով եկար ու անցար, մեկ բարև էիր տալիս՝ այն էլ մոռացար,– գլուխը շարժելով, թախծալի ձայնով արտասանում է Մերուժանը£– Էդ ի¯նչ տեսակ գեղեցկություն է դրա գեղեցկությունը, Աբիկ®Էն աստվածը, նրան նայելիս մարդ իրենից անկախ մտածում է երջանկության հեքիաթային աշխարհի ու հազարան բլբուլի մասին: Գրադարանից եմ վերցրել ու կարդացել էդ բլբուլի մասին…
Ես նայում եմ Մերուժանին ու զարմանքից մնում ապշած. ես միայն նոր եմ նկատում, որ նրա աչքի մեկը կարծես թե աջ է նայում, իսկ մյուսը ձախ£ Ես դժվարությամբ եմ զսպում ինձ, որպեսզի բարձրաձայն չծիծաղեմ£
–Հիմա ի՞նչ պիտի անենք, Աբիկ,– ասում է Մերուժանը, չգիտես ինչու, իջեցնելով ձայնը£
–Ինչի՞ համար,– իմ հերթին հարցնում եմ ես£
–Ի՞նչ թաքցնեմ քեզանից, Աբիկ ջան, իմ ամբողջ հույսը դու ես£
–Ոչինչ չեմ հասկանում£ Ի՞նչ հույսի մասին է խոսքը£
–Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ այդ մասին® Իմ հույսը դու ես, իմ վերջին հույսը£– Մերուժանը նստում է անցած ձմեռվանից մնացած հաճարենու կոճղին, վախվորած նայում է չորս կողմը և շարունակում ցածր ձայնով£– Իմ արևը, Աբիկ, որ ինձ սպանեն էլ, որ կախ էլ տան, միևնույն է, նրան իմ սրտից հանել չեմ կարող£ Հասկանու՞մ ես, նրան կորցնելուց հետո ես էլ կորցնելու բան չունեմ… Մեղավոր չեմ, սիրում եմ, գետնից մինչև երկինք խենթի պես սիրում եմ, Աբիկ ջան, ոնց ասեմ, խմած չեմ, բայց հարբած եմ£
–Ինչպե՞ս կարելի է չխմել, բայց հարբել£ Այդպիսի բան չի լինում£
–Դու իմ միտքը չհասկացար, Աբիկ ջան£ Ես ուրիշ բան եմ ասում® Նա ինձ չգիտի, չի ճանաչում, հետո ինչ, թե բարևում եմ, պատասխանս տալիս է£ Դա էն չի®Դու հո կարող ես նրան մի երկու խոսք ասել իմ մասին£
–Օրինակ, ի՞նչ£
–Դե, ինչպես ասեմ քեզ,– Մերուժանը մի պահ մտամփոփ նայում է հեռու հանդերի կողմը£– Ամեն ինչ էլ կարող ես ասել, փառք աստծու, ձեռքս քարի տակ չի, աշխատում եմ և վատ չեմ վաստակում£ Աղջիկներ շատ կան, ում էլ ասեմ՝ մի գլուխ վազելով կգա, բայց, դե, Արգինան ուրիշ է, բարձրագույնն ավարտած, գեղեցիկ, լավ ռոճիկ է ստանում, ես նրա մի մազը չեմ փոխի մեր գյուղի բոլոր աղջիկների հետ… Ասա մեքենայի հերթում է, շուտով մեքենա է գնելու£– Մերուժանը կրկին նայում է չորս կողմը£– Լսիր, Աբիկ ջան, դու էդ բանն արա, ես քեզ էնպիսի մի լավություն անեմ, որ ամբողջ կյանքում ինչ էլ անես՝ չկարենաս իմ լավության տակից դուրս գաս:
–Չեմ հասկանում, ես ի՞նչ պիտի անեմ,– ասում եմ ես հետզհետե բարկանալով£
–Հիմա, հիմա, Աբիկ ջան, հիմա ասեմ քեզ£ Հասկանո՞ւմ ես® Հնարավո՞ր չի, օրինակ, մի անգամ, ուշ երեկոյան նրան վերցնես ու զրույց անելով գաս ձորի կողմը® Բայց էնպես, որ մարդ-բան չլինի, թե չէ, մեկ էլ տեսար, սկսեցին բամբասանքները.. Շատ կարևոր մի հարց կա, ուզում եմ էդ մասին խոսել հետը® Էդ որ անես, Աբիկ ջան®
«Նա ուզում է փախցնել Արգինային»,– վայրկյանաբար անցնում է իմ մտքով£ Այդ ենթադրությունից նույնիսկ շնչահեղձվում եմ£
–Ուզում ես փախցնե՞լ Արգինային,– ասում եմ ես£
–Հա,– արագ ելնելով տեղից պատասխանում է Մերուժանը£– Քեզնից ի՞նչ թաքցնեմ, Աբիկ ջան, պայմանավորվել եմ, Կաղնախաչի վրայով ձիով կտանեմ Առաջաձոր, բարեկամ ունենք էնտեղ, կթողնեմ նրանց տանը, իսկ հետո հեշտ է£ Մեր գյուղերում էդպիսի էնքա¯ն դեպքեր են եղել® Օգնիր ինձ էդ հարցում, Աբիկ ջան, լավությունդ չեմ մոռանա մինչև մահ-գերեզման£
–Ինչպե՞ս չես ամաչում,– համարյա գոռում եմ ես, զգալով, թե ինչպես են մի ակնթարթում լցվում աչքերս£– Հիմա ես կգնամ ու բոլորին, բոլորին կպատմեմ այդ մասին£
Մերուժանը, հանկարծակի գունատվելով, նայում է շուրջը և, փորձելով ժպտալ, վախեցած ձայնով ասում է.
–Ի՞նչ փախցնել, ի՞նչ ես ասում, կատակ արեցի® Այ տղա, դու կատակ-բան չես հասկանո՞ւմ£
Ես արագ, առանց ետ նայելու, վազում եմ դեպի տուն£
6.
Դեռևս տուն չհասած՝ մարագի մոտ լսում եմ Արգինայի ձայնը£ Շրջվում եմ ձայնի ուղղությամբ£ Արգինան տասերորդ դասարանի մի խումբ աղջիկների հետ ճանապարհի եզրին կանգնած աշխույժ զրուցում, ծիծաղում է£ Տուն գնալ չեմ ուզում, նստում եմ մարագի ստվերում՝ սպասելով Արգինային£ Արգինան շարունակում է ինչ-որ բանի մասին պատմել աղջիկներին, և նրանք համերաշխ կչկչում են£ Ճիշտն ասած, չգիտեմ ինչու, ինձ դուր չի գալիս այն, որ Արգինան այդքան մոտ է աղջիկների հետ£ Հետո ի՞նչ, թե նրանց դասղեկն է£ Ինձ նույնիսկ թվում է, թե Արգինան հատուկ նրանց համար է ստեղծել «Սիրենք, պահպանենք հայրենի բնությունը» խմբակը£ Դե, իհարկե՝ որպեսզի մշտապես միասին լինեն£ Մեկ էլ տեսար հավաքվեցին մեր տան մոտ և սկսեցին ճռվողել սարյակների պես£ Պատահում է նաև, գնում են շրջելու գյուղամերձ դաշտերում կամ զբոսանք են կազմակերպում դեպի սարերը և տուն են վերադառնում արևը մայր մտնելուց հետո£ Մի անգամ նույնիսկ Արգինան իր դասարանով մեկնեց մարզկենտրոն՝ ինչ-որ ներկայացում դիտելու£ Ես չքնեցի այդ գիշեր, անկողնում պառկած արթուն սպասեցի՝ մինչև նրանք կվերադառնային այնտեղից ու դրանից հետո նոր միայն քնեցի£
Փառք աստծո, վերջապես Արգինան հրաժեշտ է տալիս աղջիկներին£
–Դեհ, մինչև վաղը, աղջիկներ,– ասում է նա, շրջվելով մեր տան կողմը£ Բարձր ու խրոխտ՝ նա գալիս է թեթև քայլվածքով, գլխի գեղանի շարժումով երբեմնակի ետ նետելով անհնազանդ մազերը£
Մեր տնից ոչ հեռու, գյուղխորհրդի հին շենքի տանիքում, ուր վերջին տարիներին կոլտնտեսությունը ծխախոտի տերև է չորացնում, ծխախոտագործ կանայք, իրար գլխի հավաքված, խոսում են՝ ուշադիր նայելով Արգինային£
–Անաստվածը մի տես ինչքան գեղեցիկ է£
–Աչքերը գեղեցիկ, քիթը գեղեցիկ, բերանը գեղեցիկ, կազմվածքը գեղեցիկ, աղջի, բա սրան տեսնողի քունը կտանի՞£
–Մի նայիր է, ասես բացված վարդ լինի, հազար երանի քեզ առնողին£
–Ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու էդպես նայես£
–Աղջի, բախտը լինի գեղեցիկ, բախտը£ Մեր Ռազմելան պակա՞ս գեղեցկուհի էր£ Որտե՞ղ է հիմի. Ղազանչիի ձորերումը՝ մի բոլուք երեխեք գլխին թափած£
–Էհ, գեղեցիկ աղջիկները հազվադեպ են բախտավոր լինում£
Տրամադրություն չունեմ նրանց լսելու: Արգինան մեր բակում է միայն նկատում ինձ£
–Ինչո՞ւ ես այդքան ուշացել, Աբիկ,– հարցնում է նա իր առօրյա սիրալիրությամբ£
–Մի թեթև գործ կար,– ասում եմ ես՝ փախցնելով հայացքս£ Սակայն իմ դեմքը, ըստ երևույթին, շատ է այլայլված, որովհետև Արգինան դադարում է ժպտալ£ Մենք լուռ բարձրանում ենք տուն և այնտեղ, տանը, Արգինան ասում է.
–Ինչ-որ բա՞ն է պատահել£
–Ոչ,– ասում եմ ես£
–Գուցե կռվե՞լ ես որևէ մեկի հետ£
–Ոչ£
–Վա՞տ ես զգում քեզ£
–Ոչ£
Նա մոտենում, գրկում է իմ ուսերը£
–Թաքցնո՞ւմ ես ինձնից£
Աչքերս լցվում են արցունքով, և, ինձ համար ևս անսպասելի, ես թռցնում եմ բերանից.
–Մերուժանն ուզում է փախցնել քեզ£
–Ո՞վ, -հարցնում է Արգինան, և ես նրա դեմքից տեսնում եմ, որ նա մեծ դժվարությամբ է զսպում ծիծաղը£ Դա ինձ հանգստացնում է£
–Մերուժանը,– ասում եմ£– Կոշկակար Մերուժանը£– Եվ ես սկսում եմ նրան պատմել Մերուժանի, Մաքսիմի ու գյուղի մյուս տղաների մասին՝ միաժամանակ զգույշ հետևելով, թե իմ խոսքերն ինչպիսի ազդեցություն են ունենում նրա վրա£ Շականակագույն խոշոր աչքերում բազմախորհուրդ արտահայտություն՝ Արգինան ուշադիր ունկնդրում է ինձ՝ մեկ ձյունաթույր ատամներով կծելով շիկակարմիր շուրթերը, մեկ իբր, զարմանքից ապշահար՝ հմայուն բերանը կիսաբաց՝ նայում է ինձ, ու ես չեմ կարողանում հասկանալ՝ բարկանո՞ւմ, թե՞ ներքուստ բերկրում է նա իմ խոսքերի վրա£ Ի վերջո, իմ սպասածին հակառակ, Արգինան հանկարծ սկսում է բարձր ու ուրախ ծիծաղել£
–Դրա համա՞ր ես արտասվում,– հարցնում է նա ծիծաղելը վերջացնելուց հետո£
–Այո,– գլխով եմ անում ես£
–Մի վախեցիր, ինձ ոչ ոք չի փախցնի£
–Ուրեմն դու ոչ ոքի հետ ոչ մի տեղ չե՞ս գնա£
–Չէ իհարկե…Միայն քեզ հետ, Աբիկ£ Ամռանը, արձակուրդներին, ես քեզ կտանեմ քաղաք£
–Այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծո՞վը£
–Այո£ Եվ դու կտեսնես, որ այն Նեապոլի նման է ու Նեապոլից գեղեցիկ,– միայն աչքերով ժպտալով ասում է Արինան£– Ես քեզ ցույց կտամ մեր քաղաքի բոլոր տեսարժան վայրերը ու նաև այն բակը հայկական թաղամասում՝ Արմենիքենդում, ուր ծնվել եմ ես£ Մեր բոլոր հարևանները հայեր էին, թե չէ հայերեն չէի իմանա£ Իսկ հետո նոր բնակարան ստացանք միկրոշրջանում£ Կգաս, չէ՞, ինձ հետ£
–Իհարկե£ Իսկ ձեր քաղաքը գեղեցի՞կ է մեր գյուղից£
Արգինան մի թեթև միտք է անում, հետո ասում.
–Չգիտեմ, Աբիկ£ Երևի քաղաքն իր գեղեցկությունն ունի, գյուղն՝ իր£
Վերևում, բարձր, շատ բարձր, երկնքի հեռու խորքում դանդաղ լողում են աշնանային գորշ ամպերը£ Նրանց ստվերները սահում են դաշտերի, անտառների ու գյուղի վրայով£ Հետո ստվերները խտանում են, և երկինքը միանգամից սևակնում է£ Այգում ու ներքևում՝ ձորի շամբուտում, թռչուններն իսկույն ընդհատում են իրենց անուշալուր երգը£ Գնալով մռայլվում է ողջ աշխարհը, ձորերը ընկղմվում են մթան մեջ, հեռավոր սարերը կորչում են մշուշում£
–Հիմա ամպրոպ կլինի,– ասում եմ£
Արգինան կկոցված աչքերով նայում է երկնքին£ Եվ այդ պահին կապտավուն կայծակը զիգզագաձև կտրտում է երկնքի կեսը՝ մի կարճ ակնթարթ լուսավորելով շրջակա անտառապատ լեռներն ու այս ու այնտեղ, սարալանջերին փռված զառիթափ հանդերը, հետո, սկզբում հանգիստ, իսկ այնուհետև ավելի ու ավելի ահագնանալով, երկինքն այնպես է սկսում ցնցվել ու դղրդալ, որ թվում է միաժամանակ սկսեցին կրակել հազարավոր հրանոթներից£ Արգինան վախվորած հպվում է ինձ, և ես, նայելով նրան, ծիծաղում եմ£ Նա նույնպես ժպտում է, թեպետ պարզ տեսնում եմ, ժպտալու ամենևին սիրտ չունի. Երևի վախենում է շանթ ու որոտից£
–Մեզ մոտ, քաղաքում, համարյա որոտներ չեն լինում,– ասում է նա ասես արդարանալով£– Եվ եթե նույնիսկ լինում է, ապա հազվադեպ, և այն էլ ոչ այնքան ուժեղ£
–Մեր սարերում կաղնիներ շատ կան, այդ կաղնիներն են ձգում կայծակներին,– ասում եմ ես£ Իսկականից ես չգիտեմ, թե ինչքանով է դա ճշմարիտ, որովհետև ինքս ոչ մի տեղ այդ մասին չեմ կարդացել, պարզապես մի անգամ սարերում ընկանք կարկուտի տակ, և իմ ընկերոջ՝ Հովիկի, հայրը՝ քեռի Երվանդն ասաց, որ չպատսպարվենք կաղնի ծառերի տակ, դրանք երբեմն ձգում են կայծակներին£ Եվ, իրոք, երկու տարի առաջ Սեյրանենց տափում կայծակը տվեց, երկու մասի բաժանեց մի վիթխարի կաղնի, ամբողջ մի շաբաթ ծխում էր կաղնին և, չգիտես ինչու, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ այրվող ծառին£
Քամու հետ գետնին են զարնվում անձրևի առաջին, խոշոր կաթիլները£ Հետո միանգամից սկսում է հորդ անձրևը՝ ուժգին ծեծելով տանիքի թիթեղն ու բակում, հավերի համար դրված ջրամանները£ Հաճելի է այսպես կանգնել պատշգամբում ու նայել, թե ինչպես է ջուրը ջրհորդաններից քլթքլթում հողին, ունկնդրել անձրևից վարարած Բարակ ջուր գետի կատաղած հեծեծանքներին՝ տներից ներքև, մշուշով լցված ձորի մեջ, լսել մարդկանց տագնապոտ կանչերը՝ հեռու և մոտիկ թաղերից, դիտել անձրևից կուչ եկած մենավոր ծառերն ու թրջված դաշտերը, ուր ինչ-որ մեկի բխոված ձին լուռ կանգնած համբերատար սպասում է անձրևը կտրվելուն®
–Իմանայի, թե անձրև է գալու, Հովիկին կկանչեի£
–Որպեսզի շախմա՞տ խաղանք,– հարցնում է Արգինան£
–Այս եղանակին ուրիշ ի՞նչ կարելի է անել՝ շախմատ խաղալուց բացի£ Թե դու չե՞ս ուզում, որ ես կանչեմ նրան£
–Հիմարիկ£ Ախր, ես ինչպե՞ս կարող եմ չուզենալ,– զարմանում է նա£
Հովիկի մասին ես հարցրի հատուկ նպատակով, որովհետև մեր գյուղում բոլորն այն կարծիքին էին, որ նա անուղղելի տղա է, նույնիսկ մի անգամ ցանկացել էին նրան հեռացնել դպրոցից, սակայն ինչպես Արգինան, այնպես էլ ջոկատավարուհի Նվարդը, կտրականապես դեմ էին դուրս եկել£ Նրանք ելույթ էին ունեցել մանկխորհրդի նիստում՝ խստորեն քննադատության ենթարկելով բոլոր նրանց, ովքեր կողմնակից էին Հովիկի հեռացմանը£ Այդ օրը ես դասարանի հերթապահն էի, դասերից հետո միջանցքով անցնելիս, ուսուցչանոցից լսեցի Արգինայի ձայնը և ակամաբար կանգ առա£ «Ես կուզենայի մի անգամ ևս հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պահանջում են անպայման հեռացնել Հովիկ Զաքարյանին, հիշեցնել, որ կյանքի ամենադժվար, ամենածանր պահին անգամ չպետք է կորցնել հավատը մարդու հանդեպ, առավել ևս Հովիկի տարիքում գտնվող մարդու հանդեպ, որովհետև անտարբեր լինել մարդու նկատմամբ, նշանակում է նրան մղել դեպի անխուսափելի կործանում£– Արգինայի ձայնը հնչում էր համոզչական ու հստակ£– Հեշտ է աշակերտին հեռացնել դպրոցից, բայց մի՞թե մենք՝ նրա ուսուցիչները, դրանից հետո իրավունք ունենք ուղիղ նայելու նրա ծնողների աչքերին, մարդկանց աչքերին և, առհասարակ, մի՞թե մենք իրավունք ունենք ապրելու և շնչելու, վայելելու կյանքի բարիքները, եթե մեզ այլևս չեն հուզում ոչ միայն բոլոր մարդկանց, այլև նույնիսկ մեր դպրոցում սովորող աշակերտի վշտերն ու ուրախությունները»£
Ես իհարկե մեծ բավականությամբ կշարունակեի լսել Արգինային, բայց միջանցքի մյուս ծայրին, չգիտես որտեղից, անսպասելի տնկվեց հավաքարարուհի Վարսիկը և ձեռքով նշան արեց չքվել ուսուցչանոցի մոտից£ Իսկ երեկոյան, տանը, Արգինան մայրիկին ասաց, որ անուղղելի մարդիկ չկան կյանքում£
Ճիշտն ասած, այդ խոսքերն ինձ շատ դուր եկան, որովհետև Հովիկը, իր բոլոր թերություններով հանդերձ, վատ տղա չէ, մենք նրա հետ դեռևս առաջին դասարանից ենք ընկերություն անում£ Արգինան այդ ժամանակ ասաց նաև, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի Հովիկը դառնա դպրոցի ամենաօրինակելի աշակերտներից մեկը£ Դա նույնպես ինձ անչափ դուր եկավ£ Եվ հիմա, խոսք բացելով Հովիկի մասին, ես ուզում էի իմանալ՝ Արգինան չի՞ մոռացել դեռ իր խոստումը և չի՞ փոխել, արդյոք, վերաբերմունքը իմ ընկերոջ նկատմամբ£ Ոչ, չի փոխել, այլապես ինչո՞ւ պիտի ասեր.
–Հենց որ անձրևը դադարի, կանչիր Հովիկին£
Հովիկը երեկ չէ մյուս օրն էլ մեր տանն էր£ Արգինայի հետ նրանք որոշ ժամանակ զբաղված էին դպրոցական պատի թերթի ձևավորմամբ, իսկ հետո մի քանի պարտիա շախմատ խաղացին, և Արգինան բոլոր այդ պարտիաները տանուլ տվեց£ Դա շատ էր զարմանալի, որովհետև Արգինան շախմատ լավ է խաղում£ Բայց հետո Արգինան ասաց, որ դա այլ նպատակ ունի£ Ես չհասկացա, թե դիտավորյալ տանուլ տալը ի՞նչ նպատակ պետք է ունենա և ոչինչ չասացի, իսկ Հովիկը՝ այդ դմբոն, հորթի պես ուրախացել, հրճվում էր£
Անձրևը հետզհետե դադարում է, և արեգակը՝ անձրևից թաց, գլուխը դուրս հանելով երկնքի մի ծայրից, ժպտում է£ Հեռվում, սարերի վրայով, օձի խորխի նմանվող գույնզգույն իր գոտին է նետել թափանցիկ ծիածանը, իսկ ավելի բարձր, սարերի կատարներին քսվելով, արդեն չվում են ծանր ամպերը£
Ես վազում եմ փողոց՝ Հովիկին կանչելու£
7.
Իսկ հետո անսպասելի եկավ ձմեռը, ամբողջ չորս ամիս համարյա անընդհատ ձյուն տեղաց. ճամփաները փակվեցին, դարձան անանցանելի՝ լեռնային մեր փոքրիկ գյուղը կտրելով աշխարհից£
Մարտ ամսվա վերջին օրերին միայն արեգակը սկսեց տաքացնել հողը և սկզբում բլուրները, իսկ հետո հանդ ու այգի, գյուղ ու ճամփա սկսեցին դանդաղ ծխալ£ Ձյունն արագ հալչում էր և, ինչպես ամեն տարի գարնանը, հորդաց, փրփրեց մեր հնավանդ Բարակ ջուրը, արմատահան արված ծառեր ու վիթխարի քարեր էր բերում վերևից, լեռների կողմից, և գիշեր ու ցերեկ անձանձիր ոռնում, դղրդում էր մթին ձորերի մեջ£
Ապրիլի կեսերին արդեն ձյուն չկար, կար միայն առատ ձյան վերհուշը£ Եկավ գարունը® Հեռավոր վայրերից վերադարձան ծիծեռնակները, ուրախ պտտվեցին մեր տան գլխավերևում, այգու ծայրում ինչ-որ տեղ, թփերի մեջ, երգեց դեղձանիկը, և նրան ձորից արձագանքեց մայր կկուն£
Երեկ ամբողջ օրը, չգիտեմ ինչու, անտրամադիր էի, իսկ այսօր առավոտյան, չափելով ջերմությունս, մայրիկը ինչ-որ դեղահաբեր դրեց սեղանին՝ պատվիրելով տնից ոչ մի տեղ չգնալ, պառկել անկողնում, տաքացրած կաթ խմել և ընդունել այդ հաբերը£ Եվ հիմա պառկել եմ անկողնում, և ժամերն այնպես ծանր են անցնում£ Ես մեկ-մեկ հաշվում եմ դպրոցական զանգի ձայները, սպասելով դասերի ավարտին£ Ուր որ է կգա Արգինան, և իմ սիրտը միանգամից կլցվի լույսով ու քնքշանքով£
Բակում, դարպասի երկաթե դռնակը աղմուկով ետ է գնում£ «Արգինան է»,– մտովի ուրախ ասում եմ ես£ Ոտնաձայները բարձրանում են սանդուղքով, դանդաղ բացվում է պատշգամբի դուռը, և դռների մեջ երևում է Արմենը՝ ձեռքին եղրևանու մի մեծ փունջ£ Ներս մտնելով, նա նկատելի շփոթվում է, ինչպես երևում է, չէր սպասում այդ ժամին տեսնել ինձ տանը£
–Այդ ի՞նչ է, դպրոց չե՞ս գնացել, Աբիկ£
–Ոչ,– ասում եմ ես, նստելով մահճակալի ծայրին£– Նշագեղձերի բորբոքում ունեմ£
–Մրսել ես երևի,– ասում է Արմենը՝ անվստահ նայելով շուրջը£
–Երևի,– ասում եմ£ -Մայրիկը տանը չէ,– ավելացնում եմ ես, նայելով ծաղկեփնջին£
–Հա՞,– ասում է Արմենը շփոթված£– Իսկ ես կարծում էի, թե տանն է£
Ծիծաղելի է, երբ մեծահասակ տղաները շփոթվում են£ Ես, օրինակ, երբեք չեմ շփոթվի՝ որտեղ էլ որ լինեմ£
–Ոչ, տանը չէ,– կրկնում եմ ես£– Այսօր նա առաջին հերթի է աշխատում£
–Հետաքրքիր է,– արտասանում է Արմենը, աշխատելով չնայել իմ կողմը,– ով էր՝ ասաց, թե տեսել է տուն գալիս, ուրեմն սխալ եմ հասկացել…
Ես մտածում եմ, որ երևի նրա հարազատներից որևէ մեկը բուժվել է մայրիկի մոտ, և նա եկել է շնորհակալություն հայտնելու, բայց ինչո՞ւ ոչ հիվանդանոց, այլ տուն է եկել£
–Այս ծաղիկները, ուրեմն, մայրիկի համա՞ր ես բերել,– ասում եմ, բայց իմ ձայնը, ըստ երևույթին, հնչում է ոչ առանց չարախնդության, որովհետև Արմենը մի տեսակ տարօրինակ ձևով է նայում ինձ: Նա եղրևանու ճյուղը զգույշ դնում է սեղանին£
–Աբիկ ջան, սա հարկավոր է դնել ջրի մեջ,– ասում է նա,– թե չէ իսկույն կթառամի£ – Որոշ լռությունից հետո, նայելով դեպի կից սենյակները, Արմենը ոչ բարձր հարցնում է.– Արգինան որտե՞ղ է£