ԷԼԵԳԻԱ
Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տե՜ղ չունեմ, ոչինչ չունեմ՝ ոչ ներկայում, ոչ գալիքում. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։
Ամեն ինչի հուշը անցած՝ լուսափթիթ վառ մանկության, պատանության արևը ջինջ ու հրավառ, հուշն իմ սիրո՝ հին օրերի շղարշի մեջ՝ անմեկնելի, անմատչելի, ձգում է ինձ, կանչում է ինձ հեռուներից անարձագանք։
Նա վերստին հառնում է իմ հուշերի մեջ, սերն իմ անմար, լույսի նման փայլ է տալիս տարիների հեռու հեռվում՝ հրացայտ սև ու ծիծաղկուն իր աչքերով ու իր տեսքով լուսաժպիտ՝ կախարդելով հոգեհմա։ Այդ հուշերում երկուսով ենք, դրախտի պես մի տնակում՝ այգու ծայրին, ուր զրնգուն գալարվում է գետը ձորում, շուրջը՝ անտառ հնամենի, առվի խոխոջ, վարդի բուրմունք, արտույտի երգ՝ այգուց անդին, ձույլ հասկերով մեղմ ալիքվող արտերի մեջ, կարկաչ ծիծաղ, գիրգ շուրթերի կրքոտ հպում…Ո՜վ, իմ Աստված, եղե՞ լ է դա, թե երա՞ զ է, մտապատրա՞ նք՝ ծնված այրող իմ կարոտից։
Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տեղ չունեմ. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։
ԱՆՐՋԱՆՔ
Լիալուսնի կաթնալույսում սարից իջնող մտամոլոր ու քարքարոտ մի նեղ ճամփա, մի սայլ՝ բեռնված զմրուխտ խոտով՝ երնջակի, յուղածաղկի, ուրցի հոտով, ծաղկաբուրմունք խոտին պառկած փոքրիկ տղա, որի հոգին պարուրվել է երազական քաղցր թմրով։
Ոլոր – մոլոր մի նեղ ճամփա, հոր ոտնաձայն՝ քիչ առջևում, շուրջը անդորր ու մարմանդ հով, այս ու այնտեղ ցրքուն հանդեր ու անտառներ՝ հնադարյան, լիալուսին՝ սարի ուսին, չարագուշակ բվի կռինչ, առվի շշունջ, անծայրածիր, լուսաշողշող երկինքն ի վար կաթող աստղեր, ծղրիդի երգ՝ աստղահնչուն գիշերվա մեջ, ու երազներ, նիրվանային երանելի ջինջ երազներ՝ իր ջինջ հոգում։
Ոլոր – մոլոր, մտամոլոր ու քարքարոտ ճամփի վրա ծույլ նազանքով օրորում է սայլը նրան… Անրջային թմբիրը հին պարուրել է, ախ, իմ հոգին ու չգիտեմ, ախ, չգիտեմ, մեռնում եմ ես, թե երազում…
ՉԳԻՏԵՄ, ՉԳԻՏԵՄ…
Կռիվ ու վեճ է իմ մեջ. շարունակ, անդադար, անընդմեջ, իսկ ես՝ արարած մի խեղճ, չգիտեմ ում լսեմ և ում հավատամ– չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ՝ որին կանգնեմ պաշտպան , որին գնամ ընդդեմ…
Բանականությունն իմ հանդիմանում է. մոռացիր դու նրան, որ ամեն ինչ անցած է արդեն, որ էլ վերադարձ չկա, ուրիշի կին է նա, քեզ համար՝ չկա, հասկացիր, չկա ու չի լինելու, իսկ սիրտն իմ՝ նա կա, քո մեջ է նա միշտ, անցյալն է քո նա, անցյալը՝ նրա սիրով անշեջ, ապրում է քո մեջ ու կապրի ընդմիշտ, քանի դու կաս, շնչում, ապրում ես այս բորբ արևի տակ…
Մոռացիր, մոռացիր, մոռացիր դու նրան: Ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ. աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, հառաչանքը թույլ, քնքշանքը նրա, գիրգ շրթունքների հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…
Ի՞նչ ասեմ, ես ի՞նչ, բանականությանը ես իմ անզիջում և իմ հեգ սրտին, ի՞նչ ասեմ ես, ի՞նչ, ես՝ խեղճ արարած, անպաշտպան գերի՝ գիշեր ու զօր նրանց վեճին ունկնդիր…
ԿԱՐՈՏ
Հանդիպումը նախանշան երևի` սահմանված էր վերևից, որ ես քեզ հետ, ու դու ինձ հետ` պիտի անցներ դրախտային մեր ուղին։
Որ կյանքը իմ ես քեզ տայի անմնացորդ, որ ապրեիր միայն ինձնով, որ շնչեի միայն քեզնով, որ նայեի աչքերիդ մեջ ծիծաղավառ, որ հալվեի քո հայացքից հոգեհմա, ձայնդ անուշ միշտ լսեի հանց մեղեդի, քո շուրթերի բույրն ըմպելով` խենթանայի, քեզ նայելով` նախանձեի… նախանձեի ես իմ բախտին։
Սակայն չեղավ, ավաղ, չեղավ, այդպես չեղավ, անեղծ սիրով մենք անբաժան` մենք միասին երբեք չեղանք, կյանքը` դաժան, մեզ իրարից արեց բաժան ու մեզ նետեց տարբեր ափեր, տարբեր ափեր մենք նույն գետի` անցանք ճամփան մեր անխոտոր` երազելով մեկս – մեկին, հեռվից – հեռու լուռ տենչալով մենք իրարու։
Ինչ է մնում ինձ անելու` ոչինչ – ոչինչ: Կորցնելով, ախ, ես նրան, էլ կորցնելու ոչինչ չունեմ։ Մի հույս է լոկ ինձ փայփայում, որ երբևէ կհանդիպենք… եթե ոչ այս, այլ` մեկ ուրիշ, մեկ այլ կյանքում` ոսկեշղարշ արևից վեր, լույս երկնքում…
ՀՐԱԺԵՇՏ
Մի հիշիր դու, ասում են ինձ, գեղատեսիլ վայրերը քո վառ մանկության. ոչ վայրերն են, ասում են ինձ, առաջվա պես գեղատեսիլ և ոչ էլ դու` այն պատանին։
Քո վաղանցուկ կյանքից ոչինչ մի հիշիր դու, ասում են ինձ, ինչ թողել ես այնտեղ վաղուց, միևնույնն է, էլ չես գտնի, հայրենական սար ու ձորեր, հանդեր ու ուրթ` մշուշի մեջ, աղբյուրների խոխոջը մեղմ ու երգեցիկ, հովը գարնան ու նրբագեղ գեղեցկուհուն քո վարդաշուրթ, մի հիշիր դու, ասում են ինձ, մնաս բարով, ասա, արդեն դու ամենքին, ծառ ու ծաղկին, երգող հավքին, լորի կանչին` կակաչազարդ արտից անծիր, ուղիդ անցիր ճամփորդի պես` առանց լացի, ու դիմացի՜ր, ու դիմացի՜ր` որ գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուդ, քեզնից հետո, մեկ ուրիշն է տիրանալու։
Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այդպես, ասում են ինձ, գնա՜ս բարով, քո արևը` մնացողաց, որ շողշողա նրանց վերև` քանի դեռ կան սիրո, լույսի, հույսի ներքո, ու չի եկել ժամը նրանց հրաժեշտի…
ՊԱՏԱՆԵԿԱՆ
Այսքան սիրու՜ն, սքանչելի, գայթակղիչ ու կախարդիչ, չքնաղագեղ ու լուսազարդ, վեհասքա՜նչ ու գեղանի՝ չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…
Հանց երազի կապույտ թռչուն՝ քո ծիծաղով կարկաչահունչ, այսքա՛ն սիրուն, վեհատեսիլ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ կանգնած ես դու միշտ իմ ճամփին։
Այն օրվանից, ինչ քեզ տեսա և այն պահից, երբ սիգանքով նայեցիր ինձ՝ հրացոլ խաժ քո աչքերով, սիրտս դողաց միանգամից, միանգամից կյանքս փոխվեց։
Քաղցրահունչ անուշ ձայնով ու կազմվածքով գեղեցկուհու, քո մատներով՝ հանց սրբատաշ, պարանոցով՝ այնքան ողորկ՝ հանց մարմարյա, քո քայլվածքով՝ սիգաճեմ ու հեզաճկուն, գիրգ շուրթերի արփիաշող ժպիտներով՝ չնաշխարհիկ, ու դնչիկով՝ հրապուրիչ ու էրոտիկ – խելահան ես արել դու ինձ։
Դու իմ կյանքն ես՝ Սուլամիթն իմ, Կիթերուհին, մեր սարերի թեթևասույր եղնիկը իմ, ասա դու ինձ, ի՛նչ անեմ ես, որ հասկանաս դու իմ հոգին։ Հո չե՞ս ուզում՝ սիրուց գերված, ես խենթանամ և ամենուր և ամեն օր, գիշեր ու զօր, նաև պատեհ ու անպատեհ, արցունքն աչքիս անունդ տամ, ճամփադ պահեմ։
Ո՜վ իմ Աստված, այսքան սիրու՜ն, վեհատեսի՜լ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ սքանչե՜լի, լուսաճաճա՜նչ ու կախարդի՜չ, չքնաղագե՜ղ, չնաշխարհի՜կ, վեհասքանչ ու լուսագե՜ղ՝ չէ, չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…
ԳԹԱ ԻՆՁ, ՏԵՐ
Այս էլ քանի՜, քա՜նի անգամ երազներում տեսնում եմ ես գեղեցկատեսք իմ լույս որդուն… Ասես խռով ամեն ինչից ու ամենքից ՝ բարեկամից, չարեկամից, լույս աշխարհից ու աշխարհի նենգ ու դավից, բազմատանջ ու նահատակի իր սուրբ տեսքով Քրիստոսի՝ որդիս հանկարծ հառնում է ինձ մշուշներից, հեռվից – հեռու լռին ու հեգ նայում է ինձ անմեղսունակ թույլ ժպիտով …
Ես հուսահատ ու շընչահատ, հույլ ու անկամ, ամեն անգամ աղերսելով, մըղկըտալով ետ եմ կանչում, իսկ նա ասես չի լսում ինձ, չի ճանաչում, հեռանում է՝ հետ նայելով, ու վերստին միաձուլվում լազուր երկնի լուսաշղարշ մշուշներին … Ողբ ու կական Ռամայի մեջ, Ռաքելը իր որդկանց վրա լաց էր լինում, չէր կարենում մըխիթարվել, որովհետև… չըկա՛ն նրանք։
Տե՜ր իմ, Աստված, եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ասա, ինչո՞ւ չես կամենում այս աշխարհից վերացընել վիշտ ու մորմոք։ Եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ինչո՞ւ, ասա, չես արել դա մինչև հիմա ու չես անում նաև հիմա… Գոնե գըթա՜, գըթա ինձ, Տեր, մեղմի՜ր ցավը իմ անանցիկ. զրկիր մտքից, հուշ ու սրտից, գուցե թե իմ սիրտ կեղեքող ու հոգետանջ այս կրակին ես դիմանալ կարողանամ…
ՌԵՔՎԻԵՄ
Արևը լուսաջինջ երկնքից իջնում է դեպի մայրամուտ, հրացոլք խարույկը նրա վառվում է լեռների վրա։ Կորցնելու ցավը անաղոք այրում է իմ վշտոտ հոգին, քանզի չապրած օրերիս ամեն թարթ հուշում է, որ ուշ է. քո առջև զվարթուն գարուններ, իմ առջև՝ անթափանց մշուշ է. ողջ կյանքս կանգնած քո ճամփին, գտել եմ, բայց արդեն ուշ է։
Շիկնահար այտերով գեղուհիս, դեմքը քո դարձրու իմ ցավին, տես, արևս գնում է մարելու, ուր որ է կիջնի երեկոն. չարի կամոք էր՝ վերևից, կամ բախտի քմայքով երևի, որ չգտա ես քեզ ցերեկով։
Թարմ վարդի դեռատի իմ կոկոն, ժպտա ինձ սիրառատ աչքերով, մեղրացող շուրթերով ժպտա ինձ, որպեսզի փառք տամ Աստըծուն, որ պահն այս տրվեց հանց պարգև՝ սիրո վայելքը զգալու:
ՂԱՐԱԲԱՂ
Մռավա սարի թուխ ամպերով, Քիրսա սարով՝ միշտ ձյունածածկ, մատուռներով՝ հին դարերից, մեր խաչերով, խենթ ու խելառ մեր Թարթառով ու Խաչենով՝ մեզ հետ ես դու՝ ուր էլ լինենք, ուր էլ գնանք, հեռու թե մոտ՝ ուր էլ մնանք, մեզ հետ ես դու, մշտաբողբոջ մեր այգեստան, մեր բուրաստան, հավերժի հետ ընկերակից մեր լեռնաստան։
Ջրերդ զով ու քչքչան հովդ անուշ ու շնկշնկան, արոտներդ ալպիական՝ լորի կանչով կախարդական, անտառներդ հեքիաթային՝ կկվի ձենով ու կուսական, խոնջ հանդերդ, սար ու ձորդ աստվածային՝ չքնաղագեղ ու դյութական։ Արար աշխարհ գնա ման եկ՝ Աստված վկա, ուրիշ նման դրախտ չկա։
Ո՞վ չգիտի, որ դու մերն ես, դու մի արև՝ մեր բոլորիս գլխավերև՝ մինչև մահ ու մահից հետո: Բիրթ կապանքից դու ազատված՝ ընդմիշտ մերն ես, մենք կմեռնենք՝ չենք տա բայց քեզ, մենք մի գետ ենք, դու մեր հունն ես, դու մեր հույսն ես, արյան կանչն ու աչքի լույսն ես, դու համակ կյանք՝ մեր հավատն ու սրտի սյունն ես, մենք սերմացու մի ժողովուրդ՝ դու մեր բունն ես, մեր քաջ նախնյաց սուրբ անունով լուսավորված հավերժական դու մեր տունն ես։
ՕՐՈՐ, ՕՐՈՐ…
Օրո՜ր, օրո՜ր, իմ օրերին օրո՜ր, իմ օրերին բոլոր՝ օրո՜ր, օրո՜ր… Քու՜ն մտիր, սիրտ իմ, քու՜ն մտիր, կոտրա՜ծ թևերով թռչնակ իմ, քու՜ն մտիր խաղաղ, մեր սին հույսերին օրոր, անուրջներին օրոր, օրո՜ր, օրո՜ր։
Հեռու՜ է երկիրն իմ՝ շքեղաշուք դրախտ, ու սիրտն իմ տենչաբաղձ՝ ճամփին է մշտատև, սակայն չի՜ հասնում, չի՜ հասնում նա տեղ, քանզի հուսաբեկ եմ, ավա՜ղ, ու թևահատ։
Իմ ոտնահետքերին կարոտ արահետնե՜ր կան այնտեղ՝ թավ խոտերում կորած, զեփյուռականչ ծաղիկներն այնտեղ, հավքի երգով տարված, օրորվում են մեղմիվ, շնկշնկում է սարերն ի վար դալարամեջք քամին, մանկութ աղբյուրներն այնտեղ կարկաչում, կանչում են անձկագին, մթնաշաղն է նստում արծաթաշաղ մշուշում, առաջին սերն է կանչում իմ և նրբանուրբ անունը իր շղարշվում է շնչիս ու այրում է հոգիս, ու ես այնպե՜ս եմ ուզում սիրել նրան նորեն, վերստին շշնջալ սիրաշշուկ խոսքեր, սիրո նազուն խոսքեր՝ ծնված միայն սիրո համար։
Օրո՜ր, օրո՜ր, իմ հուսախաբ սրտին օրոր, երազներին իմ օրոր, երնեկ արևն էլ իմ մարեր այնտեղ՝ հեռո՜ւ, հեռու՜, հեռու՜ սեգ լեռներում իմ հեռու, ուր գերեզմանն է իմ մոր՝ լքյալ ու անտերունչ, և գերեզմանին նրա սուրբ՝ շունչն է թևածում Աստծո։
Օրո՜ր, օրո՜ր, լույս ընկերներին իմ օրօր և բարեկամներին իմ բոլոր՝ անծիր համացանցի։ Ողորմած է Աստված ու ողորմենք մենք էլ չար սրտերին մեղսոտ՝ և նենգ, և դաժան, անկարեկիր, անգութ, որ հագուրդ չունեն բնավ՝ մի թիզ հողից բացի։
Օրո՜ր, օրո՜ր, օրերին իմ անցած, որ երազի չափ կարչ՝ հեռացող զնգոցո՜վ եկան ու անցան, ու էլ չե՜ն դառնալու, էլ չե՜ն դառնալու ետ… Օրո՜ր, օրո՜ր, կսկիծներին իմ օրոր, իմ ցավերին օրոր ու օրերին գալիք՝ որ կբացվեն հետո, բայց ո՜չ մեզ համար…
ԱՐՑԱԽ
Հայաստանը մաքուր ոսկուց մի մատանի՝ ակն ես նրա շողշողենի հանց ադամանդ։ Աստվածանիստ դրախտ ես դու երկնային, քո կարոտից հեռուներում՝ ներսից այրվող դեզի նման այրվում ենք մենք լուռ ու մարմանդ։
Ինչքան էլ որ հեռու լինենք մենք քեզանից, մեր օրրան, ուր էլ լինենք հարափոփոխ մեր այս կյանքում, կապրես մեր մեջ դու հանապազ, միշտ անպակաս դու մեզանից՝ մեր հուշերում, մեր սրտերում ու մեր հոգում։
Հայրենի հող, անուշաբույր դու մեր ոստան, մեր այգեստան՝ հար ըղձալի, փոքր ես դու, բայց մոր փոքրին ով է նայում. քարտեզին, տես, չկաս անգամ, չես երևում, որ համբուրենք, բույրդ զգանք, համդ զգանք, հեռվից-հեռու մեր կարոտը գոնե առնենք։
Ախր, մենք ո՜նց, ոնց մոռանանք ապառաժոտ լեռները մեր, սարը Մռավ՝ երկնի մովում, աղբյուրների ջուրը վճիտ, ականակիտ, ո՜նց մոռանանք, լորի կանչը՝ ծաղկափթիթ մեր հանդերում, ասա դու մեզ, ո՜նց մոռանանք, էդ կարոտին ո՜նց դիմանանք։
Երնեկ կրկին մենք տուն դառնանք հեռուներից ու էլ չապրենք օտար հողում մենք անտեղի, մեր հավքերի քաղցրալեզու երգը լսենք մեր ձորերում, վերադառնանք նորից մեր տուն, վերադառնանք, մեր տուն դառնանք ու վերստին տեր կանգնենք մենք մեր ծնողաց գերեզմանին, մեր տուն-տեղին…
ՄԱՅՐԱՄՈՒՏ
Մութը անցավ, լույսը բացվեց, արևն ահա դուրս է եկել, ցո՜լք է տալիս, շափաղում։ Լեռներից վեր, ոսկեվորված արևից բորբ՝ ճերմակ մի ամպ լող է տալիս լուրթ երկնքում՝ դանդաղասա՜հ ու հուշիկ։
Օրը բացվեց լուսապայծա՜ռ, գնաց դեպի մայրամուտ, ճերմակաթև ամպը մեկեն գունափոխվեց, սևացավ։ Մարդու բախտը հանց ճերմակ ամպ, կյանքը նրա՝ օրվա ճամփա՝ լուսաբացին արևացող, իրիկնադեմ մեկ էլ տեսար սևացավ։
Ո՜վ արարիչ, դու արարիչ ամեն ինչի, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ասա, մեզ տվեցիր այսքան կարճ կյանք, որ հանապազ մնանք կարոտ ամեն ինչի… Ինչո՞ւ, ինչո՞ւ տվածը քո, որպես պարգև շռայլորեն՝ լուսաթրթիռ ջահելություն, գեղեցկություն լուսափթիթ, աչքերի լույս, հավատ ու հույս, սեր ու խնդում, հետզհետե ետ ես առնում անգթորեն՝ մեզ թողնելով դավն ընկերոջ, որին սատար էինք կանգնել դժվար օրին, չար նախանձից բարեկամի՝ լուռ այրվելիս, ցա՜վը սիրո արփիաշող, որ ուրացած երդումներն իր սին ու պատիր, գնաց նվաստ թշնամու հետ։
Օրը անցավ, մայրամուտի արևը մեր՝ հորիզոնի ցոլքերի մեջ հըրդեհվելով ոսկեձույլ ու հարահավերժ անրջանքով, դանդաղորեն անց է կենում լեռան ետև. մնացողաց՝ մնա՜ք բարով, գնացողաց՝ լույս ու արև …
ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒ ՄԻ ՎՀԱՏՎԻՐ
Իմ հուշերում՝ մշուշներից ձյուն է տեղում, նոճիների ծովափնյա զբոսայգու մութ ծառուղում փաթի՜լ– փաթի՜լ ձյուն է տեղում, աստղաթև ու մեղմօրոր ձյուն է մաղում գեղատեսիլ իմ գեղուհու սաթ մազերին, թարթիչներին, վարդայտերին, կիսաթափանց մեղմ թարմությամբ՝ բոսորահուր շուրթիկներին…
Նեոնային լույսերի մեջ՝ թեթև – թեթև ձյուն է մաղում, ձյան լայնշի փաթիլները՝ հարյուր հազար, միլիոնավոր ճերմակաթև թիթեռնիկներ, օդում ճախրում, գալարվում են, ալարելով՝ իջնում են ցած դանդաղորեն։
Իմ սևաչյա գեղեցկուհին՝ հուզաթաթավ ու դեռատի մատղաշ բարդի, իմ գրկի մեջ՝ հեշտանքավառ ու խաղացկուն, գլուխը իր թեթևակի ետ է գցել ու քըմահաճ, հանց աղջնակ, հըրճըվալից ծիծաղում է՝ լեզվի ծայրով ժիր որսալով ձյան ճերմակ փաթիլներն այդ… Նրա տեսքից՝ լուսաճաճանչ ու լուսագեղ, ոսկեհնչյուն ստապատիր իր խոսքերից՝ խայտանքի ու լացի միջից. «Ես դա կանեմ, կանեմ ես դա, դու կտեսնես, ես կգնամ ու էլ չեմ գա, թե որ այդպես դու ուզենաս», սիրտն իմ խայտում, խլրտում է, հոգիս ցնծում, թփրտում է, ու ես անկամ, ինքնամոռաց մրմնջում եմ. «Ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ»:
…Հետո եղավ, այնպես եղավ, երկինքը լուրթ պատեց սևով, մարդը կրկին դառավ գազան ու ամեն տեղ ու ամենուր՝ ավար, ավեր, փողոցներում ու տներում՝ մորթված հայեր, խոշտանգված ու սվինահար անմեղ հայեր, աշխարհի կույր աչքի դիմաց՝ խարույկներում վառվող հայեր, մարդը, իրավ, դառավ գազան ու սովահար այդ գազանից մենք հալածված ինչպես մի հոտ՝ թողած տուն-տեղ, ունեցվածք ու գերեզմաններ, սոսկ հրաշքով փրկված ահեղ այդ գեհենից՝ գլխակորույս ու վշտաբեկ, ցրվեցինք մենք աշխարհով մեկ՝ հարահավերժ կորցնելով մեկս մեկին։
Իմ հուշերի մշուշներում ձյուն է մաղում նոճիների զբոսայգում… Փետրաթեթև, մեղմ ու նազուն ձյուն է մաղում մեր մազերին, մեր քունքերին, իմ գեղուհին հառնում է ինձ այդ հեռաբաղձ մշուշներից ՝ առաջվա պես լուսաժպիտ ու լուսագեղ։ Նրա տեսքից հոգեզմայլ սիրտն իմ խայտում, խլրտում է, հոգիս ցնծում, թփրտում է, ու ես անկամ մրմնջում եմ արտասվալից. «Ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ, մի վհատվիր ու մի կորցրու հույսդ վերջին, ես կգտնե՜մ, քեզ կգտնե՜մ, միայն թե դու մի վհատվիր, ցա՜վդ տանեմ» …
ՎԱՂԸ ԱՐԴԵՆ ՈՒՇ ԿԼԻՆԻ
Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ և մի խանդիր։ Աստված նրան՝ կրքահարու՜յց հուր աչքերով ու հրաներկ բո՜րբ շուրթերով, ըստեղցել է զուտ բերկրանքի, սիրո համար։
Կյանքը կարճ է, կարճ մի ճամփա, ճամփան՝ անդուլ հոգս ու մորմոք, դու ուղևոր՝ այդ կարճ ճամփին։ Ողջը դա է, կուզես խնդա, կուզես՝ լացիր, անօգուտ է և ընդունա՜յն, ախ, ամեն ինչ, ճամփադ անցիր, ի զորու չես դու փոխելու որևէ բան. ունայնություն ունայնունությանց, ունայնություն ունայնունությանց։
Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ, մի որոնիր այնտեղ ոչինչ ու մի խանդիր։ Սիրիր նրան ու վայելիր սերը նրա, սիրիր նրան՝ ինչպիսին կա։ Ինչ կա այսօր, վաղն այլևս չի լինելու, ինչ եղել է՝ ա՜նց է կացել, ինչ որ պիտի հետո լինի՝ պարուրված է անհայտությամբ. ապրիր այսօր, վաղը արդեն ուշ կըլինի։
ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ…
Հազարան հավքի թևերին, թե լաջվարդ հեքիաթից դյութական՝ մենք գալիս ենք այս աշխարհ, ինչպես հավքը եթերում՝ անրջանքով, խայտանքով, երջանկությամբ ապրելու։
Երջանկությունն այդ, սակայն, ինչպես կապույտ հորիզոն՝ ինչքան որ մենք մոտենում, հեռանում է մեզանից, ու չենք հասնում մենք նրան, ախ, չենք հասնում մենք նրան… Ու հաշտվում ենք բախտի հետ, քանզի ուզենք թե չուզենք, ինչ գրված է ի վերուստ՝ ի սկզբանե մեզ համար, հաստատ այն էլ լինելու:
Հազարան հավքի թևերին, թե լաջվարդ հեքիաթից դյութական՝ գալիս ենք մենք լույս աշխարհ, գընում դեպի վերջալույս՝ ճանապարհին կորցնելով ընկերներին սրտակից, մոտիկներին՝ ըղձալի…
Չկա ոչինչ այս կյանքում, որը ավարտ չունենա. ժամանակի ընթացքում՝ անցնում, գնում, մոռացվում է ամեն բան՝ սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ, լոկ կորուստն է զավակի, որ այրում է մեր հոգին ու չի անցնում մինչև մահ։
ՄԻ ՕՐՎԱ ԿՅԱՆՔ
Կա թիթեռի մի տեսակ, որ մի օր է ապրում սոսկ… Ոսկեթևիկ մի թիթեռ ծնվեց լույսը նոր բացված՝ զվարճանքով ողջ օրը ծաղկանց վրա ճախրելու, արևի ջինջ շողերում իր խատուտիկ թևերով ջրերի վրա թևելու, խնդությամբ ու բերկրանքով իր կարճ կյանքը ապրելու…