Խնդուն օրերի թույնը բոսոր - Գրիգորյան Էդուարդ 2 стр.


Դիմացի պատին մոտիկ, որտեղ ճանաչված դերասան-դերասանուհիների գունավոր նկարներն են փակցված, ապակեպատ, թափանցիկ մի արկղ էր տեղակայված, որում գտնվող զանազան իրերը, կարելի էր դուրս կորզել տասնհինգ կոպեկանոց մանրադրամի ծախսումով։ Դանիելյանը փող մանրողին ցույց տվեց բռան մեջ շիկացած տասնհինգ կոպեկանոցը` հասկացնելով, որ մանրելու կարիք չունենք։ Դիմացի երիտասարդն այնպիսի հայացքով նայեց վրաս, կարծես ամեն ոք, ով մուտք է գործում այս տարածք, պետք է ամպայման ծանոթ լինի իրեն։ Դանիելյանն անխռով մոտեցավ արկղին, գցեց մանրադրամը, ապա սեղմելով կոճակը, սևեռուն կերպով սկսեց կառավարել մագիլներ հիշեցնող բռնակը։ Նրա բռնակը շատ դանդաղ առաջ էր գնում, հետո կանգնում ու նորից շարժվում էր ցանկալի ուղղությամբ։ Այդ ավտոմատում նման բան բացառված էր ի սկզբանե, բայց նա, ինչ-որ անհասկանալի, մոգական ուժով, կարողանում էր շրջանցել այդ արգելքը։ Ես զարմանքով նայում էի նրան, իսկ նա ուշադիր կենտրոնացած էր ծխախոտատուփի ու մեկ էլ բռնակի վրա։ Նա բռնակն իջեցրեց ուղիղ այնտեղ, ուր իրար կպած երկու ծխախոտատուփ էր տեղադրված։ Մագիլները ճանկեցին երկուսն էլ ու շարժվեցին դեպի արտաքին դուռ ունեցող պահարանը, որը բացելուց հետո ծխախոտը մերն էր, բայց կես ճանապարհին մեկը վայր ընկավ, իսկ մյուսը բարեհաջող տեղ հասավ։

 Թո՜ւհ, ես քո,  բացականչեց նա, ապա ավելացրեց,  ոչի՛նչ, մեկն էլ բավական է։

 Ինչպե՞ս ստացվեց,  չհասկացա ես։

 Ի՞նչը,  հարցրեց նա։

 Այն, որ շարժվում, հետո կանգնում ու նորից շարժվում էր։

 Ա՜,  ծոր տվեց նա,  Իմ մեթոդն է, օգտվում եմ, երբ դրամս վերջանում է։

Մենք դուրս եկանք կինոթատրոնից։ Անձրևը դադարել էր, այլևս չէր մաղում: Մենք քայլում էինք` շրջանցելով անձրևից հետո առաջացած բազմաքանակ ջրափոսերը։ Մեր կողքից դանդաղորեն, երթուղային տաքսու նմանվող մի ավտոմեքանա անցավ, ու ես հասցրեցի նկատել, որ ներսում գտնվողներն անխտիր սևազգեստ տղամարդիկ էին՝ ծխախոտի ծխով շղարշված, որոնք անընդհատ, անհասկանալի ամպլիտուդայով ճոճվում և ձեռքերի ագրեսիվ շարժում-թափահարումներով վիճում էին միմյանց հետ։ Իմ հարուստ երևակայությունն ուզում էր կառչել այդ տեսարանից և զարգացնել ապագա պատմվածքիս համար՝ հետաքրքիր նյութ որպես, բայց չգիտես ինչու, հրաժարվեցի այդ մտքից և ուղղակի, մեր զրույցը շարունակելու համար, ասացի։

 Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է անձրևից հետո հողը բուրում։

 Հողը երբեք չի բուրում,  առարկեց նա,  որոշ բույսեր, չորային ժամանակահատվածում արտադրում են յուղեր, որոնք կլանվում են կավահողի կողմից։ Անձրևների ժամանակ, այդ յուղերը խառնվում են ջրին` ստեղծելով աէրոզոլ, որը և բարձրանում է օդ՝ տարածելով այդ բնորոշ բուրմունքը,  բացատրեց նա և ավելացրեց,  իսկ դու գիտեի՞ր, որ XVII դարում Մեծ Բրիտանիայում օրենք էր ընդունված անձրևի մասին, ըստ որի, անձրևի սխալ կանխատեսման համար, օդերևութաբանին մահապատժի էին ենթարկում։

 Ո՛չ։ Ես դա չգիտեի,  պատասխանեցի ես։ Խե՜ղճ օդերևութաբան։

 Ոչ մի խեղճ, ոչ մի բան։ Թող քիթը չխոթեր այնտեղ, որտեղ իր տեղը չէր:

 Օդերևութաբան չեն ծնվում,  հակադարձեցի ես:  Դա մասնագիտություն է, սխալվելով են սովորում, իսկ այս դեպքում, նրան զրկել են սխալվելու իրավունքից, և անմիջապես կառափնարան, դա բոլորովին էլ արդար չէ:

 Բանն էլ հենց այն է, որ օդերևութաբան ծնվում են, և հետքագետ նույնպես ծնվում են, չի կարելի արթնանալ մի գեղեցիկ օր և ասել` ես ուզում եմ դառնալ հետքագետ կամ բանաստեղծ, դա Աստծո պարգև է, որը չի բաժանվում ում պատահի։ Առաջընթացը՝ պրոգրեսը, որը դու նկատի ունես, միայն ժամանակակից դատարկ խոսք է, ներկայիս մարդն իր արժեքներով շատ ավելի ցածր է, քան վերածննդինը, և դա անառարկելի փաստ է. ցույց տուր ինձ հիմա Լեոնարդո կամ Միքելանջելո:

 Աշխարհը զարգանում է պարույրաձև և ոչ թե ուղղահայաց։

 Հենց այդպես։ Կա սահման, որից բարձր չես ցատկի։

 Իսկ դրա ցանկությունը միշտ կա,  նկատեցի ես։

 Որովհետև երիտասարդ ես, և դա հրաշալի է։ Բայց գիտցիր մի բան, որ ինչ էլ անես, քեզանից առաջ, ինչ-որ մեկն արդեն արել է, հիմա դու կասես` Իսկ Նյուտո՞նը, չէ՞ որ նա է տվել այն, ինչ իրենից առաջ երբեք չի եղել։ Նյուտոնը ոչինչ չի տվել, նա պարզապես առաջինն է կռահել և գրի առել այն երևույթը, որը ստեղծվել է աստվածային ուժով, Նյուտոնը չէ, որ ստիպել է խնձորին վայր ընկնել, և ոչ թե հակառակը՝ վեր խոյանալ: Այն, ինչ անձեռակերտ է՝ հոգևոր է, այն, ինչ ձեռակերտ է` ստեղծված է մարդու ձեռքերով, զուրկ է հոգևորից, բացի պոեզիայից, երաժշտությունից ու գեղանկարից, բայց այնտեղ մի մոռացիր, որ բուն սկիզբն է աստվածային, նկարիչը միայն կապում է այն գծերը, որոնք նրան գծում է Ամենաբարձրյալը։

Ես սաստիկ տխրեցի նրա բոլոր այդ խոսքերից։ Ես չէի կամենում վեճի բռնվել իմ երիտասարդական մաքսիմալիզմով և մտածեցի,  մի՞թե ես էլ նրա տարիքում, նրա նման թերահավատ, սկեպտիկ եմ լինելու:  Նա, կարծես, կարդաց իմ մտքերը և ասաց։

 Դատարկ բան է այս ամենը, ապրիր և վայելիր կյանքը, և դա կլինի ճիշտը,  իսկ հետո ժպտալով հարցրեց,  Ես իսկապես նման եմ արվամոլի՞:

 Եթե հաշվի առնենք ձեր հիգիենիկ տեսքն, ու թե ի՞նչ թանկ պարֆյումով եք բուրում, միանշանա՛կ,  խայթեցի ես։

 Խայթո՞ւմ ես,  աչքերը կլորացնելով ու տարակուսանքով զարմացավ նա։

 Իհարկե՛,  պատասխանեցի ես:  Միայն ձեզ չի տրված խայթելու իրավունքը:

 Կորիր գրողի ծոցը,  քամահրեց նա։

II


Կիսախավարների լաբիրինթոսում, կարևոր կիսախավարը, թեթևակի լուսաստվեր հեղեղելով լաբիրինթոսից դուրս, զատվում, չէր միախառնվում,  և ծովը սև՜-սև էր, կապո՜ւյտ-կապույտ էր, կանա՜չ-կանաչ էր։ Հորիզոնում սևը շա՜տ-շատ էր։ Մտածելիս` սև չէր, մթություն էր։ Հորիզոն-մթության մեջ, խավար շողում էր հանրության միակ արևը՝ այնքան խավար, որ արև չէ՛ր՝ լուսին էր, բայց շատ որոշակի երակներդ թխկթխկում, շխկշխկում, հուշում էր, որ դա անժխտելի արև էր։

Աղճատված հոգիների թափորը ծովի երկայնքով, ալիք-ալիք մոտենում-չէր մոտենում՝ բայց ափից վախենում, շատ էր վախենում։ Մնացյալ ալիքները, հիմար-հիմար, միամիտ-միամիտ մոտենալով ափին, ջրապտույտ էին ստեղծում՝ հետ չէին գնում, և ջրապտույտ էր ստեղծվում։ Կարմրաբոսորի փայլքը ուղեղդ քլունգում ու զգում էիր, որ ծովը սև՜-սև, կապո՜ւյտ-կապույտ, կանա՜չ-կանաչ չէր, մի գույն էր՝ սևակապտականաչ կամ հեշտ ու սեղմ «սակռ»։ Սակռագույն ծովի սակռագույն ալիքները ջրապտույտ ստեղծելով` ծովի ընդերքից աղաղակ էին կորզում, և աղճատված հոգիների թափորը հեռվից հեռու լսում, ծիծաղում, աղաղակներն ընդունում-չէր ընդունում ու ուրախանում, հպարտանում էր իրենց հավատափոխ դավանանքով, որ ափին մոտ չէր, ափից հեռու՝ շատ հեռու էր։ Աղճատված հոգիների թափորը ափից հեռու, ափը զգում ու չէր մոտենում։ Իրենց համար, իրենց տեղն այնտեղ չէր։ Ծանրութեթև անելիս` ծանրությունը հետ, ծովի խորք էր ձգել ու այնտեղից դիտվում-զգացվում էր։ Նրանց ափին մոտ լինելը կարևոր չէր, նպատակ չուներ։ Ամեն ինչ լսված, սովորած, կարդացած, երազներում տեսնված էր։ Մնացյալ ալիքներին հրելիս և քամահրանքով ծաղրելիս, նրանց թևերը դիմադրության ուժ չէին զգացել։ Աղճատված հոգիների թափորը` ծեր, շատ ծեր, վաղուց ափին մոտենալով, հասնելով, փրփուր չէր տվել, անփրփուր ճողոպրել ու թեթևակի փրփրել էր ծովի խորքում` այդ ամենն ուսումնասիրելիս, սովորելիս, երազներում տեսնելիս։

Ջրապտույտից՝ չյուղված սայլի անվի ճռնչոց ու ծանր հևք էր լսվում։ Ալիքներն էին ճռնչում, հևում։ Ճռնչոցը ուրորէ լացի էր փոխվելու, բայց փոթորիկը հեռու էր։ Ամեն ինչ փոթորկի համար կարծես զարգացել, հասունացել էր, իսկ լաց, ողբ չկար։ Լճացած արցունքներ պետք չէին, անտեղի էին։

Խրախճանքով ու կոկետ սեթևեթանքով, ալիք-ալիք, ակոս-ակոս, սակռագույներին բախվեց պոռնիկների գոսացած թափորն ու թվաց, թե ջրապտույտը հանդարտվեց։ Ջրապտույտի հանդարտությունը գոսացածների թովչանքն ու գեղգեղանքն էր ամրագրելու, սակայն ալիքների ըմբոստ համրությունը, չյուղված անվի ճռնչյունը, այդ խեղդվող-զսպվող աղաղակները մոլեգնած ընդդիմացան, և պոռնիկների գոսացած թափորն իր տեղը ջրապտույտում անառարկելի ժխտեց, իսկ ջրապտույտը հանդարտեցնելու սկզբնական մտադրությունը բախվեց բանականությանը` հուշելով, որ չափազանց չնչին և անսահման մանր էր դեպքերում մխրճվելու համար և գլխիկոր, հիասթափ վերադարձավ, միացավ աղճատված հոգիների թափորին։

Ջրապտույտի ողբաձայն աղաղակները կարծես վերջ չպիտի ունենային, բայց կամաց-կամաց, հուշիկ-հուշիկ այն փոխակերպվեց տագնապի։ Տագնապն աճեց, աճեց ու վերջում` տագնապ չէր՝ բողոք էր։ Մնացյալ ալիքներն էին բողոքում, իրար հրմշտում, քաշքշում։ Եվ այդ քաշքռտուքից ծովը ճեղք տվեց, բացվեց ու հեռու-մոտիկ գվյունով, ընդերքից վեր խոյացավ մնացյալ ալիքների ըմբոստ ցասումը։


Իմ պատմվածքները խոտանում, մերժում էին մեկը մյուսի ետևից։ Գրական հանդեսներից մեկի գլխավոր խմբագիրը մի օր որոշեց անկեղծանալ հետս՝ լռության, մեկ էլ սերտած, անգիր արած` «Ձեր պատումի լեզուն, ոճը, շատ ծանր է և դժվարամարս։ Հրատարակչությունը, հաշվի առնելով ընթերցողական ենթադրելի շրջանակը, դրանով թելադրված պահանջարկը, նպատակահարմար չի համարում ձեր գործի հրատարակությունը»։ Նմանատիպ դատարկաբանության փոխարեն, ցանկացավ լիկբեզ անցկացնել հետս՝ բացել իմ աչքերը։

 Շատերի՞ն ես ուղարկել,  պատմվածքս ստանալուց երկու շաբաթ անց, ներս հրավիրելով իր աշխատասենյակ` հարցրեց նա:

 Ո՛չ,  պատասխանեցի ես:  Առայժմ միայն ձեզ:

 Գեղեցի՛կ,  ասաց նա,  կձևացնեմ, որ չեմ կարդացել այն։

 Չհասկացա՛,  զարմացա ես:

 Զարմանալու բան չկա, ուղղակի ցավում եմ քեզ համար, կհալածեն, ուժասպառ կանեն ճամբարներում կամ հոգեբուժարաններում։ Զսպիր ինքդ քեզ և փորձիր գրել ուրիշ պատմություններ, տես, թե ինչքան հերոսացում կա շուրջդ, գրիր նրանց մասին։ Դանակը ոսկորին մի հասցրու, մենք փոքր ազգ ենք, որի գոյության մասին ոչ ոք ոչինչ չգիտի, առանց խղճի խայթ զգալու կվերացնեն քեզ, և ոչ ոք այդ մասին ոչինչ չի իմանա, այդ նրանք կարող են իրենց թույլ տալ այլախոհական գրականություն, քանզի նրանց համար վատագույն արդյունքը՝ երկրից վտարումն է, տոմս` մեկ ուղղությամբ, Նոբելյան մրցանակ, և վերջ, մեզ հետ այդպես չեն վարվի, կատոկով կճզմեն և «ախ» չեն քաշի:

 Ես այլ կերպ գրել չեմ կարողանում։

 Ուրեմն դադարիր գրել և յուրացրու մեկ այլ մասնագիտություն, եթե չես կամենում տիրապետել դերձակ-մոտորիստուհու մասնագիտությանը՝ սիբիրյան, ոչ այնքան հեռավոր վայրերում։ Հուսով եմ, որ այս խոսակցությունը կմնա մեր մեջ, անշուշտ հասկանում ես, որ ես ռիսկի եմ գնում ոչ պակաս քան դու, իմ սրտացավությամբ:

Ես դուրս եկա նրա մոտից` շատ լավ գիտակցելով, թե ո՞ւր էր խփում, ի՞նչ էր բաղձանքը նրա։ Նա կամենում էր խոշտանգել, ամայացնել ողջ էությունս և ինձ դարձնել այս գարշ համակարգի հլու-հնազանդ ոչխարը՝ բարի ոստիկան, ով շահագրգռված էր նրանով, որ հանկարծ անգիտակցաբար չկործանեմ երիտասարդ կյանքս, չէ՞ որ ինձ հրաշալի ու լուսավոր ապագա է սպասում՝ այս հզոր երկրի բոլոր քաղաքացիների հետ մեկտեղ։ Բայց մի հարցում նա ճիշտ էր անտարակույս, և այդ միտքը հանգրվանեց ուղեղումս անդարձ. հարկավոր է թարգմանել ու փորձել պատմվածքներս հրատարակել արևմուտքում՝ նման պարագայում, առավելագույնն, ինչ կարող են թույլ տալ իրենց, երկրից ինձ դուրս շպրտելն է, չեն համարձակվի ֆիզիկապես ոչնչացնել, թեև փաստ չէ, նրանք հենց մեր հանդեպ կարող են թույլ տալ իրենց ամենն, ինչ կամենան, օրինակ, 58-րդ հոդվածի փոխարեն, կպցնել մի ինչ-որ քրեական ահարկու հոդված ու` ցտեսությո՛ւն, դու չես ո՛չ առաջինը և ո՛չ էլ վերջինը։

Ես մի քանի օր ապրում էի անիրազեկության մեջ, մտածում էի՝ կկանչե՞ն անվտանգության մարմիններն ինձ, թե՞ ո՛չ։ Միամտություն էր իմ կողմից հուսալ, որ իմ դիմազրկված պատմությունը փոթորկահույզ, մոլեգնող ծովի մասին, նրանք կընկալեն որպես իմպրեսիոնիստական ոճով բնության նկարագրություն և վերջ՝ այդքանը միայն: Նրանք ամեն ինչ լավ ըմբռնել, հասկացել էին։ Հիմա, հավանաբար, պատմվածքս ձեռքից ձեռք է անցնում այդ սարսափելի հաստատության տարբեր գրասենյակներում, վերծանվում են նրա տողատակերն, ու որոշվում է, թե ինչպես է պետք վարվել ինձ հետ, հարկավոր է անմիջապե՞ս պատժել, թե՞ կարելի է դեռևս համբերել։ Ամենայն հավանականությամբ, կանխարգելիչ զրույցն ու գլխավոր խմբագրի խոսքերը, որոնք հնչեցին որպես նախազգուշացում, ըստ էության, իմ պատիժն էր. «խելքի՛ եկ», ահա թե ի՞նչ էին նրանք հստակ ու պարզ առաջարկում ինձ: Ես շատ լավ հասկանում էի, որ ինձ գրչի վրա էին վերցրել. անհասելի են այլևս արտասահմանյան ուղևորությունները, ոչ մի ուղիղ եթեր ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, քանզի դրա համար անհրաժեշտ է խոսափողի հասանելիության թույլտվություն, իսկ դա ինձ համար ոչ ոք չի ստորագրի այլևս։

«Թող կորչեն գրողի ծոցը, բոլորն անխտիր»` մտածեցի ես, մեծ հաշվով, ինձ համար գլոբալ ոչինչ չի փոխվել, ես այս երկրի համար առանց այն էլ անվստահելի տարր էի և այդ ամենից զրկված էի ի սկզբանե, քանզի բռնաճնշվածների հետնորդ եմ ես՝ ժողովրդի թշնամիների ժառանգ։ Սակայն, շատ փոքրիկ հույսի նշույլ, որ գլխավոր խմբագիրը մատնիչ չէր, այնուամենայնիվ կար։ Կար ցանկություն` համոզվել, որ իր փոքր ժողովրդի զավակների ճակատագրով նրա մտահոգությունն անկեղծ էր՝ իրակա՛ն։

Օրերն անցնում, թռչում էին անասելի արագությամբ։ Ինձ ոչ մեկը չէր անհանգստացնում, ոչ մի տեղ չէին կանչում, և դա ավելի տագնապահույզ էր։ Ես շարունակում էի գրել իմ պատմվածքները` հստակ գիտակցելով, որ նրանք դատապարտված են անգոյության։ Հետզհետե իմ այդ տագնապներն ու անհանգստություններն անցան` տեղի տալով մտքին, որ կարծես բարեհաջող ավարտ է ունեցել իմ այդ անմիտ արկածախնդրությունը, և ես վերսկսեցի լիաթոք շնչել ու գոյատևել իմ սովորական խաղաղ կյանքով՝ սթրեսներից ու ցնցումներից զուրկ, բայց ներքին լարվածությամբ՝ պատրաստ իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր ընթացքին։

Նրանք իմ պապիկին, բարբարոսաբար տարել էին 37-ին, դասախոսության ժամանակ՝ թույլ չտալով ավարտել այն, իր ուսանողների աչքի առաջ, միտումնավո՛ր, որպեսզի նվաստացնեն. մարդակերի հոգեբանություն, որը գիտնականին ընկալում է` որպես սննդամթերք, գաստրոնոմիական պարեն և ոչինչ առավել։ Միակ բանը, որ թույլատրել էին պապիկիս, այն է՝ ճանապարհին թեքվել տուն և վերցնել ձեռագրերը, իր անավարտ վեպը։ Ի՞նչ իմանար խեղճ պապս, որ իր ձեռագրերն ու անավարտ վեպն էլ իր հետ միասին կանէանան, կփոշիանան հավերժ, և ի՞նչ անուն տալ այն երկրին, որը գողացել էր պապիկիս մտքերը՝ զրկելով ինձ նրանց մեջ խորասուզվելու, նրա հետ մեկուսանալու իմ ժառանգական իրավունքից։

 Ես բողոք եմ ստացել,  որոշ ժամանակ անց, երբ թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և վտանգն անցել է անդարձ, ինձ դիմեց թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղարը՝ ցածրահասակ, բարակ բեղերով մի անձնավորություն, որն իր ճաղատությունը հմտորեն թաքցնում էր այն մազերի շնորհիվ, որոնք լիուլի աճում էին նրա պստլիկ գլխի հետին և կողային մասերում, որոնցով, կանոնավոր կերպով, առաջ և կող տանել-բերելով, ստեղծում էր արտասովոր մի սանրվածք, առատորեն սոսնձելով թատերական սոսնձով՝ կայունության համար, որպեսզի նրանք չծածանվեն քամիներից` մերկացնելով նրա ճաղատությունը, քամիներ, որոնք հաճախակի էին հյուրընկալվում կիրճերում սեղմված, բարձր լեռների ստորոտում, դանդաղահոս գետի երկայնքով սփռված մեր քաղաքում։

 Ես ահազանգ եմ ստացել, որ դու հակախորհրդային պատմվածք ես գրել,  ասաց մի մարդ, ով, թերթերի վերջին էջից բացի, ոչինչ չէր կարդացել երբևէ։

 Մի՞թե,  հարցրեցի ես։

 Այո՛: Ազդանշանը եկել, տեղ է հասել, ես չվստահելու պատճառ, առավել ևս չարձագանքելու իրավունք չունեմ, թեպետ, ինքս չեմ կարդացել քո պատմվածքը, ճիշտ կլիներ ազդանշանին նաև պատմվածքիդ պատճեն կցել, սակայն վերևներում շատ ավելի լավ գիտեն, թե ինչն-ինչպես է արվում, իսկ քեզ, ահա թե ինչ կասեմ, հիմարություն մի արա, զբաղվիր իրական գործով՝ նայիր ինձ, ես սկսել եմ զրոյից, երիտասարդությանս տարիներին նույնիսկ ստիպված եմ եղել թղթե տոպրակներ սոսնձել գոյությունս մի կերպ պահպանելու համար։

 Ոչ բոլորին է տրված սոսնձելու ունակություն, դա Աստծո պարգև է,  ասացի ես։

 Գուցեև այդպես, ուղղակի ուզում եմ ասել, որ նախկինում ես տոպրակներ էի սոսնձում, իսկ այժմ մի ամբողջ թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղարն եմ։

 Եվ շարունակում եք սոսնձե՞լ:

 Ի՞նչ նկատի ունես,  չհասկացավ նա։

 Միայն այն, որ ձեզ համար ոչինչ չի փոխվել, նախկինում թղթե տոպրակներ էիք սոսնձում, իսկ այժմ` բեղ ու կեղծամ ցածրորակ դերասանների համար:

 Հիմարությո՛ւն, դու գոնե հասկանում ես, որ ինձնից սպասում են քո բնութագիրը ընդհանուր գործին կցելու համար, որը կարող է վճռորոշ դեր ունենալ:

 Իսկ ի՞նչ կարող եք գրել իմ մասին։ Պատմվածքս դուք չեք կարդացել, և նույնիսկ եթե կարդացած լինեիք, դժվար թե ինչ-որ բան հասկանայիք, կգրեք, որ ես հրաժարվում եմ սոսնձել ձեր անիծյալ կեղծ բեղե՞րը, որ ես` որպես դերասան, գերադասում եմ ներքին վերամարմնավորում և ոչ թե արտաքին ֆինտիֆլյուշնե՞ր, և դա անբարոյական, բուրժուական խորթ երևո՞ւյթ է:  Կարող եք գրել, խնդրե՛մ։

 Ես կձևացնեմ, որ չեմ լսել դա:

 Հազիվ թե։ Ձեզ բոլորիդ մեկ մայր է ծնել, դուք համընդհանուր ինկուբատորի պտուղ եք։ Մի սրտացավ գործիչ ևս, իր ասելով, աչք էր փակում, բայց չհասցրեցի դուրս գալ մոտից, անմիջապես վազեց ու փայտփորիկի նման սկսեց թակել բոլոր հնարավոր և անհնար դռները։ Ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ եք գրելու իմ մասին, շտապե՛ք, քանի դեռ դրոշն ու իշխանությոնը ձեր ձեռքին է:

Назад Дальше