Հատկապես անհասկանալի է ներկան, անվերջ հոսող, անվերջ տրոհվող նրա անորսալի վայրկյանը, վայրկյանից էլ շատ փոքր, ամենափոքրիկ ներկան, որը թվում է, թե չկա, բայց, այնուամենայնիվ, տևողություն ունի: Այդ ներկան, ինչպես Եղիշե Չարենցն է գրել, անհնար է անգամ ամփոփել ուղեղում.
Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդեն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես, դու տևում ես:
Ներկան կա, գոյություն ունի, թեև շարունակ հոսում ու հեռանում է, կարողանում ենք օգտվել նրանից, թե չենք կարողանում, միևնույն է, նա կա:
Եթե ապրում ենք, ուրեմն օգտվում ենք, եթե օգտվում ենք, ուրեմն նա գոյություն ունի:
Ուրիշ բան է, որ մենք չգիտենք, թե ո՞րն է ժամանակի իմաստը, թե ինչու՞ է նա անվերջ հեռանում և մի՞թե հեռանում է անդարձ:
Մարդուն միշտ անիմաստ է թվացել, որ այն ամենը, ինչ հիմա կա և իրական է, ինչ-որ ժամանակ պիտի վերածվի ոչնչության և այլևս երբեք գոյություն չունենա:
Ներկան խաբուսիկ է, բայց, միաժամանակ, իրական: Դա առիթ է տվել հետևություն անելու, որ եթե մենք հիմա գոյություն ունենք, ուրեմն գոյություն ենք ունեցել անցյալում, գոյություն պիտի ունենանք և ապագայում: Այդ են քարոզում հնդկական կրոնները, մասնավորապես բուդդիզմը:
Քրիստոնեությունն էլ հույս է ներշնչում, որ Տիրոջ նոր հայտնությամբ, որ հեռու չէ, կփոխվի ժամանակը, կգա նոր ժամանակ: Նրա ներկան անցողիկ չէ, աստվածային ներկա է, նրա անցյալը նույնպես օժտված է ներկայի ուժով, մեր գիտեցած ապագայից տարբեր է նաև նրա ապագան, այն հավերժություն է: Այսինքն այդ նոր ժամանակի հետ դարձյալ կգա Նա, ով կար, որովհետև ինչ եղել է, տեղի է ունենում, ինչ տեղի է ունեցել, տեղի կունենա
Սակայն պատկերացնելու համար նման մի երջանիկ ժամանակ, որ ունի ներկա, անցյալ և ապագա, բայց անցողիկ չէ և սարսափելի չէ իր անդարձությամբ, պետք է ճշմարիտ հավատ ունենալ: Ինձ նման սովորական մարդը այդպիսի ժամանակը ինչպե՞ս հասկանա:
Մարդ պետք է ինչ-որ կերպ պաշտպանված լինի ժամանակից՝ հիշողությամբ, մոռացությամբ, գիտությամբ, անգիտությամբ կամ հավատով, այլապես կխճճվի սեփական մտքերի մեջ, ինչպես երեք սոճիների արանքում մոլորված ճամփորդ:
Մարդ իրեն պաշտպանված է զգում ժամանակից, եթե կապված է իր մշտական տեղին, իր մշտական անփոփոխ, հարազատ անկյունին: Դա զգացնել չի տալիս ժամանակի հոսքը, նրա կորուստի ցավը: Նա այդպիսով մշտապես շրջապատված է լինում հուսալի, անշարժ իրերով, հարազատ բնությամբ՝ հայրենի լեռները, մանկության սիրելի վայրերը:Իսկ ինչ որ, այսուամենայնիվ, հոսում ու փոխվում է, ապա դա տեղի է ունենում աստիճանաբար, մարդը հասցնում է սովորել և ընտելանալ դրան:
Պետք է սիրել այն տեղը, ուր ապրում ես և այն ժամանակը, որ քեզ բաժին է ընկել կամ որին ինքդ ես բաժին դարձել, այլապես ի հայտ կգա անհամապատասխանություն և անհամաձայնություն ժամանակի հետ, իսկ դա արդեն հիվանդություն է, որից չեն մեռնում, այլ միայն անհույս կերպով տառապում են:
Աստղագուշակները դա կապում են Սատուրն մոլորակի հետ, ասում են, թե իբր նրա որոշակի դիրքի պատճառով է, որ ինչ-որ մեկը չի համապատասխանում իր ժամանակին:
Գոնե լավ է, որ պատճառն այդպես հեռու և այդպես անհասկանալի է ու կարիք էլ չկա փնտրելու ոչ իր մեջ, ոչ ուրիշների:
* * *
Ամեն տեղ են մերոնք՝ Ջավախք լեռնաշխարհի զավակները, այս անծայր երկրի բոլոր կողմերում: Մեկ էլ հանկարծ կիրակնօրյա շուկայում, օտար ամբոխի, օտարալեզու ժխորի մեջ կհնչի նրանց բարբառը՝ կոշտ ու անմշակ, իրենց լեռների պես հպարտ, բայց հարազատ տարերքից դուրս, խեղճ ու անօգնական:
Կարծես թե բոլորն են այստեղ, ողորմա՛ծ Աստված, մի՞թե բոլորը եկան, մի՞թե բոլորն են կարծում՝ որտեղ հաց, այնտեղ կաց:
Ինչու՞ չվող թռչուններից գոնե ֆիլոպատրիան չընդօրինակեցինք, ինչու՞ ծննդավայրի նկատմամբ հավատարմություն չսովորեցինք աղավնիներից, որոնք միայն ծննդավայրն են հիշում և ուր էլ թռչեն, միշտ վերադառնում են, օտար տեղի չեն վարժվում:
Իսկ մենք ինչպե՞ս ենք վարժվում:
Եթե չենք վարժվում, ուրեմն կեղծում ու խաբում ենք և ու՞մ ենք խաբում մեզանից բացի:
Դեռևս դրախտի կորուստի ժամանակներից մարդը միայն կորցնելուց հետո է հասկանում կորցրածի արժեքը ու խաբում է ինքն իրեն, թե այն մի մեծ բան չէր: Մենք էլ ենք խաբում՝ ի՞նչ կա էնտեղ, բայց թաքուն ախ ենք քաշում:
Էսկիմոսները պաղ ձյուները չեն լքում, բեդուինները անպտուղ անապատների տապերից չեն փախչում, մենք դրախտի պես անապական մեր երկիրն ինչպե՞ս լքեցինք:
Ասում են, թե Ճապոնիայում հատուկ ընտրված մի բարձր տեղ կա, երբ մարդը ցանկանում է շատ կարևոր մի բան ասել, իր կյանքի ամենակարևոր բանը և ցանկանում է, որ բոլորը լսեն իրեն, թույլատրվում է բարձրանալ այդտեղ միայն մեկ անգամ և գոռալ ամենաբարձր ձայնով:
Լիներ այդպիսի մի տեղ, բարձր գոռայի.
Ձեր տունը երբեք մի՛ լքեք, դա երկարատև ինքնասպանություն է:
* * *
Հիշողությունը լավացնելու համար դեղեր կան, զանազան թուրմեր, խոտ ու ծաղիկ, իսկ մոռանալու համար բան չկա՞: Ի՞նչ անի մարդը, եթե ուզում է ոչ թե հիշել, այլ մոռանալ, երբ սև մտքերը գիշերային սև թռչունների պես սիրտն են քրքրում:
* * *
Հիշողությունը լավացնելու համար դեղեր կան, զանազան թուրմեր, խոտ ու ծաղիկ, իսկ մոռանալու համար բան չկա՞: Ի՞նչ անի մարդը, եթե ուզում է ոչ թե հիշել, այլ մոռանալ, երբ սև մտքերը գիշերային սև թռչունների պես սիրտն են քրքրում:
Չարքերի նման այդպիսի մտքերը խավար են սիրում:
Մեր տառապյալ թագավորը ցանկանում էր երկնքի աստղերը կողոպտել՝ վարձատրելու համար այն մարդուն, ով մոռացնել կտար անցյալը:
Պատ են քաշել չինացիները, անհաղթահարելի հաստ պարիսպ, որ հրոսակներ չգան հյուսիսից:
Ինչպե՞ս պատ քաշել հիշողության առաջ, ինչպե՞ս անել, որ անցյալը չներխուժի իր հորդաներով, որ թաքուն չգա անպատեհ ժամին դավադրաբար, որ չկողոպտի, որ չհրկիզի ու մոխիր թողնի:
Իսկ չէ՞ր լինի, որ էլեկտրական հոսանքի նման անջատվեր մարդու հիշողությունը ավելորդ բեռից: Ով որ հնարել է անցյալն ու հիշողությունը, չէ՞ր կարող այդքան գթասիրտ լինել:
Իսկ գուցե հիշողության կորուստը հենց ա՞յդ է նշանակում:
Երբ մարդը չի դիմանում անցյալին, ինչպես էլեկտրական սարքը՝ հոսանքի լարվածությանը, հիշողությունն անջատվում է, որ հրդեհ չընկնի ներսը, չէ՞ որ մարդն էլ մի սարք է, ներքին այրման մի շարժիչ:
Եթե այդպես է, ուրեմն իսկապես կատարյալ շինվածք է մարդը:
* * *
Գյուղիս այդ կարճ ու հասարակ անունը՝ Փոգա, հանկարծ փափագելի եղավ Նրա բլուրներն ու սարերը մերկ, հողը քարքարոտ ու խեղճ, ինքը մշտապես ամպերի ու ձյուների մեջ, բայց Ավետյաց երկրի նման ցանկալի դարձավ նրանց համար, ովքեր բաժանվեցին, հեռացան նրանից:
Սակայն ուր էլ գնան նրանք, որտեղ էլ ապրեն փափուկ ու տաք, իրենց անտուն պիտի զգան առանց նրան:
Նա հին է, ինչպես որ հին է Ջավախքը: Հայաստանից անջատվելուց հետո Ջավախքում շատ տերեր են փոխվել, փոխվել կամ աղավաղվել են և տեղանունները: Նրա կարճ ու հասարակ այդ անվան ստուգաբանությունն էլ հայտնի չէ, ոմանք այն կապում են հռոմեական զորավար Ֆոկասի անվան հետ, բայց կարծեմ դա միայն ենթադրություն է, ապացույց չկա:
Ուզում եմ մի քանի էջ այսպես հանպատրաստից գրել մեր գյուղի անցյալի մասին՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կգրի նրա պատմությունը, քանի ուշ չէ:
Մեր գյուղի պատմության մշտական ականատեսն ու վկան կիկլոպյան հնագույն ամրոցն է նրա արևմտյան կողմում, գետափի բարձունքին: Նրա ավերակների մամռոտ քարերը լեռների հայացքի առաջ անքուն հսկում են նրան՝ միշտ առաջինը դիմավորելով նրա լուսաբացները:
Շատ բան են տեսել այդ քարերը՝ Արգիշտի Առաջինի զինվորներին, որ Ջավախքը Հայաստանին միացրեց, Տիգրան Մեծին ու Պոմպեոսին, Նադիր Շահին ու Լենկ Թեմուրին իրենց հրոսակներով, տեսել են ոտաբոբիկ Նունեին հռիփսիմյան կույսերից, որ գալիս էր Քրիստոսի հավատը տարածելու:
Նրանք բոլորը եկել ու անցել են, իսկ քարերը կան և գետի անվախճան երգի ուղեկցությամբ շարունակում են որպես լուռ հանդիսատես ու վկա հետևել կյանքի այն դրամային, որ խաղացվում է հնամենի գյուղում:
Այդ ավերակների մեջ, այդ մամռոտ քարերի հետ բազմաթիվ սերունդների մանկություններ են անցել խաղերով, ճիչ ու աղմուկով: Մանկական վառվռուն երևակայությունը բազմիցս դրանք կառուցել ու ավերել է, պաշարել ու նվաճել է հնագույն ամրոցը, անթիվ բարբարոս թուրքեր ու գերմանացիներ փռել այդ քարերի տակ:
Շատ տարիներ առաջ Վլադիմիրովկայի դպրոցի միակ ուսուցիչ Բաղյանը այդ ամրոցի բարձունքից էր ուզում կոտորել բոլոր փոգացիներին Պատճառն այն էր, որ պատմելով 1941թ.-ի մեծ պատերազմում իր կատարած «քաջագործությունների» մասին, երբեմն ոգևորվում ու չափազանցում էր, հետո էլ սկսել էր տարածել, թե Սովետական Միության հերոսի կոչում ունի: Երբ մեր գյուղացիները կասկածել էին և ապացույց պահանջել, Բաղյանն ասել էր.
Մի լավ ավտոմատ ունենայի, էն քարերի ետևը կանգնեի, փոգացիները գային, շարքով անցնեին, դիփին կոտորեի, նոր կիմանային, թե ով է Բաղյանը:
Ամրոցի արևելյան պատի տակ կանգնած է Սուրբ Հովհաննեսի մատուռը: Մեր մայրերը դժվար պահերին դեպի այդ մատուռն էին ուղղում իրենց հայացքը սփոփանքի կամ արդար հատուցման հույսով:
Մատուռի ներսում կա մի հսկայական խաչքար, որ նախկինում վիշապաքար է եղել: Ըստ մասնագետների, դա վկայում է այն մասին, որ այդտեղ քրիստոնեությունից էլ, սուրբ Նունեից էլ առաջ հայեր են ապրել:
Մեր նախնիները 1830-32թթ. եկել են Արդահանի Գյոլա գյուղից:
Աբուլի ճանապարհով գալով, նրանք սայլերով ու անասուններով անցել են գյուղի հարավ-արևմտյան կողմից, Փարվանա լճից սկիզբ առնող գետի ծանծաղուտով, որովհետև կամուրջ չկար: Ձուկն այնքան առատ է եղել գետում, որ եզներն ու ձիերն են տրորել, սայլերի անիվների տակ են մնացել, ջրի երեսը ծածկվել է սատկած ձկներով: Հետագայում, երբ երիտասարդները դժգոհում էին, թե իրենց պապերը լավ տեղ չեն ընտրել բնակության համար, ավագները ձկների առատության այդ փաստն էին հիշեցնում, թեև այդ առատությունն արդեն գոյություն չուներ:
Մեր հին կամուրջը շինվեց տարիներ անց, այն միացնում էր լճի երկու ափերն այնտեղ, ուր սկիզբ էր առնում գետը: Թեև հասարակ քարերով էր շինված, բայց երևելի մի բան էր թվում իր չորս ակերով, որոնց մեջ գիշեր ու զոր խշշում էր ջուրը: Կանայք այդ ակերի մոտ լվացք էին անում, իսկ երիտասարդները Սև ձուկ էին բռնում քարերի տակից: