Կոլխոզի տարիներին կամուրջից այն կողմ, լճի հանդիպակաց ափին, արհեստանոցներ շինվեցին, այնտեղ էր դարբնոցը իր նշանավոր փուքսով:
Շատ տարիներ հետո, անցյալ դարի 60-ական թվականներին, եկան հիդրոէլեկտրակայան կառուցելու, ամբարտակ շինեցին, լիճը բարձրացավ, արհեստանոցները քանդվեցին, կամուրջը կորավ ջրի տակ ու մոռացվեց:
Մերոնց գալուց առաջ մեր գյուղում ապրելիս են եղել բնիկ հայեր թուրքերի հետ միասին: Հայերը սակավաթիվ են եղել, մի քանի ընտանիք, թուրքերը մշտապես նեղել են նրանց: Նրանք փորձել են ճնշել նաև մեր գյուղացիներին, սակայն չեն կարողացել: Մերոնք ոչ միայն դիմադրել են թուրքերին, այլև հալածել ու գյուղից վռնդել են նրանց: Թուրքերը փախել են Սաղամո, իրենց ցեղակիցների մոտ, այնտեղ պատմել են եղածն ու ասել.
Ալլահը մեզ ազատեց Չախոյի ու Խնկոյի ձեռքից:
Չախոն ու Խնկոն եղբայրներ էին, Չախոյան ու Տերտերյան ազգությունների նախնիներից, նրանք էին փախուստի մատնել թուրքերին:
Թուրքերի հետ նման ընդհարումներ շատ են եղել և՛ դրանից առաջ, և՛ հետո: Առաքելենց Սաքոն ինձ պատմել է հետևյալ դեպքը իր նախապապի՝ Առաքելի մասին.
Մեր գյուղացիները Գյոլայում էլ թուրքերի հետ համատեղ են ապրել: Երբ որ սկսվում է տեղափոխությունը և առաջին խմբերը սայլերով ճանապարհ են ընկնում դեպի Ջավախք, թուրքերը ծաղրում են նրանց, կանացի վարտիքն իբրև դրոշակ ձողին կապած, ծամածռություններ անելով ուղեկցում են սայլերին: Հատկապես իրենց լկտի էին պահում երկու թուրքեր՝ Ահմեդ և Սայիդ անուններով:
Առաքելը, որ հայտնի էր իր ուժով ու խիզախությամբ, ձեռքը տանում է դեպի դաշույնը, բայց ավագ եղբայրը զսպում է նրան: Նա հարկադրված ենթարկվում է, բայց ասում է թուրքերից մեկին.
Լավ, Ահմեդ, սպասեք ինձ, ես կգամ:
Տեղ հասնելուց երկու օր հետո նա թամբում է իր Սպիտակ ձին:
Այդ նշանավոր նժույգը նա հեծնում էր բացառիկ դեպքերում: Եկել էր ամենաբացառիկ դեպքը՝ նա պիտի գնար վրեժ լուծելու թուրքերից: Ոչ ոք չի համարձակվում նրան ետ պահել, բոլորը գործերը թողած լուռ նրան էին հետևում: Մայրը արցունքն աչքերին միայն արագ-արագ խաչակնքում էր
Առաքելը մութն ընկնելուն պես անցնում է սահմանը և վաղ առավոտվա աղջամուղջի մեջ հայտնվում Ահմեդի տան կտուրին: Պարանով իջնում է երդիկից ու կանգնում քնած թուրքի մահճի մոտ.
Վեր կաց, Ահմեդ, ես եկա:
Թուրքը սարսափահար վեր է թռչում, ձեռքը մեկնում է դեպի հրացանը, որ պատրաստ դրված էր կողքին, բայց նույն վայրկյանին գետին է տապալվում Առաքելի դաշույնի շեշտակի հարվածից:
Նույն սառնասրտությամբ նա հաշվեհարդար է տեսնում երկրորդ թուրքի հետ, և մինչև գյուղը կարթնանար ու կիմանար կատարվածը, Սպիտակ նժույգը լեռներով սլանում էր դեպի սահմանը: Վախկոտ թուրքերը չեն համարձակվում անգամ հետապնդել նրան:
Մեր գյուղն ունեցել է այլ քաջեր ևս, ունեցել է հետաքրքիր պատմություններ նրանց մասին, որոնք անցել են սերնդե-սերունդ:
Ուշագրավ են հատկապես երկու նշանավոր եղբայրների՝ Տալոյենց Բարսեղի ու Սարգսի մասին պատմությունները: Նրանք արտակարգ ուժի տեր էին, հատկապես Սարգիսը, որն իբր թե երկու սիրտ է ունեցել: Շատ սխրանքներ էին գործել նրանք, շատ անգամ էին կռվել թուրքերի դեմ, պաշտպանել անմեղներին ու թույլերին: Նրանց մասին հեքիաթանման գեղեցիկ զրույցներ էին պատմվում օդաներում: Հուզիչ է հատկապես Սարգսի եղերական մահվան պատմությունը:
Այդպիսի մարդկանց ու նրանց արարքների շնորհիվ Ջավախքում և նրա սահմաններից դուրս ձևավորվել է հայտնի կարծիքը մեր գյուղի մասին, ձևավորվել է փոգացու կերպարը, որ ինքնատիպ է իր խոսվածքի պես: Ինչ-որ բացառիկ բան կա նրանում, նրա խոսվածքի ու բնավորության մեջ: Այդ կերպարին բնորոշ են առանձնահատուկ հյուրասիրությունը, հոգու շռայլությունը, վեհանձնությունն ու համարձակությունը:
Թուրքերն ու վրացիները լավ էին ճանաչում մեր գյուղացիներին: Երբ նրանք զանազան գործերով սարերից, յայլաներից գալիս էին մեր գյուղը, իրենց շատ զգույշ էին պահում, չէին համարձակվում անգամ ձի հեծած գյուղ մտնել: Նրանց հայտնի էր, որ մեր գյուղացիները դա չէին հանդուրժում, մանավանդ կանանց ներկայությամբ՝ համարելով գոռոզության կամ ինչ-որ արիության ցուցադրություն: Գյուղ հասնելով, նրանք իջնում էին ձիերից և գնում սանձը բռնած:
Շատ անգամ են մեր գյուղացիները ընդհարվել շրջակա յայլաների թուրքերի ու վրացիների հետ արոտների սահմանների պատճառով, պաշտպանել են իրենց հողերը և հաճախ ստիպված զենքի են դիմել: Այդպիսի մի ընդհարման ժամանակ սպանվել է իմ քսանհինգամյա Սաքո քեռին:
Սակայն թող չթվա, թե մերոնց միայն կռվարարությունն է հատուկ կամ միայն կոպտության են ընդունակ: Նրանք ուղղամիտ են, հավատարիմ ու վստահելի են բարեկամության, ընկերության մեջ:
Իր բնավորության պես մեր գյուղի խոսվածքն էլ ինքնատիպ է: Բարբառագիտության մեջ այն թյուրիմացաբար վերագրվել է կամ Մշո, կամ Կարնո բարբառներին, մինչդեռ նա չի պատկանում նրանցից և ոչ մեկին: Այն մի միջին տեղ է բռնում մեր Արևելյան և Արևմտյան բարբառների միջև, որովհետև հոլովման համակարգով նման է կը ճյուղին, խոնարհման համակարգով և հնչյունական օրենքներով՝ ում ճյուղին: Համալսարանում սովորելիս ես մի աշխատանք գրեցի այդ մասին:
Իր բնավորության պես մեր գյուղի խոսվածքն էլ ինքնատիպ է: Բարբառագիտության մեջ այն թյուրիմացաբար վերագրվել է կամ Մշո, կամ Կարնո բարբառներին, մինչդեռ նա չի պատկանում նրանցից և ոչ մեկին: Այն մի միջին տեղ է բռնում մեր Արևելյան և Արևմտյան բարբառների միջև, որովհետև հոլովման համակարգով նման է կը ճյուղին, խոնարհման համակարգով և հնչյունական օրենքներով՝ ում ճյուղին: Համալսարանում սովորելիս ես մի աշխատանք գրեցի այդ մասին:
Առաջին համաշխարհային պատերազմը, հետո էլ թուրքերի հարձակումն ու գաղթը քայքայեցին մեր գյուղը:
1918 թ.-ին, գաղթից առաջ, ըստ լուրերի, անհայտ պատճառներով և անհայտ հանգամանքներում մեր գյուղացիները սպանել էին թուրքական կառավարության ինչ որ գործակալի: Այդ պատրվակով, իբր թե նրա վրեժը լուծելու համար, թուրքերի մի ջոկատ Փանյա լեռան մոտ շրջապատել էր գյուղից գաղթողների մի խմբի, մոտ քառասուն հոգու, անզեն տղամարդկանց, կանանց ու երեխաների: Նրանց առաջնորդում էր Դավազը՝ գյուղի երևելի մարդկանցից մեկը, որ հայտնի էր իր ուժով, ճարտար լեզվով ու լավ ձայնով:
Տեսնելով, որ ուրիշ կերպ չի կարողանում ազդել թուրքերի վրա, Դավազը երգել էր թուրքերեն մի երգ, փորձել էր այդպիսով շարժել նրանց գութը, սակայն անօգուտ, թուրքերը կոտորել էին բոլորին: Հրաշքով կենդանի էին մնացել երկու հոգի՝ Հովսեփն ու իր տասնամյա աղջիկը, որոնք թաքնվել էին դիակների տակ:
Դա մայիսի վերջն էր: Երկու-երեք օրվա ընթացքում մեր ամբողջ գյուղը տեղափոխվեց Ծալկա, հիմնականում Նարդևան և Այազմա:
Ավելորդ է այստեղ գրել այն, ինչ վաղուց ուսումնասիրված է ու հայտնի է բոլորին՝ թուրքերի հարձակումը, մեր գյուղի գաղթը, նաև այն, թե ինչու չհաջողվեց դիմադրություն կազմակերպել:
Մաթևոս պապս չէր գնացել գաղթողների հետ, ասել էր.
Ես տունը անտեր չեմ թողնի, թուրքերը ինձ ձեռք չեն տա:
Թուրքական բանակին միացել էին Ղարաբուլաղից և այլ տեղերից թալանի եկած խմբեր: Պապս Ղարաբուլաղի թուրքերի մեջ շատ ծանոթներ ուներ, շատերին էր օրերով պահել տանը, օգնել, հյուրասիրել ու պատվել:
Երբ թուրքերը լցվել էին տունը, պապս նստած էր եղել օջախի առաջ, իր մշտական տեղը: Այդտեղ էլ սպանել էին նրան:
Հետագայում, երբ մերոնք ետ էին եկել, գյուղում դեռ թուրքեր էին եղել: Նրանք պատմել էին, որ պապս դիմավորել էր նրանց, իր ծանոթների անուններն էր տվել: Նա էլ էր երգել Դավազի պետ, երգել էր Ղարագյոզենց Գալուստի թուրքերեն հայտնի երգերից մեկը մարդկային վեհանձնության ու մեծահոգության մասին: Նա էլ էր կարծել, որ բավական է թուրքերին հիշեցնել բարության ու խղճի մասին, և նրանք կփոխվեն, լավ կդառնան:
Հիշեցնում են այն, ինչ գիտեցել կամ ունեցել են, իսկ թուրքերին որտեղի՞ց բարություն կամ խիղճ:
Ղարաբուլաղի թուրքերը Ծալկայում էլ սկսել էին հալածել ու կողոպտել գաղթական, անզեն ժողովրդին: Ովքեր ինչ-որ կերպ զինված էին, փորձում էին դիմադրել,զսպել նրանց, այնուամենայնիվ զոհեր լինում էին: Ոչխարի հոտն արածեցնելիս թուրքերն սպանել էին Օվեենց Նիկոլին ու ոչխարը տարել:
Ի՞նչ կանեն ինձ թուրքերը, թեկուզ երեք-չորս հոգով գան, ասել էր խիզախ երիտասարդն ու ոչխարը քշել հենց այն կողմը, ուր ընկերները խորհուրդ չէին տվել գնալ:
Նա կարծում էր, թե թուրքերը կգան ու կկռվեն ճակատ առ ճակատ, իսկ նրանք թաքնվել էին քարերի ետևում ու կրակել:
Շատ կյանքեր խլեցին նաև սովն ու հիվանդությունները:
Հաջորդ տարվա գարնանը, ձյունը դեռ չհալված, մեր գյուղը, ինչպես նաև ողջ Ջավախքը, ետ եկան Ծալկայից:
Մայրս առանց արցունքի չէր կարողանում հիշել այդ վերադարձը:
Սարերով անցնելիս ձյուներից նոր ազատված բացատում մի կնոջ ու մանկան դիակներ էին տեսել, իսկ նրանց մոտ՝ նորաբաց ձնծաղիկներ Ովքե՞ր էին և ի՞նչ էր պատահել՝ ոչ ոք չգիտեր: Նա երբեք չէր մոռանում այդ սարսափելի պատկերը:
Երբ տուն էին հասել, տեսել էին, որ դուռը կրնկի վրա բաց է, թոնրի սալը մի կողմ է նետված, իսկ թոնիրը լցված է հողով: Քամի էր պտտվում տանը
Այդ տեսարանը ցնցել էր Շողո մամիս: Նա տեսել էր որդու մահը, սով ու զրկանք և արիությամբ դիմացել էր, բայց թոնրի տեսքից ծնկները ծալվել էին, նստել ու լաց էր եղել:
Լաց էին եղել մայրս ու չորս քույրերը, որ այդքան տառապանքներից և մի ամբողջ տարվա բաժանումից հետո վերջապես տանն էին:
Լավ, հերիք է, վճռականորեն ասել էր մամս և սկսել էր թոնիրը մաքրել, գնացեք կրճոն-բան բերեք՝ վառենք, քամին Գանձայեն է, մխքաշը Տեփան Տացուենց կողմը դրեք:
Մայրս գնացել էր մխքաշը դնելու, բայց այն երդիկից ցած էր նետված, չէր կարողացել բարձրացնել: Օգնության էր հասել Փիլոսենց Գալոն: Նրա հետ կռված էր դեռ գաղթից առաջ, որովհետև չար կատակով նա կտրել էր իր երկար հյուսերից մեկը: Նրանք մորս հպարտությունն էին, գյուղում ոչ մի աղջիկ այդպիսի երկար հյուսեր չուներ: Բայց այդպիսի չարություններն արդեն մոռացվել ու ներվել էին, ընդհանուր աղետը հաշտեցրել էր բոլորին:
Գյուղը վերադարձավ, թոնիրները դարձյալ վառվեցին, կյանքը շարունակվեց: