Առակներ - Գոշ Մխիթար 2 стр.


ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս:

Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով.

– Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։

Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։

ՄԱՐԴԸ ԵՎ ԳԱԼԻԱՆՈՍԸ

Մի անգամ Գալիանոսը բանախոսություն էր կարդում մարմնի առողջության մասին, ասելով.

– Եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, մեր բժշկության կարիքը չի զգա։

Այս լսելով, մի մարդ ո՛չ ուտում է և ո՛չ խմում։ Դրանից նա ծանր հիվանդանում է և թշնամանում Գալիանոսին: Իմանալով այդ, Գալիանոսն ասաց.

– Ո՜վ անմիտ մա՛րդ, չգիտե՞ս դու, որ մենք բնության արարիչը չենք, այլ օգնականը։ Ինչո՞ւ չհասկացար խոսքիս իմաստը, որ ճիշտ վարվեիր։

Այս օրինակից սովորում ենք, որ ուշագրությամբ պետք է լսել իմաստունների ու բժիշկների խոսքը և խուսափել ծայրահեղություններից՝ և՛ առավելից, և՛ նվազից, որովհետև երկու դեպքում էլ չարիք կա։

ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՎԱԶԱԿԸ

Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին ու սկսեց ինչպես հարկն է տանջել նրան։

Ավազակը աղաչում էր ու ասում.

– Չէ որ քահանա ես, միշտ ասում ես՝ «խաղաղություն ընդ ամենեսյան» և սրա նման այլ բաներ։

– Ո՜վ չարագործ, – պատասխանում է քահանան, – հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ՝ խաղաղությունը չսիրողիդ:

Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի հարկ լինում կռվել, այլ նաև՝ խաղաղությունը անվտանգ պահելու։

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)

ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քուռակը մոր հետ գնում էր և ետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար, կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա։

Եվ քուռակն ասաց մորը.

– Ւնչո՞ւ այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք,՝ օրը մի անգամ են գարի տալիս։

Մայրն ասաց.

– Լսի՛ր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես։

Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին։ Եվ խրտնեց քուռակը և ետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց.

– Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են պահանջում:

Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու։ Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.

– Ո՜վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ չուզեն, ինչպես խոզից։

ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ՈՐԴԻՆ

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի։ Եվ ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ էր տալիս հարևաններին:

Եվ որդին մորն ասաց.

– Ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին։

Մայրն ասաց.

– Որդի, մեր կաթը քիչ է, դրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի։

Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը։ Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը։ Մայրն ասաց.

– Որդի, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար։

Որդին ասաց.

– Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը։

ՄԻԱՅՆԱԿՅԱՑԸ ԵՎ ԳԱՄՓՌ ՇՈԻՆԸ

Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում Էր։ Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր:

Մի գիշեր միայնակյացը եկավ, որ շնանա այն կնոջ հետ, և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց։ Եվ միայնակյացը լալով ու արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց.

– Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել։

ԱՅԾԵՐԸ ԵՎ ԳԱՅԼԵՐԸ

Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչո՞ւ մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն:

Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ։ Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի, և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:

Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին.

– Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից:

Եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով։ Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջուր և ուրախանում էին և վազվզում էին, փառք տալով, որ հասան բարի ժամանակի։

Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս–դաս ընկան այծերի վրա և կերան։

ԵՐԿՈԻ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց։

Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց։ Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ։

Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ.

– Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

– Ես ցույց կտամ իմ գործը։

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և, երբ լույսը ծագեց, և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա։

Եվ թագավորն ասաց.

– Սա մյուսից գեղեցիկ է։

ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

– Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԸ

Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց.

– Կարծում ես, թե քո երեք որդիները քեզնի՞ց են։ Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են։

Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը և կինը չասաց։ Եվ երբ հայրը մեռնում էր, ասաց.

– Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն։ Եվ եղբայրները կռվում էին իրար հետ, մեկն ասում էր, ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ։ Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ։ Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա։ Ով հորը խփեր նետով, և նետը հակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին։

Եվ երկու որդիները խփեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:

Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվեցին հայրենի կայքը։

ԱՌՅՈԻԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Առյուծը, գայլը և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին՝ բաժանիր մեր մեջ այդ որսը։

Եվ գայլն ասաց,

– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։

Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։

Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, բաժանիր ոչխարները մեր մեջ։

Եվ աղվեսն ասաց.

– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին։

Եվ առյուծն ասաց.

– Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։

Եվ աղվեսն ասաց.

– Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։

ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐԸ

Երկու գող բարձրացան մի մեծատան կտուրը և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել։ Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե.

– Այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:

Եվ մեծատուն մարդն ասաց.

– Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել։

Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատակցին այդ ցնորամիտ խոսքին և, լուսնի շողերը գրկելով, երդիկից վայր ընկան և ջարդվեցին։

ԵՂԵԳՆԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.

– Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։

Եվ եղեգն ասաց.

– Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։

ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ։ Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին. և իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք։

Գնացին, ասացին իշխանին՝ քո չարության համար աղոթում է այրին։ Եվ իշխանը եկավ և ասաց.

– Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

Այրի կինն ասաց.

– Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ։ Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար։ Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի։

ԻՄԱՍՏՈԻՆ ԶԻՆՎՈՐԸ

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

– Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

– Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

ԹԱԳԱՎՈՐԸ ԵՎ ՕՁԸ

Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան։ Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը։ Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր։

Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը։ Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանոցում։

Եվ անցավ մի ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.

– Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան։ Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր։ Արի, և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք։

Իսկ օձը պատասխան տվեց և ասաց.

– Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ։

ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ

Էշին ավետիս տվին, թե.

– Ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց։

Եվ էշն ասաց.

– Վա՜յ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան։

ԱՌՅՈԻԾԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ԱՐՋԸ

Առյուծը հիվանդացավ և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ։ Արջը չարախոսեց նրան, և աղվեսը դռնամտից լսեց և, ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ։

Առյուծն ասաց աղվեսին.

– Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար։

Աղվեսն ասաց.

– Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության։

Եվ առյուծն ասաց.

– Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը։

Աղվեսն ասաց.

– Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից։

Առյուծը հրամայեց, արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին։ Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց։ Եվ աղվեսն ասաց.

– Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով, կչարախոսի մեկին։

ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.

– Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։

Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց, գանձերով։

ՈՒՂՏԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Ուղտը, գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացինք թե ով ավագ է, թող նա ուտի։ Եվ սկսեցին ասել իրենց տարիքը։ Աղվեսն ասաց.

– Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց։

Գայլն ասաց.

– Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։

Եվ ուղտը, տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ բարձրացնելով ասաց.

– Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները։

Եվ սկսեց հացն ուտել։ Իսկ աղվեսը և գայլը, ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան։

ԵԶԸ ԵՎ ՁԻՆ

Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց.

– Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։

Ձին ասաց.

– Ես ձի եմ, և ինձ թագավորները և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով և բազմում են ինձ վրա։

Եզն ասաց է.

– Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, և եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր։

ՀԻՄԱՐԸ ԵՎ ՁՄԵՐՈԻԿԸ

Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և, առնելով դահեկանը, գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց.

– Այս ի՞նչ է։

Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ։ Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե.

– Ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի, և էշը միջից կփախչի։

Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է, և ահա էշը ելել և փախչում է։ Եվ հետևից վազելով, կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս.

– Ա՜յ հնդու էշ… վա՜յ ինձ, մի փախչիր, քուռի՜, քուռի՜, խնայիր ինձ և վերադարձիր։

ԱՂՔԱՏԸ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ։ Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից։

Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել։ Առավ Ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր. «Օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ»։

Այն աղքատր լսեց և ուրախացավ.

– Այս ինձ համար է ասված, և ահա շուտով կկատարեն իմ կամքը։

Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին:

Եվ աղքատն ասաց.

– Այն գիրն, որ կարդաց, սուտ էր։

Եվ առավ Ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ։ Եվ քահանան, եկեղեցի գալով, Ավետարանը չգտավ և աղքատին ասաց.

– Ո՞ւր է Ավետարանը:

Եվ աղքատն ասաց քահանային.

– Ի՞նչ ես անում սուտ Ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի:

Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց.

– Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե Ավետարանն աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը։ Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, և չեք կերակրում ինձ, ծարավ եմ, ջուր չեք տալիս։ Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց։

ՄԱՐԴԸ, ԸՆԿՈԻՅԶԸ ԵՎ ՁՄԵՐՈԻԿԸ

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել։ Եվ պտուդի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր։ Մարդն ասաց.

Назад Дальше