– Տեր աստված, ինչ որ ստեղծել ես ամենը կարգին է և մի բանի նման։ Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն։
Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը՝ ձմերուկի թփի վրա։
Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և ուժգին դիպավ նրա ճակատին և ճակատը պատռեց, և արյունը եկավ։ Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.
– Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ։
ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ
Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.
– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։
Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։
Եվ աղվեսն ասաց։
– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:
Եվ գայլն ասաց.
– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։
ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՂԱՑԸ
Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց.
– Ես եմ տաճար աստծու, և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում է աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում։
Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն.
– Ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր–ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու աստծուն։
ԱՂՎԵՍԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԸ
Որսորդը շներով տանջում և նեղում էր աղվեսին։ Եվ աղվեսը դարձավ և ասաց.
– Աղաչում եմ քեզ, ասա թե ինչի՞ համար ես ինձ նեղում։
Եվ որսորդն ասաց.
– Որպեսզի հանեմ քո մորթին:
Աղվեսը կանգնեց և ասաց.
– Տե՛ր աստված, փառք թեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում Էի, թե ինձ ուզում են նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր:
ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻՆ
Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ։ Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց.
– Ո՛վ աստված, մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:
ԱՄԵՆԱՏԳԵՏ ՄԱՐԴԸ
Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս։ Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց։ Նրանք ասացին.
– Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, գա գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի և նրան կենդանի դիր պատի մեջ և պատը թող շարեն. և այլևս չի փլչի:
Եվ թագավորն ասաց.
– Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ։
Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց.
– Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների։
Իսկ ոմանք ասացին` իշապանը, որ իշու հետ է լինում և իր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ–ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներռւմ, չի մտնում գյուղ կամ քաղաք։ Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել։
Այն ժամանակ գիտուններից մեկն ասաց.
– Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք։
Եվ ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն։ Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը և ողջունելով ասացին.
Թագավորը քեզ կանչում է։
Հովիվն ասաց.
– Ես իմ կյանքում ո՛չ քաղաք եմ գնացել, ո՛չ էլ գյուղ. ինձ ինչո՞ւ է կանչում։
Նրանք խորամանկությամբ ասացին.
– Չենք իմանում։
Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը։ Եվ նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտունները ասել են, օր մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:
Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց.
– Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել։
Եվ մի ոչխար բերելով ասաց.
– Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությանը։
Եվ ասաց.
– Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մեկը էգ է, և մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է և մյուսինը՝ սպիտակ։
Եվ ոչխարը մորթեց և դառները փորից հանեց և այնպես էր, ինչպես ասաց։ Եվ մի այլ ոչխար բերելով ասաց.
– Այս ոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև է, գլուխն՝ սպիտակ և ինքը՝ որձ։
Եվ մորթեցին տեսան այնպես։ Եվ հովիվն ասաց.
– Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը՝ սև կամ սպիտակ և որը՝ սև ու սպիտակ պուտերով։ Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ։
Ձիավորներն ասացին.
– Ոչ ամենևին։
Հովիվն ասաց.
– Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք։ Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն։ Թագավորը թող յուր նայիպին բռնի թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, Որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն, ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին։ Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ինչ մարդ որ կգա և հանձն կառնի նայպի գործը, նրա ամեն ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ։ Այդ մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես եմ ուզում լինել նայիպ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս չփլչի և շեն մնա։
Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործը և իշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հողը, այն ժամանակ մոտ վազեց մի ջրմի և թոնի մարդ և ասաց.
– Ես հանձն կառնեմ այդ գործը:
Եվ նրան հարցրին.
– Տեսա՞ր ինչ արին նայիպի գլխի:
Նա ասաց.
– Այո, տեսա։
Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ, և պատը հաստատուն մնաց։
ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆԸ
Կար մի աշխարհակալ իշխանավոր և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա։ Եվ իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն, և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի։ Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց։ Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե.
– Կա՞ իրավունք։
Եվ նրանք ասացին.
– Չկա՛ իրավունք, որ հայրն առնի հարսին։
Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին.
– Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի:
Եվ իշխանավորն ասաց.
– Ինչո՞ւ աշխարհի յոթանասուներկու ազգին չի հասնում այդ, իսկ ինձ կհասնի։
Եվ իմաստունն ասաց.
– Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ։
Եվ նա երդվեց չպատմել նրան, եթե պատճառն ասի։
Այն ժամանակ իմաստունն ասաց.
– Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, անօրեն, և քո վրա չկա իշխանություն և ինչ կամենաս կարող ես անել:
ԱՐԴԱՐ ՄԱՐԴԸ
Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր էր բերում։ Երիտասարդն առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր։ Երիտասարդն ասաց այգետիրոջը.
– Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել։
Եվ բուրաստանի տերն ասաց.
– Կեսը, որ իմն է հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ։ Եվ իմ եղբայրը հեռու է, այստեղից վեց օրվա ճանապարհ։
Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց.
– Կամ առ քո կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ:
Եվ մարդն ասաց.
– Ո՛չ գինը կառնեմ և ո՛չ հալալ կանեմ։ Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ, որ ո՛չ ականջ ունի և ո՛չ էլ լեզու, և ո՛չ ձեռք և ո՛չ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ։
Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր։ Եվ երիտասարդն աներոջն ասաց.
– Ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան։
Եվ նա ասաց.
– Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդկից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել։ Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում և ահա դու եկար։
ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ՄԱՐԴԸ
Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.
– Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:
Եվ նրանք ասացին.
– Փախի՛ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:
Եվ առյուծն ասաց.
– Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։
Եվ նրանք ասացին.
– Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի:
Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.
– Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին։
Եվ նա ասաց.
– Այո՛, ես եմ։
Առյուծն ասաց.
– Արի կռվենք:
Մարդն ասաց.
– Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են։ Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ետ գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք:
Առյուծն ասաց.
– Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:
Մարդն երդվեց, և առյուծն ասաց.
– Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր:
Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապես կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին։
Եվ առյուծը գոչեց.
– Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:
ՄՈՒԿԸ ԵՎ ՈԻՂՏԸ
Մի մուկ հպարտացավ։ Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին.
– Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ։
Եվ ուղտն ասաց.
– Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես։
Մուկն ասաց.
– Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի։
Ուղտն ասաց.
– Քո արյունը քո գլուխը։
Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը։ Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին։ Եվ մուկը ճչաց և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր։
Այդ տեսնելով ուղտն ասաց.
– Ահա եղբա՛յր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից։
ԳՈՂ ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ
Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց։ Եվ կինն իմացավ և քահանային ասաց.
– Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս։
Եվ այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի։ Եվ կինն ասաց.
– Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում։
Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա։ Երբ նրանք եկեղեցի մտան և նստեցին, այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց.
– Ո՞վ գարշելի։ ես քեզ կով գիտեի, և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՛ ինձ։
ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ՋՈՐԻՆ
Գայլը, աղվեսը և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին, և որսի չհանդիպեցին, ասացին.
– Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:
Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել։ Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե.
– Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։
Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց.
– 0՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց։
Եվ շորին եկավ և ասաց.
– Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք, տեսեք քանի տարեկան եմ։
Եվ ոտքը բարձրացրեց։
Աղվեսն ասաց գայլին.
– Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։ Եվ ջորին ասաց.
– Առաջ արի՛, որովհետև գիրս մանր է։
Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձելով։ Եվ աղվեսն ասաց գայլին.
– Արի մի տող էլ կա, այն էլ կարդա։
Գայլն ասաց.
– Ես ի՞նչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի:
ԱՆԶԳԱՄ ԿԻՆԸ
Մի մարդ տրտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ։ Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում է։ Եվ մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է։ Ճնճղուկներն ասացին.
– Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք։
Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացին.
– Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես։
Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:
Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե.
– Ես ի՞նչ անեմ, ամեն օր անխնա լծում են ինձ։
Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց.
– Վաղը սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն, կխղճան և այլևս քեզ չեն լծի։
Եվ այս լսելով, մարդը ծիծաղեց և մշակներին ասաց, թե այսօր չէ, վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղ լծեք։ Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան.
– Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում, ասում էին, թե այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն։ Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել։
Այսպես ասաց էշը, որպեսզի այլևս իրեն չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել։ Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց։
Այն ժամանակ նրա կինն ասաց.
– Ո՜վ մարդ, մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձ ինչո՞ւ չես ասում, թե որտեղից է այս ամենը և դու ինչո՞ւ ես ծիծաղում։
Մարդն ասաց.
– Ո՜վ դու կին, եթե ասեմ, իսկույն կմեռնեմ, դրա համար չեմ ասում։
Իսկ կինը հանդգնեց և ասաց.
– Ճար չկա, պետք է ասես։
Իսկ նա չէր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասաց.
– Պետք է ասես ինձ, եթե մեռնես էլ։ Եթե ոչ՝ ես ինձ կսպանեմ։
Եվ մարդն անճարացավ և ասաց.
– Ո՜վ կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ. երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ և մեռնեմ։
Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել: Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և գառներ և կանչեց քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր։
Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ սգով, նույնիսկ արտասուք էր թափվում նրա աչքերից։ Եվ հանկարծ եկավ աքլորը հպարտ և խրոխտալով և ներս մտավ, և նրա հետ կային քսաներեսուն հավ աջից և ձախից։ Շան լակոտն սկսեց աքլորին ասել.
– Ո՜վ լիրբ անաղուհաց, ի՞նչ ես խրոխտացել և տեսակ–տեսակ ձայն ես հանում. չգիտես, որ մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի։ Իսկ դու լալու փոխարեն, ուրախ ես։
Աքլորն ասաց.
– Ինձ ինչ, թե կմեռնի, ես, որ նրա ծառան եմ, քսան երեսուն կին ունեմ և նրանց զավթ եմ արել, իսկ նա չի կարող մեկին իր հրամանքով պահել։
Շան լակոտն ասաց.
– Ի՞նչ անի անզգամ կնոջը։
Աքլորն ասաց.
– Երբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք չորս փայտ, դուռը փակի և կնոջն ասի՝ արի քեզ ասեմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենը կապուտկի և ասի, թե չա՛ր կին, լավ է, որ դու մեռնես, քան թե ես և, դռնից հանելով, նրան դուրս վարի, ասելով` գնա կորիր, ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում։
Եվ աքլորից լսելով այդ բարի խրատը, այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդուն ասաց.
– Այժմ ինչո՞ւ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար։
Եվ մարդն աղաչեց.
– Մի քիչ համբերիր, թող հյուրերը գնան, և ես քեզ ասեմ, այժմ ամոթ է նրանց առաջ բան ասել։
Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց։ Իսկ կինը զղջալով նրա ոտքն ընկավ և լալով աղաչում էր, ասելով.
– Աստծու սիրուն, ինձ բան մի ասա և ամեն օր այսպես ծեծիր, միայն ինձ դուրս մի անի և քեզնից մի հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ։
Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով:
ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ
Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր: Եվ շատ հոգնեց մարդը և, բեռը վայր դնելով, սկսեց բամբասել Ադամին ու Եվային, թե ինչո՞ւ նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից։ Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց.
– Եթե քեզ դրախտ տանեմ, դա կհամբերե՞ս։
Եվ գեղջուկն ասաց.
– Ե՞րբ կլինի այդ։
Եվ հանկարծ քուն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ։ Եվ ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում էին դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.
– Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը։
Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել։ Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակին և ասաց.
– Այլևս չե՛մ խոսի։
Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ։ Եվ չհամբերեց և ասաց.
– Ո՜վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել: