Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել, և հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ։ Եվ նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ, և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չէր շարժվում։ Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.
– Ո՜վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք…
Եվ գեղջուկ մարդն ասաց, «Լավ է, ես իմ աղը շալակեմ»։ Եվ բարձրացավ դժվար սարով։
ԱՌՅՈԻԾԸ, ԷՇԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Առյուծը հիվանդացավ և բժիշկները խորհուրդ տվեցին,
– Եթե ավանակի սիրտն ու ականջները եփեն, ջուրը տան առյուծին խմելու, կապաքինվի։
Կանչեցին աղվեսին ու ասացին.
– Հնար արա, մի էշ բեր:
– Այո՛, – պատասխանում է աղվեսը, – մի ծանոթ լավ էշ կա այսինչ հովտում, հիմա կբերեմ։
Գնաց աղվեսը, գտավ ավանակին և ասում է.
– Ո՜վ եղբայր, երանի քեզ, գտել եմ քո ավագ եղբորը, որն ուզում է քեզ տեսնել։ Նա գազանների թագավորն է, և դու նրա հետ պիտի թագավորես։
Հավատաց ավանակն ու գնաց առյուծի մոտ։ Առյուծը կամեցավ խեղդել նրան, բայց ավանակը փախավ։ Հասնելով նրա ետևից, աղվեսը հարցնում է.
– Ինչո՞ւ ես փախչում։