ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Ադյան Լևոն 12 стр.



Հրաժեշտի համար շալը եզրավոր

Կապիր, օ, կապիր ինձ տուր,

Այդ հանգույցի պես մի օր բախտավոր

Մենք կապված էինք ամուր£


Այլևս անուժ զսպելու իրեն, երեսնիվայր ընկավ մահճակալին և երկար ժամանակ լալիս էր£ Ինքն ինչո՞վ է մեղավոր, որ նրանք մենակ են, որ ծանր է նրանց համար՝ մեն-մենակ չորս պատի արանքում£ Ի՞նչ մեղք ունի ինքը դրանում, և մի՞թե իր՝ Անահիտի համար հեշտ է£ Անահիտն ինքը քիչ պատճառներ չունի մեղադրելու իրենց՝ Կարենի ծնողներին, հենց այն բանում, որ նրանք խորտակել են իր կյանքը£ Բայց ինչո՞ւ փորփրել հին վերքերը£ Մի՞թե դա որևէ բան կարող է տալ£ Եվ մի՞թե բանն այն է, որ հին են վերքերը, վերքերը թարմ են միշտ, մինչև մահ-գերեզման այդպես էլ կմնան թարմ ու կճզմեն, կցավացնեն Անահիտի սիրտը, և նա չի կարողանա այդ մասին պատմել որևէ մեկին, որովհետև, երբ խորն է վիշտը, պատմել չի լինում£ Մղկտում, վառվում է սիրտդ, ինչպես դեզն է ներսից այրվում՝ լուռ, անմռունչ, և միայն ծուխն է բարձրանում ինչպես հառաչանք£ Երբեմն Անահիտին թվում է` չի դիմանա այլևս, թվում է` ցավից կգոռա® Բայց միշտ չէ, որ անում ես այն, ինչ պետք է, երբեմն ստիպված ես ծիծաղել՝ փոխանակ լալու£ Եվ այնքան էլ հեշտ չէ գոռալ ցավից, երբ կողքիդ են որդիդ ու քեզ սիրող բարի ամուսինդ£ Ամուսինը գիտի, որ Անահիտը չի սիրում իրեն, այդ մտքից նա հաճախ բռնվում է անզուսպ կատաղությամբ, խմում, հարբում է խելագարության աստիճան (թեպետ ոգելից խմիչքներ տանել չի կարողանում) և անխնա ծեծում է Անահիտին, և ասում, որ նա խորտակել է իր կյանքը£ Իսկ առավոտյան, ուշքի գալով, արցունքն աչքերին սկսում է ներողություն խնդրել£ Եվ Անահիտը ներում է նրան, և ներում է ոչ միայն նրա համար, որ հասկանում է ամուսնուն (այն բանից, որ ինքը հասկանում է ամուսնուն, իրեն թեթևություն չի գալիս), ամենից շատ նա ամուսնուն ներում է, որովհետև իրեն ոչինչ չի մնում անելու, քան ներել նրան, այլապես մշտական տառապանք կդառնա իրենց կյանքը£ Ամուսինը նույնպես հասկանում է դա, դրա համար էլ շատ հաճախ երեկոները գնում է ծնողների մոտ և այնտեղից վերադառնում գիշերվա կեսին, երբ Անահիտն արդեն քնած է լինում (կամ ձևանում է քնած)£

Մտքերով տարված, Անահիտը չնկատեց, որ հասել է տուն£ Նույնիսկ չէր նկատել, որ լուսինն անշշուկ բարձրացել է սարի ետևից և հիմա անշտապ մագլցում էր երկինքն ի վեր£ Նա ձեռքը ցանկապատի արանքից մտցրեց, բաց արեց բակի դռնակը, բայց ներս չմտավ, նայում էր լուսնալույսի արծաթ շողերի ներքո քնած լեռներին, հեռու ու մոտիկ դաշտերին, դեպի սարեր բարձրացող ճամփաներին, որ գնում, կորչում էին մթին անտառների մեջ£ Մատուռի ձորում մի քանի անգամ կանչեց գիշերահավը ու կրկին լռություն տիրեց£ Ներքևում երևում էր ամբողջ Հնձախութը՝ իր բոլոր թաղամասերով£ Տների թիթեղյա տանիքները, ինչպես անձրևից հետո՝ արևի տակ, աղոտ փայլում էին լուսնի շողերից£ Անահիտը նայեց աշնանային սև ցելերի միջով դեպի գյուղի կենտրոն իջնող ճանապարհին, և այս՝ իրոք արտասովոր, ու, չգիտես ինչու, մի քիչ էլ տագնապալից, երեկոն նրան կրկին հիշեցրեց այն օրերը, երբ ինքն ու Կարենը սովորում էին տասերորդ դասարանում և այդ ճանապարհով ամեն օր միասին գնում էին դպրոց, վերադառնում£ Գնալիս շտապում էին, իսկ վերադարձին գալիս էին անշտապ, երբեմն կամրջի մոտ թեքվում, գնում էին ձորն ի վեր, անանուն գետակի հակառակ ուղղությամբ (դա ավարտական քննությունների օրերին էր), և նրանց գլխավերևում, ծառերի վրա, երգում, ասես նրանց ողջունում էին փոքրիկ դեղձանիկները£ Անահիտը հիշեց անդարձ այդ օրերը, հառաչեց և, ետ տանելով դռնակը, մտավ բակ£

Տան լույսը չէր վառվում. ամուսինը դարձյալ յուրայինների մոտ է գնացել կամ աշխատանքից չի եկել դեռ, իսկ որդին՝ Արայիկը, երկրորդ օրն էր, ինչ Անահիտի մոր մոտ էր£ Ընտանիքում տիրող սառնությունը հավանաբար ձանձրացնում էր տղային, և նա գերադասում էր տատի մոտ մնալ, այնտեղ նրա համար լավ էր£

Անահիտն իր բանալիով բաց արեց դուռը, միացրեց լույսը և, ասես առաջին անգամ էր տեսնում, մի քանի վայրկյան առանց շտապելու, ուշադիր դիտեց սենյակը. նա նման էր կենվորուհու, որին տանտերերը ցույց էին տվել իր նոր կացարանը, և նա հիմա շեմին կանգնած վճռում էր՝ համաձայնի՞ դրան, թե ուրիշ, ավելի լավ կացարան փնտրի£

Սենյակը կահավորված է ոչ այնքան թանկ, բայց լավորակ կահույքով, պատի տակ դրված թախտը ծածկված է տանը գործած նախշուն գորգով, պատին ֆաբրիկայի թողարկած գեղարվեստական փոքրիկ գորգն է կախված՝ վրան առվից ջուր խմող երկու եղնիկ£ Այդ գորգն ամուսինն է գնել մի երեք տարի առաջ. կոլտնտեսային տեխնիկան բերքահավաքին օրինակելիորեն ու ժամանակին նախապատրաստելու համար նա դրամական պարգև էր ստացել£

Անահիտը հանեց վերարկուն, նետեց բազկաթոռի թիկնակին£ Հետո մոտեցավ սեղանին, ձեռքի սովոր շարժումով մեքենայորեն ուղղեց սեղանի մոմլաթը, լիքը ջրամանը վերցրեց, դրեց սեղանի մեջտեղը£ Նրա հայացքն ընկավ պատից կախված մուգ կարմրագույն շրջանակով խմբային նկարին£ Հունիսի վերջին էր, լուսանկարվեցին ամբողջ դասարանով£ Անահիտը դանդաղորեն մոտեցավ և, ասես նախկինում երբեք չէր տեսել, սկսեց լարված հետաքրքրությամբ դիտել նկարը£ Ահա ինքը՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիա Ամբարձումովնայի կողքին£ Իսկ ահա վերջին շարքում, մի տեսակ բոլորից անջատ, կանգնած է Կարենը£ Նա հանգիստ, ուժեղ կամք արտահայտող դեմք ունի, օբյեկտիվին ուղղված վճռական, փոքր ինչ սառը հայացք£ Ամեն անգամ, նայելով դաժանության հասնող այդ խիստ ու լուրջ դեմքին, Անահիտը տարիների հետ չնվազող ամոթի զգացումով հիշում է մի դեպք, որից և, ըստ էության, սկսվեց այդ ամբողջ պատմությունը: Նա այնպես կուզենար հիշողությունից դեն նետել այդ դեպքը, բայց, ավաղ, դա անհնարին է, ինչպես անհնարին է մոռանալ այն ամենը, ինչ այս կամ այն կերպ կապված է Կարենի հետ. հումորով ասված նրա խոսքերը, հրապուրական ժպիտները, բարեհոգի ծիծաղը, շարժուձևը,– այս բոլորը մեկ-առ մեկ դրոշմվել է Անահիտի հիշողության ու սրտի մեջ®

Անահիտը դուրս եկավ բակ՝ ջրամանի ջուրը փոխելու£ Տան լույսը, որ դռան արանքից մի ոստույնով բարձրացել էր մեղմ հովից խշշացող թթենիների վրա, կատվի պես ցած թռավ, սողոսկեց ներս՝ մինչև Անահիտը կփակեր դուռը£ Բակում լռություն էր՝ ոչ մի ձայն, միայն ծառերն էին այգում արթուն£ Նրանք կամացուկ սվսվում, զրուցում էին, ասես, չհամարձակվելով մոտենալ իրար£ Ամենուր լռություն էր, և այդ լռության ու արտասավոր գիշերվա մեջ ձորերն ի վեր դանդաղ հոսում էր մշուշը, ներքևում, ինչ-որ մեկի տնամերձ հողամասից ծուխ էր բարձրանում, գոմաղբ էին վառել, ծուխը թանձր էր, սև, հեռվում, լուսնալույսի արծաթ շողերով ողողված սարերից ու լեռներից անդին, երևում էր Մռավա սարը՝ պատված ճերմակ ամպերով£ Թե՞ ձյուն էր£ Ձյուն էր երևի£

Հիշողությունները նորից տարան Անահիտին, այո, դրանից սկսվեց ողջ պատմությունը, այդ անհեթեթ դեպքից, որի մասին հիշելիս, հիմա էլ տարիներ անց, Անահիտը զգում է, թե ինչպես ամոթից կարմրությունը բռնում է դեմքը£ Երկար դասամիջոցին էր դա. ընկերուհիների մոտ իրեն ցույց տալու համար Անահիտը ցատկեց պատուհանի գոգին, և, նայելով Կարենին, որն ինչ-որ բան էր փնտրում քարտեզի վրա, ծիծաղկուն աչքերը կկոցելով ասաց.

–Լսիր, Կարեն, որպես կոմերիտկազմակերպության քարտուղարի, կարո՞ղ եմ մի հարց տալ քեզ£

Դպրոցում տարածված էր, որ, իբր, Կարենը մինչև ականջները սիրահարված է Անահիտին, և, լավ իմանալով Անահիտի չարաճճի բնավորությունը, աղջիկները հետաքրքրասիրությամբ շրջվեցին նրանց կողմը£

–Ի՞նչ հարց,– ասաց Կարենը՝ չհամարձակվելով ուղիղ նայել Անահիտի աչքերին£

Անահիտը գլխի վարժ շարժումով ետ նետեց մազերը և ասաց.

–Այսինքն հարց չէ® պարզապես ուզում եմ փոխանակություն կատարել քեզ հետ, եթե կարելի է, իհարկե£

Նրա գեղեցիկ դեմքը ողողված էր գարնան արևով ու ծիծաղով. ծիծաղում էին մաքուր երկնքի գույն ունեցող աչքերը, վարդի թերթիկների նրբությամբ լիքը շուրթերը, ձյունաճերմակ ատամները®

–Ի՞նչ փոխանակություն,– տարակուսանքով հարցրեց Կարենը£

–Դու քո մշկամկենու գլխարկդ տալիս ես ինձ, իսկ ես դրա փոխարեն քեզ մի անգամ համբուրում եմ® Կամ կարելի է երկու անգամ£ Համաձա՞յն ես£

Կարենը թեթևակի այլայլվեց, հետո մոտեցավ, նստարանի տակից հանեց ականջակալներով գլխարկը, որ մորեղբայրն էր ուղարկել Ղազախստանից, մեկնեց Անահիտին և հանգիստ, շեշտված սառնությամբ ասաց.

–Վերցրու£

–Ուրեմն, համաձա՞յն ես,– հաղթանակած ու խորամանկ ժպտաց Անահիտը՝ աշխուժորեն նայելով աղջիկներին£

–Ոչ, համաձայն չեմ£ Դու շատ էժան ես ծախում քո համբույրները, այդպիսի համբույրներ ինձ պետք չեն£

Գլխարկը թողնելով Անահիտի ձեռքին, նա շրջվեց, դուրս եկավ դասարանից£ Անահիտը շշկլվել, մնացել էր կանգնած, կյանքում երևի, առաջին անգամ նա կորցրեց իրեն և ոչինչ չգտավ ասելու£ Նա կանգնել էր՝ տեղի ունեցածից քար կտրած, ընկերուհիների աչքի առաջ՝ այրվելով ամոթից ու մատներով անմտորեն քրքրելով գլխարկի մազախավը, հետո հանկարծակի գլխարկը նետեց պատուհանի գոգին և նույնպես դուրս վազեց միջանցք, որը գվվում էր աշակերտների անհամար ձայներից£ Երբ հնչեց զանգը, և Անահիտը ներս մտավ, ընկերուհիները տեսան, որ լացից կարմրել, ուռել են նրա աչքերը£

Այդ օրվանից կարծես Անահիտին փոխս էին գցել£ Ասես նախկին Անահիտը չէր£ Ճիշտ է, նա հիմա էլ, ինչպես առաջ, կարող էր համոզել ամբողջ դասարանին՝ փախչել հերթական դասից, պարզապես տասը էջ անգիր անել եռանկյունաչափության դասագրքից (նա ապշեցուցիչ հիշողություն ուներ), կամ հանրահաշվի ստուգողական գրավորը լրիվ՝ առաջին տողից մինչև վերջին տողը, արտագրել կողքին նստող ընկերուհուց, և, լուսաշող կապույտ աչքերը հառելով ուսուցչին, տետրը հանձնել նրան ու անմեղ ժպիտով հայտարարել. «Ընկեր Աղասյան, դուք կարող եք հիմիկվանից «երկու» նշանակել, ես սկզբից մինչև վերջ Գրետայից եմ արտագրել»£ Եվ, այնուամենայնիվ, այդ արարքները չէ, որ այժմ բնորոշում էին Անահիտին£

Նա սկսել էր հաճախակի խորասուզվել մտքերի մեջ, երբեմն առ երբեմն նա իրեն բռնում էր այն բանում, որ խանդում է Կարենին իր ընկերուհիների նկատմամբ, երբ տեսնում էր, որ նրանք հենց այնպես մոտենում էին նրան՝ մի բան հարցնելու, զրուցելու հետը (իր և Կարենի միջև վարվեցողության այդ պարզությունը չկար այլևս), գաղտնաբար հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին, իսկ պատահական հանդիպումների ժամանակ շփոթվում, կորցնում էր իրեն և արագ փախցնում հայացքը£

Հասակակից աղջիկների նման, Անահիտը նույնպես հաճախակի նամակներ էր ստանում տղաներից և այդ նամակներում՝ երբեմն քնքուշ, երբեմն սրտառուչ, երբեմն էլ ծիծաղաշարժ, տղաները ժամադրության էին կանչում նրան£ Դրանք, պարզ է, շոյում էին նրա աղջկական սնապարծությունը, նա ուրախանում և հպարտանում էր այդ նամակներով, և, փակվելով դասարանում կամ առանձնանալով դպրոցի բակի ինչ-որ մի անկյունում, դրանք կարդում էր ընկերուհիներին, առանց տալու, իհարկե, հեղինակների անունները£ Այդպիսի նամակներ նա այժմ էլ ստանում էր, սակայն դրանք այլևս չէին ուրախացնում նրան, ավելի շուտ տարակուսանք էին առաջ բերում, իսկ հետո վերջնականապես սկսեցին ջղայնացնել, և, ստանալով հերթական սիրային նամակը, նա պարզապես վերադարձնում էր ետ՝ առանց կարդալու, կամ պարզապես պատռում էր£ Ի վերջո, Անահիտը խնդրեց իրեն ուղղված ոչ մի նամակ չվերցնել (այն նամակները սովորաբար նրան էին հանձնվում կամ համադասարանցի աղջիկների, կամ էլ ցածր դասարանների աշակերտների միջոցով)£

Ապրիլի վերջերին, արևոտ ու պայծառ մի օր, Անահիտը պայուսակը ձեռքին գնում էր դպրոց£ Երկրորդ զանգը հնչել էր արդեն, դրա համար էլ շտապում էր£ Նա արդեն հասել էր դպրոց, դարպասի մոտ էր, մեկը ետևից ասաց.

–Անահիտ Գաբրիելյանին ջերմ ողջույններ£

Անահիտը շրջվեց և տեսավ Մուշեղ Առուշանյանին՝ 10-րդ «բ» դասարանից£

–Բարև,– սառը արձագանքեց Անահիտը£

–Ես հիմա քայլում էի ձեր ետևից և ուշադիր նայում ձեր ստվերին,– ասաց Մուշեղը ժպտալով£

–Եվ հետո՞£

–Հետո ոչինչ£ Ես նայում էի ձեր ստվերին և մտածում այն մասին, որ գեղեցիկ աղջիկների ստվերն էլ գեղեցիկ է լինում£

Անահիտը ծիծաղեց£

–Ինչ չի հաջողվում գնել ոսկով՝ կարելի է նվաճել քաղցր խոսքով£ Դու, հավանորեն, այս նշանաբանով ես առաջնորդվում, չէ՞£

–Ասենք թե,– մարտական տեսքով նետեց Մուշեղը£

–Անօգուտ է, Մուշեղ, այդ նշանաբանն ունի իր բացառությունը՝ ինձ վրա չի ներգործում£

–Դրա համար էլ չե՞ս պատասխանում իմ նամակին£

–Ի՞նչ նամակ£

–Մեր դասարանցի Սաթիկն էր բերել£

–Ես քո նամակը չեմ կարդացել£

–Ուրեմն արժանի չես համարել®

–Հաշվիր, որ այդպես է£

–Շնորհակալություն,– քմծիծաղ տվեց Մուշեղը£– Դու գիտե՞ս, թե մի խելոք մարդ ինչ է ասել այդ առթիվ£ Նա ասել է. «Դու քո վերելքի ճանապարհին մարդկանց հետ այդքան դաժան մի եղիր. նրանց հետ դու կհանդիպես նաև ցած իջնելիս»£ Լավ է, չէ՞, ասված£

Անահիտին միշտ էլ բարկացնում էր Մուշեղի այդ խոսելաձևը՝ արտահայտվել փքուն ու խորիմաստ, և ամենագլխավորը՝ ուրիշների խոսքերով£

–Լավ է ասված, միայն թե չհասկացա՝ դա ի՞նչ կապ ունի ինձ հետ£

–Ոչինչ, Անահիտ, հետո կհասկանաս,– բազմանշանակ խոստացավ Մուշեղը£

Անահիտը հանկարծակի կանգ առավ և, շրջվելով Մուշեղի կողմն ու միաժամանակ գիտակցելով, որ հետո պիտի փոշմանի արածների համար, հուզմունքից շնչահեղձվելով, անակնկալ կերպով ասաց.

–Դու հո լավ գիտես Կարենին£ Մեր դասարանցի Կարենին£

Մուշեղն ինքնաբերաբար գլխով արեց, զարմանքով նայելով աղջկա թեթևակի գունատված դեմքին£

–Ասենք թե® գիտեմ®

–Այ, եթե նա գրեր® Նրանից, միայն նրանից կուզենայի նամակ ստանալ® Ինչպիսին էլ որ լիներ այդ նամակը՝ թեկուզ վիրավորական, թեկուզ® միայն թե գրված լիներ նրա ձեռքով®

Անսպասելի նորությամբ շշմած՝ Մուշեղը չէր համարձակվում տեղից շարժվել£ Թողնելով նրան կանգնած, Անահիտը, թանձր մազերը ծածանելով ուսերին, քարե սանդուխքներով վազեց վեր և մտավ կիսամութ միջանցք£ Նա վազելով անցավ միջանցքով՝ հետզհետե ընտելանալով մթությանը, և, ասես հետապնդում էին, նուրբ ռունգերով արագ շնչելով օդը, ներս մտավ դասարան£ Նա հայացքով փնտրելով գտավ Կարենին և վճռականորեն մոտեցավ նրան£ Կարենն իր նստարանին նստած ինչ-որ քրքրված գիրք էր կարդում£

–Այդ ի՞նչ գիրք ես կարդում, Կարեն,– հարցրեց Անահիտը£

Կարենն աչքերը կտրեց գրքից, զարմանքով նայեց նրան£

–Լրտեսների մասին է£

–Հետաքրքի՞ր է£

–Դեռ չգիտեմ, նոր եմ սկսել£

Նրա ուշադիր հայացքի ներքո Անահիտը՝ արտասվելու աստիճան հուզված, շիկնանքից այրվելով, չգիտես ինչու, փորձեց բացել իր հին պայուսակը£ Բայց կողպեքը, հակառակի պես, չէր բացվում, ըստ երևույթին, փչացել էր£ Եվ Անահիտը, վհատության պոռթկումով բռնված, հանկարծ, ինքն անգամ սարսափելով սեփական խոսքերից, ասաց.

–Գիտե՞ս, ես կուզենայի, որ վերադառնային այն հին ու երանելի ժամանակները, երբ աղջիկն ինքն էր սեր խոստովանում տղային, և դա անպատվություն չէր համարվում® Բայց ոչ, ես դա չէի ուզենա, որովհետև այդ հին ժամանակներում չէիր լինի դու®

Հիմա, տարիներ հետո, աշնանային լուսնյակ ու ցուրտ գիշերվա մեջ մեն-միայնակ կանգնած, Անահիտը մտածում էր այն հեռավոր, արդեն անդարձ օրերի մասին, և նրա համար ամոթալի ու միևնույն ժամանակ հաճելի էր վերհիշել իր այսպես ասած երեխայական արարմունքը, որին, ամենայն հավանականությամբ, մղեց նրան մի քանի րոպե առաջ Մուշեղի հետ տեղի ունեցած կարճատև խոսակցությունը£ Զարմանալին այն էր, որ Կարենն իսկույն հասկացավ նրան£ Նա մի քիչ գունատվեց, հետո ժպտաց, ինչպես նա է ընդունակ ժպտալու՝ միայն աչքերով£

Անահիտը մինչև այսօր էլ չի կարողանում մոռանալ, թե ինչպես այդ րոպեին հոգու վրայից անսպասելիորեն չքացավ լարվածությունը, ձեռքն ակամայից ընկավ նստարանին, նրա ամբողջ էությունը համակեց տարօրինակ, ընդարմացնող նվաղկոտությունը, որից արցունքներն իրենք իրենց լցվում էին աչքերը£ Եվ նա թերևս լաց լիներ, բայց այդ պահին Կարենի ձեռքը զգույշ իջավ նրա ձեռքին և թեթևակի սեղմեց նրա մատների ծայրերը£ Անահիտը խոնարհեց կրակի պես այրվող դեմքը, բայց ձեռքը ետ չքաշեց£ Արցունքներ չկային նրա աչքերում, բայց սիրտն այպես էր բաբախում, ասես ուր որ է պիտի դուրս թռչեր կրծքից£

Անահիտը ջրի ծորակի տակ լցրեց ջրամանը և թաց, սառը ջրամանը ձեռքին գնաց դեպի տուն£ Տուն մտնելիս նա ինչ-որ հռնդյուն լսեց, կանգ առավ£ Նրան թվաց՝ ավտոմեքենայի ձայն էր£ Բայց ավտոմեքենայի ձայն չէր դա. բարձր, սարերից ու լեռներից էլ շատ բարձր, աստղազարդ երկնքի միջով ինչ-որ օդանավ էր անցնում՝ կարմիր լույս արձակելով£ Անահիտը ներս մտավ, ջրամանը դրեց սեղանին, իր նախկին տեղը£ Նրա աչքը կրկին ընկավ խմբային նկարին£ Նկարում ինքն ու Կարենը իրարից հեռու են, իսկ այն ժամանակ անբաժան էին£ Անահիտն իրեն ամենաերջանիկ աղջիկն էր համարում արար աշխարհում£ Նրա էության յուրաքանչյուր բջիջ պարուրված էր այդ զգացմունքով£ Երեկոները նա պառկում էր քնելու այդ բերկրալից, շարունակ իրեն զարմացնող զգացումով, և մտածում էր գալիք օրվա մասին, որը նույպես սկսվելու էր նույն արբեցնող հուզմունքով£ Անահիտի սիրտն ու հոգին, ինչպես նորահաս գինու ոսկյա թաս, պռնկե-պռունկ լցված էր ցնծուն երջանկությամբ£ Նա նույնիսկ ջանում էր քայլել հանդարտ ու սահուն քայլվածքով, ասես վախենալով թափթփել այդ արբեցնող գինին£ Անահիտն առավոտներն արթնանում էր վաղ, մինչև արևը դուրս կգար, արթնանում էր ինչ-որ բանի մասին իրար հետ տաք վիճող ճնճղուկների անհանգիստ ճռվողյունից, միառժամանակ անխոհ ժպիտով նայում էր նրանց, հետո փակում աչքերը և մտածում Կարենի մասին՝ հիշողության մեջ հերթով վերակենդանացնելով երեկ երեկոյան նրա հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը£ Հետո անկողնուց ելնում, դուրս էր գալիս պատշգամբ և այդպես վարդագույն թափանցիկ գիշերանոցով, բարակ մեջքն ի վար թափած շողշողուն, ասես ոսկեջրով լվացած թանձր մազերով, երկար կանգնում, կկոցված աչքերով դիտում էր այդ մեծ, տաք ու բարի աշխարհը, որը շռայլորեն նրան էր հղում վաղ լուսաբացի իր մաքրամաքուր կապույտ լույսը£ Իսկ հետո ներքևում, Մատուռի ձորում ընդհատումներով սկսում էր դայլայլել դեղձանիկը£ Անահիտն արագ նախաճաշում, կարգի էր բերում մազերը, և վերցնելով պղնձե կուժը, վազում էր դուրս, չմոռանալով, իհարկե, զգուշացնել մորը.

Назад Дальше